Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ռումինահայոց թեմն արձագանքել է ԵԽ 3 պատգամավորների ադրբեջանամետ հայտարարությանը

Ռումինահայոց թեմն արձագանքել է ԵԽ 3 պատգամավորների ադրբեջանամետ հայտարարությանը
01.07.2020 | 21:53

Ռումինիայի հայկական համայնքն արձագանքել է Եվրախորհրդարանի պատգամավորներ Տրայան Բասեսկուի, Ժելյանա Զովկոյի և Մարինա Կալյուրանդի հայտարարությանը. «Եվրախորհրդարանի պատգամավորներ Տրայան Բասեսկուի/Ռումինիայի նախկին նախագահ/, Ժելյանա Զովկոյի և Մարինա Կալյուրանդի հայտարարությունը խորը հիասթափություն և զարմանք է առաջացրել Ռումինիայում բնակվող հայության շրջանում։

Փորձելով չմտնել քաղաքական հայտարարությունների դաշտ, այնուամենայնիվ չենք կարող չարձագանքել նմանատիպ հայտարարություններին, որոնք ապատեղեկատվություն են տարածում բարձր ամբիոններից: Միևնույն կողմից վստահ ենք, որ դա չի արտահայտում Եվրոպական խորհրդարանի, Եվրամիության և համաեվրոպական այլ կառույցների պաշտոնական դիրքորոշումը:

Միանշանակ է, որ նշված պատգամավորները նպատակադրված հակադրվում են Եվրամիության և ԵԱՀԿ Մինսկի խմբի որդեգրած այն մոտեցմանը, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հիմնախնդրի վերաբերյալ բոլոր գործողությունները պետք է համահունչ լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հաստատված միջնորդական առաքելության սկզբունքներին՝ այն է պետք է հաշվի առնվեն և՛ ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքը, և՛ տարածքային ամողջականությունը, և՛ ուժի չկիրառման պայմանը։

Իսկ դա նշանակում է, որ հայտարարության հեղինակները կամ ծանոթ չեն այս հիմնահարցի իրավական և քաղաքական հիմքերին, կամ էլ կատարում են շահագրգիռ մյուս կողմի՝ Ադրբեջանի պատվերը։ Ինչ վերաբերում է արցախցիների ճանապարհ կառուցելու մտադրությանը, ապա դա լիովին համապատասխանում է Արցախում ապրող բնակչության բնականոն գոյության իրավունքին և տնտեսական շահերին: Առնվազն տարօրինակ է, որ ռազմատենչ հայտարարությունների, Ադրբեջանում մարդու իրավունքների և բազմաթիվ այլ իրավախախտումների ֆոնին վերոնշյալ պատգամավորներն իրենց զեկույցում մտահոգություն են հայտնում մայրուղու կառուցման առնչությամբ: Նշենք, որ ցանկացած ճանապարհի կառուցման նպատակն է ապահովել ենթակառուցվածք որևէ ժողովրդի համար, անկախ իր տարածքի քաղաքական կարգավիճակից: Ճանապարհներ կամ այլ ենթակառուցվածքներ ունենալու ցանկությունը բխում է Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի հիմնարար իրավունքներից և չի կարող որևէ կերպ վտանգել տարածաշրջանային և միջազգային անվտանգությունը:

Նման ոչ կառուցողական հայտարարություններով հեղինակներն ըստ էության աջակցում են Ադրբեջանի ագրեսիվ, ռազմատենչ և մարդատյաց նպատակներին, որոնք ի ցույց դրվեցին նաև համաշխարահային համավարակի այս օրերեին, երբ չնայած բազմաթիվ պայմանավորվածություններին, ադրբեջանցի դիպուկահարները շարունակում են սպանել սահմանները հսկող հայ զինվորներին։

Փոխանակ դատապարտելու Ադրբեջանի և Թուրքիայի հակամարդկային քաղաքականությունը, որ 30 տարուց ավելի շրջափակման են ենթարկել Արցախն ու Հայաստանը, Եվրոպական այս պատգամավորները օգտագործում են «ապօրինաբար օկուպացված տարածք» եզրույթը, այդպիսով հակադրվելով ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահության մոտեցումներին և ձայնակցելով Արցախի ժողովրդին ապամարդկայնացնելու՝ Ադրբեջանի նկրտումներին։

Եվ դա այն դեպքում, երբ վերջին շրջանում ադրբեջանական իշխանություններն անընդհատ հանդես են գալիս ռազմատենչ հայտարարություններով և չեն թաքցնում ռազմական գործողություններ սկսելու իրենց ցանկությունը: Ամբողջ աշխարհը գիտի, որ Ադրբեջանն է հանդիսանում ագրեսոր երկիր, ուր ոտնահարված են մարդու նվազագույն իրավունքներն ու տիրում է բռնապետական ռեժիմ:

Տարօրինակ է, որ նման հայտարարություն է հնչում այդպիսի ամբիոնից հենց այս օրերին, երբ լրանում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շահումյանի շրջանի օկուպացիայի 28-րդ տարելիցը: 1992թ. հունիսի կեսերին ադրբեջանական զինված ուժերն ամբողջովին գրավեցին Շահումյանի շրջանը և զանգվածային ոճրագործությունների միջոցով այնտեղից դուրս մղեցին հայկական բնակչությանը: Ամբողջական էթնիկ զտումից հետո Ադրբեջանը վերաբնակեցրեց շուրջ երկու տասնյակ հայկական բնակավայրեր ունեցող տարածաշրջանը: Նույն ճակատագրին արժանացան Արցախի Մարտակերտի և Մարտունու այն հատվածները, որոնք օկուպացվեցին Ադրբեջանի կողմից: Սա հայտնի է բոլորին, բայց չգիտես ինչու, Եվրոպական խորհրդարանի վերոնշյալ երեք պատգամավորների համար Լեռնային Ղարաբաղն է համարվում օկուպացված տարածք:

Պետք է հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղը (Արցախը) երբևիցե չի հանդիսացել Ադրբեջանի անքակտելի մաս։ Ինքնորոշվելով դեռ 1918-1920-ականներին, արցախահայությունը, անգամ սովետական շրջանում ունեցել է ինքնորոշված քաղաքական տարածքային միավորի կարգավիճակ։ 1988թ. փետրվարի 19-ից սկսել է ինքնորոշման իրավունքի վերահաստատումը, որն ավարտվել է 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացված հանրաքվեով: Այդ օրը ժողովրդի բացարձակ մեծամասնության կամքով հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Վերոհիշյալ Հայտարարությունը դեմ է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ոգուն և չի համապատասխանում Եվրոպական խորհրդարանի պաշտոնական դիրքորոշմանը։

Մենք դատապարտում և պահանջում ենք չեղարկել նշված հայտարարությունում տեղ գտած միջազգային նորմերին, մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին հակասող դրույթները, որոնք կարող են արտահայտվել Եվրախորհրդարանի կողմից քննարկվող բանաձեւում:

Մենք, իբրև ռումինահայ համայնք, ով այս հյուրընկալ և օրհնյալ հողի վրա շուրջ 1000 տարվա պատմություն է կերտել և ռումին բարեկամ ժողովրդին տվել է բազում անհատականություններ, որոնք հսկայական ներդրում են ունեցել երկրի զարգացման ու բարգավաճման գործում, իբրև համայնք, ով տվել է բազում հերոսներ, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հանուն Ռումինիայի ազատագրության ու ամբողջականության, դատապարտում ենք նմանատիպ հայտարարությունները և դժգոհություն ենք հայտնում հատկապես Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող պարոն Տրայան Բասեսկուի դիրքորոշման վերաբերյալ: Հիշեցնենք, որ տարիներ առաջ պարոն Բասեսկուն հակասական հայտարարություններ էր արել նաև Ռումինիայում բնակվող հայերի մասին: Սա արդեն խիստ մտահոգիչ է և ի ցույց է դնում այն հանգամանքը, որ պարոն Տրայան Բասեսկուն ի վիճակի չէ բարեխղճությամբ և անկողմնակալ կերպով կատարել իր պարտականությունները:

Մենք բոլոր երեք եվրոպական պատգամավորներին՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդին, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տրայան Բըսեսկուին և Ադրբեջանի հարցերով հիմնական զեկուցող Զելյանա Զովկոյին, մեկ անգամ ևս ուզում ենք հիշեցնել, որ Արցախը կամ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ինչպես ցանկացած այլ ժողովուրդ, ունի ազատ և անվտանգ ապրելու իրավունք, մի բան որ ուղղակի անհնար կլինի անել Ադրբեջանի կազմում: Միևնույն ժամանակ ազդարարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի հիմնահարցը միայն Հայաստանի և Արցախի հայության հարցը չէ, այլ նաև շուրջ 8 միլիոն հայկական Սփյուռքի: Հետևաբար իբրև 8 միլիոնանոց զորավոր Սփյուռք, ապրելով աշխարհի տարբեր անկյուններում, մենք մեկ անգամ ևս Մեր ձայնն ենք բարձրացնում և ի լուր աշխարհի հայտարարում ենք, որ երբեք Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա միայն խոսք չէ, այլ երդում, որ տվել է յուրաքանչյուր հայ ծննդյան օրվանից և հավատարիմ է իր երդումին մինչ ի մահ: Ուստի եթե Ադրբեջանը երբևէ փորձի վտանգի տակ դնել Արցախի հայ բնակչության անվտանգությունը, ապա միանշանակ մեծագույն հակահարված կստանա նաև համայն Սփյուռքի կողմից»:

Դիտվել է՝ 816

Մեկնաբանություններ