Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Չեմ համարի, թե մեծ գործ եմ արել, եթե միայն երգեր գրեմ»

«Չեմ համարի, թե մեծ գործ եմ արել, եթե միայն երգեր գրեմ»
21.11.2008 | 00:00

«ՃԻՇՏ ԲԱՌԵՐՆ ՈՒ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՍՈՎՈՐ ԵՆ»
Նոր ստեղծվող երգերն այսօր բավականին շատ են։ Բայց քիչ են երգահանները, որոնք ուրույն ձեռագիր և ասելիք ունեն։ Թե ինչ ճանապարհ են անցնելու մերօրյա սիրված ու գեղեցիկ երգերը, դժվար է կանխորոշել։ Երգահան ՎԱՀՐԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ կարծիքով՝ կան անճաշակ երգեր, որ երկար են ապրում, անգամ նորովի մեկնաբանվում են, և կան արժեքավոր երգեր, որ մոռացվում են ու մնում անցյալում։
-Վահրամ, այսօր երգերի մեծ մասը ստեղծվում է պատվերի արդյունքում, բայց չե՞ք կարծում, որ հաջողված երգը ծնվում է ապրումներից։
-Ես տխուր տրամադրության մեջ էլ կարող եմ ուրախ երգ գրել։ Այս կամ այն թեման, որևէ մեկի պատմածը, նրա ապրումները կարող եմ վերարտադրել իմ ձևով, իմ բառերով, և դա ոչնչով չի զիջի սեփական ապրումներից ծնված ստեղծագործությանը։ Պարզապես պետք է տիրապետել երգ գրելու տեխնիկային։
-Տաղանդ հարկավոր չէ՞։
-Իհարկե, շնորհք պետք է, որովհետև ոչ բոլորը կարող են երգ գրել։ Բայց ես այդ ամենին շատ լուրջ չեմ վերաբերվում և չեմ համարի, թե մեծ գործ եմ արել, եթե միայն երգեր գրեմ։
-Ե՞րգն է հայտնի դարձնում երգչին, թե՞ երգիչը՝ երգը։
-Արսեն Գրիգորյանը (հաղորդավար, երգիչ) մի առիթով ասաց՝ լավ երգիչը նա է, ով կարողանում է լավ երգեր ընտրել։ Կան երգեր, որ փայլուն կատարման դեպքում էլ անտանելի են։
-«Հինգ աստղի» Ինտերտեսիլում Ռազմիկ Ամյանի առաջին օրը ներկայացրած երգը, որի հեղինակը Դուք եք, ոմանց կարծիքով` հրեական մոտիվներ ունի։ Ի՞նչ կասեք։
-Երգը գույն ուներ որոշակի, բայց ավելի շատ գործիքավորումն էր այդ տպավորությունը ստեղծում։
-Ազգային տարրեր չպե՞տք է ունենա երգը։
-Ոչ, պարտադիր չէ։ Կարող է մի քիչ Արևելքին բնորոշ քաղցրություն ունենալ, բայց ոչ ազգային տարրեր։
-Բայց չէ՞ որ ասում են՝ հայկական էստրադա։
-Ես ասում եմ՝ հայկական պոպ։ Երբ երգն ազգային մոտիվներ է ունենում, հազար ու մի անուն, որակում են տալիս՝ ռաբիս է, թուրքական է, առանց տարբերելու՝ որը որն է։ Օրինակ, Անդրեի, Սիրուշոյի՝ «Եվրատեսիլում» ներկայացրած երգերը։ Դրա համար նախընտրում եմ նմանատիպ մրցույթների համար չեզոք երգեր գրել։
-Ժամանակակից երգահաններից ո՞ւմ գործերը կառանձնացնեիք։
-Մանե Հակոբյանի ձեռագիրն եմ հավանում։
-Ձեր ձեռագիրն ինչո՞վ է առանձնանում։
-Որ չեն շփոթում ոչ մի ուրիշ հեղինակի հետ։ ՈՒշադրություն եմ դարձնում մեղեդայնությանը, տոնային շեղումներ եմ անում, ինչն ավելի շարժուն է դարձնում երգերը։ Ավելի բնական են, այսինքն՝ ներդաշնակ են բառերն ու մեղեդին, որովհետև բառերն էլ հիմնականում ես եմ գրում։ Կարծում եմ՝ երբ երաժշտության հեղինակն ինքն է գրում տեքստը, թեկուզ ինչ-ինչ սխալներ էլ լինեն (թեև դեմ եմ սխալներին), երգն ավելի հաջողված է լինում։
-Երգն անտեսվում է, կամ չեն վճարում երգի համար, եթե հեղինակը ճանաչում չունի, և շատ ստեղծագործողներ մնում են ստվերում։ Ի՞նչ ճանապարհ եք անցել մինչև Վահրամ Պետրոսյան դառնալը։
-Կոնկրետ ճանապարհ չկա։ Ես երգեր չեմ առաջարկել, չեմ նվիրել... Աստված է ինձ օգնել։
-Գուցե լավ երգն ի՞նքն է ճանապարհ հարթում։
-Գուցե։ Ասում եք՝ կան լավ երգեր, որ ստվերում են մնում։ Ես նոր գրված շատ երգեր եմ լսել և առանձնապես արժեքավոր գործերի չեմ հանդիպել։ Մեկը, երկուսը կարող են չհասկանալ, երրորդը հաստատ կնկատի լավ երգը։
-Թա՞նկ են երգերը։
-Ընդհակառակը, շատ էժան են՝ հազար դոլար։
-Մրցակցություն կա՞ երգահանների միջև։
-Մրցակցություն, իհարկե կա՝ և՛ ընկերներիս հետ, և՛ մյուսների։ Միաժամանակ մեր հարաբերությունները շատ լավ են։ Պետք է ասեմ, որ նախանձում եմ Մանե Հակոբյանին։ Եթե բարի նախանձ չկա, թող ոնց ուզում են անվանեն։ Սիրում եմ Մանեի երգերը և շատ եմ ուզում դրանցից մեկը կատարել։
-Մի առիթով ասացիք, որ Ձեր ապագան պատկերացնում եք ուրիշ երկրում, եթե անգամ աշխատեք սուպերմարկետում։ Ինչո՞ւ։ Ի՞նչ կա ուրիշ երկրում, որ չկա մեզ մոտ։
-Մարդկային նորմալ հարաբերություններ։
-Ի՞նչ գիտեք։
-Գիտեմ, ապրել եմ Ժնևում։
-Չե՞ք վախենում, որ Ձեզ օտարամոլ համարեն ու Ձեր երգերը չգնեն։
-Եթե չգնեն էլ, ոչինչ, ես ինքս կերգեմ իմ երգերը։
-Իսկ չե՞ք փորձի Հայաստանից դուրս զբաղվել երգարվեստով։
-Եթե առիթ ընձեռվի, ինչո՞ւ ոչ։
-Էլի՞ Աստծո վրա եք հույս դնում։
-Այո, և կարծում եմ՝ ինձ մոտ ամեն բան շատ ավելի լավ է ստացվում, քան նրանց, ովքեր հույսը չեն դնում Աստծո վրա։
-Գիտեմ, որ սովորում եք կոնսերվատորիայի ասպիրանտուրայում, դաշնամուրի բաժնում։ Որպես դաշնակահար ներկայանալու ցանկություն չունե՞ք։
-Դա ոչ միայն մեզ մոտ, այլև ամբողջ աշխարհում եկամուտ չբերող աշխատանք է։ Որոշակի հաջողությունների հասնելու համար պետք է օրական ութից-տասը ժամ աշխատես։ Ես չեմ ուզում կյանքս անցկացնել դաշնամուրի առաջ, թեև շատ սիրում եմ դաշնամուրային արվեստը։
-Ի՞նչ կասեք շոու-բիզնեսի մասին։ Ասում են՝ շատ է միապաղաղությունը, անճաշակությունը։
-Ե՛վ ճաշակ կա, և՛ տաղանդ, և՛ բազմազանություն։ Միջոցներն են քիչ։ Եթե համաշխարհային որևէ աստղի վրա ծախսվող գումարների մեկ տոկոսը ծախսվեր, օրինակ, Հռիփսիմե Հակոբյանի վրա, նա ոչնչով չէր զիջի ամենահայտնի, հետաքրքիր, լեգենդար աստղին։
-Իսկ ի՞նչ կասեք լսարանի ճաշակի մասին։
-Շատերին դուր են գալիս հիթային, վատ, անգամ սխալ երաժշտությունը, սխալ բառերը։ Երգերում հաճախ կհանդիպեք «իմ հոգիս», «համբյուր» ու նման արտահայտությունների։ Ճիշտ տարբերակից նույնիսկ լարվում են։ Շատ դժվար է հարմոնիկ սխալ լուծումներից և ճիշտ լուծումներից ստանալ այնպիսի խառնուրդ, որ և՛ «վատ» երաժշտություն լսողի ականջին անսովոր չթվա, և՛ կոնսերվատորիայիդ դասախոսը չասի՝ այս ի՞նչ ես արել։
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 2222

Մեկնաբանություններ