Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Արամ Սարգսյան. Մեր ձայնով մեր խոսքն ասելու անբեկանելի իրավունքը

Արամ Սարգսյան. Մեր ձայնով մեր խոսքն ասելու անբեկանելի իրավունքը
20.01.2021 | 13:03

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը ֆեյսբուքում գրել է.

«Հունվարի 20-ին, կեսօրին, Վաշինգտոնում երդմնակալությամբ պաշտոնն է ստանձնում ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենը: Դոնալդ Թրամփի սկանդալային նախագահությունից ու սկանդալային հեռացումից հետո համաշխարհային մակարդակով գեներացվում են մեծ սպասումներ ԱՄՆ նոր նախագահից: Ջո Բայդենը ԱՄՆ ամենափորձառու քաղաքական գործիչներից է, Սպիտակ տուն է հասել քաղաքական հիերարխիայի բոլոր աստիճանները հաղթահարելով: Մաղթելով նրան արդյունավետ աշխատանքի նվազագույնը չորս տարիներ Սպիտակ տանը, կարծում եմ, որ ԱՄՆ նոր վարչակարգից կարող ենք ակնկալել արտաքին քաղաքականության գերակայությունների փոփոխություն մեր տարածաշրջանում:
ԱՄՆ-ից կամ Արևմուտքից որևէ ակնկալիք ունենալուց առաջ մենք ինքներս պետք է ձևավորենք փոխշահավետ հարաբերությունների օրակարգ: Գլոբալացված աշխարհում պետությունները սովորաբար գործում են աշխարհաքաղաքական կարծրատիպերով՝ ըստ ձևավորված միությունների ու դաշինքների գերակայությունների: Փաստացի՝ երկկողմ հարաբերությունները ժամանակակից աշխարհում էլ կառուցում են ըստ այս կամ այն պետության այս կամ այն դաշինքին ու միությանը պատկանելության: Հայաստանի պարագայում դա ունեցել է բացասական ազդեցություն, որովհետև համաշխարհային ասպարեզում Հայաստանը համարվել է Ռուսաստանի ուղեծրում գործող պետություն՝ ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին անդամակցության պատճառով: Բայց դա չի նշանակում, որ սպառված են այլ պետությունների հետ փոխադարձ կարևորություն ունեցող օրակարգերի ձևավորման հնարավորությունները: Միանգամայն հակառակը՝ մենք կարող ենք ու պարտավոր ենք՝ մեր բնական ու արտադրական ռեսուրսների հաշվառումով՝ Արևմուտքի ու Հայաստանի շահերի համադրումներ գտնել և փոխշահավետ համագործակցության հիմքեր ստեղծել: Դա է ներդրումներ ու նոր տեխնոլոգիաներ Հայաստան բերելու ճանապարհը, որի արդյունքն է դառնալու Հայաստանի իմիջի փոփոխությունը աշխարհում և քաղաքական կշռի վերականգնումը իբրև տարածաշրջանում կարևոր գործընկեր: Մենք չենք կարող անտեսել փաստը, որ ներդրումներն ու նորագույն տեխնոլոգիաները Արևմուտքում են, ու դրանց առկայությունից է կախված մեր՝ որպես պետություն հնարավորինս արագ ոտքի կանգնելու հնարավորությունը և գոյություն ունեցող սպառազինություններով ու բանակով անվտանգությունը ու արժանապատվությունը պահելու ունակությունը: Իվերջո՝ Ռուսաստանն ու ԵԱՏՄ երկրներն առանձին-առանձին փորձում են հնարավորինս շատ ու ծավալուն պայմանագրեր կնքել Արևմուտքի հետ ֆինանսների ու տեխնոլոգիաներ ձեռքբերելու համար: ՀՀ իշխանության ակտիվ աշխատանքի և ԱՄՆ-ի ու համաեվրոպական հայկական սփյուռքի հետ նպատակային աշխատանքի դեպքում Հայաստանը հաջողության անհամեմատ մեծ հնարավորություններ ունի:


Ստեղծված պայմաններում մենք պարտավոր ենք հանուն քաղաքական ինքնիշխանության, ազգային անվտանգության և տնտեսության զարգացման դիվերսիֆիկացնել մեր արտաքին քաղաքականությունը՝ Արևմուտքի հետ առևտրատնտեսական ու խորհրդատվական կապերը հագեցնելով նաև ռազմաքաղաքական բովանդակությամբ: Ավելի կոնկրետ՝ ԱՄՆ 46-րդ նախագահի պաշտոնակալության ընթացքում մենք ակնկալում ենք, որ լիարժեք կգործի ԵԱՀԿ Մինսկի խումբը, և ԱՄՆ-ը՝ իբրև համանախագահ երկիր, կթոթափի անցած տարիների պասիվությունը ու գործուն մասնակցություն կունենա Արցախի Հանրապետության կարգավիճակի որոշարկման ու ճանաչման գործընթացներում՝ նվազագույնը ԼՂԻՄ-ի սահմաններով, կնպաստի Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանը և տնտեսական զարգացմանը: Աշխարհը փոփոխվում է չափազանց արագ, մենք այդ արագությունից պետք է օգտվենք, և վստահաբար օգտվելու ենք՝ ոչ միայն այլընտրանք չունենալու, այլև մեր ձայնով մեր խոսքն ասելու համար սերունդներին, որ արժանի են արժանապատիվ ու զարգացող երկիր ունենալու»:

Դիտվել է՝ 3565

Մեկնաբանություններ