Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«ԱԶԳԱՅԻՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ ՊԵՏՔ Է ԱՄՐԱԳՐԵՆՔ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

«ԱԶԳԱՅԻՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ ՊԵՏՔ Է ԱՄՐԱԳՐԵՆՔ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ»
24.01.2012 | 00:00

Հայաստանի զինված ուժերի` Ազգային բանակի 20-ամյա պատմության ընթացքում ամենախոշոր ձեռքբերումը, իհարկե, ազգային ազատագրական պայքարում հաղթանակն է։ Դա փաստ է, որի հետ այսօր հաշվի է նստում աշխարհը։ Փաստ, որը հաստատեց մեր ժողովրդի հավաքական ուժը։ Բնականաբար, հայոց աշխարհի պաշտպանների օրը` բանակի կազմավորման 20-ամյակը, հունվարի 27-ին և 28-ին կնշվի մեծ շուքով։ Ըստ մեր ունեցած տեղեկության, մարզահամերագային համալիրի դահլիճում պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ իր ելույթում կանդրադառնա 20 տարվա անցած ճանապարհին, կներկայացնի կատարված, կատարվող, նախատեսվող աշխատանքները և, բնականաբար, այս կոնտեքստում կառանձնացվի բարեփոխումների ծրագիրը։ Մինչ նախարարը հանրությանը կներկայացնի իր տեսլականը, մենք փորձեցինք առաջինը ծանոթանալ նրա մոտեցումներին։
-Հաղթանակը մեծ ձեռքբերում է և, ամենագլխավորը` ո՞րն է այսօրվա բանակի նվաճումը։

-Հաղթանակը ձեռք բերվեց այն ժամանակ, երբ նոր էր ձևավորվում Ազգային բանակը։ Հայաստանի զինված ուժերը 20 տարվա ճանապարհ են անցել, այդ տարիներին ամրապնդել եղած ձեռքբերումները և պատվով կատարել սահմանների ու ժողովրդի անվտանգության ապահովումը։ Այսօր էլ մեր առաջնային խնդիրներից մեկը ՀՀ-ի և ԼՂՀ-ի սահմանների պաշտպանության և ժողովրդի անվտանգության ապահովման հարցն է։ Երկրորդ կարևոր խնդիրն ուսումնադաստիարակչական գործընթացն է։ Ամենակարևորն այն է, որ եղած ձեռքբերումների վրա մենք կանգ չենք առել, այսինքն` տեղում չենք դոփում։ Իրականացվում են բարեփոխումներ բոլոր ուղղություններով։ Բարձրացվում է բանակի մարտունակության աստիճանը, մարտական կարողություններն են հզորացվում։ Հատկապես վերջին շրջանում իրականացվող ռազմակրթական համակարգի և ռազմական արդյունաբերության կատարելագործման, ինչպես նաև ժամանակակից սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերման ուղղությամբ լուրջ քայլեր են իրականացվել։ Կարևոր ձեռքբերում եմ համարում նաև այն, որ բանակում բավականին բարձր աստիճանի վրա է գտնվում հասարակական իրազեկումը։ Մեր այսօրվա հաջողությունները պայմանավորված են և՛ հրամանատարների, և՛ հասարակական շահագրգռված հատվածի ջանքերով` մեզ աջակցելու առումով։
-Թեև բանակում ձեռքբերումները մեծ են, այնուհանդերձ, դրան զուգահեռ մեկ տարի է` տարբեր մակարդակներում քննարկվում են բանակում տեղի ունեցող մահվան դեպքերը։ Ցանկացած երկրի զինված ուժերում էլ զինծառայողի և սպայի միջև, ինչպես նաև նորակոչիկների և «дед»-երի միջև խնդիրներն այնքան օրինաչափ են, որ տվյալ երկրում ստացել են իրենց համապատասխան անվանումները (օրինակ, ինչպես արդեն փաստեցինք, ՌԴ-ում տվյալ երևույթը կոչվում է «дедовщина»)։ Ավելին, քիչ չեն նաև սպանության դեպքերը։ Սակայն խնդրին առավել հետևողականությամբ անդրադառնում են Հայաստանում։ Արդյոք դա չի՞ վնասում բանակի վարկանիշին։
-Մեր կողմից հասարակական իրազեկումը կատարվում է` պահպանելով բանակի գաղտնիության ռեժիմը։ Պարզապես շահարկման գործոնը բավականին մեծ է, որն ունի նաև իր քաղաքական նպատակը։
-Արդյո՞ք խնդիրը միայն քաղաքական է, բացառվո՞ւմ են անձնավորված մոտեցումները։
-Ե՛վ քաղաքական, և՛ անձնավորված նպատակները չեմ բացառում։ Բանակի դերակատարությունն իջեցնելու նպատակով կարող են շահագրգռված լինել թե՛ արտաքին, թե՛ ներքին ծագման կազմակերպություններ և մարդիկ։
-Իսկ ի՞նչ է փաստում վիճակագրությունը, եթե համեմատենք 2010-ը 2011-ի հետ։
-ՀՀ զինված ուժերի պատմության մեջ ամենալավ տարին համարվում է 2007-ը։ Սակայն եթե համեմատենք 2010-ը 2011-ի հետ, ապա ակնհայտ է մեր բանակում տեղ գտած դրական առաջընթացը։ Կարելի է ասել, որ զինված ուժերի պատմության մեջ ուսումնական ոլորտում 2011-ը լուրջ ձեռքբերումների տարի էր։ Բացի այն, որ կարողացել ենք ապահովել բանակի մարտունակությունը, սահմանների ու ժողովրդի անվտանգությունը, վիճակագրությունը փաստում է նաև ամենաքիչ մահվան դեպքերի մասին։ Եթե 2010-ին ծառայության հետ կապված 54 դեպք ենք ունեցել, ապա 2011-ին դրանք 36-ն էին։ Իհարկե, թեև բացասական դեպքերը նվազում են, սակայն մեզ համար դա այն ցուցանիշը չէ, որ հայտարարենք, թե անելիքներ չունենք։ Այո՛, հաջողություններ ունենք, բայց դրա հետ մեկտեղ բանակի հրամանատարության, նաև հասարակության լայն խավերի (որոնք հետաքրքրված են բանակի մարտունակությամբ և արժանիքներով) հետ աշխատանքը շարունակելու ենք։ Անելու ենք ամեն հնարավորը բացասական դեպքերը խիստ նվազագույնի հասցնելու համար։ Զինված ուժերի զարգացածության մակարդակը տարեցտարի պետք է բարձրացնել և հասցնել շատ բարձր աստիճանի։
-Որպես անհատի և պաշտպանության նախարարի` Ձեզ համար ի՞նչն է կարևորվում բանակի զարգացման խնդրում։
-Ինձ համար բանակի հզորացման գործում առաջնային տեղ ունի նաև կարգապահության ամրապնդումը։ Ընդհանրապես, այդ հարցի շուրջ խորհելիս եկել եմ այն համոզման, որ պետք է կարողանանք ձևավորել գաղափարական առումով ազգային բանակ, որը կարելի է սահմանել հետևյալ կերպ. զինվորամոլությամբ (солдафонство) արտահայտված պահվածքի բացառում, արդի զինվորական դրույթների, անձնական պատասխանատվություն, պետական գաղափարախոսության, խելամիտ նախաձեռնողականության ու հետևողական կատարելագործման զուգակցում։ Ինչպես նաև հրամանատարի անձնական օրինակի ու նրան գիտակցաբար ենթարկվելու շնորհիվ զինծառայողների համախմբվածություն, մարտական պատրաստվածության ապահովում։ Մարդկային հարաբերությունների, բանակային ընկերասիրության ամրապնդման զուգակցում` ժողովրդի հետ կամավոր կերպով համաժողովրդական բանակի վերածվելու պատրաստակամությամբ։ Այսինքն, մեր ազգային մտածելակերպը պետք է ամրագրենք բանակի առօրյայում և յուրաքանչյուր զինծառայողի գիտակցության մեջ։
-Դուք կարևորեցիք բարեփոխումները, խնդրում եմ ասեք` գործնականում ի՞նչ ազդեցություն են դրանք ունեցել։
-Մենք հստակ պատկերացնում ենք բանակի հզորացման ուղին. այս առումով հեղաշրջող դեր ունեցավ 2007-ին սկսված բարեփոխումների ծրագիրը, որը 2011-ին, կարելի է ասել, լայն թափ ստացավ։ Մասնավորապես, հաջողությամբ ավարտվեց պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը և անցում կատարվեց ռազմավարական վերանայման արդյունքների իրականացման փուլ։ Այն բխում է ՀՀ նախագահի հաստատած ռազմավարական պլանավորման փաստաթղթերի ցանկով սահմանված փաստաթղթերից և ենթադրում է նաև «ՀՀ զինված ուժերի զարգացման» պլանի կատարում։ Գործողության դրվեցին ռազմակրթական, ռազմաարդյունաբերական համալիրի հայեցակարգերը, մշակվեց ՀՀ տարածքների օպերատիվ սարքավորման պլանը։ Եթե մեկ-երկու նախադասությամբ ամփոփենք իրականացված բարեփոխումները, պետք է արձանագրենք, որ անցում կատարվեց դեպի զարգացման փուլ, որը մեզ հնարավորություն կտա շարունակելու բարեփոխումների լայն ընթացքը և համապատասխան ոլորտներում ակնկալելու իսկապես բարձր ցուցանիշներ։ Հայոց բանակն իր կազմ-կառուցվածքային իրողությամբ և առօրյան կազմակերպելու ունակությամբ ապացուցում է բարեփոխումների դրական ընթացքը։ Պետք է ընդգծեմ, որ եթե 2011-ը հայտարարել էինք «Մարտական վարպետության մակարդակի բարձրացման» տարի, ինչը ենթադրում էր լուրջ աշխատանքներ յուրաքանչյուր անհատի մարտական վարպետության կատարելագործման և ստորաբաժանումների ներդաշնակման ու զինված ուժերի մարտունակության ապահովում, ապա 2012-ին որդեգրել ենք «Դեմքով դեպի հրամանատարը շրջվել» կարգախոսը։ Մեր հիմնական աշխատելաոճը պետք է լինի ոչ թե նրան խանգարելը, այլ աջակցելը, ընդառաջելն ու խրախուսելը։ Այս ամենով հանդերձ պատրաստվածությունը մնում է այն կարևորագույն ոլորտը, որի նկատմամբ ուշադրությունը երբեք չպետք է նվազի։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1019

Մեկնաբանություններ