Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՆԱՏՕ-ի վատ տղերքը

ՆԱՏՕ-ի վատ տղերքը
07.12.2019 | 11:39

Զարմանալի չէ, որ Դոնալդ Թրամփը հեռացավ նույնքան դժգոհ, որքան եկել էր: Լոնդոնում ՆԱՏՕ-ի սամիթի առաջին օրը նա Մակրոնի հայտարարությունը որակեց «շատ, շատ չարացած», որովհետև իր քաջությունը չէր հերիքել ասել, որ ալյանսի ուղեղը մահացած է ու նպատակները՝ տարտղնված: Հաջորդ օրը Թրամփն ասաց, որ Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն երկերեսանի է ու վճռեց կրճատել իր ներկայությունը շքեղ հյուրանոցում՝ գոլֆի դաշտի կողքին: Նա չեղարկեց իր վերջին մամլո ասուլիսն ու հետ թռավ իր ուղղաթիռով՝ գրում է Սոնյա Դելասալ-Ստոլպերը Libération-ում: ԱՄՆ նախագահը վիրավորվել էր սոցիալական ցանցերում ու ԱՄՆ բոլոր ԶԼՄ-ներով տեսանյութի ցուցադրությունից, որտեղ մի խումբ մարդիկ զրուցում էին Բուկինգհեմյան պալատում: Հստակ երևում են միայն Ջաստին Թրյուդոն, Էմանուել Մակրոնը, Բորիս Ջոնսոնը ու արքայադուստր Աննան՝ Ելիզավետա երկրորդի դուստրը: Խոսակցության բովանդակությունը հստակ չէ, բայց ենթադրվում է, որ Թրյուդոն կատակում է Թրամփի սովորության վրա՝ այնքան երկարացնել իր մամլո ասուլիսները, որ մյուսներին ուշացնում է երեկոներից: Այս զավեշտալի պատմությունը վկայում է, որ ՆԱՏՕ-ի սամիթը դուրս է եկել իր ստեղծման 70-ամյակի տոնակատարության մռայլ շրջանակներից:

Ֆրանսիայի պատվիրակությունը չէր թաքցնում իր գոհունակությունը կոմյունիկեի հրապարակումից հետո, որ հաստատել էին 29 պետությունների ղեկավարները: Էմանուել Մակրոնը ողջունում էր ՆԱՏՕ-ի ռազմավարության մասին իսկական «խորհրդածությունների սկիզբը», մինչդեռ «սառը պատերազմի դարաշրջանի պարտավորություններն իրենց դարն ապրել են»՝ ասաց նա սամիթի ամփոփիչ մամլո ասուլիսում: Հիշատակման հետ, որ «Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները սպառնալիք են եվրաատլանտյան անվտանգությանը», ալյանսը ներառել է «ահաբեկչությունն իր բոլոր ձևերով ու դրսևորումներով» հասկացությունը, որ «մնում է մշտական սպառնալիք բոլորիս համար»:

«Երբ ձևավորվում է սառույց, անհրաժեշտ են սառցահատներ, որ որոշ աղմուկ են բարձրացնում, փոխարենը ճանապարհ են հարթում»՝ ասաց Մակրոնը՝ հղում անելով The Economist-ին իր հարցազրույցին՝ սամիթից առաջ, որ մեծ աղմուկ հանեց: Սամիթի կուլիսներում մի քանի պատվիրակություններ կիսաձայն ընդունում էին, որ այդ մի քիչ պինդ խոսքը իր արդյունքը տվեց՝ ցույց տալով, որ իմաստ ունի բանավեճ սկսել: Ֆրանսիայի նախագահը փորձեց վերսկսել երկխոսությունը Արևելյան Եվրոպայի երկրների հետ, որ հատկապես վիրավորված են Մոսկվայի հետ երկխոսություն սկսելու նրա ձգտումներից: Ի տարբերություն սամիթում այնքան էլ չփայլատակած Դոնալդ Թրամփի, որ գուցե դժգոհ էր իր դեմ սկսած իմպիչմենտից, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնից, որ տարված է իր արտահերթ ընտրություններով՝ դեկտեմբերի 12-ին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից, որ ավարտում է փայլուն կարիերան, Էմանուել Մակրոնը կաշկանդված չէր իր գործողություններում ու արարքներում: ՆԱՏՕ-ն պարտավորվեց վերանայել իր գոյության իմաստը, դաշնակիցները, որ նյարդայնացած էին նրա ագրեսիվ խոսքերից, կուլ տվեցին իրենց վիրավորանքը, համենայն դեպս՝առժամանակ: Դա հաջողություն է:
Սոնյա Դելասալ-Ստոլպեր, Libération


Հ.Գ. Սիլվիա Կաուֆմանը Le Monde-ում շարունակում է թեման: Նրա գնահատականով՝ ՆԱՏՕ-ում այս անգամ բոլոր կոշտ ու ակնհայտ խնդիրները դրվեցին սեղանին: Խոսքը խաղաղության կարևորագույն խնդիրների մասին է սառը պատերազմի ավարտից հետո: Դեկտեմբերի 4-ին Ուոտֆորդում՝ Լոնդոնի մերձակայքում, կլոր սեղանի շուրջ հավաքվել էին 29 մարդ, բայց բոլոր հայացքները կենտրոնացած էին երեքի վրա: Խառնակիչների եռյակը, տրոհման պրոֆեսիոնալները, ՆԱՏՕ-ի վատ տղերքը՝ ամերիկացի Դոնալդ Թրամփը, ֆրանսիացի Էմանուել Մակրոնը, թուրք Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այսինքն նրանք, որ գիտեն սկանդալ ստեղծել:


Բացակայում էին միայն երկուսը, որ ընտանիքի անդամ չեն, բայց զբաղեցնում են բոլորի մտքերը՝ ռուս Վլադիմիր Պուտինը և չինացի Սի Ձինպինը: Անգլիացիները գեղեցիկ խոսք ունեն՝ «փղերը սենյակում», այսինքն՝ նրանք, ում մասին չես ուզում խոսել, բայց չափազանց մեծ են, որ անտեսես: Բոլորը ջանում էին, որ պայթյուն չլինի: Պետք էր խուսափել դրամայից և ցույց տալ, որ հակառակ 2017-ին ԱՄՆ նախագահի հայտարարության, ՆԱՏՕ-ն «հնացած կազմակերպություն» չէ, ոչ էլ ուղեղի մահվան մեջ է՝ ինչպես Մակրոնն էր ախտորոշել, ոչ էլ անգործունակությամբ է տառապում, որ ի ցույց դրեց Էրդողանը՝ զորքերը Սիրիա մտցնելով՝ առանց դաշնակիցների հետ խորհրդակցելու:


Փոխարենը կա մի գործ, որ այս կազմակերպության մեջ յուրաքանչյուրը կարողանում է՝ ինչպես հեգնել էր ֆրանսիացի բարձրաստիճան մի դիվանագետ սամիթից առաջ, «խուսափել խնդիրներից ու որոնել ընդհանրություն»: Այս անգամ ընդհանրությունն էր՝ թուրքերին չկորցնելու ու Թրամփին չնյարդայնացնելու ձգտումը: Այս անգամ բոլոր կոշտ խնդիրները դրվեցին սեղանին: Դոնալդ Թրամփը Twitter-ում հայտարարեց, որ ԱՄՆ զորքերը դուրս է բերում Սիրիայից՝ անակնկալ լքելով ֆրանսիացիներին ու բրիտանացիներին: Դաշնակիցներին: Եթե 2020-ին նրան վերընտրեն, ՆԱՏՕ-ն կդիմանա՞: Ի վիճակի՞ է ալյանսը վերաիմաստավորել իր ռազմավարական առաքելությունը: Անկարան Մոսկվայից ՆԱՏՕ-ի տեխնիկայի հետ անհամատեղելի ՀՕՊ համակարգ է գնում: Թուրքիան ռազմական ներխուժում է ձեռնարկում Սիրիա, որ հակասում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների շահերին: Կրեմլը երեքշաբթի հայտարարեց, որ պատրաստ է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ: Բայց 2014-ին վերսկսեց այլ պետությունների գործերին ռազմական միջամտությունը՝ կրկնակի ագրեսիա նախաձեռնելով նախ Ուկրաինայում, հետո իր զորքերը Սիրիա ուղարկելով, նաև ակտիվություն է դրսևորում Աֆրիկայում ու Լիբիայում: Միջուկային ուժերի կառավարման սառը պատերազմի ժամանակների ռուս-ամերիկյան համակարգը ևս ուժից ընկել է: «Անհրաժեշտ է լցնել անվտանգության վակուումը»՝ գտնում է Ելիսեյան պալատը՝ Մոսկվայի հետ երկխոսության կոչ անելով՝ «առանց դույզն ինչ միամտության»: Բայց ի՞նչ գնով: Բայց հատկապես գերմանացիները ու նրանք, ում երկրները Ռուսաստանին սահմանակից են, չեն ուզում հրաժարվել ամերիկացիների վերաբերյալ պատրանքներից և ուզում են, որ ՆԱՏՕ-ն մեծացնի ներկայությունը իրենց տանը, նրանք շարունակում են հավատալ, որ Թրամփի հեռանալուց հետո ամեն ինչ կուղղվի ու զգուշավորությամբ են վերաբերվում Ֆրանսիայի ձգտումներին: Մակրոնը ձեռնպահ է մնում Բեռլինին Մոսկվայի հետ մերձեցման իր նախաձեռնության մեջ ներգրավելուց, սակայն Կենտրոնական Եվրոպայի պետությունների երևակայությունն է խաղեր տալիս՝ Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը նոյեմբերի 25-ին Բեռլինում հրապարակավ կասկածներ է հայտնել, որ Ֆրանսիան «Ռուսաստանի տրոյական ձին է»: Եվրոպան պետք է «իր ճակատագիրը իր ձեռքը վերցնի» 2016-ին ասում էր կանցլեր Անգելա Մերկելը: Բայց ինչպե՞ս:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4348

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ