․․․ու Արցախը որպես ամբողջի մաս

․․․ու Արցախը որպես ամբողջի մաս
09.06.2021 | 22:17


Մեր ներսի թուրքի խմբագրումը


Երբ դեռ երկունքի մեջ էր «70 ճանապարհ դեպի տաճար» գաղափարը, իսկ դա սրանից մոտ մեկ տարի առաջ էր, որպես ծրագրի լուսաբանման մեջ ներառված մարդ առանձնակի հուզումով էի սպասում արցախյան պլեների իրողություն դառնալուն, տեղի նկարիչների հետ հանդիպմանը։ Պատճառը միայն Արծվաշխարհի խորհրդավորությունը չէր, ինքնիշխան, ազատ ապրելու նրա անսանձ տենչը, տեղի մարդկանց կամային, բարոյական բարձր որակները։
Ինձ համար Արցախի բացառիկությունը պայմանավորող ուրիշ բան էլ կար։
Որքան էլ առավելապես գիր ու գրականության, գրչի, արվեստի հետ կապ ունեցող մարդ, այնուամենայնիվ Լեռնաշխարհն ինձ համար նշանավոր գիտնականներ, մտածողներ, փայլուն զորավարներ տված երկիր ու ընկալում է եղել։ Այնպես որ արցախյան պլեներն ինչ-որ չափով ու առումով պիտի լիներ հանդիպում մասամբ իմացած, ճանաչածի հետ։
«Լավ կտորը՝ վերջում» հոգեբանությամբ Արցախը պահվել էր վերջում կամ վերջինների թվում ու, խնդրեմ, անսպասելիի, չար դիպվածի դաժան խմբագրումը․ խոշորագույն աղետի տեսքով Արցախյան սահմռկեցուցիչ երկրորդ պատերազմ՝ կորցրած Շուշի, Հադրութ հոգեհան անող, անպատկերացնելի դավով, Արցախի ոգեղենությունը, արյան մաքրությունը, ռազմի հզորությունը պայմանավորող տարածքի 75 տոկոսի դավադիր հանձնում-շտկումով․․․ ես էլ չեմ հիշատակում ունեցած զոհերի, գերեվարվածների, խեղանդամ դարձածների արյուն սառեցնող թվերը․․․
Արցախ գնալիս Լաչինի միջանցքն է արդեն իսկ արյան անսանձ փոթորկի, խելագարության հասցնող իրողության վերածվում, ուր մնաց գերեվարված, թշնամու լլկմանը հանձնված Շուշիի հետ առերեսվելը, որի առաջնայնությամբ էին արցախյան այս պլեները կազմակերպիչները վերնագրել «Աղոթք Շուշիում․ Արցախ»։

Ժամանակավոր ․․․ներից մինչև «լյոխ լյավա ինելու»


Նորից Լաչինի միջանցքի վերածված լեզվակով ենք գնում մասնատված Արցախ՝ շրջանցելով հայոց մշակութային մայրաքաղաքը, որը մեր մեջ եղած դավադրին ոչ թե չտեսնելու, այլ տեսնել չկարողանալու պատճառով դարձրինք թշնամու ոտքի կոխան։ Շուշիին մոտենալուն զուգահեռ հաճախակիանում են տարիների հնության գրչակից ընկերոջս, «Ռոսլին» արվեստի հանդեսի հիմնադիր, հայտնի հրապարակագիր Վրեժ Առաքելյանի խնդրանք-հորդորները, որոնք զուսպ պահվածքի մեջ մնալու թախանձանքներ են, սակայն ոռնոցի նմանվող «երկնառաքներս» շուրթերից պոկվում են զուգահեռաբար, երբ ոլորանից այն կողմ, լեռան դոշին, երևում է քաղաքի «Շուշա» արնագույն հիշատակումը։ Սա գոնե ինձ համար այն Շուշին է, որի ազատագրմանն իմ մասնակցության համեստ բաժնով․․․
Գժվել կարելի է, գժվե՛լ, ու խոշոր բարեբախտություն է, որ ռուս խաղաղապահներն ընդգծված հարգալից են, կարողանում են հասկանալ շունչդ կտրող ցավը, ինչ-որ մի տեղ, համենայն դեպս գոնե ինձ այդպես թվաց, ջանալով հասկացնել, որ «ժամանակավոր անհաջողությունները ժամանակավոր հաջողություններից լավ են»։


Մինչ չակերտվածին անցնելը, վկայեմ, որ Շուշի-Ստեփանակերտ ճամփաբաժանին օրեր առաջ միջադեպ հրահրելու փորձ է եղել։ Ռուս զինվորները արձագանքել են հնարավորինս արագ ու կոշտ, ավելի քան հստակ բարձրաձայնումով, որ «մեր տարածք մտնելու փորձին կհետևի գերկոշտ պատասխան»։ Այս պատմությունը ես արեցի ոչ տաքգլուխների համար, որ երևանյան ասֆալտի վրա հիմա էլ մեր-ի ու ձեր-ի ակտիվ վերլուծությամբ զբաղվեն, աշխարհագրական ուժերի տեղաբաշխման նոր քարտեզներ տեղում գծեն կամ հները մեջտեղ բերեն իրենց քաղաքական շահերի սպասարկման այս կամ այնկողմյան ռևերանսներով։ Ռեալությունը բովանդակային միանգամայն հստակ բացատրություն ունի՝ քանի դեռ խեղճ ես կամ խեղճացած (ինչ իմաստով ուզում եք ընկալեք) թիկունքիդ գոնե մեկին պիտի ունենաս:
Դառնալով չակերտվածին՝ հեղինակը ես չեմ, այն Չինաստանի կուսակացական, պետական ականավոր գործիչ Մաո Ցզեդունի խոսքերն են։ Արցախյան օրերին ես մեծ չինացուն մեջբերելու էլի առիթ կունենամ ու այն մեկ անգամ ևս բարձրաձայնելու խնդրանքով կդիմի մեր միջոցառման պատվավոր հյուրը՝ Արցախի Հանրապետության հերոս, գեներալ Արարատ Մելքումյանը՝ Արցախյան պատերազմները փայլուն անցած, զբաղեցրած դիրքով այժմ էլ պետական բարձր հանձնառություն ունեցող հայորդին, ով իր ներկայությամբ ոչ միայն զարդարում էր մեր սեղանը՝ շաղկապելով արվեստն ու զինվորականությունը, այլև լույս ու հավատ էր ճառագում։
Հարկավ կուզենայի հուսադրող հավաստիացումներով շաղախված շատ բան ասել, որոնք գալիս են նաև այլ աղբյուրների բերած սնուցումներից, սակայն շատ բան էլ մի ստիպեք բարձրաձայնել, պարզապես համոզված եղեք․ «Լյոխ լյավա ինելու»։ Իսկ դրա համար որքան հարկ լինի, այդքան ու դեռ մի բան էլ ավել կքրտնենք։
Մեր ճակատագիրն է՞ մեր ապրելու իրավունքը հաստատելը։
Կհաստատե՛նք։

Տաղանդավորը՝ ձեզ,
հանճարեղը՝ մեզ


Ծրագրի հովանավորներ Գրիգոր Մովսիսյան-Նաիրա Կարապետյան ամուսնական զույգի հոգածու ձեռքով հանգրվանել ենք Ստեփանակերտի «Պարկ» հյուրանոցում, հանդիպում ունեցել պլեների մասնակիցների հետ։ Մեր խոշոր բարեբախտությունն է, որ միջոցառման այս մասով գործ ունենք վերին աստիճանի կազմակերպված, ամեն ինչը փայլուն ծրագրած (ընդհուպ տեղի հեռուստաընկերությամբ պլեների լուսաբանումը կազմակերպած) «Արցախի նկարիչների միավորում» հասարակական-ստեղծագործական կազմակերպության նախագահ Արմեն Ղուկասյանի հետ՝ ինքն էլ չափազանց հետաքրքիր ձեռնարկների ու ծրագրերի հեղինակ, ժամանակակից արվեստի նորարարական ջիղը բռնած ու այնտեղ իրեն հաստատած մտավորական։ Այնպես որ անհանգստանալու բան չունենք, ամեն ինչ պիտի որ աշխատի շվեյցարական ժամացույցի պես։
Թեմայի առաջադրումը՝ «Աղոթք Շուշիում․ Արցախ», պլեների գաղափարը հղացողներինն է, գաղափարի իրականացումն՝ իրենցը (տվյալ պարագայում արցախցի նկարիչներինը)։ Հիմա այն լինելու է արցախյան բնապատկերի՞, թե՞ արցախյան մեկ այլ բնութագրականի հավերժացման տեսքով, պարտադրանք չկա՝ իրենք են ու իրենց անսանձ երևակայությունը, իրենք են իրենց ծնած, սնած, հասակ տված Արցախի մասին ունեցած իրենց խորքային, տիպականի հասցված ընկալմամբ։ Իսկ թե ինչու եմ «բնապատկե՞ր, թե՞» պայմանականությունը դնում, չկրկնվեմ, հա՞, որովհետև Շուշիի դավադիր անկման հիշատակմամբ եղածի բացատրությունն արդեն տվել եմ։ Մյուս կողմից էլ պայմանականությունը որքան էլ պայմանականություն, այդուհանդերձ էլ ի՞նչ ստեղծագործող, որ հայրենիքի պատկերն առնվազն ծրարված չունենա աչքերի մեջ ու հոգում։ Ինչ վերաբերում է Վրեժ Առաքելյանի դրած կիսակատակախառն, կիսաճշմարտանման խնդրին, սկզբունքը մեկն է՝ տաղանդավոր գործն իրենց, հանճարեղը՝ մեզ։

Արցախում քիչ է միայն նկարիչ լինելը


Մինչ փորձի ու տարիքի, վաստակի յուրօրինակ համաձույլ կազմած նկարիչների խումբը Հովիկ Գասպարյան, Սերգեյ Առուստամյան, Հրանտ Մնացականյան, Ռաֆայել Պետրոսյան, Սամվել Թավադյան, Դավիթ Առստամյան, տակավին աղջնակ Մարիա Սաղյան կազմով անցնում է հայրենի եզերքի հերթական ընթերցմանը, Արմեն Ղուկասյանի առաջնորդությամբ փորձում ենք հաղորդակցվել պլեներյան ներկապնակը կազմածների անցած ստեղծագործական ուղուն, ստեղծած ժառանգությանը՝ օգտվելով նաև տեղեկատվական այլ աղբյուրներից։
Թողնենք գեղարվեստի մարդու համար այնպիսի կարևոր ցուցչի հիշատակումը, որպիսին ցուցահանդեսներին մասնակցությունն է և, ի մասնավորի, դրանց աշխարհագրությունը, այս կամ այն թանգարանում, պատկերասրահում կամ հավաքածուում ներկայացվածությունը։ Թողնենք, իսկապես թողնենք սրանք ու մեզ համար արձանագրենք տվյալ պահի համար առավել առանցքայինը, առավել բնութագրականը, իսկ դա այն է, որ մեր այս ձեռնարկում անհատականությունների պակաս հիրավի չկա։ Ամեն մեկն աշխարհին նետած իր հաստատուն հայացքն ունի իր նույնքան հաստատուն հենման կետով, ամեն մեկն այդ աշխարհի վրա լայն բացված պատուհան է Աստծո կողմից իրեն տրված շնորհով ու առաքելությամբ, հուգու մեջ ունեցած լույսով ու գույնի զգացողությամբ, գույնի մեջ միտք, զգացմունք, բանականություն, ասելիք դնելու իր կարողությամբ։ Ստեղծագործ անհատ լինելուց զատ ամեն մեկն ինքնատիպ կենսագրություն է նաև եթե ոչ արցախյան ազատամարտին, առնվազն երկրի կայացմանն ունեցած մասնակցությամբ։ Սա արցախյան կյանքի համար բնութագրական, բնութագրականի հետ նաև տիպական հատկանիշ ու չափազանց կարևոր չափանիշ է, որովհետև աշխարհի ցանկացած ծայրում քո կոչվածության կողքին եթե պարտավոր ես և քաղաքացի լինել, Արցախի պարագայում քաղաքացի լինելուն գալիս է գումարվելու նաև զինվո՛ր լինելու պարտադրանքը։
Արցախյան մեր պլեների մասնակիցներին մեկ առ մեկ հիշատակելը կլինի անշնորհակալ գործ ոչ այն պարզունակ ընկալմամբ, որ նաև դուրս ենք գալու նյութի ծավալային չափումներից՝ փառք Աստծո դա էլ է հաղթահարելի բան։ Անշնորհակալ կլինի հետևյալ պատճառով՝ նրանցից յուրաքանչյուրն առանձնանալի է յուրովի, քանզի յուրաքանչյուրն իր բաժին արվեստի մեջ նկարող-արարողի իր խնդիրը լուծել է այն անխախտ պատգամին նվիրվածությամբ ու հանգույն, որ ժամանակին անվրեպ սահմանել է հանճարեղ Միքելանջելոն․ «Ստեղծագործող նկարչի խնդիրը նոր օրենքներ ստեղծելն է և ոչ թե այլոց կողմից հաստատված օրենքներին հետևելը»։


Եթե կհանդիպեք արցախցի մի նկարչի, ով իր արվեստում չի առաջնորդվել այս սկզբունքով, ուրեմն հաստատապես իմացեք, որ նա կամ արցախցի չէ, կամ էլ նկարիչ չէ։ Ու քանի որ մեկ ընդհանրական, հավաքական հոդվածում այս մարդկանց ներկայացնելու ողջ ծանրությունը դրվել է իմ առավել քան համեստ ուսերին, թույլ տվեք քիչ առաջ բարձրաձայնված դիտարկման շրջանակներում էլ մնալ՝ ձեզ թողնելով օգոստոսին կայանալիք ընդհանրական ցուցահանդեսի շրջանակներում ինքերդ ձեզ համար նրանց հայտնագործելու բացառիկ հաճույքը։


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 109297

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ