Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԵՄ-ն չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

ԵՄ-ն չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը
15.04.2019 | 11:56

Օրերս ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց, որ Բրյուսելն ու Բաքուն «երկկողմ, ամբիցիոզ համաձայնագրի կնքման ավարտական, վճռորոշ փուլում են»: Նա ճշտեց, որ խոսքը «նոր առևտրական ու քաղաքական համաձայնագրի մասին է»: Ադրբեջանի ու ԵՄ բանակցությունները 3 ուղղությամբ են: Առաջինը ներառում է քաղաքականության ու անվտանգության հարցերը, երկրորդը` առևտրի ու ներդրումների, երրորդը` տնտեսական ոլորտի, սոցիալական, մարդասիրական և այլ ծրագրերի: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում հաստատեց, որ «երկու կողմերը շատ մոտ են գործակցության նոր համաձայնագրի կնքմանը, վիճելի կետերի 90% արդեն լուծված է»:

Եվրոպացի փորձագետների կարծիքով` Բրյուսելն ու Բաքուն շտապում են` հույս ունենալով բանակցություններն ավարտել մինչև Եվրախորհրդարանի մայիսյան ընտրությունները, որովհետև Եվրահանձնաժողովի նոր կազմի ձևավորումը կարող է կամ երկարաձգել, կամ ընդհանրապես փոխել բանակցային ամբողջ գործընթացը: Երկրորդ ու երրորդ ուղղություններով կողմերը կարծես թե պայմանավորվել են: Բայց չի անցնում առաջին ուղղության ադրբեջանական ձևակերպումը` քաղաքականը: Բրյուսելը կտրականապես հրաժարվում է ՙԱդրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել»: Ընդ որում` եվրոպական որոշ պետություններ ու որոշ քաղաքական ինստիտուտներ Բաքվի հետ երկկողմ հարաբերությունների կառուցման մակարդակում ընդգծում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության գործոնը: Բայց այն բացակայում է Ադրբեջան-ԵՄ համաձայնագրում: Բրյուսելը հայտարարում է, որ ճանաչում է Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ընդունված սահմաններում: Այն ժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (հիմա` վարչապետ) Նովրուզ Մամեդովն ասում էր. «2015-ին` հրավիրելով Ադրբեջանին ասոցացման համաձայնագիր կնքել` ԵՄ-ն համաձայնագրում չէր ընդունում մեր երկրի տարածքային ամբողջականությունը»: Նրա խոսքով` «առանձին պետություններ ընդունում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն ոչ ոք չի մտածում օկուպանտի դեմ պատժամիջոցներ կիրառել: ԵՄ-ն ու մեծ տերությունները հիմնականում հետևում են իրենց սեփական տնտեսական շահերին»:

Ստացվում է` ԵՄ-ն Բաքվի նկատմամբ չի օգտագործում միջազգային իրավունքի ստանդատները միայն տնտեսական պատճառներով, թեպետ Ադրբեջանը Բրյուսելում բանակցային սեղանին է դրել իր գլխավոր խաղաքարտերը` ներկայանալով իբրև համարյա թե ՙԵՄ էներգետիկ անվտանգության երաշխավոր»: Որոշ փորձագետներ մատնանշում են, որ բացի տարածքային ամբողջականությունից` Բաքվի ու Բրյուսելի համաձայնագրի կնքումը հետաձգող ևս մեկ կարևոր պատճառ կա` Ադրբեջանի դիրքորոշումը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցության հարցում: Ադրբեջանը դեմ չէ ԱՀԿ-ին անդամակցել, բայց ծրագրում է բանակցել, երբ ադրբեջանական ապրանքները մրցունակ կդառնան: Այդ փաստարկները համոզիչ չեն: Խնդիրն այլ տեղ է: Ոմանք փորձում են ԵՄ տեսակետների տարբերությունը Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունման հարցում բացատրել նրանով, որ առաջին երեք երկրներում ԵՄ-ն փորձում է խաղարկել ռուսական խաղաքարտը: Այդ տրամաբանության համաձայն` Բաքվի ու Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի նկատմամբ Բրյուսելը այլ խաղ ունի: Կա Եվրոպայում հայկական սփյուռքի ակտիվ գործունեության փաստարկը: Հայկական սփյուռքը Եվրոպայում իրոք ունի նկատելի քաղաքական ազդեցություն, բայց ոչ այն մակարդակում, որ որոշարկի ԵՄ ռազմավարական քաղաքականությունը: Ֆրանսիայի L'Opinion-ը գրում է, որ «Ադրբեջանի շուրջ վեճերը նման են Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացներին և կապված են այն փաստին, որ այդ երկրների բնակիչների մեծ մասը մուսուլմաններ են, որոնց առաջ փակվում են եվրոպական նույնականության ձեռքբերման ճանապարհները»: Ժամանակին Անկարային զրկեցին թուրքական պետություններին Եվրոպայում առաջ մղողի կարգավիճակից, իսկ մենակ առաջ գնալ նրանք չեն կարողանում: Բրյուսելը Երևանի առաջ չի դնում այն պայմանները, որ դնում է Բաքվի առաջ: Ճիշտ է` հասկանալի չի, թե ինչ դիսկուրսով է ԵՄ-ն հետագայում փորձելու լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Առայժմ ԵՄ վերաբերմունքը կապվում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշման հետ: Հիշեցնեմ, որ Կոսովոյի անկախության հռչակագրի ընդունման պատճառով փոխվեցին եվրոպական միջազգային իրավունքի որոշ նորմեր: Բրյուսելը լուծել է ու լուծելու է իր մոտակա ու հեռավոր խնդիրները` կապված Եվրոպայում նոր` մետրոպոլիաներից անջատված պետությունների ի հայտ գալուն: Ուստի տեսանելի ապագայում Բաքվի առաջարկած խմբագրությամբ Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի կնքումը սակավ հավանական է: Բաքվին պետք է ժամանակ շահել իր հետագա գործողությունները մտածելու մասին` հաշվի առնելով արժեքային ընտրությունը, քաղաքական ու մշակութային ուղենիշների կողմնորոշումը, այսինքն` պահերի որոշարկումը, որ ձևավորում ու ձևավորելու են երկրի կենսատարածքը: Եվրոպան բոլոր դեպքերում հեռավոր երկրներ են, իսկ սերտ համագործակցել պետք է մերձավոր հարևանների հետ:


«Ղարաբաղի խնդրի հարցում Եվրոպան վաղուց է կողմնորոշվել` զբաղեցնելով Ադրբեջանի համար ոչ լավագույն դիրք,- գրում է Բաքվի Haggin.az. պորտալը:- Միևնույն ժամանակ` երկրորդ ուղղությունը ու մասամբ երրորդը (առևտուր, տնտեսություն) իրականացնելու համար անհրաժեշտություն չկա ԵՄ-ի հետ ռազմավարական համագործակցության համապարփակ համաձայնագիր ստորագրելու»:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Օգտագործու՞մ ենք մենք մեր քաղաքակրթական ու պատմական բնական առավելությունները Եվրոպայի հետ հարաբերություններում: Հազիվ թե: Մերը համաշխարհային ազգ լինելու մուննաթն է, որ աշխարհը մեր մասին չի մտածում այնքան, որ հենց այնպես գա ու մեզ շահի-պահի մուսուլանական շրջափակման մեջ, որովհետև մենք ազնիվ ենք ու տառապած: Ավելին` տեղի-անտեղի նաև ռուսական ծագման տակառներ ենք գլորում եվրոպացիների վրա, որ տեղի ու պահի առանձնահատկությունը չեն հասկանում: Որովհետև անկախ չենք ու տգետ ենք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4315

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ