Օրեր առաջ ներկայացրինք ֆուտբոլի Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղերը՝ դրանց արդյունքներով նշելով, որ եզրափակիչ են ելել թուրինյան «Յուվենտուսն» ու «Նապոլին» Նեապոլ քաղաքից։
Առաջին հայացքից ու, ինչու չէ, ճշմարտության աչքերին սթափ նայելով, պիտի փաստեինք, որ իրենց ունեցած կարողությամբ, զորությունով թիմերը համարժեք չեն. «Յուվենտուսը» գտնվում է բավարար մարզավիճակում, վստահորեն գլխավորում է սկուդետեն, ունի գերազանց կազմ, մինչդեռ մրցաշրջանը «Նապոլիի» համար միանշանակ ձախողված է՝ նկատի ունենալով թիմի ցույց տված արդյունքներն ու, որպես դրա հետևանք, մրցաշրջանի կեսից Կառլո Անչելոտիին գլխավորի պոստից հեռացնելը։
ՌՈՆԱԼԴՈՒԻ ՁԱԽՈՂԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ
Սակայն սրա կողքին ոչ մի կերպ չէր կարելի աչքաթող անել միանգամից երկու հանգամանք. առաջինն այն է, որ գավաթային մրցավեճերն ունեն իրենց յուրօրինակ տրամաբանությունը և, երկրորդ, ձախողված մրցաշրջանը խիզախելու փայլուն հնարավորություն էր տալիս, մանավանդ որ գլխից վեր նման մի ցատկ թիմն արել էր կիսաեզրափակչում ավելի քան կազմակերպված «Ինտերի» հետ ունեցած խաղում՝ վերականգնելով հաշվի հավասարությունն (1։1) ու երկու հանդիպման արդյունքով դուրս մղելով Անտոնիո Կոնտեի թիմին։
«Յուվենտուսի» հետ դիմակայության հիմնական խաղաժամանակը նույնպես ոչ-ոքի արդյունք է արձանագրել՝ առանց դարպասների գրավման, սակայն սա չի նշանակում, թե թիմերը միմյանց դարպասը գրավելու հնարավորություն չեն ունեցել։ Շահավետ դիրքից դարպասը չի կարողացել խոցել Ռոնալդուն, հեռահար հզոր հարվածով դարպասաձողն է ցնցել Ինսինիեն, բառացիորեն խղճացել է «Նապոլիին» ու տուգանային հրապարակում Դիբալային վայր գցելու համար 11-մետրանոց չի նշանակել հանդիպման գլխավոր մրցավարը, վերջին րոպեներին թուրինցիներին պարտությունից է փրկել ֆանտաստիկ Բուֆոնը, ով այս տարիքում էլ խելքամաղ է անում իր բացառիկ հուսալի խաղով։ Մի խոսքով՝ ամեն ինչ էլ եղել ու թե մի բան չի եղել, այդ չեղածը դարպասների գրավված չլինելն է։
Ամեն ինչ որոշվել է հետխաղյա 11-մետրանոցներով, բացառիկ սառնարյուն են եղել հարկ եղածից ավելի քան էքսցենտրիկ, զգացմունքային Ջենարո Գատուզոյի սաները։ Հետին թվով կարելի է մի փոքր էլ «իմաստնանալ»՝ ասածի մեջ ինտրիգ դնելով, թե Գատուզոն խաղը կառուցել էր բանը 11-մետրանոցների հասցնելու տրամաբանությամբ՝ փոխարենն ասելով, որ «Յուվենտուսն» ամեն ինչ անում էր հանգուցալուծումը խաղի հիմնական ժամանակում ավարտելու համար, բայց թե հեքիաթ բաներով ընթերցողի գլուխը չարդուկենք, մանավանդ որ մեկմեկու հրաշալի ենք ճանաչում։
Ինչպես են ընթացել զարգացումները։
«Ծեր սինյորայի» երկու 11-մետրանոցներն էլ դիպուկ չեն եղել։ Վրիպել են Դիբալան ու Դանիլոն։ Փաստորեն, բանը չի հասել Ռոնալդուին, ով հերթում հինգերորդն է եղել, որովհետև Ինսինիեն, Պոլիտանոն, Մաքսիմովիչն ու Միլիկն անիմաստ են դարձրել հետագա անելիքները։
Հիմա պահանջվա՞ծ է, թե՞ ոչ, հաճո՞ է, թե՞ անհաճո, ստիպված ենք փաստել, որ սկսած 2015 թվից առաջին անգամ է «Յուվենտուսը» երկու խաղ անընդմեջ մնում առանց հաղթանակի։
Օրը հուսահատեցնող էր և «ծեր սինյորայի» հարձակման գծի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի համար, ով իր կյանքում իրար վրա երկու եզրափակիչ տանուլ տվեց։ Հիշեցնենք, որ առաջինն Իտալիայի սուպերգավաթի համար խաղում էր, 2019-ի դեկտեմբերին, «Լացիոյի» հետ խաղում։
Իհարկե, նման բաներին պիտի փիլիսոփայորեն վերաբերվել, որովհետև միշտ էլ կյանքում լինում են բաներ, որոնք առաջին անգամ են լինում ու, մեր մեջ ասած, անհետաքրքիր էլ կլիներ, որ չլիներ։
«ՆԱՊՈԼԻՆ» ՄԻԱԿ ԹԻՄՆ Է
Սակայն այնպես չէ, որ վիճակագրությունը միայն տխուր փաստերի գիտություն է կամ դիսցիպլին (որը հարմար կգտնեք, այն էլ օգտագործեք)։ Մասնավորապես այն առավել քան ուրախացուցիչ էր Ջենարե Գատուզոյի համար, ում աշխատանքից այնպես չէ, որ հիացած են եղել նրա նախկին աշխատատեղերում։ Բայց փաստը մնում է փաստ, որ նրանից «Նապոլիի» հետ համագործակցության ընդամենը 17 խաղ պահանջվեց թիմը տիտղոսի տեր դարձնելու համար, ինչը միանգամայն լավ ցուցանիշ է։
Հետխաղյա մամլո ասուլիսում Գատուզոն խոստովանել է, որ վերջին շրջանն իրեն առանձնակի դժվարությամբ է տրվել ու դրա համար հիմնավոր պատճառ է եղել` ոչ լրիվ քսան օր առաջ հողին է հանձնել 37-ամյա քրոջը. «Ինձ համար դժվար է եղածի հետ համակերպվելը։ Կյանքում մենք միշտ հոգում ենք մեր ընտանիքի համար, այնպես որ իմ վիճակը միանգամայն բնական է։ Միաժամանակ ես ունեմ ֆուտբոլի նկատմամբ հսկայական կիրք. ես առանց նրա չեմ կարող թեկուզ մեկ րոպե մնալ։ Ցանկացած մեկը, ով զբաղվում է այդ գործով, պարտավոր է հարգել այն։ Ահա թե ինչու ես զայրանում եմ, երբ ֆուտբոլիստների մեջ կիրք չեմ տեսնում, որովհետև ես իմ կարիերայի նկատմամբ ափսոսանքի զգացում չունեմ, ու ուզում եմ, որ իմ ֆուտբոլիստներն էլ նույնը կարողանան հետագայում ասել։ Ես հավատում եմ ֆուտբոլի աստծուն։ Երբ դու ինչ-որ բան ճիշտ ես անում, վայելում ես ցանածիդ պտուղները»։
«Նապոլիի» համար, սկսած 2014 թվականից, սա առաջին նվաճած տիտղոսն էր։ Հիշեցնենք՝ վեց տարի առաջ թիմը Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ նվաճեց երկրի գավաթը, ապա՝ սուպերգավաթը։ Թիմին այս հաջողության համար շնորհավորել է նրա վաղեմի լեգենդ Դիեգո Մարադոնան՝ Instagram-ում գրելով. «Հպարտանում եմ ձեզնով։ Forza «Նապոլի»։
Նեապոլցիների ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը հաղթանակից հետո հայտարարել է, որ միայն իր թիմը կարող էր գավաթի եզրափակչում լուրջ մրցակցություն ցույց տալ «Յուվենտուսին»։
«Դա թևածում էր օդում։ Գատուզոյի գալով շատ բան փոխվեց թիմում։ Բոլորը համախմբվեցին նրա, ակումբի ու «Նապոլիի» փիլիսոփայության շուրջը։ Վերջապես «Նապոլին» այդ տիտղոսը «Յուվենտուսի» հետ վիճարկելու, նրան դիմադրություն ցույց տալու ունակ միակ ակումբն է։ Մենք նրանց հաղթել ենք 2012-ի գավաթում, հաղթել ենք 2014-ի սուպերգավաթում ու առայժմ չենք հաղթել Ա սերիայի խաղերում»,- մեջբերում է նրան Rai Sport-ը։
ԴԺԳՈՀՈՒՄ Է ՍԱՐԻՆ
Ինչ վերաբերում է «Յուվենտուսին», այստեղ պարտության գլխավոր պատճառը տեսնում են դեռևս չվերականգնված որակների մեջ՝ չեն կարողացել կորոնավիրուսով պայմանավորված հարկադիր դադարից հետո լիարժեք վերադառնալ բնականոն մարզական, աշխատանքային հուն։ «Ակումբը, ֆուտբոլիստները, երկրպագուները շատ են հիասթափված։ Սակայն ներկայումս մենք կարողացել ենք անել այն առավելագույնը, ինչը կարողացել ենք, որովհետև մեզ դեռևս հարձակման գծում չի բավարարում սրությունը», -հայտարարել է «ծեր սինյորայի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին։- Մենք վստահորեն վերահսկում ենք գնդակը, սակայն հենց սրությունն է, որ չի բավարարում, որպեսզի կարողանանք գնդակի տիրապետումը փոխակերպել վտանգավոր պահերի»։
Թիմի մարզիչը նաև նշել է, որ իրենց հարձակման գծի թիվ մեկ ուժը չի կարողացել իր հետևից տանել կոլեկտիվին. «Ռոնալդուն գտնվում է նույնպիսի մարզավիճակում, ինչպես մնացածները։ Օրինակ՝ ինչպես Դիբալան կամ Կոստան։ Նրան չի բավարարում կտրուկությունը, որպեսզի անի այն, ինչը նրան լավ է հաջողվում»։
ԿՈՒՐՅՈԶՆԵՐ
Խաղի սկզբում եղել է բավականին ծիծաղելի դեպք։ Իտալիայի հիմնը կատարելու համար հրավիրված է եղել Ամերիկայում ծնված, սակայն Ապենիններում բնակվող, իտալերենը խոսակցական ունեցող սևամորթ ռեպեր Սերժիո Սիլվեստրեն, սակայն արտիստը չի կարողացել ամբողջությամբ հիշել հիմնի բառերը։
Զվարճալի բաների շարքում մի բան էլ նշենք, որն իրականում այնքան էլ զվարճանքի հետ կապ չունի։
Խաղից առաջ առանձնապես ջանադիր են եղել «Նապոլիի» երկրպագուները, ովքեր իրենց քաղաքում փողոցով տարել են իսկական դագաղ, որի վրա գրված է եղել «Յուվենտուս» ու որը ծածկված է եղել Ռոնալդուի մարզաշապիկով։
Իհարկե, սույնի մեջ անգամ հակաէսթետիկական բան կա, եթե հարցի սահմռկեցուցիչ կողմը նկատելու չենք տալիս, սակայն մի բանի համար սրտանց պիտի ուրախանալ՝ այս ամենը առարկայնորեն փաստում է, որ ֆուտբոլը, մեծ ֆուտբոլը վերադառնում է Իտալիա, իսկ սա կյանքի շարունակականության լավագույն հավաստումն է։
ՈՒ ոչ միայն Իտալիայում՝ երկիր, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ծանր կորուստներ տվեց ու դեռ անհավասար պայքարի մեջ է համավարակի հետ։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ