«Մարդկանց փառաբանելը, սրբերի շարքում դասելը, հայհոյելը, սև ու սպիտակի բաժանելը 2018-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակից են սկիզբ առել ու չեն լքում մեզ»
17.03.2020 | 00:10
Այն, ինչ այսօր կատարվում է քաղաքական ու հասարակական տիրույթում, հետևանք է հեղափոխության ժամանակ ներդրված ոչ դրական պրակտիկայի: Մարդկանց, սոցիալական ցանցերի օգտատերերի ու, առհասարակ, քաղաքացիների վերաբերմունքը քաղաքական երևույթների, դեմքերի նկատմամբ, այն է՝ նրանց փառաբանելը, սրբերի շարքում դասելը, հայհոյելը, սև ու սպիտակի բաժանելը 2018-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակից են սկիզբ առել ու չեն լքում մեզ: «Իրատեսի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆԸ:
-Նախկիններին մերժելու համար էմոցիոնալ այնպիսի սուր դաշտ էր պետք, որը ձեռնտու էր գործող իշխանությանը: Բնականաբար երկրում տեղի ունեցած քաղաքական գործընթացներից հետո մարդկանց մի խումբ սկիզբ դրեց այնպիսի գործընթացների, որ դուր չէին գալիս մեկ այլ խմբի, ու սա բերեց առճակատման: Իշխանության այն պնդումը, թե սիրո ու հանդուրժողականության հեղափոխությունից հետո երկրում համերաշխության մթնոլորտ է, մարդիկ, փողոցում իրար տեսնելով, գրկում են, բոլորը մեկմեկու սիրում են, զուտ հայտարարություններ մնացին: Իրականում իշխանությունը խրախուսում է երկրում ստեղծված ատելության մթնոլորտի ձևավորումը, ու խրախուսում է, որովհետև, այդ ատելությունը մի ծայրով ուղղված է ընդդեմ իշխանության, մի ծայրով պաշտպանում է իշխանավորներին: Հետևաբար ես այլ կերպ չեմ կարող մեկնաբանել մեր գործընկերների վարքագիծը, երբ իշխանության քաղաքական հակառակորդներին, ընդդիմախոսներին հայհոյում են հենց իրենց պատի տակ, վիրավորում, նվաստացնում, պատվի ու արժանապատվության հետ են խաղում, իսկ նրանք քայլեր չեն ձեռնարկում: Ես դրան այլ անվանում չեմ կարող տալ, քան ատելության մթնոլորտի խրախուսումն է,- ասում է նա:
-«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, ի դեպ, ասում են, որ եթե «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները փողոց դուրս գան ու շփվեն քաղաքացիների հետ, ապա կտեսնեն, որ իրենց հասցեին միայն սոցիալական ցանցերում չէ, որ վատ են արտահայտվում:
-Ինձ համար զվարճալի է, երբ Facebook-ով երկիր կառավարող իշխանության ներկայացուցիչներն ընդդիմությանը կոչ են անում դուրս գալ փողոց ու շփվել քաղաքացիների հետ: Դրանք մեր խորհուրդներն են եղել իշխանությանը, մենք ենք ասել, որ դուրս եկեք Facebook-յան իրականությունից: Եթե սոցիալական ցանցերի փոխարեն նրանք դուրս գան փողոց, կհասկանան, որ այն, ինչ կատարվում է մեր դեմ, այն ատելությունը, որ գեներացվում է մեզանից յուրաքանչյուրի նկատմամբ, գեներացվում է Facebook-ում: Բայց մյուս կողմից՝ այդ ամենն ազդում է նաև մարդկանց իրական կյանքի, պահելաձևի ու վարքի վրա: Դա է պատճառը, որ ահազանգում ենք՝ հարգելի՛ իշխանություն, պատգամավորներ ու գործադիրի անդամներ, եթե այսպես շարունակեք, ապա այդ մթնոլորտը սոցիալական ցանցերից դուրս է գալու և արդեն իսկ դուրս է եկել: Մարդիկ տարբեր իրավիճակներում՝ ընկերները միմյանց հետ զրուցելիս, հարևանները բակում սուրճ խմելիս, բարեկամները հարսանիքների կամ խնջույքների ժամանակ, քաղաքական վիճաբանության են բռնվում, ինչը ծեծկռտուքի է վերածվում: Սա բնավ միստիկայի ժանրից չէ, նման դեպքերի մասին լսել ենք արդեն:
-Տիկին Սամսոնյան, ինչպե՞ս եք վերաբերվում մետրոյում տեղի ունեցած միջադեպին, երբ աղջիկը վարչապետի մեկնած բուկլետը պատռել, այնուհետ նետել էր նրա վրա: «Իմ քայլի» ձեր գործընկերները սա համարում են վուլգար, 1000 տարվա պատմություն ունեցող ազգին ոչ հարիր պահվածք:
-Ես որևէ բնորոշում չեմ տա այդ երևույթին: Կասեմ միայն, որ մարդիկ ընդօրինակում են իրենցից հեղինակություն ներկայացնող մարդկանց կամ այն անձանց, որ հասարակական վարքագծի կանոններ են թելադրում: Այդ մարդկանցից է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հեղափոխությունից առաջ նա նույնպես վարվել է այդպես, նման օրինակ է ցույց տվել: Հիմա եթե մարդիկ որոշեն փչացնել տեսախցիկները, արագաչափերը կամ տարատեսակ բաներ կպցնեն դրանց վրա, ու՞մ են մեղադրելու, քաղաքացու՞ն, ում պետք է Facebook-ում նվաստացնեն, թե՞ վարչապետին ու նրա համախոհներին, ովքեր նման վարքագիծ են դրսևորել: Ընդ որում, եթե արագաչափեր փակելուց հետո այսօրվա իշխանությունները վերացնեին դրանք, ես կհասկանայի այդ արարքը, բայց եթե նման քայլի չեն գնացել ու չեն վերացրել, նշանակում է, որ եթե մարդիկ ուզենան իրենց բողոքը նույն կերպ արտահայտել, որևէ մեկը քննադատելու իրավունք չունի:
-Արդեն երկրորդ դեպքն է գրանցվել, որ քաղաքացիները, այսպես ասած, «ոչ»-ի թաղում են կազմակերպել: Իշխանությունները բավարարվել են հայտարարելով միայն, թե դա «այո»-ի հետ որևէ կապ չունի:
-Խորհրդարանի նախորդ նստաշրջանի ժամանակ մեր գործընկերներն ասում էին, որ եթե նման դեպք տեսնեն, ապա դատապարտելու են, հիմա կտեսնենք, թե ինչպես են դատապարտելու կամ չեզոքացնելու: Թող գնան, մարդկանց սովորեցնեն, որ դա ճիշտ չէ, որ դա ատելության քարոզ է, որ այդպես չեն մրցակցում քաղաքական հակառակորդների հետ: Այս հարցում մեծ անելիք ունեն:
-Հետաձգված հանրաքվեի քարոզարշավի ժամանակ, երբ վարչապետը Լոռու մարզ էր այցելել, ասֆալտների որակից էր խոսում: Տպավորություն էր, թե գնացել էր կատարված աշխատանքը ստուգելու, բայց դա այն դեպքում, երբ այդ ժամանակ արձակուրդում էր գտնվում
-Այո, համակարծիք եմ այդ տեսակետին, ավելին՝ կարող ենք դիտարկել, որ նա վարչական ռեսուրս է չարաշահում, փորձում է մեկտեղել աշխատանքն ու քարոզարշավը, որպեսզի այդ հարցով շատ խոցելի չլինի, կամ, այսպես ասած ասֆալտի որակից խոսելով՝ հանրաքվե է քարոզում: Իհարկե, ես հասկանում եմ տողատակը, որ աշխատանք ենք կատարել ու շարունակելու ենք կատարել, այնպես որ «այո» քվեարկեք, բայց հանրաքվեի բովանդակությունը կարծես բոլորվին այլ բանի մասին է: Չնայած ինչի մասին է խոսքը, եթե «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկն ասել էր, թե ասֆալտի որակը շատ ուղիղ կապ ունի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ:
-Նորից Լոռու մարզի այցից. Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել կուրթանցի տղայից՝ ասելով, թե գերագնահատել է իր՝ մարդու առողջականին նկարագիր տալու հատկությունը։ Բայց սրան զուգահեռ արդարացրել է, թե ինչու է այդպես վարվել։ Անկե՞ղծ էր վարչապետը, միգուցե դա տակտիկական քա՞յլ էր հանրաքվեին ընդառաջ:
-Սա արդեն երկրորդ դեպքն է, որ ՀՀ վարչապետը քաղաքացու նկատմամբ կոպիտ վերաբերմունք է ցուցաբերում։ Կիսում եմ այն մոտեցումը, որ յուրաքանչյուրը պետք է արարի, ստեղծի, կառուցի սեփական ջանքերով, պետությունից պահանջի միայն այն, ինչ պետությունը պարտավոր է տալ։ Սակայն խնդիրն այստեղ այլ է։ Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակը բարվոք չէ, տարիների ընթացքում խորացել է աղքատությունը, որն իր հերթին առաջացրել է հոգեբանական, առողջական և կախվածության այլ խնդիրներ։ Մարդիկ տեսել են պատերազմ, երկրաշարժ, բազմաթիվ զրկանքներ, և այս իրողություններից ելնելով՝ անհրաժեշտ է ցուցաբերել նրբանկատություն և անհատական մոտեցում։ Կարծում եմ՝ անձի վիճակի մասին առանց պատշաճ տեղեկատվություն ունենալու հանրային իշխանության ներկայացուցիչները պետք է ձեռնպահ մնան հրապարակայնորեն նման մոտեցում ցուցաբերելուց նրա նկատմամբ։ Դրա փոխարեն կարելի է պարզապես հանձնարարարել հապատասխան կատարողներին, որպեսզի ուսումնասիրեն հարցը և ըստ այդմ հասկանան՝ քաղաքացին պետության աջակցության կարիքն ունի՞, թե՞ ոչ։
-Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով։ ՈՒշացա՞ծ էր, ավելի վա՞ղ պետք էր արտակարգ ռեժիմ հայտարարել։
- Այո, ավելի վաղ էր պետք արտակարգ դրություն հայտարարել ու ստիպել մարդկանց, որ զսպեն հանդիպումները, շփումներն ու գործունեության մի շարք տեսակներ։ Հույս դնել մարդկանց ինքնագործունեության վրա անմտություն կլինի։ Ասել, թե արտակարգ դրություն մտցնելու որոշումը շատ ուշացած էր, ճիշտ չի լինի, բայց տեսանք թե մի շարք որոշումների հապաղումը, օրինակ, Իրանի հետ սահման չփակելը, Երևան-Միլան չվերթերը չչեղարկելն ինչի հանգեցրին։
- Նախարարն ասում էր, թե կորոնավիրուսի համար «շատ առանձնակի» քայլեր պետք չէր անել, բայց, փաստորեն, պետք էին դրանք։
- Այն պահին, երբ աշխարհն ահազանգում էր վիրուսի վտանգավորության մասին, մեր կառավարությունն աում էր, թե այն վտանագավոր չէ, կամ «ում շունն է»։ Շարունակում էին ընտրարշավ ու զանգվածային միջոցառումներ իրականացնել, ինչն իր հետևանքներն ունեցավ։ Մարդիկ, լսելով, որ դա վտանգավոր չէ, շարունակեցին բնականոն կյանքով ապրել։ Բացի այդ՝ առողջապահության նախարարությունը սկզբում ասում էր, թե երեխաների՝ վիրուսով վարակվելու հավանականությունը քիչ է, միայն տարեցների վրա է այն ազդում, բայց արդեն վարակակիր երեխա կա։ Կառավարությունն իր անլուրջ վերաբերմունքը պետք է մի կողմ թողնի ու դասեր քաղի այս ամենից։
-Փաստորեն չեղարկվում է նաև հանրաքվեն, իշխանությունը ցանկություն կունենա՞ հետագայում նորից հանրաքվե նշանակելու։
-Կչեղարկվի հանրաքվեն, թե կհետաձգվի, չեմ կարող ասել, բայց քաղաքական ցանկացած օրակարգ, որ ենթադրում է զանգվածային շփումներ, չպետք է գոյություն ունենա։
Զրույցը՝
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ