Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԴԵՊԻ ԱՐԵՎԵԼՔ ՆԱՏՕ-Ի ԸՆԴԼԱՅՆՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՐԵՆ ԿԲԱԽՎԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՆԸ

ԴԵՊԻ ԱՐԵՎԵԼՔ ՆԱՏՕ-Ի ԸՆԴԼԱՅՆՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՐԵՆ ԿԲԱԽՎԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՆԸ
27.04.2012 | 00:00

Երևի վաղուց արդեն ոչ ոք չի հավատում ո՛չ վրացական ընդդիմության տարածած լուրերին, ո՛չ էլ ռուսական լրատվամիջոցներին, որոնք երկար ժամանակ է, ինչ մոլագարի համառությամբ բարբաջում են, թե Սաակաշվիլու վարչակազմն ուր որ է «կսկի», իսկ ինքը` Վրաստանի նախագահը, «հաստատ կտապալվի», ու շուտով, համաձայն նրանց «գուշակների» հայտարարությունների, ատելի Միշիկոն «կնստի Հաագայի դատարանի մեղադրյալի աթոռին, Վրաստանն էլ էսօր-էգուց կմասնատվի»։

Նման «մարգարեությունները», որոնք ամենից շատ հիշեցնում են դարն ապրած խորհրդային քարոզչական դրոշմանմուշ, քմծիծաղից զատ, ոչինչ չեն առաջացնում։ Վրացական ընդդիմությունը, չնայած մոսկովյան ցուցադրական ամբողջ աջակցությանը, բառացիորեն հոգնատանջ, ցաքուցրիվ է եղել և ինքնագոհ ընդարմության, եթե չասենք ավելին, չարաքեն թատերականացված խաղի մեջ է ընկել։ Այնուամենայնիվ, մայր երկրի նախկին վսեմության մասին հիշեցնելու և բռունցք թափահարելու գայթակղությունը դեռ մեծ է, հատկապես վիրավորանք չմոռացող Վլադիմիր Պուտինի` գլխավոր դերին վերադառնալուց հետո։ Ահա և մոսկվացի քարոզիչները ստիպված են դեռ գործի դնել «Սաակաշվիլին գլխավոր թշնամին է» կարգախոսը և նրա հասցեին հնարել ապագա սարսափների նոր շարք։

Այսպես, վերջերս ռուսական լրատվամիջոցները զանգվածային կարգով սկսել են խոսքերը մեկ արած կանխատեսել` Վրաստանն ու նրա առաջնորդը ստիպված են առհավետ հրաժեշտ տալ ՆԱՏՕ-ի մասին երազանքին, որովհետև ռուս փորձագետների ու լրագրողների համար ակնհայտ է` Վրաստանի նախագահը «բռնակալ» է և չի կարողանա կարգին ընտրություններ անցկացնել։ Այնպես որ, և՛ անձամբ Սաակաշվիլուն, և՛ նրա ամբողջ քաղաքականությանն անխուսափելի ու շատ արագ կործանում է սպասում։ Եվ տեղնուտեղն էլ, որպես ապացույց, բերվում են արևմտյան քաղգործիչների հերթապահ խոսքերը, որոնք նախկին Միության բոլոր երկրներում անցկացվող ընտրությունների նախօրեին անդուլ կերպով պնդում են, որ ընտրությունները «լակմուսի թուղթ» են այս կամ այն ճանապարհին (տվյալ դեպքում` ՆԱՏՕ-ի ճանապարհին), որ իրենք ուշադրությամբ ու խստորեն կհետևեն «այն սկզբունքների պահպանմանը, որ թանկ են գնահատում» և որ «այդ ընտրությունները կդառնան կարևոր փորձություն» և այլն, և այսպես շարունակ։ Իսկ ընտրությունները, ընդ որում, ցանկացած, կարելի է հեշտորեն պայթեցնել, հատկապես եթե կան փող չխնայող շահագրգիռ մարդիկ։ Այնպես որ, մենք նորից լսում ենք արդեն մի քիչ մոռացված երգը. «Շուտով կգա քո վախճանը, Միշիկո»։

Մինչդեռ Վրաստանի ապագա անդամակցությունը ՆԱՏՕ-ին շատ կարևոր տարր է Արևմուտքի համար` կապված Մեծ Մերձավոր Արևելքի և տարածաշրջանի նոր խոշոր վերաբաժանման ծրագրերի հետ, ուստի նա չի կարող դա կախման մեջ դնել վրացական խորհրդարանական ընտրություններից։ Ասենք, Սաակաշվիլու հիմնական մրցակիցը` վրացի օլիգարխ, «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, ոչ պակաս, գուցե և ավելի «արևմտյան մարդ» է, և նա, ինչպես ներկա վրացական իշխանությունը, կարծում է, թե ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը պարզապես այլընտրանք չունի։ Այնպես որ, ամենայն հավանականությամբ, Վրաստանի ՆԱՏՕ-ական լինելու հարցը կարելի է արդեն լուծված համարել։ Եվ պատահական չէ, որ վերջերս Բրյուսելում դաշինքի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենի հետ Վրաստանի նախագահի հանդիպման ժամանակ վերջինս լիակատար հանգստություն էր ճառագում ու վստահություն, որ բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ են։

Հանդիպման ժամանակ քննարկվել են ՆԱՏՕ-ի ու Վրաստանի փոխհարաբերությունները և ցանկություն է հայտնվել է՛լ ավելի խորացնելու համագործակցությունը։ Դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ Վրաստանը հաջողությամբ է իրականացնում բարեփոխումները և կատարում է ստանձնած պարտավորությունները։ Նա մեկ անգամ ևս հաստատել է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և դատապարտում է Աբխազիայի ու Հարավային Օսիայի «օկուպացված տարածքներում» ընտրությունների անցկացումը։ Ռասմուսենը Միխեիլ Սաակաշվիլուն շնորհակալություն է հայտնել խաղաղարար առաքելությանը վրացական զորախմբի մասնակցության առթիվ և նշել է Վրաստանի նշանակալի ավանդն աշխարհի անվտանգության ամրապնդման գործում։ «2008-ին Բուխարեստի գագաթնաժողովում մենք պայմանավորվել ենք, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, և այդ որոշումն ուժի մեջ է մնում»,- հայտարարել է Ռասմուսենը։ Ավելին, նա Վրաստանն անվանել է «ՆԱՏՕ-ի առանձնահատուկ գործընկեր և մնացածների համար գործընկերության օրինակ»։

Հիշեցնենք Թբիլիսիի և Բրյուսելի փոխհարաբերությունների մի ոչ այնքան երկար պատմություն. ինչպես հայտնի է, վրաց ղեկավարությունը իշխանության գալուց անմիջապես հետո հայտարարեց ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության մասին և անգամ հանրաքվե անցկացրեց, որի արդյունքում երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը պաշտպանեց այդ միտքը։ Ընդ որում, այն գերիշխող է նաև այսօր. վերջերս անցկացված հարցման համաձայն, ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը լիովին պաշտպանում է երկրի բնակչության 17 տոկոսը, այդ նպատակը պաշտպանում է 53 տոկոսը, չեզոք դիրք է գրավում 14 տոկոսը և չի պաշտպանում ընդամենը 7 տոկոսը։ Այնուհետև ստորագրվեց ԱՄՆ-ի և Վրաստանի ռազմավարական գործընկերության խարտիան, ԱՄՆ-ն սկսեց Վրաստանին օգնություն ցուցաբերել ֆինանսներով ու սպառազինությամբ, իսկ Սաակաշվիլին առաջարկեց երկրի տարածքն օգտագործել որպես ռազմահենակետ, ծովային նավահանգիստները` Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմանավերի, իսկ օդանավակայանները` ՆԱՏՕ-ի ռազմափոխադրական ինքնաթիռների վառելիքի լիցքավորման և տեխսպասարկման համար։ Չնայած Մոսկվայի դժգոհությանը, շուտով ավելի լուրջ փոփոխություններ տեղի ունեցան նաև ՆԱՏՕ-ի գծով։ Համենայն դեպս, «Իմաստունների խմբի» իննամյա աշխատանքից հետո (խմբի մեջ մտնում էին աշխարհի առաջատար հետազոտական կենտրոնների փորձագետներ, իսկ նրա ղեկավարն ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթն էր) մշակվեց ՆԱՏՕ-ի փոփոխությունների ծրար և, համապատասխանաբար, «դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման» հարցը` առաջին հերթին Վրաստանի համար։ Իսկ թե ինչպես դրան կարձագանքի Ռուսաստանը, «թող ինքը Ռուսաստանը մտածի»։ Այդ իրադրությունը չկարողացավ փոխել անգամ Օբաման։

Բայց կոնկրետ ի՞նչ է Վրաստանում հետա-քրքրում ՆԱՏՕ-ին` ընդհանրապես, և Պենտագոնին` մասնավորապես։ Ամերիկյան աղբյուրների տվյալներով, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն շահագրգռված են առաջին հերթին Ռուսթավիում (վրաց-ադրբեջանական սահմանի մոտ), Վազիանիում, Բաթումում և Վալիում նախկին ԽՍՀՄ-ի խոշոր ռազմաբազաներում իրենց մշտական տեղակայմամբ։ Ինչ վերաբերում է Վրաստանում ԱՄՆ-ՆԱՏՕ նոր ռազմական օբյեկտներին, նախատեսված է այդպիսիք ստեղծել վրաց-աբխազական, վրաց-հարավօսական, վրաց-հայկական սահմանների մոտ, Քութայիսում և Մառնեուլում։ Ի դեպ, այդ շղթային լիովին ներդաշնակում են նաև Ադրբեջանում գտնվող ռազմական օբյեկտները, ինչը Բաքուն հիանալի հասկանում է և մեջընդմեջ փորձում է շահարկել, երբեմն` հաջողությամբ։ Այսինքն, խոսքը Սև և Կասպից ծովերի արանքում միջանցիկ վերահսկողության գծի ստեղծման մասին է։ Բացի այդ, մի շարք աղբյուրների տվյալների համաձայն, եթե Ռուսաստանը համարձակվի ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության կապակցությամբ ավելի մեծ ռազմաքաղաքական աջակցություն ցուցաբերել Աբխազիային և Հարավային Օսիային, ապա ԱՄՆ-ն ու այդ դաշինքը կսկսեն հանդես գալ ռուս խաղաղարարների փոխարինման օգտին (շատ հավանական է` ՆԱՏՕ-ականներով)։ Չէ՞ որ չարժե մոռանալ ՆԱՏՕ-ական հին «իմաստությունը». «Երբեք չպետք է մոռանալ, որ ՆԱՏՕ-ն կարող է ոչ միայն պատերազմ մղել, այլև խաղաղություն կառուցել» (թե որքան է դա հաջողվում իրագործել, այլ հարց է)։ Այնպես որ, ամենայն հավանականությամբ, շուտով օրակարգային հարց կդառնա դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման նոր և, թերևս, ամենաարտասովոր քայլը։ Եվ` ոչ միայն Վրաստանում։

Հասկանալի է, որպեսզի նախկին ԽՍՀՄ-ի այս կամ այն երկիր մտնի ՆԱՏՕ, պետք է համապատասխանի ՆԱՏՕ-ական չափանիշներին, այդ թվում` ընտրությունների առումով։ Սակայն դա մեծ խաղի մի մասն է, ո՛չ ավելի։ Եվ ռուս քաղգործիչներն ու ռուսական լրատվամիջոցները որքան ուզում են ասեն, թե Սաակաշվիլին ամերիկյան դրածո է, նրան ամերիկյան բյուջեն է սնում, միևնույն է, իրականում նրա այդ գաղափարը վայելում է Վրաստանի բնակչության նշանակալի մասի պաշտպանությունը, որովհետև Ռուսաստանի հետ առանձնահատուկ «շփման» պարագայում նրանք միասնական «եվրոպական քաղաքակրթություն» ընդունելու և միջազգային մակարդակով իրենց հանդեպ որևէ հարգանք ստանալու ուղիներ չեն տեսնում։ Ռուսաստանն ամեն կերպ կխոչընդոտի՞, արդյոք, այդ ցանկությանը։ Անկասկա՛ծ։

Եվ իհարկե, անմիջապես հիշողության մեջ արթնանում են նախ Խորհրդային Միության, ապա և Ռուսաստանի կոշտ հայտարարությունները ՆԱՏՕ-ին նախկին Վարշավայի պայմանագրի և մերձբալթյան երկրների հնարավոր անդամակցության առթիվ։ Բայց այդ գործընթացը տեղի ունեցավ արագ ու անցավագին, և հիմա ամբողջ Արևելյան Եվրոպան կարողացել է «ՆԱՏՕ-ի միջոցով» շատ հուսալի կերպով ներմիավորվել եվրոպական քաղաքական ու տնտեսական կառույցներին։ Այժմ ՆԱՏՕ-ին անդամագրվելու հերթը նախկին Խորհրդային Միության հանրապետություններինն է։ Անշուշտ, Եվրոպայում հասկանում են, որ դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումն անխուսափելիորեն կբախվի Ռուսաստանի հակազդեցությանը, բայց նույն Արևելյան Եվրոպայի և Մերձբալթիկայի օրինակով ՆԱՏՕ-ում համոզվել են, որ Ռուսաստանի կողմից հնչող «հաթաթաներն» ու ծագող վեճերը շատ արագ փոխակերպվում են հանգիստ երկխոսության։ Այս ամենն արդեն նոր պայմաններում մի ավելորդ անգամ հաստատում է վաղուց հայտնի մի փաստ. ժամանակակից ռուսական քաղաքականության համար ամբողջ տարածաշրջանը միշտ եղել է ու է՛ մի յուրօրինակ «ականապատ դաշտ», ուր ամեն քայլը պահանջում է առանձնահատուկ ուշադրություն և ոչ ստանդարտ մոտեցումներ։

Բայց դա առայժմ ֆանտաստիկայի ոլորտից է։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 834

Մեկնաբանություններ