Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մենք երազելու ժամանակ էլ չունենք. Արմեն Նիազյան

Մենք երազելու ժամանակ էլ չունենք. Արմեն Նիազյան
02.09.2022 | 07:20

Նեղությանը կարելի է համբերել, դժվարությանը՝ դիմանալ, խավարին՝ աղոթել․․․ Բայց անորոշությունը կոտրում է թևերդ ու ջարդուփշուր անում հույսդ։ Հայի ու Հայաստանի համար հիմա անորոշ ժամանակներ են:


Օգոստոսի սկզբին Տավուշի սահմանամերձ գյուղերում էինք․ շուրջ 150 երեխաների համար բակային ճամբարներ կազմակերպեցինք (ի դեպ, անցավ հրաշալի, նկարները կարող եք տեսնել Sport Mission Armenia-ի էջում)։ Թեմաներից մեկը, որ խոսում էի պատանիների ու երիտասարդների հետ, վերաբերում էր երազանքներին ու նպատակներին։ Ինձ համար զարմանալի բացահայտում եղավ, որ պատանիներն ու երիտասարդները վախենում էին գործածել «երազանք» բառը, ու ամեն անգամ իմ հարցին՝ կիսանեղացած (երբեմն էլ՝ շատ չոր) պատասխանում էին՝ «Ես երազանքներով չեմ ապրում»։


Երեխան, որ ծնվել է գյուղում, մեծացել կրակոցների ձայնի տակ, գումար չունի համալսարանական կրթություն ստանալու համար, ՎԱԽԵՆՈՒՄ Է ԵՐԱԶԵԼ․․․ Ինչքան ժամանակ անցավ, էդքան ավելի շատ հասկացա նրանց․․․
Ու հիմա իրենց սրտից պիտի գրեմ․ ՄԵՆՔ ԵՐԱԶԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԷԼ ՉՈՒՆԵՆՔ։
Շատ ենք երազել, դատարկ ու անհիմն ենք երազել, աջ ու ձախ գլուխ գովացել, բոլորին վերևից նայել, ամեն ինչում գտել մեղավորներ ու մեղադրել այլոց․․․ դրա համար 30 տարի թմբիրի մեջ էինք, հետո 44 օր, հետո՝ դրանից հետո․․․ մինչ օրս․․․ Երազեցինք գնալ Բաքու թեյ խմելու, իրենք եկան Շուշի, երազեցինք Աղավնոն ու Բերձորը պահել, զարգացնել մեր մի բուռ բնակչությամբ, իրենք դարձրին զինանոց, ուզեցինք Գորիսից արագ հասնել Կապան, իրենք անցակետ դրեցին ՄԵՐ ճանապարհին, երազեցինք ունենալ ծովից ծով Հայաստան, օր օրի մի կտոր կտրում են մեր հայրենիքից, մի օր՝ բարակ կտոր, մի օր հաստ․․․ ոչ արյանն են ուշադրություն դարձնում, ոչ ցավին, ոչ մեր բղավոցներին․․․ Երազեցինք լավ կառավարության, հայամետ իշխանության մասին, բայց 30 տարի գլուխներս պտտվեց արևմտամետների ու ռսամետների կռիվներից ու առևտրից։


Մենք երազելու ժամանակ էլ չունենք։ Վաղուց արդեն երազանք ստեղծելու ժամանակն է, ու ժամանակն է՝ մտածել էդ մասին անհատական պատասխանատվությամբ՝ ես ի՞նչ կարող եմ անել։ Ո՞րն է ի՛մ պատասխանատվությունը։ Էսօր ի՞նչ եմ արել իմ երկրի, իմ ազգի, իմ համայնքի համար։ Քանի դեռ անձամբ, մեզնից յուրաքանչյուրը, իր արժեքներով, իր զոհաբերություններով, իր շնորհներով, իր հնարավորություններով չի լծվել պետականաշինության գործին, հույս չունենաք, թե մի օր գալու է լավ կառավարություն ու կախարդական փայտիկի մի շարժումով Հայաստանը դարձնի Դուբայ։


Մեր ազգի դիմագիծը օր օրի խեղվում է․ բողոքում ենք «վերևներից», բայց «ներքևներում» էլ ամեն մեկս մտածում ենք՝ ինչ կարող ենք «քերել» դիմացինից, դրա համար տաքսիստը տուրիստից 30,000 է ուզում օդանավակայանից Երևան հասցնելու համար, գիդն էլ Տավուշի ջրամբարի փոխարեն անտեղյակ տուրիստին տանում է Ապարանի ջրամբար (որովհետև ավելի մոտ է), հետո էդ նույն մարդիկ ժողովրդի համար պատիժ դարձած օնլայն բուքմեյքերներում մսխելով «աշխատած» փողը՝ բողոքում են, թե կառավարությունը երկիրը ծախում ա․․․ ի՞նչ տարբերություն, մենք էլ ծախում ենք մեր արժանապատվությունը, թասիբը, արժեքները․․․


Բայց սրան զուգահեռ՝
Մեր շուրջը կան շատ լուսավոր ու գիտակից մարդիկ, վերջին ընթացքում էլ ծանոթացել եմ շատերի հետ, ովքեր գլուխները կախ լուռ աշխատում են։ Շա՜տ բան իրենց սրտով չի, բայց գլուխները կախ աշխատում են՝ շատ դեպքերում իրենց վրա վերցնելով պետության գործառույթները․ մեկը զարգացնում է երիտասարդությանը, մեկ ուրիշը՝ փորձում է կրթության ոլորտում արժեքներ ստեղծել, մեկ ուրիշն իր վրա է վերցրել մի ամբողջ համայնքի կյանքի զարգացումը․․․


Ու հիմա, ավելի քան երբևէ, ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ ԵՆ։
Ժամանակն է ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՐԱԶԱՆՔԸ՝ միասին, առանց իրար քննադատելու, առանց սրանից-նրանից բողոքելու, առանց իրար ոտքի տակ փորելու, առանց իրար միս ուտելու, առանց մտածելու միայն սեփական հարմարավետության, կաշվի ու ստամոքսի մասին։
Ժամանակն է՝ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՐԱԶԱՆՔԸ՝ իրար ձեռք բռնած, գլուխներս կախ՝ ամեն մեկս մեր գործն անելով, ամեն մեկս մեր շրջակա 10 քմ մաքուր պահելով, ամեն մեկս մեր երեխային մեծացնելով քրիստոնեական ճիշտ արժեհամակարգով ու սկզբունքներով, ամեն մեկս մեր մասով՝ ՄԱՐԴ լինելով․․․
Իմ երազանքի Հայաստանի համար պետք է, որ ԴՈՒ էլ թևերդ քշտես ու կպնես գործի․․․


Հ․Գ․ Նկարը՝ Տավուշյան մեր զրույցից երազանքների ու նպատակների մասին:

Դիտվել է՝ 12969

Մեկնաբանություններ