Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՈՉ ԹԵ ՊԱՐԶԱՊԵՍ ՈՒԺԵՂՆԵՐԻ, ԱՅԼ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱՏԵՂԻՆ Է»

«ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՈՉ ԹԵ ՊԱՐԶԱՊԵՍ ՈՒԺԵՂՆԵՐԻ, ԱՅԼ  ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱՏԵՂԻՆ Է»
10.02.2012 | 00:00

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը ՀՀ վաստակավոր մարզիչ, նախկին ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Սեուլի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի, Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող ԼԵՎՈՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆՆ է, մարդ, ով, առանց չափազանցության, մի ողջ դարաշրջան է եղել մարզաձևում ու շարունակում է իր հարուստ փորձն ու գիտելիքները ի սպաս դնել հայկական սպորտին: Լեգենդար մարզիկի ու անվանի մարզչի հետ մեր զրույցը, բնականաբար, հայկական ըմբշամարտի այսօրվա ու վաղվա մասին էր ու է, սակայն աններելի կլիներ առիթը բաց թողնել ու չփորփրել նաև անցյալը, չանդրադառնալ այլ հարցերի:
-Ի դեմս Ասլաուդին Աբաևի, Իսլամ Դուգուչիևի ու Ձեզ, 68 կգ քաշային կարգում ունենալով ընտրության լայն հնարավորություն, 1988-ի օլիմպիական խաղերի ապագա մասնակցի հարցում վերջնականապես կողմնորոշվելը ԽՍՀՄ հավաքականի գլխավոր մարզիչ Գենադի Սապունովը բավականին խորամանկորեն լուծեց` Ձեզ ուղարկելով ավանդաբար առանձնակի ուժեղ կազմ հավաքող, ըմբշամարտում տուգանային գումարտակի համարում ունեցող Բուլղարիայի միջազգային մրցաշարին:
-Ապագա օլիմպիականի իմ հնարավոր թեկնածությունը ես այնուհետ ստիպված եղա հաստատել նաև Իվան Պոդդուբնու խոշոր հուշամրցաշարում, ապա Գերմանիայում անցկացված ստուգատեսում, որոնցից հետո միայն իմ առջև բացվեցին օլիմպիական խաղեր տանող դռները:
-Ես Բուլղարիան հենց այնպես չհիշեցի: Հայաստանի ազգային հավաքականն օրեր առաջ է վերադարձել այնտեղ կայացած միջազգային մրցաշարից: Ինչպես այն ժամանակ Ձեզ, այս անգամ էլ, ի՞նչ է, մեր որոշ մարզիկների համար նորից «տուգանային գումարտակով» անցնելու խնդի՞ր կար:
-Որպես մարզիչ, ինչ-որ տեղ ես կուզենայի այդպես լիներ: Նկատի ունեմ Խորհրդային Միության հավաքականում եղած ահռելի մրցակցությունը, սակայն մասշտաբները համեմատելի չեն: Բայց և այնպես մեր ազգայինում էլ վիճակն այնպես չէ, որ ձեռքի տակ ընկած առաջին իսկ մարզիկին վերցնենք ու տանենք: Մի մոռացեք, որ վերջին տարիներին մենք աշխարհի լավագույն հավաքականների շարքում ենք, իսկ դա նշանակում է, որ մեզնից լուրջ բան ենք ներկայացնում, և հավաքականում թույլ մարզիկներ չեն կարող լինել:
-Լավ: Ո՞Ւմ էիք տարել, ի՞նչ խնդիրներ էիք լուծում և արդյո՞ք գոհ եք մարզիկների պատրաստվածության աստիճանից:
-Հավաքականի համար Բուլղարիան մեր մարզումամրցակցային օրացույցի պլանային մրցաշարերից էր: Ո՛չ ավելին: Նպատակը մեկն էր` համեմատության մեջ փորձել հասկանալ` մարզիկները պատրաստվածության ինչ փուլում են, մարզիկ-մարզիչ որտեղ ենք թերացել և ինչում, ինչի վրա պիտի սևեռվենք, որովհետև, մասնավորապես, Եվրոպայի առաջնությունն այնքան էլ հեռու չէ, իսկ մենք հավաքականի հարցում կոնկրետանալու խնդիրներ ունենք:
-Մարտակա՞ն կազմով էիք մեկնել:
-Հավաքականն ամբողջությամբ ներկայացված չէր, որովհետև առջևում Իրանում անցկացվելիք ոչ պակաս ներկայացուցչական միջազգային մրցաշարն է, որին հաջորդելու են ապրիլին դարձյալ Բուլղարիայում, ապա` Չինաստանում, մայիսին` Ֆինլանդիայում կայանալիք մրցաշարերը, որոնք, աշխարհամասի առաջնության պես, վարկանիշային են:
-Վարկանիշայիններն առայժմ թողնենք մի կողմ:
-Առաջատարներից Բուլղարիայում չէին Ռոման Ամոյանը, Յուրի Պատրիկեևը, Արսեն Ջուլֆալակյանը, փոխարենը փորձարկեցինք բավականին մեծ թվով այլ ըմբիշների: Ասեմ, որ գրեթե յուրաքանչյուր քաշային կարգում ունեինք երկու-երեք ներկայացուցիչ:
-Ներկայացրեք:
-60 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկան Արթուր Մկրտչյանն ու Ալեքսան Միքայելյանը, 66-ում մասնակիցները երեքն էին` Արամ Ջուլֆալակյան, Վարդերես Հովհաննիսյան, Սասուն Ղամբարյան, 74-ում ներկայացանք Վարշամ Բորանյան, Արամ Պապյան կազմով, 84-ում փորձարկում էինք Հրաչ Հովհաննիսյանին, Արթուր Շահինյանին, Տիգրան Սահակյանին, իսկ 96 կիլոգրամ քաշային կարգում մեր նախընտրած ըմբիշն Արթուր Ալեքսանյանն էր: ՈՒնեցանք այսպիսի արդյունք` Արամ Ջուլֆալակյանն իր քաշային կարգում դարձավ հաղթող` միաժամանակ արժանանալով մրցաշարի լավագույն ըմբիշի կոչմանը, Վարդերես Հովհաննիսյանը ճանաչվեց երկրորդը։ Հաղթելով Տիգրան Սահակյանին` Հրաչ Հովհաննիսյանը դարձավ երրորդ մրցանակակիր: Երրորդն էր նաև Արթուր Մկրտչյանը:
-Փաստորեն, երկու քաշային կարգերում մրցանակային տեղերի համար պայքարը «հայկական» էր:
-Այո, 66-ում ու 84-ում այդպես եղավ: Անշուշտ, արդյունքն ավելի շոշափելի կլիներ, եթե չվրիպեր մեր ուժեղագույն ըմբիշներից մեկը` Արթուր Ալեքսանյանը, սակայն նա լրիվ մարտական մարզավիճակում չէր ու, ճիշտն ասած, այս փուլի համար պետք էլ չէր, որ այդպիսին լիներ:
-Այսի՞նքն:
-Հանգամանքները երբեմն պարտադրում են ժամանակից առաջ չընկնել: Դա ստրատեգիա է: Իր քաշային կարգում Արթուրը լավագույններից մեկն է աշխարհում, և նրա լրիվ մարտական վիճակը բոլորովին այլ մրցագորգի վրա է ինձ պետք: Ինչ վերաբերում է Արթուր Շահինյանին ու Վարշամ Բորանյանին, սպասելիքներս մեծ էին: Չարդարացրին: Դժգոհելու առիթ տվեց նաև Ալեքսան Միքայելյանը:
-Տղաներից ո՞վ էր ներկայացնում մեր երիտասարդական հավաքականը:
-Միայն Արթուր Ալեքսանյանը` մեծահասակների Եվրոպայի չեմպիոնը, աշխարհի մոսկովյան առաջնության մասնակիցը:
-Իսկ երիտասարդականից կա՞ն տղաներ, որոնց արդեն իսկ աչքի տակ ունեք:
-Իհարկե` կան: Ես լավատեղյակ եմ, որ Ձեր թերթը հատուկ նշանառության տակ է վերցրել ինչպես երիտասարդական, այնպես էլ պատանեկան մեր հավաքականները, իսկ նրանց նվաճումները ներկայացնելու հարցում առանձնապես հետևողական ենք` այն էլ ոչ վիճակագրի մակարդակով: Այնպես որ, կրկնում եմ, այդ տղաները հատուկ նշանառության տակ են: Եվ ինչպե՞ս կարող են սևեռուն ուշադրության կենտրոնում չլինել, երբ մենք, անկախ մնացած բաներից, մասնավորապես երիտասարդականի առնչությամբ, լայնորեն կիրառում ենք ազգային հավաքականի տղաների հետ համատեղ պարապմունքների պրակտիկան: Հասկանալի է, որ դա անում ենք հատուկ միտումով: Երիտասարդներն ավագներից սովորելու շատ բան ունեն, ավագներն էլ առարկայնորեն համոզվում են, որ զգոնությունը կորցնելու իրավունք չունեն: Չէ՞ որ ազգային հավաքականը ոչ թե պարզապես ուժեղների, այլ ուժեղագույնների հավաքատեղին է: Այնպես որ, մեր դավանած պրակտիկան երկուստեք օգտակար է ոչ միայն փորձ ձեռք բերելու առումով: Եվ, ընդհանրապես, յուրաքանչյուր թիմի հաջողության գրավականը նույն այդ թիմում եղած մրցակցությամբ է պայմանավորված:
-Դառնանք առաջիկայում սպասվելիք վարկանիշային մրցաշարերին: Առջևում Լոնդոնի օլիմպիական խաղերն են, իսկ մենք ցայսօր ընդամենը մեկ մասնակից ունենք: Հավատո՞ւմ եք, որ ուրիշներն էլ կունենանք:
-Եթե այդպես չլինի, մենք դա լուրջ բացթողում կհամարենք:
-Ես գնահատում եմ դիվանագիտորեն պատասխանելու Ձեր կարողությունը, սակայն շատ ավելի հաճելի կլիներ լսել առավել շոշափելի պատասխան:
-Աշխարհի վերջին առաջնությունում, Արսեն Ջուլֆալակյանից զատ, գոնե ի դեմս Արթուր Ալեքսանյանի, մենք կարող էինք ունենալ ևս մեկ օլիմպիական ուղեգիր, բայց տեսաք, չէ՞, ինչ կատարվեց:
-Սպորտում, ինչպես առհասարակ կյանքում, անարդարությունը քիչ չէ:
-Սպորտի կտրվածքով պատասխանեմ: Ես մնում եմ այն համոզմունքին, որ ուժեղը պիտի հաղթի: Ինչ անել անարդարության դեմն առնելու համա՞ր: Լինել ավելի ուժեղ: Ինչ վերաբերում է մոսկովյան առաջնությանը, մենք այն ձախողեցինք տարբեր պատճառներով: Չմանրանանք: Հիմա դատապարտված ենք վիճակը շտկելուն:
-Չնայած հավաքականի հետ կապված ամեն ինչն է անձնական Ձեզ համար, բայց և այնպես, անձնականի մեջ էլ կա անձնական: Երբ ըմբիշ Լևոն Ջուլֆալակյանը մրցակցին առնում էր աքցանի մեջ, հակառակորդն անհուսալիորեն դատապարտված էր, սակայն, երբ որդի Ջուլֆալակյանը մրցակցին առավ աքցանի մեջ, քարկապը քանդվեց:
-Պահ էր: Չպիտի լիներ: Եղավ: Արդարացում չկա: «Յուղված» թուրք մարզիկի պարագայում անգամ Արսենը պիտի շահեր գոտեմարտը: Բոլոր դեպքերում պիտի չերկմտեր, պիտի գնար հնարքի կիրառմանը: Փորձի պակասը դեր խաղաց: Ամեն դեպքում այդ գոտեմարտը մենք տանուլ տվեցինք:
-Երբ ասում եք` գոտեմարտը տանուլ տվեցինք, այս պահին Ձեր մեջ հա՞յրն է խոսում, թե՞ մարզիչը:
-Իմ յուրաքանչյուր մարզիկի հաղթանակը հավասարապես իմն է, ինչպես որ իմն է պարտությունը: Եթե մարզիկի նկատմամբ հայրական զգացում չլինի իմ մեջ, ավելորդ է թիմը մարզելը, էլ չեմ ասում` գլխավորելը:
-Մարզաձևեր կան, որոնք մեզանում աղքատ բարեկամի կարգավիճակ ունեն: Ես հասկանում եմ, որ այստեղ, բացի ավանդույթից, նաև անցած ճանապարհի, վաստակի, քաշ ու կշռի խնդիր էլ կա, բայց և այնպե՞ս:
-ՈՒշադրության, հոգածության առումով մենք խնդիր չունենք: Այն, ինչ անում է պետությունը, միանգամայն բավարար եմ համարում, թեպետ «ավել պատառը փոր չի ծակի»: Փառք Աստծո, մեր կողքին ունենք ըմբշամարտի հզոր ֆեդերացիա իր նույնքան հզոր նախագահով: Սամվել Կարապետյանը, ինքն էլ նախկինում ըմբիշ, ամենակարևորը` լավ մարդ, ընկեր ու քաղաքացի, ամեն ինչ անում է, որ հայկական ըմբշամարտը տեղի չտա:
-Ես հասկանում եմ, որ կանխագուշակությունը քմահաճ սիրուհու պես է` փլավին ջուր գցել չի լինի, այնուամենայնիվ, Լոնդոնում ո՞նց կլինի:
-Ամեն ինչ անելու ենք, որ լավ լինի:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1291

Մեկնաբանություններ