Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՄԱՀ

ՄԱՀ
12.03.2010 | 00:00

Միտրոպոլիտ Անտոնի ՍՈՒՐՈԺՍԿԻ

ՈՐԲՈՒԹՅՈՒՆ
Մենք մահվան հետ առաջին անգամ ու տևականորեն շփվում ենք, երբ կորցնում ենք մեր հարազատներին։ ՈՒ ես կուզեի մի փոքր կենտրոնանալ այդ խնդրի վրա, որովհետև, սովորելով ըմբռնել ուրիշ մարդկանց մահը, նրա ներգործությունը մահացողի վրա, նրա ազդեցությունը մեզ վրա` ուրիշի մահը վերապրելիս, մենք կկարողանանք նայել մահվան երեսին, վերջին հաշվով` դիմավորել դեմ առ դեմ սեփական մահը, սկզբում` որպես հնարավորություն, ավելի ճիշտ, անխուսափելիություն, բայց, ասես, այնքան հեռավոր, որ մենք հաշվի չենք նստում նրա հետ, իսկ հետո` որպես գալիք իրողություն։ Այդ պատճառով կանգ կառնեմ այս թեմայի` հարազատների կորստի վրա։ Արդեն հիշատակել եմ, որ խնդիրներից մեկը, որը միանգամից ծառանում է հարազատին կորցրածի առջև, մենակության, լքվածության զգացումն է այն, երբեմն` միակ, մարդու կողմից, ով մեզ համար ուներ նշանակություն, ով լցնում էր ամբողջ տարածությունը, մեր ամբողջ ժամանակը, մեր ամբողջ սիրտը։ Բայց եթե նույնիսկ սիրտը լցված չլիներ նրանով, հանգուցյալն իրենից հետո թողնում է ահռելի դատարկություն։ Քանի դեռ մարդը հիվանդ է, մենք տարվում ենք մտքերով և խնամքով նրա նկատմամբ։ Մենք զգաստ ու նպատակասլաց ենք գործում։ Երբ մարդը մեռնում է, հաճախ ողջ մնացածներին թվում է, որ իրենց գործունեությունը կորցրել է իմաստը, համենայն դեպս, չունի անմիջական նպատակ, կենտրոն, ուղղվածություն. կյանքը, որ թեպետ ծանր էր ու տառապալից, հոսում էր հեղեղի պես, ճահճանում է։ Մենակությունը նշանակում է նաև, որ չկա մեկը, որի հետ հնարավոր լինի խոսել և ուշադիր լինել։ Ոչ ոք չի պատասխանի, չի արձագանքի, և մենք էլ չենք ունենա մեկին, ում կկարողանանք պատասխանել կամ արձագանքել։ Իսկ դա նշանակում է, որ հաճախ միայն հեռացածի շնորհիվ մենք ունենք ինչ-որ արժեք. նրա համար, իրոք, ինչ-որ բան արժեինք, նա մեր գոյության ու կարևորության հաստատումն էր։ Գաբրիել Մարսելն ասում է, որ որևէ մեկին «Ես սիրում եմ քեզ» ասելը նույնն է, թե ասես. «Դու երբեք չես մեռնի»։ Դա կարելի է ասել և բաժանման պահին։ Մեզ լքում է մարդը, և չկա մեկը, որը շարունակի հաստատել մեր բարձրագույն արժեքը, մեր մեծագույն նշանակությունը։ Չկա այն մարդը, ով կասեր. «Ես քեզ սիրում եմ»։ Եվ հետևաբար, մենք զրկվում ենք համակրանքից, հավերժության հաստատումից։ Դրա երեսին էլ պետք է կարողանալ նայել։ Այն անկարելի է մի կողմ հրել, դրանից չես փախչի։ Առաջացել է դատարկություն, և այդ դատարկությունը երբեք պետք չէ փորձել արհեստականորեն լցնել ինչ-որ մանր, չնչին բաներով։ Մենք պետք է պատրաստ լինենք դիմավորելու թախիծը, տաղտկությունը, նայելու այն ամենին, ինչը կատարվում է հենց մեր ներսում, և այն բանին, ինչը մեր վզին է փաթաթում մեր շրջապատի սխալ հասկացված բարյացակամությունը, որը փորփրում է մեր վիշտն ու տառապանքը։ Մենք պետք է պատրաստ լինենք ընդունելու, որ սերը կարող է արտահայտվել նաև տառապանքի միջոցով, ու եթե հաստատում ենք, որ իսկապես սիրում ենք նրան, ով հեռացավ այս կյանքից, պետք է պատրաստ լինենք սիրելու մարդուն վշտի ու տառապանքի խորքից, ինչպես սիրում էինք նրան ուրախության մեջ։ Դա պահանջում է արիություն և, կարծում եմ, դրա մասին այսօր հարկավոր է խոսել նորից ու նորից, երբ շատերը տառապանքից խուսափելու համար դիմում են խթանիչների, ալկոհոլի, տարբեր տեսակի զվարճանքների, միայն թե իրականությունից վերանան։ Որովհետև այն, ինչը կատարվում է մարդկային հոգում, կարելի է մոռացության տալ, բայց նա չի ընդհատվում, ու եթե նա չի փարատվում, մարդը մանրանում է, չի աճում։
ՀԱՆԳՈՒՑՅԱԼԻ ԿՅԱՆՔԸ` ՈՐՊԵՍ ՕՐԻՆԱԿ
Շատ հաճախ ողջ մնացածները զգում են, որ կորուստը վերաբերում է ոչ միայն իրենց։ Այն հարվածել է շատերին` շրջապատողները զրկվեցին մի մարդու խելքից, սրտից, կամքից, որը լավ էր ապրել։ ՈՒ մարդը, որը կորցրել է հարազատին, մտքով կենտրոնանում է այդ կորստի վրա։ Այստեղ հարկավոր է հիշել, ինչը շատ կարևոր է, որ ամեն մեկը, ով ապրում է, թողնում է օրինակն այն բանի, թե ինչպես պետք է ապրել, կամ օրինակն անարժան կյանքի։ ՈՒ մենք պետք է սովորենք յուրաքանչյուր ողջ կամ մեռած մարդուց` խուսափել վատից, հետևել լավին։ Եվ ամեն մեկը, ով ճանաչել է հանգուցյալին, պետք է խորապես քննի, թե ինչպիսի կնիք է թողել նա իր կյանքի վրա, ինչպիսի սերմ է ցանվել, որ պետք է պտուղ տա։ Ավետարանում ասվում է. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, ապա պտուղ չի տա, իսկ եթե մեռնի, պտուղ կտա. մեկին` երեսուն, կամ վաթսուն, կամ հարյուր անգամ (Հովհ. 12, 24, Մատթ. 13, 8)։ Հենց դա կարող է կատարվել, եթե մենք ամբողջ սրտով, ամբողջ խելքով ու հիշողությամբ, ամբողջ մեր նբրազգացությամբ, ամբողջ ճշմարտությամբ խորհենք հանգուցյալի կյանքի մասին։ Եթե քաջություն ունենայինք օգտվելու Աստծո սրից, որ բաժանենք լույսը խավարից, որ մեզ հասանելի ամբողջ խորությամբ ջոկենք ցորենը որոմից, այդ ժամանակ հավաքելով ամբողջ մատչելի բերքը, մեզնից յուրաքանչյուրը, ով գիտեր մեռնողին, կտար նրա կյանքի պտուղը, կսկսեր ապրել ստացված ու ընկալված կերպարի համաձայն, ընդօրինակելով այն ամենը, ինչն արժանի էր ընդօրինակման այդ մարդու կյանքում։ Հասկանալի է, որ ամեն մեկը մեզնից ավելի շատ հիշեցնում է աղջամուղջը, քան պայծառ, փայլող լույսը, բայց լույսը խավարի մեջ էլ է առկայծում և այդ լույսը հարկավոր է ըմբռնել ու բաժանել խավարից հենց մեր ներսում, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդիկ կարողանան ապրել և տվյալ մարդու կյանքի պտուղը տալ։ Թաղման ժամանակ մենք կանգնում ենք վառված մոմերով։ Ըստ իս, դա նշանակում է երկու բան։ Դրանցից մեկն ակնհայտ է` մենք հանդիսավոր հայտարարում ենք Հարության մասին, մենք կանգնում ենք վառված մոմերով, ինչպես Զատկի գիշերը։ Բայց մենք նաև կանգնած ենք Աստծո առաջ վկայելով, որ այդ մարդը ներս բերեց մեր աշխարհի մթնշաղի մեջ գոնե ինչ-որ լույսի նշույլ, ու մենք այդ լույսը կպահպանենք, կբազմապատկենք այնպես, որ նա լույս տա հնարավորինս շատ մարդկանց, որ բոցավառվի երեսուն, վաթսուն, հարյուր անգամ։ Եվ եթե որոշում ենք այնպես ապրել, որ մեր կյանքը լինի շարունակությունն այն ամենի, ինչը եղել է նրա մեջ ազնիվ, ճշմարիտ և սուրբ, այդ ժամանակ, իրոք, այդ մարդն ապրել է ոչ իզուր, ու մենք իրոք կզգանք, որ ապրում ենք ոչ անհիմն ձևով։ Մեր մեջ չի մնում արագ ավարտի որևէ հույս, որովհետև մեր առաջ ծառացած է մի առաջադրանք, որը պետք է կատարենք։ Կարելի է բերել մի օրինակ, որը, իհարկե, գերազանցում է մեր փորձառությունը, Պողոս առաքյալի խոսքերը. «Ինձ համար կյանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը` շահ», որովհետև, քանի դեռ ես ապրում եմ մարմնի մեջ, ես բաժանված եմ Քրիստոսից, բայց ձեզ համար առավել կարևոր է, որ ես ապրեմ (Փիլիպ. 1, 21)։ ՈՒր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն (Մատթ. 6, 21)։ Պողոսի համար Քրիստոսը գանձ է, ամենաթանկագին ձեռքբերումը և նրա բոցավառ, հզոր հոգու տիրապետումը, իր կյանքի ամբողջ սերը, որը ստիպում էր նրան ընթանալու դեպի այն ժամանակը, երբ նա կզգեստավորվի հավերժության մեջ ու կտեսնի, ինչպես է Աստված նայում իրեն, կըմբռնի, ինչպես է ինքը ճանաչվում, կմտնի շփման մեջ առանց որևէ քողի կամ պղտոր ապակու իր և իր սիրո առարկայի միջև (1 Կորնթ. 13, 12)։ Բայց դրա հետ մեկտեղ գիտեր, որ տիրապետելով այն փորձառությանը, որը նա կրել է, կկարողանա բերել աշխարհին այն վկայությունը, որը չեն կարող բերել նրանք, ովքեր խոսում են միայն ըստ լսածի։ ՈՒ նա պատրաստ էր հրաժարվելու այն հանդիպումից, որին ձգտում էր` հաղորդակցությունից, միասնությունից, դեպի ուր նա ուղղված էր, հանուն այն բանի, որ հաղորդի իր վկայությունը։ Եվ նրա սերը ցեղակիցների նկատմամբ այնպիսին էր, որ կարող էր բացականչել, թե պատրաստ է հավիտյան վտարվելու Քրիստոսից, եթե դա նրանց համար կբացի ուղին դեպի Նա (Հռոմ. 9, 3 և այլն)։ Ինչ-որ չափով ամեն մեկին, ով ապրում ու դառնում է մեզ համար այդպիսի գանձ կամ մեր սրտի համար ամենաթանկ մեկը, կարելի է դիտել այդպիսի համատեքստում։
ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Այն ևս ինձ հանգեցնում է ինչ-որ մի բանի։ Մենք թողնված ենք, որ այն ամենը, ինչը տեսել ենք, լսել ու վերապրել, կարողանա բազմապատկվել ու տարածվել և դառնալ լույսի նոր աղբյուր երկրի վրա։ Բայց եթե մենք ամբողջ ճշմարտությամբ կարող ենք անկեղծորեն ասել, որ հանգուցյալը մեզ համար եղել է գանձ, այդ ժամանակ մեր սիրտը պետք է լինի այնտեղ, որտեղ մեր գանձն է, ու մենք պետք է այդ մարդու հետ, որը մտել է հավերժություն, ապրենք հնարավորինս լիակատար, հնարավորինս խոր հավիտենության մեջ։ Միայն այնտեղ մենք կարող ենք լինել անբաժան։ Դա նշանակում է, որ զուգահեռ այն բանին, որ ավելի ու ավելի շատ են մեր սիրելի մարդիկ հեռանում երկրային կյանքից ու մտնում հավերժական կյանքի անսասան անդորրություն, մենք պետք է շատ ավելի զգանք, որ պատկանում ենք այն աշխարհին ավելի լիակատար, ավելի կատարյալ, որ նրա արժեքներն ավելի շատ են դառնում մեր արժեքները։ ՈՒ եթե մեր սիրելիներից մեկը կրում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը, ապա, Պողոս առաքյալի պես, դեռևս լինելով երկրի վրա, մենք հիրավի կարող ենք սլանալ ամբողջ սրտով, մտքով ու մարմնով դեպի այն օրը, երբ կմիանանք նրան։
ՀԱՇՏԵՑՄԱՆ ՈՒՂԻՆ
Սուրբ Սերաֆիմ Սարովսկին մահից առաջ ասում էր. «Մարմնով ես մոտենում եմ մահվանը, իսկ հոգով կատարելապես նորածին երեխա եմ, սկզբի ամբողջ նորությամբ, ամբողջ թարմությամբ, այլ ոչ թե ավարտի»։ Դա նշանակում է, որ հարկավոր է պատրաստվել մահվանը հաշտեցման խիստ, բայց ազատագրող պրոցեսի միջոցով, ինքդ քեզ հետ, սեփական խղճիդ, բոլոր հանգամանքների, ներկայի և անցյալի, իրադարձությունների և մարդկանց, նույնիսկ ապագայի, ինքնին գալիք մահվան հետ։ Դա մի ամբողջ ճանապարհ է, որի վրա մենք հաշտվում ենք, ինչպես ասում է սուրբ Իսահակ Սիրինը, մեր խղճի, մերձավորի, նույնիսկ առարկաների հետ, որոնց դիպել ենք, այնպես, որ ամբողջ երկիրը կարողանա ասել մեզ. «Գնա՛ խաղաղությամբ», ու մենք կարողանանք ասել յուրաքանչյուրին. «Մնաս խաղաղությամբ, ու թող լինի քեզ վրա Աստծո խաղաղությունն ու Աստծո օրհնությունը»։ Հնարավոր չէ մտնել հավերժություն կապված, խճճված ատելության մեջ, ոչ խաղաղ վիճակում։ Եվ եթե մենք ցանկանում ենք հասնել դրան այն կարճ ժամանակամիջոցում, որը մեզ թողնում է գալիք մահը, շատ կարևոր է դիտել մեր ամբողջ կյանքը որպես վերելք դեպի հավերժություն, ոչ որպես մահվան թոշնում, այլ որպես վերելք դեպի այն պահը, երբ մենք կանցնենք հավերժություն տանող նեղ դարպասով` չմերկանալով ժամանակավոր կյանքից, այլ, Պողոս առաքյալի խոսքով, հագնելով հավիտենությունը (2 Կորնթ. 5, 4)։ ՈՒղղափառ ավանդության համաձայն, մահից հետո առաջին երեք օրը մարդու հոգին մնում է երկրի վրա, այցելում է իրեն հարազատ վայրերը, կարծես հիշելով այն ամենը, ինչն իր համար եղել է երկիրը, այնպես որ հոգին հեռանում է երկրից ու կանգնում Աստծո առաջ` լիովին գիտակցելով այն ամենը, ինչ կատարվել է իր հետ։ Այդ երեք օրը շրջապատված են հատուկ ուշադրությամբ։ Մենք աղոթում ենք, հոգեհանգիստ կատարում, մտքով կենտրոնանում հանգուցյալի հետ մեր հարաբերությունների վրա։ Մեզ էլ է տրված մեր սեփական առաջադրանքը։ Մենք պետք է արձակենք բոլոր հանգույցները մեր հոգում։ Մենք պետք է ի վիճակի լինենք ասելու հանգուցյալին սրտի ամենախորքից. «Ների՛ր ինձ» ու նաև ասելու. «Ես ներում եմ քեզ, գնա՛ խաղաղությամբ»։ Կարող է պատահել` հենց դա է հին ասացվածքի բացատրությունը, թե ննջեցյալի մասին չի կարելի վատ խոսել։ Եթե մենք իսկապես, ամբողջ ճշմարտությամբ ասել ենք հանգուցյալին. «Ես թողնում եմ քեզ։ Ես կկանգնեմ Աստծո առաջ իմ ներումով, թող ոչինչ, ինչ եղել է մեր միջև, չկանգնի դեպի լիակատար ու հավերժ խնդություն տանող քո ճանապարհին», ապա ինչպե՞ս կարող ենք վերադառնալ, հիշել չարը, դառնությունը։ Դա չի նշանակում, թե մենք աչք ենք փակում իրականության վրա, որովհետև եթե մարդու կյանքում իրոք չարություն է եղել, եթե իսկապես ինչ-որ տգեղ բան է եղել մեր ու հանգուցյալի միջև, ապա մենք պետք է առավել ևս աղաչենք Աստծուն ազատել երկուսին էլ` և՛ մեզ, և՛ մեռնողին, որպեսզի ի վիճակի լինենք լսելու հաշտեցման բառերը` «Գնա՛ խաղաղությամբ», և արտասանենք այդ բառերն ավելի ու ավելի խորացող ըմբռնողությամբ, ազատության աճող գիտակցումով։
ՀՈԳԻՆ ՈՒ ՄԱՐՄԻՆԸ
Այժմ, խոսելով մահվան իրականության խնդրի մասին, անդրադառնանք եկեղեցու տարբեր ծիսակատարություններին, որոնք կապված են մահվան հետ։ Քանի որ ձեզնից յուրաքանչյուրը կարող է կարդալ այդ տեքստերը կամ գիտի իր փորձառությունից, ապա ես չեմ քննի դրանք մանրամասնորեն, այլ կառանձնացնեմ բնորոշ գծերը։ Առաջինը. կա երկու եկեղեցական արարողություն, որոնք բոլորդ, անկասկած, լավ գիտեք. կարճ ժամերգությունը ննջեցյալի հիշատակին` հոգեհանգիստը, և հուղարկավորման կարգը։ Գոյություն ունեն նաև ուրիշ, ավելի քիչ հայտնի աղոթքներ, որոնցից են կանոնները, որոնք կարդացվում են մարդու վրա, որը շատ ծանր ու տառապալից է հեռանում այս աշխարհից, նմանապես և հուղարկավորման կարգը` մանուկների և քահանաների։ Բոլոր այդ արարողություններին հատուկ են որոշ հիմնական գծեր։ Այդ աղոթքներում կան երկու տարբեր կողմեր` հոգսը հոգու և հոգսը մարմնի մասին։ Մենք կիսում ենք բոլոր եկեղեցիների հետ աղոթելու հոգսը հեռացող կամ հեռացած հոգու մասին։ Բայց ինձ թվում է, որ քրիստոնեությունը հատուկ ուշադրություն է դարձնում մարմնին, նրա վերաբերմունքը մարմնի նկատմամբ զարմանալիորեն լի է բովանդակությամբ։ Հոգեհանգստի ժամանակ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է հոգու վրա, որը հիմա հավերժության մեջ կանգնած է դեմ առ դեմ կենդանի Աստծո հետ, աճում է Աստծո անընդհատ խորացող ըմբռնողության մեջ, Նրան հաղորդակից լինելու մեջ։ Հուղարկավորության արարողության մեջ, հոգու մասին հոգսի հետ` հեռացած, բայց դեռ ինչ-որ իմաստով այդքան մոտ երկրայինին, արտահայտված է խորին հոգսը մարմնի մասին։
ՔԱՅՔԱՅՈՒՄ
Սրա հետ կապված կուզեի մի քանի խոսք ասել հենց մարմնի մասին։ Եթե կարդանք հուղարկավորության կանոնը, երևում է, որ մարմինը դիտվում է երկու տեսանկյունից։ Մի կողմից, մենք գիտակցում ենք, որ այդ մարմինը դատապարտված է քայքայման. «Հող էիր դու, և դեպի հողը դառնաս» (Ծննդ. 3, 19), ու միտքը դրա մասին շատ ցավագին է, տեսնել դա շատ ցավալի է։ Հիմա ես մտածում եմ մի բանի մասին, ինչի մասին շատ ծանր է խոսելը, միայն մի անգամ եմ կյանքումս խոսել դրա մասին, մորս թաղումից մի քանի օր անց, որովհետև զգում էի, որ դա միակ դեպքն է, երբ կկարողանամ արտահայտվել։ Մայրս մեռավ Մեծ ուրբաթի օրը, թաղեցին նրան համարյա մեկ շաբաթ անց։ Առավոտյան նրա կողքին մնացի մի քանի րոպե և առաջին անգամ նկատեցի նրա ձեռքերի և դեմքի քայքայման նշանները։ Ինձ խորապես խոցեց, որ այդ ձեռքերը, որոնք այդքան սիրում էի, այդ դեմքը, որն անչափ սիրում էի, հիմա սկսել են քայքայվել։ Իմ առաջին շարժումն էր` շուռ գալ ու չնայել, երես դարձնել ոչ թե մորիցս, այլ այդ մուգ բծերից, որոնք ընդարձակվում էին։ Իսկ հետո ես ըմբռնեցի դրա մեջ վերջին լուրը, որը պետք է ընկալեմ։ Մարմինը, որն այդքան թանկ էր ինձ համար, շուտով կքայքայվի, և ահա թե ինչ էր մայրս ասում ինձ. «Եթե չես ուզում երբեք ինձ կորցնել, մի արի իմ գերեզմանին։ Իհարկե, այն երկրայինը, որ կմնա ինձնից հետո, պառկած կլինի այնտեղ, ու դու կարող ես պաշտել այդ տեղը, խնամել այն, բայց այլևս մենք չենք շփվի մարմնի միջոցով. մեր շփումը կլինի Աստծով»։ Ես քարոզեցի դրա մասին եկեղեցում, և ինչ-որ մարդիկ հանդիմանեցին ինձ կոպտության ու անզգայության համար։ Բայց ես կարող էի դա ասել իմ մոր մահվան առիթով, և չէի կարող ասել որևէ մեկի հարազատի վերաբերյալ։ Եվ հիմա նորից կրկնում եմ դա, որովհետև հանգուցյալի նկատմամբ մենք պետք է գտնենք հավասարակշռություն իրականությունն ընդունելու և հավատքի, սիրո միջև այն տեղի, որտեղ հանգչում է սիրած մարմնի աճյունը, և վստահություն, որ կապը, շփումը շարունակվելու են ամբողջ հավերժության ընթացքում` Աստծով։ Դա առաջին տեսանկյունն է մարմնի մասնակցության։ Մենք գտնում ենք այդ վշտի ու ողբերգականության արձագանքները Հովհան Դամասկինի տարբեր աղոթքներում, կանոնում, հոգևոր երգերում. մարդկային մարմինը, որը կոչված էր հավիտենական կյանքի, սպանված է մահացությամբ` Աստծուն կորցնելու հետևանքով։
ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՄԱՐԴ
Մյուս կողմից` Աստվածաշունչը, խոսելով ամբողջական մարդու մասին, տարբեր տեղերում օգտագործում է «մարմին», կամ «մարդ», կամ «հոգի» բառերը։ Եվ, իրոք, մարմնի և հոգու, նույնիսկ մարմնի և հոգեկան ապրումների միջև գոյություն ունի անխզելի կապ։ Պողոս առաքյալը վկայում է այդ մասին, երբ ասում է. «Հավատը լսվածից է, և լսվածը` Քրիստոսի խոսքից» (Հռոմ. 10, 17)։ Խոսքն արտասանվում է, խոսքը կարող է լսվել մարմնի` խոսողի շրթունքների, լսողի ականջների միջոցով, բայց խոսքերը հասնում են սրտին, խելքին, մարդկային միջուկին այնպես, որ Աստծո մի խոսքը կարող է տակնուվրա անել մարդու կյանքը։ Չէ՞ որ մենք գիտենք, թե որչափ են մեր մարմնի զգացողությունները մասնակցում այն ամենին, ինչը կատարվում է մեր մտքում և սրտում։ Մայրն արտահայտում է իր ամբողջ սերը երեխայի նկատմամբ` դիպչելով նրան, փաղաքշելով նրան։ Այնպես որ, երբ նայում ենք հանգուցյալի մարմնին, տեսնում ենք ոչ թե պարզապես դեն գցած զգեստը, ինչպես շատերը փորձում են համոզել իրենք իրենց, գոնե լոկ խոսքերով, որ մխիթարվեն, որ մեղմեն վիշտը։ Մարմինը զգեստ չէ, և մենք այն պարզապես դեն չենք գցում։ Այդ մարմինն այնքան իրական է, որքան իրական է ամբողջ մարդը, որքան իրական է հոգին։ Միմիայն մարմնի և հոգու միասնության մեջ ենք մենք ամբողջական մարդ։ Դա արտահայտում է անսպասելի, գուցե և արտասովոր ձևով սուրբ Իսահակ Սիրինը, որը գրում է, թե մարդու հավիտենական ճակատագիրը չի կարող որոշակի դառնալ մարմնի հարությունից շուտ, որովհետև մարմնին է հավասարապես հոգու հետ հարկավոր ընտրել ու որոշել մարդու հավերժ ճակատագիրը. այդ արտահայտության իմաստն առեղծվածային է մեզ համար, որովհետև մենք ի վիճակի չենք պատկերացնելու, թե ինչպես է դա հնարավոր։ Եվ, սակայն, այո՛ , ես իմ մարմինն եմ, հավասարապես ինչպես և իմ հոգին։ ՈՒ մարդուն կարելի է դիտել միայն ամբողջականության մեջ։ Այդ պատճառով մարմնի վրա նայում ենք երկյուղածությամբ։ Մենք տեսնում ենք նրան ամբողջ տառապանքով ու ամբողջ խնդությամբ, կյանքի ամբողջ գաղտնիքով, որը թաքնված էր այդ մարդու մեջ։ Մարմինը կարելի կլիներ անվանել անտեսանելիի տեսանելի կերպարը։ Յուրաքանչյուր մարմին, որը շրջապատված է սիրով, ակնածանքով, պաշտամունքով, որը կոչված է հարության, մարմին, որն ամբողջ կյանքի ընթացքում ծառայել է խորհրդավոր շփմանը Աստծո հետ մկրտության ու դրոշմի մեջ, օծման մեջ հիվանդության պահին սուրբ մյուռոնով Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդության ժամանակ, օրհնություն ստանալիս այս մարմինը համարվում է, այսպես ասած, սերմ, և դա Պողոս առաքյալի խոսքն է. «Սերմանվում է ապականությամբ և հարություն է առնում առանց ապականության, սերմանվում է անարգությամբ և հարություն է առնում փառքով» (1 Կորնթ. 15, 42-43)։ Այդ մարմինը, որից կուզենար ազատվել առաքյալը, որ ապրի ամբողջականության մեջ, դեմ առ դեմ Աստծո հետ, որ կոչված է հավերժության։ Այսպես, մի կողմից, մենք տեսնում ենք, որ այս մարմինը, այդքան թանկ ու թանկարժեք, ենթակա է մահվան։ Իսկ մյուս կողմից, մենք տեսնում ենք նրա մեջ սերմը, որը ցանված է, որպեսզի հարության միջոցով նորից վերակենդանանա անմահության փառքի մեջ։ ՈՒ նայելով նրան` մենք չենք կարող չկռահել նրա կապը Քրիստոսի մարմնի հետ։ Պողոս առաքյալն ունի այսպիսի արտահայտություն. «Ձեր կյանքը պահված է Քրիստոսի հետ` Աստծո մոտ» (Կող. 3, 3)։ Մեր մարմնացված մարդկությունը թաքնված է Սուրբ Երրորդության խորհրդի մեջ, և այդ մարմնացումը համակում է ամբողջ մարդկությանը։ Քրիստոսի, Աստվածամոր մեջ մենք արդեն կարող ենք տեսնել այն փառավորումը, ինչին կոչված է մեր մարմինը։ Այնպես որ, մենք ոչ թե կիսված ենք, այլ շատ բարդ վիճակում ենք, երբ սաստիկ վշտանալով բաժանման համար, զարմանքով տեսնում ենք, որ մարդկային մարմինը կարող է մեռնել, բայց նայում ենք հավատով ու հույսով այդ մարմնին, որը մի ժամանակ հարություն կառնի Քրիստոսի մարմնի պես։
ՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Քրիստոսի հարությամբ մահն իսկապես հաղթահարված է։ Մահը հաղթահարված է բոլոր տեսակետներից։ Նա հաղթահարված է, որովհետև Քրիստոսի Հարության շնորհիվ մենք գիտենք, որ մահը վերջին խոսքը չէ, և մենք կոչված ենք հարություն առնելու և ապրելու։ Մահը նույնպես կործանված է Քրիստոսի հաղթանակով, Ով ոտնահարեց դժոխքը, որովհետև մահվան ամենասարսափելի տեսակետը Հին ՈՒխտի ժողովրդի պատկերացումով այն է, որ բաժանումն Աստծուց, որը բերեց իր հետ մահը, դարձավ վերջնական, անհաղթահարելի։ Նրանք, ովքեր մեռնում էին, կորցնելով Աստծուն, իսկ դա վերաբերում էր բոլոր մեռնողներին, մահվան պահին կորցնում էին Նրան հավիտյան։ Հին ՈՒխտի շեոլը այն տեղն էր, որտեղ Աստված չկար, մի տեղ, որտեղ Նա վերջնականապես, անվերադարձ բացակայում էր։ Քրիստոսի հարությամբ, Նրա իջնելով դժոխքի խորքերը դրան վերջ տրվեց։ Երկրի վրա կա բաժանում, կա բաժանման դառնությունը, սակայն մահվան մեջ չկա բաժանում Աստծուց։ Ընդհակառակը, մահը պահ է, ճանապարհ, որի միջոցով, ինչքան էլ մենք հեռացած լինենք, որքան էլ անկատար լինի մեր միասնությունն ու ներդաշնակությունն Աստծո հետ, մենք կանգնում ենք Նրա առջև։ Աստված աշխարհի Փրկիչն է։ Շատ անգամ Նա ասել է. «Ես չեկա, որ աշխարհը դատապարտեմ, այլ որ փրկեմ աշխարհը» (օրինակ` Հովհ. 12, 47)։ Մենք կանգնում ենք Նրա առաջ, Ով հենց Փրկությունն է։
Մենք վստահ ենք, որ մահը, որը մեզ համար կորուստ է և բաժանում, ծնունդ է դեպի հավիտենություն, որ նա սկիզբ է, ոչ թե ավարտ, որ մահը վսեմ, սրբազան հանդիպում է Աստծո ու կենդանի հոգու, որը ամբողջականություն է գտնում միայն Աստծո մեջ։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1794

Մեկնաբանություններ