ՀՅԴ ԳՄ արտաքին քաղաքականության, սփյուռքի և հայրենադարձության ոլորտային մասնագիտական հանձնախմբի անդամ, քաղաքագետ ԳԵՎՈՐԳ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերին միջազգային հանրության արձագանքները մի քանի շերտերի կարելի է բաժանել: Միջազգային իրավունքի սուբյեկտների արձագանքները հիմնականում կոչեր են՝ ուղղված երկու կողմերին՝ կրակը դադարեցնելու, բանակցային գործիքներով ստեղծված իրավիճակը լիցքաթափելու առնչությամբ։ Այլ հարց է, որ մենք այսպիսի հայտարարություններից սովորաբար գոհ չենք, քանի որ միջազգային հանրությունից ակնկալում ենք հասցեական գնահատական, ինչը հետագայում գուցե Ադրբեջանի համար նման ոտնձգությունները կաշկանդող հանգամանք կդիտվի։ «Խիստ հակահայկական բովանդակություն ունեն թուրքական և ուկրաինական կողմի արձագանքները։ Հայտարարությունների մեկ այլ մակարդակ են տարբեր երկրների ազդեցիկ պաշտոնյաների, խորհրդարանների ղեկավարների ու անդամների, բարեկամական խմբերի անդամների առաձին կոչերը։ Դրանք իրարից տարբերվում են բնույթով, կշռով, քաղաքական հետևանքների հնարավորությամբ և այլնով։ Առկա են նաև հայկական կողմին սատարող ու ադրբեջանական կողմի գործողությունները դատապարտող հայտարարություններ»,- ընդգծում է մեր զրուցակիցը:
Քաղաքագետի գնահատմամբ` ՈՒկրաինայի արտաքին գործերի նախարարությունն ակնհայտ շփոթի մեջ է։ Բանն այն է, որ իրավիճակը ներկայումս սրվել է ոչ թե ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում, այլ ՀՀ-ԱՀ պետական սահմանին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը ոչ մի կերպ չեն տարածվում ռազմական գործողությունների ներկա տարածքի վրա, ավելին, Անընդունելի են այդ բանաձևերի խիստ միակողմանի մեկնաբանությունները և դրանց էության խեղումը։ «Ստեղծված իրավիճակն ընդհանրապես չի առնչվում նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու սուվերենությանը։ Եթե ՈՒկրաինայի ԱԳՆ-ում նկատի ունեն ղարաբաղյան հակամարտությունը և դրա կարգավորման գործընթացի շրջանակները, ապա լավ կլինի, որ զսպվածություն ցուցաբերեն և այնպիսի հայտարարություններ չանեն, որոնք հակասում են ղարաբաղյան հակամարտության միջազգայնորեն ընդունված բանակցային միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական դիրքորոշմանը։ Իբրև միջազգային իրավունքի սուբյեկտ՝ պաշտոնական Կիևի հայտարարությունները ոչ միայն հարիր չեն Հայաստանի և ՈՒկրաինայի միջպետական հարաբերությունների բնույթին և սպառնում են տարածաշրջանի կայունությանը, այլև հակառակ են ԵՄ Արևելյան գործընկերության տրամաբանությանն ու բնույթին, որի անդամներ են նաև ՈՒկրաինան, Հայաստանն ու Ադրբեջանը»,- ընդգծում է Գևորգ Ղուկայսանն ու հավելում, որ Արևելյան գործընկերության բոլոր գագաթնաժողովների հայտարարություններն ստորագրել է նաև ՈՒկրաինան, ինչը նշանակում է, որ ըստ էության, ընդունել է ղարաբաղյան հակամարտության տարբերակվածությունը արևելաեվրոպական տարածաշրջանի այլ հակամարտություններից ու դրա լուծման հնարավորությունը ՄԱԿ-ի կանոնադրության և ԵԱՀԿ հելսինկյան եզրափակիչ ակտի նպատակների և սկզբունքների շրջանակներում։ ՈՒստի ՈՒկրաինայի իշխանությունները պետք է ձեռնպահ մնան Արևելաեվրոպական տարածքում էթնիկ հակամարտությունները համահարթ մակարդակի վրա դնելու խիստ վտանգավոր ու միջազգային հանրության կողմից մերժված քաղաքականությունից և միջազգային հարաբերություններում վերադառնան կառուցողական դաշտ։
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ