Որքան էլ անցած օրերը գավաթային էին անգլիական ֆուտբոլի համար, այդուհանդերձ, մինչ այդ եղել էր առաջնության «Չելսի»-«Մանչեստր Սիթի» դիմակայությունը, որը... Իսկ թե այդ որն ինչ սկզբունքային նշանակություն է ունեցել, կիմանաք Կղզու գավաթային խաղերի մասին անդրադարձում, որտեղ խոստացվածին պատշաճ տեղ է հատկացված։ Ինչ վերաբերում է եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնություններին, վերնագրի մեջ արդեն իսկ հիշատակված է առանցքային իրադարձությունը։ Իսկ մնացածի մասին՝ ըստ կարգի ու հարգի։
ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգան եղավ եվրոպական ֆուտբոլային գերտերություններից առաջինը, որտեղ տրվեց առաջնության պաշտոնական ավարտը։ Չեմպիոնի ու փոխչեմպիոնի պարագայում հարցեր չառաջացան, քանի որ «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան» իրենց կարգավիճակը վաղապես էին հաստատել, ու վերջին տուրը նրանց համար այնքանով էր, որքանով։
Հավատարիմ երկրի գործող չեմպիոնի իրենց բարձր կոչմանը՝ մյունխենցիներն այս վերջինում էլ հաղթական եղան, եվրոպական խմբայինի հավակնություններ ունեցող «Վոլֆսբուրգին» նրա իսկ հարկի տակ ջախջախեցին 4։0 հաշվով՝ զրկելով վերոնշյալ խմբայինին անմիջականորեն մասնակցելու հնարավորությունից (պայքարի մեջ ստիպված է ներքաշվել արդեն որակավորման փուլից)՝ տեղ պատրաստելով «Հոֆենհայմի» համար, որն այդ նույն 4։0 հաշվով Դորտմունդում պարտության մատնեց առաջնության արծաթե մեդալակրին՝ տեղի «Բորուսիային»։
Հարկավ դորտմունդցիների որոշելիքն էր տվյալ խաղում ինչպես հանդես գալը, բայց, բոլոր դեպքերում, սոլիդ չէր պարտությունը, այն էլ այդպիսի խոշոր հաշվով պարտությունը։
Դեռևս նախորդ նյութում էինք ասել, որ բրոնզե մեդալներին հավակնում էր միանգամից երեք թիմ։ Երեքն էլ՝ «Լայպցիգը» համանուն քաղաքից, Մենխենգլադբախի «Բորուսիան», Լևերկուզենի «Բայերը», հաղթական են եղել իրենց հանդիպումներում, ու հենց այս հերթականությամբ էլ տեղ զբաղեցրել առաջնության երրորդից հինգերորդ հորիզոնականներում. «Լայպցիգն» արտագնայում 2։1 հաշվով պարտության է մատնել «Աուգսբուրգին», նույն հաշվով սեփական հարկի տակ գլադբախցիները կոտրել են «Հերտայի» դիմադրությունը, «Բայերը» նվազագույն հաշվով գերազանցել է «Մայնցին»։ Նրանք համապատասխանաբար վաստակել են 66, 65, 63 միավոր։ Վեցերորդ հորիզոնականում հայտնված «Հոֆենհայմի» անվան դիմաց 52 միավոր է, այն երեք նիշով ավելի է գերմանացի «գայլերի» ունեցածից։
Ինչ վերաբերում է աղյուսակը եզրափակող «Վերդեր», «Ֆորտունա», «Պադերբոռն» թիմերին, վերջինս վաղուց էր հրաժեշտ տվել բարձրագույն դիվիզիոնին, իսկ ահա նրան նախորդող «Ֆորտունան» այդ ճակատագրին արժանացավ առաջնության վերջին խաղում՝ արտագնայում 0։3 հաշվով զիջելով «ՈՒնիոն Բեռլինին», ինչից առավելագույնս օգտվեց սեփական հարկի տակ 6։1 հաշվով «Քյոլնին» ջախջախած «Վերդերը», որն իրավունք նվաճեց բունդեսլիգայում մնալը վիճարկելու երկրորդ դիվիզիոնից եկող թիմի հետ պայքարում։
ԻՍՊԱՆԻԱ
Վերջին երեք խաղում «Բարսելոնից» միավոր կորզող ու չեմպիոնական ընթացքից գցող երկրորդ թիմը դարձավ «Սելտան»։ Այս անգամ կատալոնցիներին գոտկատեղից ներքև հարված հասցնողն Ասպասն էր, որի խփած գոլը վերջնական տեսքի բերեց հանդիպման արդյունքը՝ 2։2։ Կորցրած միավորների հենքի վրա հարկավ թույլ մխիթարություն էր, որ երկարատև դադարից հետո ընդամենը օրերս խաղադաշտ վերադարձած Լուիս Սուարեսը վերջապես գտավ մրցակցի դարպասի տեղը, թեպետ մյուս կողմից էլ պիտի հույսեր փայփայել, որ Սուարես-Մեսի վերականգնվող կապը չի կարող չտալ իր արդյունքը։ Ասենք, որ երկու դեպքում էլ Սուարեսին գոլային փոխանցում արած ֆուտբոլիստը Մեսին էր։
Արտաքուստ գուցե թե օրվա նյութի հետ առանձնապես չի շաղկապվում, սակայն հարկ ենք համարում նշել, որ վերջին տարիների «Բարսելոնում» ակնհայտորեն ինչ-որ բան այնպես չէ հատկապես մարզչական կազմի ու ակումբի ընդհանուր ղեկավարության առումով, ու բնավ էլ պատահական չէ, որ Sport.es-ը հենց այս օրերին է զրույց ունեցել կատալոնյան ակումբի բոլոր ժամանակների նշանակալից դեմքերից մեկի՝ ներկայումս Քաթարի «Ալ-Սադդ» ակումբի գլխավոր մարզիչ Չավի Էռնանդեսի հետ, որը բացահայտ խոսել է «Բարսելոնը» գլխավորելու մասին՝ ասելով. ««Իմ ամենամեծ երազանքը «Բարսելոնի» գլխավոր մարզիչ դառնալն է: Ցանկանում եմ հաջողության հասնել ակումբի հետ և ունենալ բոլոր պայմանները թիմում ամեն ինչ զրոյից սկսելու համար: Իմ մարզչական շտաբը և ես պատրաստվում ենք գլխավորելու «Բարսելոնը»: Բազմիցս արդեն ասել եմ, որ կցանկանայի ֆուտբոլային որոշումներ կայացնել «Բարսելոնում»: Նախագահական ընտրություններից հետո ակումբ վերադառնալը իդեալական կլիներ: Հունվարին «Բարսելոնը» դիմեց ինձ, բայց այդ ժամանակ ոչ հանգամանքները, ոչ ժամկետները ինձ հարմար չէին: Հուսով եմ, որ նրանք կրկին կզանգահարեն ինձ»։
Տուրում կատալոնյան թիվ մեկ թիմի անհաջողությունը կարող էր որոշակիորեն հարթել երկրամասի մյուս թիմը՝ «արքայականին» հյուրընկալած «Էսպանիոլը», թեպետ «Ռեալից» միավոր կորզելով՝ այն առաջին հերթին իրեն օգնած կլիներ, որովհետև գտնվում է վերջին հորիզոնականում ու խաղից խաղ ավելի ու ավելի կոնկրետացված է սկսում ապրել սեգունդա տեղափոխվելու ծանր հեռանկարով։ Սակայն որքան էլ աղյուսակն անհուսալիորեն եզրափակող, տանտերերն այդուհանդերձ կռիվ տվեցին։ Այլ բան, որ բաց թողած միակ գնդակը եղավ ճակատագրական։ Ի դեպ, ավելորդ չհամարենք նշել, որ Կազիմիրոն դարպասը գրավել է Բենզեմայի կրունկով կատարած անչափ գեղեցիկ փոխանցումից հետո։ Ինչ վերաբերում է «Ռեալի» միավորներին, դրանք արդեն 71-ն են, ուղիղ երկուսով ավելի «Բարսելոնի» ունեցածից։ Այդ 71-ով էլ «սերուցքայինները» ստանձնեցին միանձնյա առաջատարությունը։
Աղյուսակին նայելիս դժվար չէ տեսնել, թե այս պահի դրությամբ 58 միավոր ունեցող «Աթլետիկոն» ինչ լրջությամբ է ներքաշվել երկրի երրորդ թիմ ճանաչվելու պայքարի մեջ ու այդ պայքարում ինչ առավելություն է գրանցում մասնավորապես «Սևիլիայի» նկատմամբ. վերջին հինգ խաղում անդալուզցիների 7-ի դիմաց մադրիդցիները հավաքել են 13 միավոր։ Տուրի նրանց մրցակիցն «Ալավեսն» էր, որը խաղադաշտից հեռացել է 1։2 հաշվով զիջած։ Հիշատակենք և տնային խաղում «Սևիլիայի» ոչ ոքին «Վալիադոլիդի» հետ՝ 1։1։
«Վիլիառեալը» հաղթական է եղել «Վալենսիայի» հետ տնային խաղում՝ առավելությունը ձևակերպելով մրցակցի դարպասի անպատասխան մնացած երկու գրավումով։
Երեկ ուշ երեկոյան կայացած «Խետաֆե»-«Ռեալ Սոսիեդադ» դիմակայությունը բավականին ուշագրավ փոփոխություններ կարող էր անել մրցաշարային աղյուսակում՝ սկսած միմյանց միջև տեղերի փոփոխությունից մինչև ոտնձգություններ հինգերորդ տեղում 51 միավորով գտնվող «Վիլիառեալի» դիրքերի նկատմամբ, սակայն այդ դիտարկումները թողնենք հաջորդ նյութին։
ԻՏԱԼԻԱ
Աղյուսակի ներքնահարկերում գտնվող, սկուդետեում մնալու համար օրհասական պայքար մղող «Լեչեի» համար առանց այն էլ ծանր էր լինելու «Յուվենտուսի» հետ դիմակայությունը՝ այն էլ «ծեր սինյորայի» դաշտում, իր հերթին սրան էլ գումարվեց արդեն 32-րդ րոպեից տասը հոգով մնալու փաստը։ Մի խոսքով, դատապարտված խաղ, միանգամայն սպասելի արդյունքով՝ պարտություն 0։4 հաշվով։
Նախորդ տուրում «Ատալանտայից» կրած ցավոտ պարտությունը «Լացիոն» այս անգամ փոխլրացրեց «Ֆիորենտինայի» նկատմամբ տոնած հաղթանակով (2։1), ինչը թիմին 65 միավորով վստահորեն պահեց երկրորդ հորիզոնականում։
Վերջին տուրերի փայլուն հաղթանակների շարքը «Ատալանտան» հավելեց արտագնայում «ՈՒդինեզեի» նկատմամբ տարած դժվարին հաղթանակով (3։2)։ Հավաքած 57 միավորը թիմին տեղ է ապահովել չորրորդ հորիզոնականում, ինչն այս պահի դրությամբ միաժամանակ նշանակում է մասնակցություն Չեմպիոնների լիգայի խմբային խաղերին։
Հյուրընկալվելիս պարտություն է կրել «Ռոման»։ Նրան Միլանում երկու անպատասխան գնդակի «հյուրասիրություն է կազմակերպել» տեղի համանուն թիմը, իսկ ահա սեփական հարկի տակ ՍՊԱԼ-ի նկատմամբ «Նապոլիի» տարած հաղթանակը՝ 3։1, նրա միավորների թիվը հասցրել է 45-ի, ինչն իտալական «գայլերի» ունեցածից պակաս է արդեն ընդամենը երեք նիշով։
«Պարմայի» հետ արտագնա մրցակցության ցանկացած ելք մրցաշարային աղյուսակում անփոփոխ էր պահելու «Ինտերի» ունեցած դիրքը։ Հանդիպումն այս ավարտվել է հյուրերի հաղթանակով, 2։1 հաշվով։ Ճշմարտությունը պիտի ասել, որ մինչև դիմակայության 84-րդ րոպեն միլանցիները պարտվում էին, ու փաստորեն բեկումը եղել է խաղի վերջին րոպեներին։ Հավելենք միայն, որ տուրը հաղթական է եղել առաջին քառյակը կազմածների համար, այնպես որ, նրանց իրարից չորս միավորով հետ մնալը պահպանվեց։
ԱՆԳԼԻԱ
Գավաթի քառորդ եզրափակչի խաղերի մեկնարկը տրվեց «Նորվիչ»-«Մանչեստր Յունայթեդ» դիմակայությամբ։ Դարպասի գրավումներն արձանագրվել են երկրորդ խաղակեսում, ամեն մեկի կողմից մեկական կատարմամբ, ինչը հանդիպման ելքի վճռումը տեղափոխել է լրացուցիչ խաղաժամանակ։ Այստեղ առավել հաջողակ են եղել հյուրերը՝ խաղավարտից երկու րոպե առաջ խփելով հաղթական գոլն ու թույլ չտալով բանը հասցնել հետխաղյա 11-մետրանոցներին։
Նույն 2։1 հաշիվն է գրանցվել և «Շեֆիլդ»-«Արսենալ» դիմակայությունում, սակայն այստեղ դարպասի բոլոր գրավումներն էլ արձանագրվել են խաղի հիմնական ժամանակահատվածում։ Նախաձեռնողները եղել են տանտերերը, սակայն VAR համակարգը չի արձանագրել գոլը։ Խաղի հաշիվը բացելու հերթն անցել է հյուրերին, որոնք հաջողակ են եղել։ Վերջին բուռն պոռթկումները եղել են խաղավարտին մոտ։ 87-րդ րոպեին տանտերերը հավասարեցրել են հաշիվը, սակայն չորս րոպե անց, ի հաշիվ Սեբալիոսի կողմից մրցակցի դարպասի գրավման, «Արսենալը» եղել է հաղթական։
Վերջին հինգ խաղում պարտություն չիմացող «Չելսին», որ օրեր առաջ ներքին առաջնության շրջանակներում պարզապես գնդակահարեց «Մանչեստր Սիթիին» ու «Լիվերպուլին» պարգևեց այնքան երկար սպասված չեմպիոնությունը՝ ընդ որում «քաղաքաբնակների» կողմից կազմելիք «չեմպիոնական միջանցքով» (ինչից այնպես խուսափում էր Խոսեպ Գվարդիոլայի թիմը), «Լեստերի» հետ խաղում նույնպես հաջողության հասավ (միակ գոլի հեղինակը Ռոս Բարկլին է) ու դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Նկատենք, որ հանդիպման առաջին կեսում շատ ավելի շահեկան տեսք ունեին տանտերերը, սակայն ընդմիջումից հետո եռակի փոփոխությամբ «ազնվականների» գլխավոր Ֆրենկ Լեմպարդը կարողացավ հիմնովին փոխել իրավիճակը։
Չեմպիոնությունը ձեռքից բաց թողած երկրի գործող չեմպիոն «Մանչեստր Սիթին», բնականաբար, առավելագույնս պիտի կենտրոնացած լինի գավաթային խաղերի վրա (այդ թվում և Չեմպիոնների լիգայի, որում առաջիկա մրցակիցը Մադրիդի «Ռեալն» է), ու այս առումով «Նյուքասլը» ներկա փուլում լավագույն նվերն էր, որպես առավել «դյուրամարս» մրցակից։ Մեկական գնդակ յուրաքանչյուր խաղակեսում, և կիսաեզրափակչում «քաղաքաբնակները» մրցակից ստացան «Արսենալին»։ Այնպես որ, շուտով «ՈՒեմբլին» հետաքրքիր ցնցումների մեջ կգցի ֆուտբոլային աշխարհը։
Դժվար չէ կռահել, որ կիսաեզրափակիչյան մյուս զույգը կազմել են «Մանչեստր Յունայթեդն» ու «Չելսին»։ Ինչպես տեսնում ենք, երկու պարագայում էլ ունենք փառահեղ մրցակցություն։ Բոլոր դեպքերում, եզրափակչում կունենանք կա՛մ զուտ մանչեստրյան, կա՛մ զուտ լոնդոնյան դերբի, կա՛մ այդ երկուսի միքսը, ինչը նույնպես պակաս հետաքրքրական չի լինի։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ