Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քիլիս

Քիլիս
26.04.2019 | 03:41

Դաշտային Կիլիկիայի այս քաղաքը գտնվում է սիրիական Հալեպից 60 կմ հյուսիս: Հնագույն ժամանակներից ի վեր եղել է հայաբնակ: Մինչև 1915 թ. ուներ 5250 հայ առաքելական, 327 հայ կաթոլիկ և 342 հայ բողոքական բնակչություն, որին պատկանում էին տնտեսական, առողջապահական, կրթական լծակները: Հայերը հիմնականում զբաղվում էին արհեստներով, առևտրով, ձիթապտղի յուղի արդյունահանմամբ:


Քաղաքի հարավային մասի բնակչությունն արաբախոս էր, հյուսիսային մասինը՝ թրքախոս: Առանձին թաղում ապրող հայությունը թրքախոս էր:
Քիլիսն ուներ կառավարչատուն, զորանոց, մթերանոց, հեռագրատուն, 34 փողոց, 4335 տուն, 37 մեծ մզկիթ, 14 փոքր մզկիթ, 8 դպրոց, 25 նախակրթարան, 1 հայոց լուսավորչական եկեղեցի, 1 հայ կաթոլիկների եկեղեցի, 1 հայ բողոքական եկեղեցի, 1 հունական եկեղեցի, 1 հրեական սինագոգ, 5 բաղնիք, 31 աղբյուր, 27 ջրաղաց, 3 փակ շուկա, 3 օճառի արտադրամաս, 59 ձիթայուղի արտադրամաս, 24 փուռ, 45 խան, 1500 խանութ, 40 սրճարան, 5 օղետուն, 120 կերպասի ու կտավի արտադրամաս, ավելի քան 100 պարտեզ և այլն:
Հայոց տեղահանությունն սկսվեց 1915 թ. հունիսի 28-ին: Սահմանամերձ լինելու պատճառով հայերը ենթարկվեցին համեմատաբար «մեղմ» եղեռնի՝ նահատակվեց «ընդամենը» 1500 հոգի: Տեր-Զոր աքսորվածները գլխովին ջարդվեցին, մնացյալը տեղահանությունից վերադարձավ, սակայն 1921 թ. ֆրանս-թուրքական պայմանագրի կնքումից հետո, երբ Քիլիսն անցավ Թուրքիային, հայերն ստիպված գաղթեցին Հալեպ:

Իսկ 1925 թ. թուրքական իշխանությունները դինամիտով պայթեցրին 1873 թ. օծված Սբ. Հովհաննես հոյակերտ եկեղեցին, ինչով վերացավ հայության վերջին հետքը:

ՎԱՐՔ ՈՒ ԲԱՐՔ
Արական սեռը աչքի էր ընկնում աշխատասիրությամբ, պատվախնդրությամբ, պարտաճանաչությամբ, իրենց ասպարեզներում առաջադիմելու ձգտումով և բարի լինելու գիտակցությամբ: Անասելի ծնողապաշտ էին, ամենամեծ ամոթ էր ծնողների ներկայությամբ ծխել, ոգելից խմիչք գործածել, անպարկեշտ արտահայտություն անել, նշանվելու կամ ամուսնանալու խոսք բացել և այլն: Զավակների ապագան ամբողջությամբ կախված էր ծնողների կամքից:
Քանի որ մինչև 1899 թ. մշակութային որևէ հաստատություն չկար, տղամարդիկ սովորաբար խրախճանք ու կերուխում էին կազմակերպում այգեստաններում ու ձիթաստաններում: Կիրակի օրերին պարտադիր փակում էին իրենց խանութները և ընտանիքի հետ անցկացնում եկեղեցում կամ մեկմեկու այցելելով:
Իգական սեռը հագնում էր մինչև կրունկները հասնող երկար հագուստ և դեմքը ծածկում վարշամակով: Բացի ամուսնուց, ոչ ոք չէր կարող տեսնել կնոջ դեմքն ու մազերը: Բոլորից ուշ ինքն էր քնում և բոլորից շուտ արթնանում: Ամուսնու մասին խոսում էր երրորդ դեմքով՝ «ինքը եկավ», «ինքը ասաց»:


Տասը տարեկանից բարձր աղջիկներին թույլ չէր տրվում տնից դուրս գալ:
Նշանտուքը տևում էր 6 ամսից մինչև 7 տարի, ընդ որում, փեսացուն միայն աղջիկտեսի արարողությանն էր մասնակցում: Դրանից հետո՝ մինչև հարսանիք, իրավունք չուներ ոչ աղջկա տուն այցելել, ոչ նշանածի երեսը տեսնել, ոչ անգամ նրա փողոցով անցնել:
Իսկ հարսանյաց հանդեսը տևում էր 4 օր, շաբաթվանից մինչև երեքշաբթի: Շաբաթ օրը հինայի ու բաղնիքի գիշեր էր, կիրակին՝ պսակադրության, երկուշաբթին՝ պսակի օրհնության օր: Երեքշաբթին «քյալլայի» օր էր, երբ մերձավոր ազգականները ոչխարի գլխից ու ոտքերից կերակուր էին պատրաստում, և այդ խրախճանքի ժամանակ հարսին բաց երեսով նստեցնում էին փեսայի կողքին:
Թե նշանադրությունը և թե հարսանիքը հիմնված էին տասնամյակներով ձևավորված անխախտ ավանդույթների վրա:
Ամուսինների հարաբերություններում տիրում էին ամոթխածությունը, պարկեշտությունը, հավատարմությունը, փոխադարձ սերն ու հարգանքը:
Կային նաև, այսպես կոչված, շիրքեթներ՝ 30-40 ընտանիքներից բաղկացած միություններ, որոնք վարձակալում էին որևէ բաղնիք շիրքեթի համար: Այդ օրն ուրիշ ոչ ոք իրավունք չուներ այդ բաղնիքն այցելել:

ՆԱԽԱՊԱՇԱՐՈՒՄՆԵՐ
. Ծաղկազարդի օրը, դռնբացեքի արարողության ժամանակ, խոսելն ուշացրած մանկան բերանը խոթում էին եկեղեցու բանալին, որ շուտ խոսի:
. Եթե երեխան վերին ծնոտից ատամ էր հանում, դա համարվում էր չարագուշակ մի բան, որն ի չիք դարձնելու համար անում էին հետևյալը. մեկը երեխային տանիք էր հանում ու ցած նետում, իսկ մեկ ուրիշը ներքևում բռնում էր:
. Երեխայի նոր բուսած եղունգներն առաջին անգամ կտրելուց առաջ մի ամուրի տղամարդ դրամապանակի մեջ մետաղադրամներ էր լցնում, ու մանկան ձեռքը մտցնում էին մեջը: Երեխան որքան դրամ բռներ ու հաներ՝ բոլորը բաժանում էին աղքատներին, ապա միայն եղունգները կտրում: Արարողության իմաստն այն էր, որ երեխան հասակ առնելուց հետո ձեռնբաց լիներ ու գողություն չաներ:
. Աղջիկ ուզելու գնացողները այնտեղ սառը ջուր չէին խմում, որպեսզի բռնած գործի մեջ սառնություն չլիներ:

ԶՎԱՐՃԱՊԱՏՈՒՄՆԵՐ

Աստված չտարբերեց
Քիլիսի մոտակա գյուղերից մեկում ապրում էր շինական Պետրոսը, որն ուներ մի կով ու մի էշ: Կովը կթում էր, լցնում մեծ թիթեղյա կաթնամանի մեջ, բարձում էշին ու տանում քաղաք՝ ծախելու: Դա նրա ապրուստ վաստակելու միակ միջոցն էր:
Մի օր էլ էշն սկսում է կաղալ: Պետրոսն անասունին թողնում է գոմում, որ ապաքինվի և ինքն է սկսում կաթնամանը շալակած քաղաք տանել:
Շաբաթներ են անցնում, էշը չի լավանում: Բեռնակրությունից հոգնած ու հուսահատված գյուղացին ձեռքերը վեր է բարձրացնում և ասում. «Տե՜ր Աստված, այս էշի հոգին առ, որպեսզի իրենից ձեռ քաշեմ ու մի ուրիշ էշ առնեմ, որովհետև այլևս ի վիճակի չեմ կաթնաման շալակելու»:
Հաջորդ առավոտ մտնում է գոմ և տեսնում, որ… սատկել է կովը:
Տարակուսած դուրս է գալիս, հանդիպում մի կույր մարդու, որի թևքից բռնելով մտցնում է գոմ ու խնդրում «նայել»՝ է՞շն է սատկել, թե՞ կովը:
Կույրը, կենդանիներին շոշափելուց հետո, ավետում է. «Կովն է սատկել»:
Պետրոսն աչքերը հառում է երկնքին և ասում.
-Տե՜ր Աստված, այս մարդը կույր լինելով կարողացավ էշը կովից տարբերել, դու ինչպե՞ս չկարողացար…

Ապուշների գրազը
Երկու հոգի կային՝ Սաքո ու Հակոբ, որոնք մեկմեկու հետ մշտապես վիճում էին:
Մի օր էլ Սաքոն ասում է.
-Եթե մարդ բաղնիքում մերկ վիճակում 30 հատ հում ձու ուտի՝ կապուշանա:
Հակոբը սովորականի նման, թե.
-Չի՛ ապուշանա:
Գրազ են բռնում ու որոշում հաջորդ առավոտ բաղնիք գնալ ու ստուգել:
Պայմանավորված ժամին Հակոբը գնում է, Սաքոն՝ չէ: Բաղնիքում մերկ Հակոբը 30 հատ ձու է խմում ու ներկա եղող երկու-երեք հոգու հարցնում. «Տեսա՞ք, վկա եք, ապուշացա՞»: Ասում են՝ չէ:
ՈՒրախ-ուրախ այն մտքից, որ գրազը շահել է, Հակոբը մերկ-մերկ դուրս է նետվում բաղնիքից ու վազում Սաքոյի տուն:
Երբ վերջինս դուրս է գալիս, Հակոբն ասում է.
-Դու բաղնիք չեկար, իսկ ես գնացի, երեք հոգու ներկայությամբ 30 ձու խմեցի, ու տե՛ս՝ ապուշացե՞լ եմ:
-Թող հիմա քեզ տեսնողներն ասեն,-պատասխանում է Սաքոն:

Էշ Մստոն
Մի գյուղացի՝ էշը հետևը գցած, պարանից քաշելով տանում է: Ավազակ Մստոն ու ընկերը ծածուկ հետևում են նրան, որ էշը փախցնեն: Ի վերջո, հարմար պահին Մստոն կամացուկ պարանը հանում է կենդանու վզից, իր գլխին անցկացնում, իսկ ընկերը էշը տանում է:
Որոշ ժամանակ անց գյուղացին շրջվում ու տեսնում է, որ էշը մարդու է վերածվել:
-Աստվա՜ծ իմ, սա ի՞նչ է:
-Աղա, ես մարդ եմ,-ասում է Մստոն:-Երբ փոքր էի, մի անգամ կամակորությանս պատճառով մայրս պատժեց, անիծելով՝ էշ դառնաս: Դրանից հետո էշ դարձա: Հիմա խղճիդ եմ թողնում՝ կուզես որպես էշ օգտագործիր, կուզես ազատ արձակիր:
-Վա՜խ, վա՜խ, քավ լիցի, ես քեզ ինչպե՞ս որպես էշ բանեցնեմ, գնա տուն, բարով գնաս,-պատասխանում է բարի գյուղացին:
Մեկ շաբաթ անց Մստոն ու ընկերը գողացած էշը տանում են տոնավաճառ՝ ծախելու: Այդ նույն ժամանակ գյուղացին էլ է գալիս՝ մեկ ուրիշ էշ առնելու: Հանկարծ տեսնելով իր էշը, կենդանու ականջին կամացուկ փսփսում է. «Երևի նորից կամակորություն ես արել, որ էշ ես դարձել»:

Տէր-Զօրի սպանդանոցէն հրաշքով ազատուածներ, երբ վերադարձան, պատմեցին այնպիսի՜ սրտաճմլիկ ու սարսռազդեցիկ եղելութիւններ, որոնց նկարագրութիւնը արձանագրելու մարդկային սիրտ չի դիմանար և որևէ գրիչ անոնց ճշգրիտ թարգմանը չի կրնար ըլլալ: Տասը հազարաւոր՝ մեռած, կիսամեռ և ողջ երկսեռ հայերը լեցնելով քարայրի մը մէջ, քարիւղ թափած ու կրակի տուած են: ՈՒրկէ ամիսներ շարունակ մարդկային մարմիններու այրման ճենճերող, կապտաւուն և միախառն բոցը բարձրացած է դէպի երկինք ու անշնչելի դարձուցած է մթնոլորտը: Մերկացուած ու դաշունահարուած երկսեռ դիակներ, անապատի մէջ բլուրներ ձեւացուցած և ահազդեցիկ տեսարաններ պարզած են: Մանուկներու, կիներու և ծերերու հանդէպ ցոյց տրուած բարբարոսային ու վայրենի վերաբերմունքը պատմել՝ քար սրտերը կը բզկտէ և խորհել կու տայ թէ մարդ արարածը այսքան վայրենի կրնա՞յ ըլլալ ու գործել այսքան վայրագութիւն:
Մօտաւորապէս 30-40 ընտանիքներ պահուած էին Քիլիսի մէջ, որպէս օգտակար արհեստաւորներ, սակայն յետոյ անոնք եւս աքսորուեցան Տէր-Զօր ու բնաջնջուեցան:
Քիլիսի հայոց գաղթականութեան սկսած օրերուն թաղերու և փողոցներու մէջ պարզուած են շատ ողբալի ու խղճալի տեսարաններ:
Հայ ընտանիքներու գոյքերն ու կահ կարասիները թափուած են հրապարակներու վրայ, ծախուած են մէկ տասներորոդ գնով և շատերը ենթարկուած թալանի ու կողոպուտի: Կանանց և մանուկներու լացն ու կոծը, դէպի ստոյգ մահ ճամբորդելու մտածումը, յուսահատութեան և հոգեկան տագնապի ամենաթշուառ կացութիւն մը ստեղծած՝ սպանդանոց տարուող ոչխարներու հօտին երևոյթը պարզած են:
Դէպի Տէր-Զօր գաղթեցուած քիլիսցի հայերէն շատ քիչեր վերադարձան: Մահացած էին նուազագոյն 2-3 հարիւր երկսեռ անձեր: Ոմանք սուինահար մեռած են, ոմանք անօթի և ծարաւ ճամբաներու վրայ, ոմանք ալ գետի մէջ խեղդամահ կամ հրոյ ճարակ դարձած են:


Ականատեսի վկայություն

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5440

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ