Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում նշեց, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած փաստաթուղթը սոսկ հայտարարություն է, և իրավական որևէ հետևանք չի կարող ունենալ: Այդ հայտարարությունը ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի և Ռուսաստանի օրենքներին ու սահմանադրություններին չի համապատասխանում։ Ոչ օրինական ձևով կայացրած հայտարարությունը չպետք է վախեցնի մեզ, պարզապես, երևի ժամանակ է պետք, որ լիովին մարսենք դա և փաստեր ունենալով ասենք, թե որն էր դրա հիմքը, որտեղից սկսվեց և ուր գնաց։
«Պատերազմի օրերին ինքս էլ առաջնագծում եմ եղել, սեփական աչքով եմ տեսել՝ ինչ է կատարվում: Մինչև այսօր էլ կապ եմ պահում Արցախի փառապանծ գեներալների հետ, ովքեր այդ օրերին անձնուրաց և գրագետ գործողություններ են կազմակերպել։ Այս պահին չափազանց կարևոր է սթափ գնահատել իրավիճակը, էմոցիաներին չտրվել: Մանավանդ այն մարդիկ, ովքեր պետք է պատասխանատվություն ստանձնեն այսօրվա ու վաղվա օրվա համար, պետք է հնարավորինս անցնցում նոր իրավիճակ ձևավորեն: Այդ նոր իրավիճակը պետք է լինի նոր մարդկանցով և նոր որակով, ի վիճակի լինեն ներկայացնելու Հայաստանն ու Արցախը՝ որպես մեկ միասնություն։ Մարդիկ են պետք, ովքեր գրագետ ձևով կկարողանան բանակցել՝ ներկայացնելով ազգի ու պետության շահերը»,- նշում է տնտեսագետը:
Մեր զրուցակիցը ցավով է նշում՝ այսօր երկփեղկված հայրենիք ունենք: Ոմանց հաջողվեց տրոհել մեզ, երկիրը, շերտեր ձևավորեցին` ասելով, թե մեր իսկ ներսում, իբր, դասալիք զինվորականներ կան, ու նրանց պետք է ատել։ Բայց, վստահեցնում է, մեր ներսում չկան դավաճաններ. «Արցախն ու արցախցին կուսական են, և այնտեղ այս բնույթի քաղաքական խաղերը, դավադրությունները չեն անցնում։ Արցախում թե՛ կառավարման, թե՛ անձերի շփման առումով բացարձակ ուրիշ որակ է: Նրանցից պետք է սովորենք ու սովորենք: Ամեն անգամ հիանում եմ` տեսնելով, որ արցախցու համար չկա վարորդ, մշակ, նախարար կամ նախագահ: Բոլորը մեկ են, բոլորը հավասար են: Բոլորը մի հարթության վրա են»։
Կապիտուլյացիայի մասին հայտարարությունից հետո Փաշինյանի հրաժարականի հարցն անգամ քննարկման ենթակա չէ, դա ինքնին հասկանալի բան է, ասում է Մանասերյանը, բայց և հավելում՝ իրեն այլ հարց է հուզում՝ ինչքանո՞վ ազնիվ քաղաքական պոտենցիալ ունի նա, որքանո՞վ է գրագետ և քաղաքականապես պարկեշտ։
Մեր զրուցակիցը մեկ այլ համոզմունք էլ է հայտնում՝ եռակողմ հայտարարությունը հնարավոր է ինչ-որ կերպ փոխել։ «Պետք է արթնանանք այս մղձավանջից և ինքներս ձևավորենք այն քաղաքացիական կամ ազգային խորհուրդը, որի մեջ կներգրավվեն պատասխանատվություն ունեցող կայացած մարդիկ: Ամոթանք եմ տալիս այն վախկոտ մտավորականներին, որ այսօր հրապարակային չեն խոսում, վախենում են: Եթե այսօր նրանք չեն երևալու և չեն գործելու, ապա ի՞նչ մտավորական: Սա ի՞նչ երկչոտություն է: Այժմ պահն է, որ ճիշտ գիտակցենք ազգային շահերը և, ազգային հստակ օրակարգ ձևավորած, փորձենք քայլ առ քայլ գնալ դեպի մեր նպատակները։ Առանց միմյանց նկատմամբ թշնամանալու, պետք է բարձրացնենք, զորացնենք մեր հայրենիքը, լինենք համախմբված և միաբան։ Այլ նպատակ չկա և չի կարող լինել»։
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ