Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Տարածաշրջանային քաղաքական խաղը շարունակվում է

Տարածաշրջանային  քաղաքական խաղը շարունակվում է
24.04.2012 | 00:00

Արտաքին քաղաքականությունը, ինչ խոսք, սերտորեն շաղկապված է ներքին խնդիրների հետ, և Հայաստանի ներկա քաղաքական ղեկավարության էությունն ու ոճը արտացոլվում են արտաքին քաղաքականության մեջ։

Կարելի է կարծել, որ 2008-2011 թթ. արտաքին քաղաքականության մեջ ոչ մի հատկանշական բան տեղի չի ունեցել, հիմնականում ճշգրտվել են Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի հետ եղած պայմանագրերն ու հարաբերությունները։ Տպավորություն է առաջանում, թե նախընթաց ժամանակները հատկանշական են եղել արտքաղաքական խնդիրների սպառմամբ։ Հայաստանը շարունակել է արձագանքել ԱՄՆ-ի ու Եվրամիության արտաքին մարտահրավերներին, որոնք այնքան էլ կոշտ չեն եղել։

Դրան զուգընթաց, չափազանց կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել Ռուսաստանի հետ հարաբերություններում, ինչը նշանակում էր խնդիրների, անհամարձակության և որոշ անվստահության մասնակի հանգուցալուծում։ Վրաստանի դեմ տարած հաղթանակով ոգեշնչված Ռուսաստանը համարեց, թե ժամանակն է ուժեղացնելու ճնշումը Հարավային Կովկասի վրա և ցուցադրելու զուգահեռաբար Ադրբեջանի ու Հայաստանի վրա ազդելու իր ընդունակությունը։ Ռուսաստանի նախագահի աշխատակազմում Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու միանգամայն անհամարժեք «ռուսական նախագիծ» մշակվեց, որի իրագործումը ոչ միայն կհանգեցներ մարզի հայաթափմանը, այլև հայ ազգի պատմական հեռանկարի կորստյանը։ Ղարաբաղյան խնդրի «կարգավորման ռուսական նախագիծը» զգալիորեն կապված էր Թուրքիայի քաղաքական հավակնությունների հետ` ի վնաս Հայաստանի շահերի։ Սև ծով-կովկասյան տարածաշրջանում երրորդ ուժի հայտնվելը, ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը, այդ ծրագրերում տարածաշրջանի պետությունների ներգրավումը, Կենտրոնական Ասիայում իր քաղաքականությունը վերականգնելու ԱՄՆ-ի փորձերը հանգեցրին այն բանին, որ դարավոր հակառակորդներ Ռուսաստանը և Թուրքիան սկսեցին դաշնազույգ ստեղծելու քայլեր ձեռնարկել։ Եվրասիայի տարածաշրջաններում գործառույթների ու ազդեցության ոլորտների բաշխման հարցում Ռուսաստանի և Թուրքիայի միջև ժամանակավոր պայմանավորվածությունների դեպքում անգամ Հայաստանը տեղ չի ունենում աշխարհաքաղաքական դասավորության մեջ։ Բայց նման պայմանավորվածություններ, արդի ռազմավարությունների ու շահերի պայմաններում, լինել չեն կարող։ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը «ռուսական նախագծի» ծավալման հենց սկզբից հասկանում էր, որ ինքը չի կարող համաձայնել այդ ծրագրին, բայց հույս ուներ խնդիրը հարթել առանց Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու։ Դա հենց այդպես էլ եղավ, բայց այլ սցենարով։ Հայաստանի ղեկավարությունը կտրականապես մերժեց «ռուսական ծրագիրը», համենայն դեպս, այս փուլում։ Ռուսաստանը համոզվեց, որ այդ նախագիծը միանգամայն անիրագործելի է, և վճռեց չշարունակել դրա քննարկումը, քանի որ ցանկացած ելքի դեպքում կուտակված կմնան հայ ժողովրդի ատելությունն ու թշնամությունը Ռուսաստանի հանդեպ։ Դա ամենևին չի համապատասխանում Ռուսաստանի ո՛չ մարտավարական, ո՛չ ռազմավարական ծրագրերին։

Դրան զուգընթաց, հենց 2011 թ. սկիզբը ցույց տվեց խոր հակասությունների առկայությունը ոչ միայն Թուրքիայի և ԱՄՆ-ի, այլև Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններում։ Թուրքիան և Ռուսաստանն ավելի քան լուրջ հակասություններ ունեն տարածաշրջանային քաղաքականության ասպարեզում և չեն ձգտում փոխզիջումների գնալ Կովկասի, Ղրիմի, Կենտրոնական Ասիայի, Պովոլժիեի հետ կապված հանգուցային կամ երկրորդական հարցերում։ Նրանք տնտեսական և քաղաքական չափազանց շատ ռեսուրսներ են ծախսել այդ տարածաշրջաններում իրենց դիրքերն ամրապնդելու համար, ուստի չեն կարող զիջումների գնալ անգամ մի շարք խնդիրներում փոխշահագրգռություն ունենալու պարագայում։ Հայաստանում և սփյուռքում համոզվել են, որ տեսանելի հեռանկարում (առավել ևս` ավելի հեռու ապագայում) թուրք-ռուսական դաշնազույգի ստեղծման ոչ մի հնարավորություն չկա։ Պետք է ասել, որ դրանում համոզվել են և՛ ամերիկացիները, և՛ եվրոպացիները, որոնք սկսել են Թուրքիային վերաբերվել հենց հարաբերական մեկուսության ուժեղացման գործոնը հաշվի առնելով։ Ոչ մի կասկած չկա, որ Հայաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի և Թուրքիայի առճակատմամբ, քանի որ դա, անկասկած, կհանգեցնի տարածաշրջանում Հայաստանի վիճակի վատթարացմանը, բայց ռուս-թուրքական դաշինքի ստեղծումը ևս չի համապատասխանում նրա շահերին։

Հայաստանում, ԼՂՀ-ում և սփյուռքում լավ են հիշում 1991-ի գարնան և 1992-ի ամռան իրադարձությունները, երբ Ռուսաստանը պատժիչ ռազմարշավ, այսինքն` զինված ագրեսիա սանձազերծեց հայ ժողովրդի դեմ, 2008 թվականն էլ հիշեցրեց այդ մասին։ Որոշակի իմաստով հանգուցալուծում տեղի ունեցավ, և Հայաստանում լա՛վ յուրացրին, որ բազմավեկտոր քաղաքականությունը ցանկություն և քաղաքական խոսք չէ միայն, այլ լուրջ աշխատանքի առարկա, ընդ որում, ոչ միայն կառավարության, այլև ամբողջ հանրության համար։ Միաժամանակ, այդ իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանը բավականաչափ քաղաքական հնարավորություններ ունի հակահարված տալու իր արմատական շահերի ոտնահարման ցանկացած փորձի։ Նաև պետք է արձանագրել, որ «ռուսական նախագիծը» ձախողեցին ոչ թե Երևանում (թեև Հայաստանի քաղաքական խմբերն ու հանրությունը շատ բան արեցին այդ հավակնություններին հակահարված տալու համար), այլ Ստեփանակերտում, որտեղ էլ հայ ղեկավարությունն զգաց ռուսական մտադրությունների ամբողջ դատապարտվածությունը։ Շատ կարևոր է, որ այդ իրադարձությունները որոշ չափով անդրադարձան ԼՂՀ ղեկավարության քաղաքականության վրա, որը մի տեսակ խուճապի մատնվեց և հասկացավ, որ Ղարաբաղի ղեկավարներին «մատաղացու գառան» դեր է վերապահված։ ԼՂՀ-ում սկսեցին լուրջ փորձեր ձեռնարկել Դաշտային Ղարաբաղի, ինչպես նաև հեռավոր լեռնային շրջանների բնակեցման և սոցիալ-տնտեսական յուրացման ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Եթե դա քաղաքական մարտահրավեր ու իրադարձային վարքագիծ չէ, այլ սկզբունքային խնդիրների լուծման նկատմամբ լուրջ վերաբերմունք, ապա կարելի է համարել «ռուսական նախագծի» դրական արդյունք։

2008-2011 թթ. մյուս կարևոր իրադարձությունը ևս կապված է ղարաբաղյան թեմայի հետ, բայց առնչվում է արդեն ԱՄՆ-ի քաղաքականությանը։ Պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ-ի վարչակազմն անցած տարվա աշնանը գտնվում էր հայտնի ցայտնոտի մեջ և, այդուամենայնիվ, բավականին արագ ու արդյունավետորեն արձագանքեց Ռուսաստանի փորձերին` իր օգտին արագացնելու տարածաշրջանի գործընթացները։ «Ռուսական նախագծի» նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշումը բնութագրվեց նրանով, որ այդ խնդրի լուծումը չի կարող կրել տարածաշրջանային, հարևանցի և ոչ օրինական բնույթ, որոշումները պետք է ունենան միջազգային նշանակություն և ընդունվեն Մինսկի խմբի շրջանակներում։

Ամերիկացիները բռնեցին ռուսների ձեռքը, իսկ դա նշանակում էր, որ ԱՄՆ-ն ամենևին մտադիր չէ որևէ բան զիջելու տարածաշրջանում, և տարածաշրջանային քաղաքական խաղը շարունակվում է, ընդ որում, ավելի ծավալուն և բովանդակային ձևաչափով։ ԱՄՆ-ը որոշում է ընդունել մեծացնելու ռազմական ներկայությունը Սև ծով-կովկասյան տարածաշրջանում, ինչը կհանգեցնի «երրորդ ուժի» առաջացմանը, իսկ դա դառնում է հեռանկարում տարածաշրջանի պետությունների գերակայությունների մշակման կարևորագույն գործոն։ Հարկ է նշել, որ չնայած Սև ծովում և Կովկասում ՆԱՏՕ-ի ու Եվրամիության քաղաքականության սահմանափակությանը, չի նշանակում, թե այդ կառույցները չեն մասնակցելու տարածաշրջանային դեպքերին։ Իրանը, գտնվելով ծայրաստիճան բարդ միջազգային իրավիճակում, տարածաշրջանում գործելու սահմանափակ հնարավորություն ունի, այդուամենայնիվ, մեծ ուշադրությամբ է հետևում մերձավոր արտաքին «գոտում» տիրող իրադրությանը և բավականին հաջողությամբ հարաբերություններ է կառուցում հարևան տարածաշրջանների հետ` իր անվտանգության տեսանկյունից։ Հայաստանի հետ հարաբերություններն Իրանի անվտանգության ապահովման կարևորագույն գործոններից են, ուստի տարածաշրջանային այդ խաղի շնորհիվ Հայաստանն աշխարհաքաղաքական առանցքային դեր է ստանում։ Նա ռուսական «ֆորպոստից» վերածվում է մի պետության, որն ապահովում է շահերի հավասարակշռություն` առնվազն Հարավային Կովկասում, ինչն ազդեցություն է գործում և՛ Սև ծովի վրա, և՛ Կենտրոնական Ասիայի։

Ի տարբերություն տխրահռչակ և ձախողման դատապարտված ՎՈՒԱՄ-ի, ուր Հայաստանի համար մուտք էր պատվիրված, մեր երկիրը դառնում է նոր նախագծի` Արևելյան գործընկերության մասնակից, որի նախաձեռնողն արդեն ոչ թե ԱՄՆ-ն է, այլ Եվրամիությունը։ Դրա հետ մեկտեղ, տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական և քաղաքական ներկայության ընդլայնումն անշեղորեն կհանգեցնի Հայաստանի, որպես գործընկերոջ, հանդեպ հետաքրքրության սրմանը։ Հայաստանի առջև իրական հեռանկար է բացվում բազմավեկտորայնության մասին հայտարարություններից անցնելու արտաքին քաղաքականության այդ տրամաբանական և անհրաժեշտ սկզբունքի իրականացմանը։ Խնդրո առարկա ժամանակաշրջանի առանձնահատկությունները բացատրվում են Արևմտյան ընկերակցությունում առճակատման խորացմամբ, ինչն սկզբունքային և շարունակական բնույթ է ընդունել` նոր «ուժի կենտրոնների» ստեղծման փորձերով, ընդ որում, ոչ միայն Եվրոպայում, այլև աշխարհի այլ տարածաշրջաններում։ Այդ միտումը կուժեղանա ներկա համընդգրկուն ճգնաժամի պատճառով, և Հայաստանը հնարավորություն կստանա շատ ուղղություններով վարելու ավելի հագեցած, նախաձեռնողական քաղաքականություն։

Այսօր վերջնականապես պարզվել է, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հարցի լուծման անհնարինությունը, քանի որ այն աղետ է գուժում Հայաստանի համար։ Առաջացել է մի իրավիճակ, երբ Ադրբեջանի առջև ծառացել է այսպիսի ընտրություն` կա՛մ վերադառնալ այդ սկզբունքներին ու հրաժարվել ղարաբաղյան մարզի լեռնային մասից, կա՛մ վերսկսել պատերազմը և դրանով իսկ ենթարկվել հսկայական վտանգի։ Հասկանալի է դարձել, որ Ադրբեջանին չի հաջողվել հասնել ռազմական գերազանցության, նրա դիրքերն ինչ-որ իմաստով ավելի խոցելի են դարձել, և ղարաբաղյան երկրորդ պատերազմը կնշանակեր նավթագազային ենթակառուցվածքի, տնտեսության առանցքային օբյեկտների ոչնչացում, առնվազն 100 հազար մարդու կործանում, էլ չենք խոսում քաղաքացիական բնակչության շրջանում անխուսափելի կորուստների, ներկա կառավարող վարչախմբի իշխանազրկության մասին։ Արտաքին կողմերի, այսինքն` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների առջև ծառացել է ղարաբաղյան թեմայով բանակցությունների նմանակման սցենարի վերսկսման խնդիրը։ Ամերիկացիներն ու եվրոպացիները, որոնք Ռուսաստանին զգալի ժամանակ տրամադրեցին, որպեսզի վերջինս փորձի համոզել հակամարտող կողմերին պայմանավորվածության գալու, հիմա «լիակատար իրավունք» ունեն Ռուսաստանին մատնանշելու թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու անհնարինությունը։ Այս կապակցությամբ փորձ կարվի կողմերին առաջարկելու կա՛մ շարունակել «բանակցությունների նմանակումը», կա՛մ ճանաչել ներկա ստատուս-քվոն, քանի որ այն ավելի ընդունելի է համաշխարհային հանրության համար, քան վերահաս սպառնալիքները։ Ադրբեջանը, հրաժարվելով այդ առաջարկություններից, կհայտնվի բավականին դժվարին կացության մեջ, ինչը նրան կկանգնեցնի արտքաղաքական շրջափակման շեմին։

Սևծով-կովկասյան տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունն ու շահերը դառնում են Թուրքիայի հավակնությունների միակ զսպիչ գործոնը` Ռուսաստանի հետ մեկտեղ, բայց խաղալով ավելի ներդաշնակ դեր։

Թուրքիան, հնարավոր է, վերջ կտա Հայաստանն արհամարհելու իր քաղաքականությանն ու կնախընտրի հարաբերություններ հաստատել նրա հետ` ելնելով իր աշխարհաքաղաքական շահերից, չնայած թուրք-ադրբեջանական դաշինքի կազմավորման գործընթացի ավարտին։

Վրաստանը չի կարող չփորձել դանդաղորեն էթնիկ զտումներ կատարել իր ազգային տարածաշրջաններում, ինչը նշանակում է նոր հարաբերություններ ձևավորել այդ հարևանի հետ` ընդունելով առճակատման սրման հնարավոր հեռանկարը։

Իրանն աստիճանաբար հետ է կանգնում սպասողական և Հայաստանի կողմից իր հանդեպ բարեհաճության ստուգման մարտավարությունից, և նոր հավակնություններով ձեռնամուխ է եղել Հայաստանի հետ փաստական ռազմաքաղաքական դաշինքի կազմավորմանը, ակնկալելով Հայաստանի «անկախ վարքագիծն ու նրա կողմից տարածաշրջանում սեփական խաղի շարունակումը»։

Եվրասիայի ընդարձակ տարածությունում նախատեսվում է ստեղծել պետությունների միավորումներ ու դաշնախմբեր, որոնք մեկուսացած և ներփակ բնույթ չեն կրի, ինչը ենթադրում է այդ միավորումների մասնակիցների համագործակցություն տարբեր «ուժային կենտրոնների» հետ։

Եվրատլանտյան ընկերակցությունը, ելնելով համընդհանուր և տարածաշրջանային շահերից, հարկադրված կլինի մշակելու Արևելյան Եվրոպայի և այլ հարակից տարածաշրջանների երկրների ներմիավորման նոր նախագծեր ու ծրագրեր։

Չինաստանին չի հաջողվի մոտ ապագայում սկզբունքորեն նոր դիրքեր ձեռք բերել Եվրասիայում, նախ և առաջ, Կենտրոնական Ասիայում ու Կովկասում, բայց չինական գործոնի նշանակությունը կմեծանա, ինչը կներգործի Եվրասիայում ուժերի նոր դասավորության վրա, այդ թվում` ԱՄՆ-ի ռազմական և քաղաքական ներկայության ուժեղացումը։

Կենտրոնական Ասիայի և Սև ծով-կովկասյան տարածաշրջանի քաղաքական և աշխարհաքաղաքական իրադրության վրա մեծ ազդեցություն կգործի Հարավային Ասիայում ԱՄՆ-ի քաղաքականության ծավալումը` ուղղված Հնդկաստանի հետ նոր, ռազմավարական հարաբերությունների հաստատմանը, զոհաբերելով Պակիստանի շահերը, նպատակ ունենալով ստեղծել Չինաստանի և Ռուսաստանի դեմ ուղղված նոր դաշնախումբ։

Նշանակալի փոփոխություններ տեղի կունենան Մեծ Մերձավոր Արևելքում, ուր ուժերի հավասարակշռության պահպանման և զսպման քաղաքականությունից համաշխարհային «ուժի կենտրոնները» կանցնեն տարածաշրջանի քաղաքական քարտեզի վերաձևմանը, ինչն անմիջական ազդեցություն կգործի Կովկասի իրադրության վրա։

Ռուսաստանը նորովի կգնահատի սեփական քաղաքական ու տնտեսական հնարավորությունները և իր ռազմավարական շահերի գոտիներում կտեղավորվի իրական կարողության շրջանակներում, նախընտրելով ամրապնդել հարաբերություններն արդեն փորձարկված, ավանդական դաշնակիցների ու գործընկերների հետ։ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները կմնան գերակա, բազմավեկտոր քաղաքականության զարգացմամբ հանդերձ, ինչը մեծապես կպայմանավորվի նրանով, որ Հայաստանը կներգրավվի միջազգային քաղաքական նախագծերի մեջ։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 973

Մեկնաբանություններ