Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«ՑԱՎՆ ԱՅՆ Է, ՈՐ ՄԵՆՔ ՀԵՏևԱՆՔՆԵՐՆ ԵՆՔ ՎԵՐԱՑՆՈՒՄ, ՈՉ ԹԵ ՊԱՏՃԱՌԸ»

«ՑԱՎՆ ԱՅՆ Է, ՈՐ ՄԵՆՔ ՀԵՏևԱՆՔՆԵՐՆ ԵՆՔ ՎԵՐԱՑՆՈՒՄ, ՈՉ ԹԵ ՊԱՏՃԱՌԸ»
19.04.2011 | 00:00

Վերջերս Տաթև-Հալիձոր ավտոճանապարհի 300 մետր հատվածը սողանքի պատճառով փակվել էր, հարակից ժայռի փլուզման հետևանքով առաջացած բեկորները թափվել էին ճանապարհին, որը շահագործման է հանձնվել 2010-ի հոկտեմբերին, Հալիձոր գյուղը Տաթևի վանքի հետ կապող` աշխարհում ամենաերկար ճոպանուղու բացմանը զուգահեռ: Մինչ համապետական նշանակություն ունեցող ճանապարհը մաքրվում էր քարերից, մամուլն այս պատահարը որակեց անփութություն, անգամ դիտավորություն` «սողանքները, կարծես, ձեռնտու են տրանսպորտի և կապի նախարարությանը» եզրահանգումով: Պետք է համաձայնել այն դիտարկմանը, որ ճանապարհը (և ոչ միայն) կառուցելիս հաշվի են առնվում տվյալ տարածքի աշխարհագրական առանձնահատկությունները, սողանքային հնարավոր ռիսկերը և, ըստ այդմ, համապատասխան միջոցներ ձեռնարկում, մինչդեռ, ըստ վերոնշյալ հրապարակման, մեր հանրապետությունում «ճանապարհներն ասես հատուկ անցնում են սողանքային ակտիվ գոտիներով»: Ընդհանուր պատկերը, իսկապես, հուսադրող չէ: Անցած տարի բնածին և տեխնածին աղետների հետևանքով վնասված 44 ճանապարհահատվածների վերականգնման, ինչպես նաև 9 ճանապարհահատվածների և 5 կամուրջների հիմնանորոգման աշխատանքների համար կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 5,6 մլրդ դրամ:
Ինչ վերաբերում է Տաթև-Հալիձոր ճանապարհի խնդրին, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հերքում տպագրեց, պարզաբանելով, որ «Տաթև-Հալիձոր ճանապարհը փակվել է ոչ թե ճանապարհի վատ որակի, այլ 23+300 կմ հատվածում առկա ժայռի փլուզման պատճառով, որը սողանքի հետևանք է եղել»: Մեզ հետ զրույցում տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը նշեց, որ դա գործող ճանապարհ է եղել, ավելին, իրենք այդ հատվածում շինարարական աշխատանքներ չեն իրականացրել: Նկատեց նաև, որ մեր լեռնաշխարհում մեծ տարածում ունեն սողանքային գոտիները, իսկ որ սողանքները կրկնվում են, դա արդեն իրենց խնդիրը չէ, այլ երկրաբանների: Խնդիրն ամբողջական դիտարկելու, մասնագիտական հիմնավոր բացատրություն ստանալու համար թեմայի շուրջ զրուցեցինք ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, երկրաբանահանքային գիտությունների թեկնածու, դոցենտ ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ, որը երկար տարիներ Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս զբաղվում է սողանքային երևույթների ուսումնասիրմամբ:
-Որո՞նք են սողանքների առաջացման հիմնական պատճառները, պարոն Գրիգորյան։
-Սողանքային երևույթները հատկապես տարածված են նախալեռնային և լեռնային, սեյսմաակտիվ երկրներում, կապված երկրաբանական կառուցվածքի, ջրաերկրաբանական, ինժեներաերկրաբանական պայմանների հետ, երկրակեղևի շարժման, ձևափոխության, երկրաշարժերի և այլն: Ժամանակին դրանք չեն հետաքրքրել մարդկությանը, որովհետև հիմնականում բնակավայրերից հեռու են եղել և վնասներ չեն պատճառել մարդկանց: Սակայն, երկրի տնտեսության զարգացմանը զուգընթաց, կառուցվում են նոր բնակավայրեր, ճանապարհներ, արդյունաբերական ձեռնարկություններ, ինչն ազդում է բնական պայմաններում լանջերի կայունության վրա` դրանք դարձնելով անկայուն: Այդ տեսակետից ժամանակակից սողանքային երևույթներն ինչ-որ չափով կապված են նաև մարդու գործունեության հետ: Հայաստանում բավականին տարածված են սողանքային երևույթները: ՈՒնենք բնակավայրեր, որոնք ամբողջովին կամ մասնակի գտնվում են սողանքային տարածքներում: Մի շարք գյուղեր կառուցվել են այնպիսի վայրերում, որոնք, երկրաբանական կառուցվածքի տեսակետից, համարվում են հին սողանքավտանգ տարածքներ: Ինչպես նշված էր մամուլում, Հայաստանում տարեկան մոտ 7 մլրդ դրամ է ծախսվում հակասողանքային միջոցառումների, այսինքն` սողանքի պատճառած հետևանքները վերացնելու համար, ոչ թե կանխելու:
-Այսինքն, հնարավո՞ր է կանխատեսել և կանխել սողանքային երևույթները:
-Այո, հնարավոր է մոտավորապես կանխատեսել այն տարածքներում սողանքների զարգացման հավանականությունը, որտեղ կազմակերպվում է մարդու գործունեությունը` հողեր են մշակվում, ճանապարհներ, շինություններ են կառուցվում: Օրինակ, Ողջաբերդ գյուղը` Գառնի-Երևան ճանապարհահատվածում, կառուցվել է հին սողանքային լանջի վրա: Պետք է ասել, որ հին սողանքի ենթարկված տարածքներն ավելի բերրի են լինում, փխրուն, լինում են նաև ջրի երևակումներ աղբյուրների տեսքով, հեշտ է մշակվում հողը: Հետագայում Ազատ գետի վրա կառուցվեց Ազատի ջրամբարը, սկսեցին ինտենսիվորեն ջրել հողատարածքները, և այն կայունությունը, որ դարերի ընթացքում ձեռք էին բերել սողանքային մարմինները (ապարները, գրունտները), սկսեց խախտվել: Այսօր այդ գյուղն ամբողջովին ենթակա է տեղափոխման, վտանգավոր է այնտեղ բնակվելը, շինություններ կառուցելը: Այսինքն, մարդու գործունեությունն այդ տարածքում հանգեցրեց սողանքային երևույթի խիստ ակտիվացման: Եթե ժամանակին ճիշտ ուղղություն տրվեր հողերի մշակման, շինությունների կառուցման, ջրատարների անցկացմանն առնչվող հարցերին, գուցե և այդ ծանր վիճակը չունենայինք:
-Իսկ ինչո՞ւ չեն արվել այդ կանխատեսումները:
-Հակասողանքային միջոցառումները մեծ ծախսեր են պահանջում:
-Բայց չէ՞ որ հետևանքները վերացնելու համար նույնպես խոշոր գումարներ են ծախսվում:
-Իհարկե, երբ մարդն «առողջ» է, չի հետևում առողջ ապրելակերպի կանոններին, պրոֆիլակտիկ ստուգումների չի գնում, իսկ երբ փաստի առաջ է կանգնում, նոր միայն սկսում է ուշադրություն դարձնել, գումար ծախսել: Եվ այս մոտեցումը դրսևորվում է ցանկացած բնագավառում:
Մեր հիմնական բնակավայրերն ընկած են լանջերին, նախալեռնային կամ լեռնային տարածքներում, մեր ճանապարհներն անցնում են լեռնային տեղանքով: Մինչ բնակեցնելը կամ իրացնելը դրանք պետք է նախօրոք լավ ուսումնասիրվեն, տրվեն մասնագիտական եզրակացություններ, հետագայում պետք է պահպանվեն այն կանոնները, որոնք չեն ակտիվացնի սողանքային երևույթները: Օրինակ, այդ տեսանկյունից այսօր բավականին մտահոգիչ է Դիլիջան քաղաքը, որը հիմնականում գտնվում է սողանքային տարածքի վրա, և, մարդու գործունեության ազդեցության մեծացմանը զուգընթաց, այդ երևույթներն ավելի են ակտիվանում: Չեմ ուզում վատ կանխագուշակի դերում լինել, բայց նման զարգացումը մի օր կարող է մեզ ծանր փաստի առաջ կանգնեցնել: Փլվում են տասնյակ տարիներ առաջ կառուցված հակասողանքային պատնեշները, քանի որ կառուցվել են մասնագիտական ոչ լուրջ ուսումնասիրությունների հիման վրա: Նման երևույթներ ունենք նաև Վայոց ձորում, Սյունիքում, Երևան-Իջևան երկաթգծի տարածքի ուղղությամբ, մերձերևանյան շրջանում, Հրազդան գետի, Արզնի առողջարանի տարածքում և այլն:
-Տաթև-Հալիձոր ճանապարհի օրինակը վերցնենք. ի՞նչ անել, եթե տվյալ տարածքում սողանքային գոտիներն ամենուր են, իսկ ճանապարհ, այնուամենայնիվ, պետք է կառուցվի:
-Հայաստանի տարածքը հանդիսանում է սեյսմաակտիվ շրջան: Սա մեր երկիրն է, մեզ մոտ հնարավոր են երկրաշարժեր մինչև 7 մագնիտուդ հզորությամբ, և, ուզենք թե չուզենք, պետք է ապրենք այս տարածքի վրա: Ճապոնացիները, ուզեն թե չուզեն, պետք է ապրեն իրենց երկրում, պետք է կառուցեն: Հրաժարվել ապրելու, կառուցելու մտքից մենք չենք կարող: Բայց պետք է այնպես կառուցենք, որ մեր կառուցածը չենթարկվի բնության աղետներին` դրանից բխող ծանր հետևանքներով: Չենք կարող կանխարգելել երկրաշարժը, կարող ենք դրա դեմ պայքարել սեյսմակայուն շինարարություն իրականացնելով: Սողանքային երևույթներ կլինեն, բայց պետք է այնպես կառուցենք, որ դրանք չզարգանան, չակտիվանան, կամ նոր սողանքային երևույթներ չառաջացնենք մեր գործունեությամբ` վնաս պատճառելով բնակավայրերին և կառույցներին: Սա է խնդիրը:
-Իսկ ի՞նչ կասեք այն դիտարկման առնչությամբ, թե «սողանքների առաջացումը, գուցե, ձեռնտու է ինչ-ինչ կառույցների», և «ճանապարհները, ասես, հատուկ անցնում են սողանքային ակտիվ գոտիներով»:
-Դա հեռու է մարդկային տրամաբանությունից: Այլ հարց է, որ ճանապարհը պետք է անցնի տվյալ տարածքով, հարմար ուրիշ ճանապարհ չկա: Որևէ շինարար, որևէ կազմակերպություն չի կարող նախօրոք ընտրել այնպիսի տեղանք, որ կառույցը փլվի, հետո նորից կառուցեն ու փող աշխատեն: Սա հանցավոր մտածողություն է: Այլ հարց է, որ չի եղել սողանքային երևույթ, առաջացել է աշխատանքների հետևանքով, փոխվել են ջրաերկրաբանական պայմանները, ինչը մասնագետները չեն կարողացել հաշվարկել: Գուցե նաև անփութություն լինի, բայց ոչ դիտավորություն:
-Կարելի է և պարզունակ բացատրություն տալ (ինչպես և արվեց). «ո՞վ է մեղավոր, որ ժայռը փլուզվել է»:
-Ժայռը հենց այնպես չի փլուզվում, պայմաններ են ստեղծվում, փլուզվում է:
-Կա նաև կրկնվելո՞ւ վտանգ:
-Դա ցույց կտան ուսումնասիրությունները: Ցավն այն է, որ մենք հետևանքներն ենք վերացնում, ոչ թե պատճառը: Եթե գումարները նախօրոք ծախսեն, տեղանքները մանրամասն հետազոտվեն ու եզրակացություններ տրվեն, կիմանանք հետագա քայլերը:
-Բայց որոշակի աշխատանքներ կատարվո՞ւմ են:
-Աշխատանքներ արվում են, բայց դրանք պետք է լինեն նպատակային, արդյունավետ, ոչ թե տարերային: Շենքը փլուզվում է` ուսումնասիրում ենք, սողանք կա` ուսումնասիրում ենք: Մոտեցումն է մտահոգիչ: Այսինչ տարածքում սողանքային երևույթ կա, պետք է ուսումնասիրվի. մրցույթ է հայտարարվում, ասենք, քաղշիննախարարության կողմից: Կառույցներ կան, որ շատ հեռու են այդ բնույթի աշխատանքներից, կատարում են ուսումնասիրություն, տալիս են եզրակացություն, և ամեն ինչ դրանով ավարտվում է: Սողանքը դրանից չի պակասում: Անցնում է որոշ ժամանակ` այդ ճանապարհը, այդ տարածքը, շինությունը ենթարկվում են սողանքային երևույթի:
-Վերջին հաշվով, կարելի է մեղադրել բնությանը:
-Աշխատանքը չպետք է կատարվի մեղավոր լինել-չլինելու հոգեբանությամբ: Մենք ապրում ենք Հայաստան երկրում և պետք է իմանանք` ինչպես վարվել այս տարածքի հետ:
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 1612

Մեկնաբանություններ