Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Զատկական» ընտրությունները և «հուդաների փորոտիքը»

«Զատկական» ընտրությունները և «հուդաների փորոտիքը»
17.05.2023 | 23:09

Շիրակի մարզի, մասնավորապես, Գյումրու դպրոցներում տիրող ամենաթողության, կոռուպցիոն սխեմաների, դպրոցների տնօրենների ընտանիքի անդամներին, ազգակիցներին, ընկերներին հետնորդ կարգելու փաստերն այնքան առատ են, որ երբեմն տեղեկատվական խողովակները պայթում են:
Գյումրիում, առաջիկայում, ըստ տեղեկությունների, սպասվում են մի շարք դպրոցների տնօրենների մրցույթներ, որոնցում ՔՊ-ականները ՝ մարզպետարանի ցածր հովանու ներքո, սրտանց ցանկանում են «իրենց մարդկանց» դասավորել:
Բանն այն է, որ նոր օրենքով, դպրոցը կունենա երկու տնօրեն՝ ուսումնադաստիարակչական և վարչատնտեսական:
Վարչատնտեսական տնօրեններին նշանակելու իրավասությունը տրված է մարզպետներին: Հենց այստեղ է, որ, ինչպես շրջանառվում է Գյումրիում, կլորիկ չէ, թոթոլ գումարի դիմաց, պատրասվում են ինչպես հին կադրերին ռակիրովկաներ անել, այնպես նոր պատրաստակամներին նշանակել: Ըստ օդում կախված լուրերի, վարչատնտեսական տնօրեն դառնալու «արժեքը» 10 մլն դրամ է: Ամեն ինչ թանկացել է, պաշտոնի կաշառքը ևս, ասում են:
Առաջիկայում Գյումրու 23, 30, 18 դպրոցներում սպասվում են ընտրություններ և վարչատնտեսական տնօրենների նշանակումներ: Ասում են ՝ Շիրակի մարզպետի սրտիկը ուզում է այդ պաշտոններում «դասավորել» իր համար շահեկան` բոլոր առումներով, «լուզեր» դարձած անձանց:
Ծիծաղելի կլիներ, եթե հանրության շրջանում խոսակցությունները՝ մարզպետի ցանկալի անձանց նշանակումների վերաբերյալ, իրականություն դառնային: Դա կփաստեր՝ թե գումարային կոնը, թե սցենարական նախապատրաստումները դրվել ու արվել են «ըստ պատշաճի»:
Ի դեպ, ասում են, Շիրակի մարզը երկու մարզպետ ունի՝ մեկը որոշողն է, մյուսը՝ կատարողը:
Որոշողը՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր է այժմ. մարզի դիրուվերի սցենարիստն ու ռեժիսորը:
Շիրակի մարզի կրթական բնագավառը վաղուց է դարձել համակարգված կոռուպցիայի, կծիկավորված հանցագործությունների քաշող ճահիճ:
«Ըդպես գուզեմ»-ի այժմյան դրսևորումներից է՝ դպրոցի ընտրված տնօրենից պաշտոնը խլելը: Ընդ որում, դա արվում է բոլոր ժամանակների ճամբարափոխների ցանկությամբ և կամքով:
Տնօրենի ընտրության «զատկական» խաղերը
2021 թվականի ապրիլի 13-ին, Գյումրու թիվ 41 դպրոցում անցկացված տնօրենի ընտրությունները սովորական սցենարով չէին պլանավորված. ինչպես վկայեցին փաստերը, այստեղ ընտրված տնօրենից պաշտոնը խլելու խոր մտածված «դրամատուրգիա» էր կյանքի կոչվելու:
Այսպես՝ 16.02.2021 թվականին դպրոցի կառավարման խորհուրդը , որի կազմում են նաև մարզպետարանի և քաղաքապետարանի ներկայացուցիչները, որոշում է կայացնում 2021 թվականի ապրիլի 13-ին անցկացնել դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ: Երկու օր անց՝ որոշումն ուղարկվում է Շիրակի մարզպետարան: 2021 թվականի փետրվարի 18-ից 24-ը Շիրակի մարզպետարանը, օրենքով սահմանված կարգով, պետք է ուսումնասիրեր փաստաթղթերը: Արդյունքում՝ 2021 թվականի ապրիլի 13-ին, անցկացվում է դպրոցի տնօրենի մրցույթը: Համաձայն գործող կարգի, ընտրությունները նշանակվել են սահմանված օրվա՝ գումարած ազատ՝ այս դեպքում՝ 2021 թվականի Զատկի տոնին հաջորդած աշխատանքային օրվա հաշվարկով: ՈՒ այստեղ է, որ Շիրակի մարզպետարանի, ինչպես ասվում է, ընտրությունները ցանկալի և անցանկալի շրջադարձեր ապահովող «հին գելերը» խաղարկում են ընտրության մեկ օր ավել-մեկ օր պակաս «ստավկան»: Դպրոցի կառավարման խորհդի որոշաման դեմ Շիրակի մարզպետարանը որևէ առարկություն չի ներկայացնում: Մրցույթի արդյունքում ՝ Գյումրու թիվ 41 դպրոցի ընտրություններում, հաղթող է ճանաչվում դպրոցի «հին» տնօրեն Արմինե Գևորգյանը` ձայների
5-3 հարաբերակցությամբ: Արմինե Գևորգյանի հաղթանակը, ըստ հետագա զարգացումների, չէր գծագրվել ոչ Շիրակի մարզպետի, ոչ էլ Գյումրու թիվ 7 դպրոցից գործուղված թեկնածու աղջկա՝ Հայաստան Կարապետյան-Հովհաննիսյանի ծրագրում:
Persona non- grata դարձած անձի ընտրության փաստը ծանր տանելով, Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանը, որն այժմ ՀՀ տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է կարգվել, ձգձգել է ընտրված տնօրենի հետ աշխատանքային պայմանագրի կնքումը, ինչի մասին վկայում են Արմինե Գևոգյանի և դպրոցի կառավարման խորհրդի նախագահի դիմումները:
Մասնավորապես, դպրոցի ընտրված տնօրենը Շիրակի մարզպետին գրում է. «2021 թվականի ապրիլի 13-ին ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց»
ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար կայացած մրցույթում ես հաղթող եմ ճանաչվել, սակայն մինչ օրս ինձ հետ չի կնքվել աշխատանքային պայմանագիր: Խնդրում եմ պարզաբանել` ի՞նչ հիմքով ինձ հետ չի կնքվել աշխատանքային պայմանագիր»:
Դիմումը թվագրված է 29.04.2021 թվականով: Այսինքն, Շիրակի մարզպետը, ընտրությունից 15 օր անց՝ խախտելով օրենքը, չի կնքնել պայմանագիրը: Դիմումը՝ կից:
Իր հերթին՝ դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Մ. Ավդալյանը ՝ արդեն մայիսի 7-ին, նույն հարցն է ուղղել Շիրակի մարզպետին. «Ի՞նչ հիմքով հաղթող տնօրենի հետ չի կնքվում պայմանագիր»: Դիմումը՝ կից:


Էպիստոլյար ժանրում հաղորդակցությունը Շիրակի մարզպետի հետ, ի վերջո, հանգեցնում է նրան, որ Հ. Հարությունյանը, ուշադրություն, 17.05.2021 թվականին, որոշում է ՝ «Արմինե Գևորգյանին նշանակել «Գյումրու թիվ 41 դպրոց» ՊՈԱԿ –ի տնօրենի պաշտոնում՝ կնքելով աշխատանքային պայմանագիր հինգ տարի ժամկետով: Որոշումը՝ կից:

Ընդ որում, ընտրությունների դրական ընթացքի և, օրենքին համապատասխան, ելքի մասին իր եզրակացությունն է ներկայացնում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ
Աստղիկ Վարդանյանը, որն հանդիսանում է Գյումրու թիվ 45 դպրոցի տնօրենը: Եզրակացության մեջ նշում է. «ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 41 դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված մրցույթն անցկացվեց ՀՀ կառավարության 2010 թվականի N 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի» պահանջներին համապատասխան»:
Այսինքն, ընթացակարգային և օրինական ոչ մի պահանջ խախտված չէ: Ի վերջո, եթե խախտում լիներ, փաստաթղթային ստուգման որևէ փուլում ընտրություններն անցկացնող կամ արհեստավարժ «պրովալ» տվողները կտեսնեին, կշտկեին:
Նշանակում է՝ պետք էր թրենդի մեջ մնալ՝ «թավշյա» յուրատիպ խեղում անելու հետագա մտադրությամբ:
Չեղավ, այդպե՞ս էինք պայմանավորվել
Գյումրու այս դպրոցի ընտրական էպոպեան՝ ձգձգումներով, փաստաթղթային շրջապտույտով, կարելի էր ավարտված համարել, եթե ի հայտ չգային երկրորդ տեղում հայտնված ու փաստացի պարտված թեկնածուի՝ Գյումրու թիվ 7 դպրոցում՝ դաստիարակության կազմակերպչի և ուսուցչի օգնականի կես դրույքները միաժամանակ մեկտեղած աղջկա պաշտոնամոլական անառողջ մղումները:
Տնօրենի պաշտոնը, կարծես, մանկության երազանք դարձրած աղջկա ամբիցիաները բավարարելու համար գործի դրվեց «պլան բ-ն»:
Ընտրված տնօրենի հետ 2,5 ամիս առաջ պայմանագիր կնքած Շիրակի մարզպետը հանկարծ «գիտակցեց», որ ընտրություններում պարտված Հայաստան Կարապետյանը պետք է կարգվի Գյումրու թիվ 41 դպրոցի տնօրեն: 19.07.2021 թ. մարզպետը թողարկեց իր խայտառակ որոշումը՝ լուծելով Արմինե Գևորգյանի հետ 2021 թվականի մայիսի 17-ին թիվ 20 աշխատանքային պայմանգիրը: Փաստաթուղթը՝ կից:

Բացի այն, որ որոշման անհիմք հիմք հանդիսացող օրենքի հոդվածները այժմ վիճարկվում են դատարանում, ծիծաղելի է, որ մարզպետի պաշտոնեական «հասունությունը» ի հայտ եկավ ամիսներ անց: Ընդ որում, եթե նա ընտրությունների ընթացքի վերաբերյալ ունենար կամ ունեցել է վերապահումներ ու հանկարծ է միտքը ծագել, որ Զատկի տոնական օրվանից հետո հաշվակի մեջ սխալվել են բոլորը, նախ, պետք է անմիջապես՝ դպրոցի կառավարման խորհրդի որոշման հաջորդ օրն իսկ՝ դեռևս փետրվար ամսին, հորդորեր ուղղել վրիպակը՝ ընտրությունը նշանակելով ոչ թե ապրիլի 13-ին, այլ մեկ օր անց: Եթե այդ մեկ շատ սկզբունքային օրվա փոփոխությունը չի արվել , ուրեմն, այն սկզբունքային չի եղել: Իսկ եթե մարզպետարանի ոչ մի պաշտոնյա չի տեսել վրիպումը, ուրեմն, Շիրակի մարզպետարանում ցայսօր պաշտոնավարող պատասխանատուները պետք է գտնեն պրոլետարիատի հայտնի շղթան ու կախվեն, որովհետև իրենց ոչ պրոֆեսիոնալիզմը, աշխատանքի նկատմամբ հանցավոր անտարբերությունը հանգեցրել է ընտրված տնօրենի պաշտոնազրկմանը: Մյուս դեպքում, եթե Շիրակի մարզպետն ընտրությունների մեկ օրվա հաշվարկի վերաբերյալ իրականում առարկություն է ունեցել կամ կարող էր ունենալ, ապա ՀՀ ԿԳՄՍ նախարարին պետք է դիմեր, ըստ օրենքի, յոթ օրվա ընացքում, ոչ թե 21 օր անց: Եթե յոթնօրյա ժամկետում չի դիմել, ուրեմն, մնացած բոլոր դիմումներն ուժը կորցրած են: Չէ որ, օրենքի և օրերի հաշվիչը հետադարձ ուժ չունի:
Բայց, Շիրակի մարզպետը, ինչպես ասվում է, գլխել է ինքն իրեն՝ ապացուցելով Հայաստան Կարապետյանին ամեն գնով տնօրեն դարձնելու խաղում իր խաղադրույքի առկայությունը: Ընդ որում, ուշագրավ է, որ Շիրակի մարզպետի և մարզպետարանի հումուխաշ խաղերը և «հուդայական փորոտիքի» նման դուրս պրծած եզրկացության մեջ ՝թվագրված 2021 թվականի մայիսի 14-ով, նշվում է՝ «Շիրակի մարզպետի դիմումով բարձրացված հարցի շրջանակներում, (խոսքը՝ աշխատանքային և ոչ աշխատանքային մեկ օրվա հաշվարկի մասին է, հավելումը՝ հոդվածի հեղինակի) Շիրակի մարզի «Գյումրու թիվ 41 դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար 2021 թվականի ապրիլի 13-ին կայացած մրցույթի արդյուքները չեն համապատասխանում կարգի պահանջներին՝ անկախ այն հանգամանքից, թե այն իրավական հետևանքներ առաջացրել է, թե ոչ»:
Այս էպոպեան ծիծաղելի է, քանզի եթե Շիրակի մարզպետը խիստ առարկել է և Շիրակի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետը ստորագրել է 14.05.2021 թվականի այս եզրակացությունը, ապա ինչպե՞ս է Շիրակի այդ նույն մարզպետը 17.05.2021 թվականին՝ եզրակացությունից երեք օր անց, ընտրություններում հաղթած տնօրենին, որի դեմ ամսաթվային պայքար է սկսել, նշանակել այդ դպրոցի տնօրեն և կնքել պայմանագիր:
Նշանակում է՝ 14.05.2021 թվականի փաստաթուղթը գրվել է հետին թվով ու դարձել է ընտրված տնօրենից պաշտոնը խլելու հիմք:
Փաստորեն, Շիրակի մարզպետարանը չի վարանել դիմել աղաղակող անօրինակասւթյունների մի աղջնակի համար, որի ամուսինը, ըստ տեղեկությունների, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գյումրու կառույցի ղեկավարն է: Հաղթող տնօրենի աթոռին հայտված պարտված թեկնածուի անհագ ցանկությունը՝ ամեն գնով ու գլուխները տրորելով, դպրոցի տնօրեն դառնալն էր: Նա չի խորշել ու անձկություն չի զգացել գործադրել անօրինական համակցված ջանքեր, ընդհուպ, ըստ տեղեկությունների, դպրոցի կառավարման և ծնողական խորհուրդների անդամներին՝ հարազատների միջոցով, ուղերձներ հղելով, թե տնօրենը, միևնույնն է, ինքն է լինելու՝ Հայաստան Կարապետյանը:
Հետաքրքիր է՝ բոլոր նրանք, ովքեր այս երիտասարդ աղջկան շնորհավորել են՝ «Հայա ջան, շնորհավոր» բառերով, հալա՞լ են համարել այս հարամ խաղը և ընտրված տնօրենից խարդախությամբ պաշտոն խլելը:
Հեղափոխության ալիքի վրա մարզպետ դարձածները, նրանց ձեռնասուն պաշտոնյաները խեղել և խեղում մարզի և Գյումրու կրթական համակարգը՝ դպրոցները վերածելով ոչ թե կրթության դարբնոցների, այլ հուդակայան արծաթապաշտների վերջին հանգրվանների:

Լիլիթ ԱՂԵԿՅԱՆ
Գյումրի

Նկարում՝ նյութում հիշատակված փաստաթղթերն են և ընտրված տնօրենը։

Դիտվել է՝ 6817

Մեկնաբանություններ