Դուզ խոսքը իշուն են ասում
13.12.2019 | 01:11
Ոչինչ երկրին, պետությանը, մարդուն, հասարակությանը, դավանած արժեհամակարգին այնպիսի սարսափելի կործանիչ հարված չի հասցնում, որքան երկակի ստանդարտը: Ցավն այն է, որ, կախված գորածածողի կամ գործադրողի ով լինելուց, հասարակության մեջ զբաղեցրած դիրքից, այդ երկակի ստանդարտ կոչվածը կարող է ուղեցուցային արժեք ստանալ:
Կարող եք ասել, թե շատ ընդհանրական սկսեցի ու շատ հեռվից եկա:
Իզուր տեղը վեճի չբռնվեմ, անցնեմ ձեր ուզած առարկայականին:
Ֆրանսիացի գեղասահորդ Մորգան Սիպրեն (նրա Եվրոպայի չեմպիոն լինելը թյուրիմացաբար չասոցացնենք մեզանում վերջերս մեծ աղմուկ հանած մեկ այլ Եվրոպայի չեմպիոնի հետ) կասկածվում է սեռական ոտնձգությունների մեջ: Արածն էլ ինչ է, «սկզբունքորեն հեչ բան». երկու տարի առաջ տղամարդկային արժանապատվություն կոչվող «տնտեսությունը» նկարել, ուղարկել է տասներեքամյա մի աղջնակի, ում հետ պարապում է նույն սառցահրապարակում, մասնակցում մրցաշարերի:
Հայաստանյան նորօրյա չափանիշներով, որ զոմբիացված հասարակության պայմաններում կարծես թե կյանքի նորմայի արժեք է ուզում ստանալ, եղածն առանձնապես դատապարտելի չէ՝ բան է, նկարել է, ի՞նչ անենք, վատ է՞, որ աղջիկը հասուն գիտակցությամբ ու ըմբռնումներով է մտնում մեծ կյանք: Սակայն արի ու տես, որ, ի դեմս ֆրանսիական գեղասահքի համքարության, «վայրի կենցաղավարությամբ» ապրող ֆրանսիական հասարակությունը եղածի առնչությամբ ցցերի վրա է ելել, քանզի հասունացել է խոշոր սկանդալ՝ հասարակության բարոյական հիմքերին սպառնացող:
Պարզվում է, սակայն, վայրի կենցաղավարություն միայն ֆրանսիացիները չէ, որ ունեն. նման «ախտով» տառապում է և ամերիկյան հասարակությունը. այդ ամերիկյան USA Today-ի մատուցմամբ է այս լուրն առավել հանրայնացվել ու հրապարակայնացվել՝ դառնալով լայն հասարակության վայ սեփականություն:
Տուժած աղջնակի ծնողները պատմել են, որ դեռ այն ժամանակ են ցանկացել կատարվածի մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին, սակայն պատմությունը լայն հնչողություն չի ստացել Սիպրեի մարզիչներ Ջոն Ցիմերմանի ու Սիլվի Ֆոնտանայի պատճառով ու ահա թե ինչու. մարզիչներն աղջնակին ամոթանքի սյունին են գամել (չշփոթել անարգանքի սյունի հետ)՝ զուգահեռաբար վախեցնելով սոցցացնցերում նրա նկատմամբ վախի ու ահաբեկման մթնոլոտ ձևավորվելով ու «համոզչորեն» ապացուցելով, որ «ոչ մեկն էլ նրան չի հավատա»: Մասնավորապես, ինչպես վկայում են տուժածի ծնողները, մարզիչները նրան են մեղավոր հանել ու հիմնավորումը հետևյալն է. «Աղջիկը համակրելի է, իսկ տղամարդիկ իրենց պահանջմունքներն ունեն»:
Այստեղ իսկ արդեն կարող էինք ասել՝ հոպ, վարպետ, ոտն արա, հասել ենք տեղ, սակայն եկեք դեռ գնանք զարգացումների հետևից, թե ինչու է փաստը երկու տարի կոծկված պահվել: Բանն այն է, որ տվյալ պահի դրությամբ մարզիկները քթի տակ Հարավային Կորեայում կայանալիք օլիմպիական խաղերն են ունեցել (զույգը հինգերորդ արդյունքն է ցույց տվել):
Այս «կորդեբալետի» առնչությամբ (տղամարդը դեռևս համառորեն լռություն է պահպանում) աղմուկը տեղից շարժել է Սպորտի անվտանգության ամերիկյան կենտրոնին (SafeSport), որն էլ սկսել է դրվագի հետաքննությունը: Հընթացս պարզվել է, որ սույն պատմության մեջ կարող է ներքաշված լինել ևս մեկ չափահաս անձ: Համաձայն աղջկա ծնողների, AdventHealth Center-ում աշխատող Վինի Դիսպենզը՝ ևս մեկ մարզիչ, երկու անչափահաս աղջիկներին, ներառյալ տուժածին, ասել է, որ պիցա հյուրասիրելու խոստման դիմաց Սիպրեից խնդրեն ուղարկել իր նկարները: Հասկանալի, է թե ինչ նկարների մասին է խոսքը:
Հարկավ ուրիշ մանրամասներ էլ կարելի է ներկայացնել սույն պատմությունից, սակայն բավարարվենք նրանով, որ մեջտեղում հետաքրքրություն ներկայացնող այլ հանգամանքներ էլ են երևան եկել, ու թեև բանն ավարտվել է նրանով, որ ինչ-ինչ ճնշումների տակ վերջնահաշվում աղջնակը հրաժարվել է ընդդեմ Մորգան Սիպրենի վկայություն տալուց, այդուհանդերձ հասարակությունը չի՛ մնացել համրախոս ձուկ, և կամ այդ հասարակության մեջ չեն եղել անձեր, անհատներ, ովքեր իրենց պաշտպանության տակ վերցնեին նրան՝ փորձելով քայլը բացատրել անձի ողբերգությամբ, նրա ունեցած թե չունեցած շեղվածությամբ:
Ես ավելի քան համոզված եմ, որ մեր համեմատ շատ ավելի բաց այդ հասարակություններում չի գտնվի այդ մարզիկի կյանքը կինոնյութի վերածելու պատրաստ կառույց կամ անհատ՝ սվաղված հնարավոր միջոցներով փորձելով նրան պաշտպանության տակ առնել:
Չափից ավելի անուղղակի ենք մեր հուշումներում:
Գուցե թե:
Սակայն ժամանակին ինձ ուսուցանել են, որ դուզ խոսքը իշո՛ւն են ասում:
Դուզ բառը չփորձեք թարգմանել:
Մենք դա ձեզնից պակաս չգիտենք:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ