Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ֆրանսիան՝ երկիր, որի սիրտը կանգ է առել

Ֆրանսիան՝ երկիր, որի սիրտը կանգ է առել
19.04.2019 | 18:18

Նոտր Դամի հրդեհի շոկը պարուրել է հասարակությունը, որ առանց այդ էլ խիստ թուլացած էր։ Ֆրանսիան պետք է վերականգնի ոչ միայն տաճարը՝ գրում է Ակսել Ֆայելը Frankfurter Rundschau-ում։ Փարիզի Աստվածամոր տաճարում տրոփում էր երկրի սիրտը։ Երբ ֆրանսիացիներին համակում էր տագնապը, Նոտր Դամը դառնում էր բուռն իրադարձությունների ասպարեզ։ Այստեղ է եկեղեցական դատարանը արդարացնող վճիռ կայացրել խարույկի վրա այրված Օռլեանի կույսին։ Այստեղ է հնչել Te Deum-ը ի պատիվ Արև արքա Լյուդովիկոս 14-րդի։ Այստեղ է Նապոլեոնը, անտեսելով Հռոմի պապին՝ գլխին դրել կայսեր թագը։ Տաճարի առաջի հրապարակից է սկսվել ֆաշիստներից ազատագրումը, որի հաջող ավարտից հետո տաճարի երգեհոնահարը ՙՄարսելյեզը՚ նվագեց։ 2015-ի արյունալի ահաբեկչություններից հետո երկիրն այստեղ էր նոր խաղաղություն որոնում։ Այստեղ պատմություն էին գրում։ Այս ամենն ընդհատվեց երկար ժամանակով: Այնտեղ, որտեղ ֆրանսիացիները միջին դարերից հասել էին ուրախության ու ցավի բարձրակետին, այրված տաճարի ավերակներն են։ Երկրի սիրտը կանգ է առել։ ՙՍրտի կանգ՚ ախտորոշումը առավել տագնապալից է, որովհետև ֆրանսիացիների առողջությունը խիստ վտանգված է։

Հասարակության համախմբումը փշուր-փշուր է։ Ժողովրդական կուսակցությունները, արհիմիությունները, եկեղեցիները զրկվել են իրենց կապող ուժից։ Նախագահ Էմանուել Մակրոնը, որ մի ժամանակ իր համար քաղաքական երկնակամարում Յուպիտերի տեղն էր ընտրել, տեսավ արգելքը և բարեհաջող հանեց ճանապարհից։ Պետական ինստիտուտները նույնպես ի վիճակի չեն համախմբել ազգը՝ նրանց հարվածում է համընդհանուր անվստահությունը։ Այդպիսի ժամանակներում այն, ինչ համախմբում է, կրկնակի արժեքավոր է։ Այդպիսին էր Նոտր Դամը։ Տաճարը սրբավայր էր ոչ միայն կաթոլիկների, այլև բոլոր ֆրանսիացիների համար։ ՙՄենք միասին կվերականգնենք՚՝ հայտարարեց Մակրոնը։ Այս խոսքերի մեջ հույս կա, որ շոկը կարող է բուժիչ դառնալ, որ երկիրը նորից կդառնա առավել համախմբված՝ հիշելով ընդհանուր նպատակները, կենտրոնանալով գլխավորի վրա։ Բայց այդ ամենը դեռ թվում է անհավանական։ Թեպետ անհավանական էր նաև, որ Փարիզի Աստվածամոր տաճարը կարող է հրո ճարակ դառնալ։
Ակսել Ֆայել, Frankfurter Rundschau


Հ.Գ. Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը շատերը համարում են խորհրդանշական: Տաճարը Աստծո տունն է երկրի վրա; Աստված կարող է հայելային պատասխան տալ բարբարոսների գործողություններին, որ բողոքի գործողությունների անվան տակ այրում ու ավերում են Փարիզը: Դուք այրում եք ձեր տունը, ես կայրեմ իմ տունը: Դա ամենաահավորն է, երբ Աստված որոշում է մարդկանց վերաբերվել այնպես, ինչպես նրանք են վերաբերվում միմյանց: Այդպես է ընդունվել համաշխարհային ջրհեղեղի որոշումը: Կա և այլ բացատրություն՝ կաթոլիկները գնում են այն ճանապարհով, որի վերջում նրանց տաճարները դառնում են մզկիթներ, ուրեմն ես կայրեմ իմ տաճարը ինքս: Հրդեհի խորհրդանշական իմաստը կարող է դառնալ եվրոպական մշակույթի մայրամուտը: Տաճարի ողբերգությանը հաջորդած վշտի հորձանքը բացահայտորեն հակասության մեջ է շարքային եվրոպացու ողբերգությունների հետ: Եվրոպական ճարտարապետության, գեղանկարչության, գրականության ու մշակույթի գլուխգործոցները ստեղծվել են մարդու որոշակի տեսակի համար: Այդ մարդը հիմա անհետանում է, անհետանում են և մշակույթի գլուխգործոցները, որ այլևս ոչ մեկին պետք չեն: Ինչ արժեք ունի մշակույթը, եթե չի կրում իր ինքնաոչնչացումն արգելող կոդ: Այս բոլոր հարցերը ուղղված են մեզ: Մշակույթի կոդը մարդու մեջ է՝ մարդու. Որին Աստված ստեղծել է իր պատկերով ու նմանությամբ: Պահպանել պետք է նախ մարդուն, մնացածը կամ կստեղծվի կամ կկորչի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1953

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ