Հայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու կամ դրանում իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին որևէ ազդանշան չի հղել` ТАСС-ին տված հարցազրույցում ընդգծել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։ «ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի մասով Հայաստանը իր հարևանների հետ շարունակելու է փոխգործակցությունը՝ համագործակցության շրջանակում։ Ես անկեղծորեն ուրախ եմ դրա համար և հուսով եմ, որ այդպես էլ կլինի»,- շեշտել է նա։               
 

Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Կրկին «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» մասին

Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Կրկին «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» մասին
14.04.2013 | 14:30

Մի քանի ինտելեկտուալ, մտածող մարդկանց գրառումներ ինձ ստիպում են շարունակել բանավեճը ՀԱԿԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի բարձրաձայնած կոնցեպցիայի` «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» մասին:
1. Փորձ է արվում վերախմբագրել կամ մեկնաբանել, թե Տեր-Պետրոսյանի ասածը պետք է դիտարկել աջ` լիբերալ գաղափարախոսության դաշտում, իբրև հասարակության կառուցվածքի մոդել: Նաև մեր արձագանքից տարակուսած հարցնում են. «Ի՞նչ է, «Ժառանգությունը» սոցիալի՞ստ է, որ մերժում է բուրժուազիայի առկայությունը»: Հարգելիներս, Տեր-Պետրոսյանը խոսում է ոչ միայն հասարակության կամ շուկայի կառուցվածքի, այլև իշխանափոխության մոդելի մասին` կառավարման ներկայիս` «հին» կարգից անցում «նոր» կարգին: Այսինքն, թե ո՞ւմ միջոցով է իրականացնելու հեղափոխությունը, այն է`բուրժուաների:
2. Հեղափոխության` այսինքն իշխանափոխության այդ մոդելի մասին խոսում են բառակապակցության առաջին երկու բառերը. իշխանության փոխանցում բուրժուային կամ իշխանությունը խլել բուրժուազիայի օգնությամբ, որն էլ հաջորդ քայլում կամ կառավարում պետք է իրականացնի հանուն դեմոսի (հունարեն` ժողովուրդ) կամ իշխանությունը փոխանցի նրան: Այսինքն, ինքը` Տեր-Պետրոսյանը, բուրժուաների հետ միասին Սերժ Սարգսյանից ու նրա բուրոժուաներից վերցնելու է իշխանությունը, իսկ հետո այն կհանձնի՞ դեմոսին, թե՞ չի հանձնի, արդեն խոսակցության այլ նյութ է: Թեպետ վստահ եմ, որ չեն հանձնի:
3. Շատերը կհիշեն, թե 1995-ին ինչ գաղափար էր շրջանառության մեջ դրել Լևոն Տեր-Պետրոսյանը: Խոսքն այն մասին էր, որ այդ ժամանակ իշխանության հենարանը հանդիսացող ՀՀՇ-ն փոխարինվի, Տեր-Պետրոսյանի ասած, հարուստների կուսակցությամբ (ասում էին, թե նրա եղբայրն էլ հենց կղեկավարի կուսակցությունը), որի մեջ կմտնեին բոլոր խոշոր գործարարները: Սա այնքան մոդայիկ թրենդ էր տվյալ ու հաջորդած ժամանակի համար, որ ըստ սոցիալական դասերի կուսակցություններ ստեղծելու շարժում առաջացավ: Վանո Սիրադեղյանը ստեղծեց կանանց կուսակցություն («Շամիրամ»), նախկին ՀՀՇ-ական, ապա ԱԺՄ-ական Սեյրան Ավագյանն էլ կարճ ժամանակ անց նախաձեռեց «միջին խավի կուսակցության»` ՀԺԱՄ-ի հիմնադրումը, դե, ազատամարտիկներն էլ իրենց «կուսակցությունն» ունեին` «Երկրապահը», և այսպես շարունակ: Այսպիսով, Տեր-Պետրոսյանի մոտեցումը, այն է`«հանուն» դեմոսի կառավարումը հանձնել բուրժուաներին, նորություն չէ: Նա հենց դրա՛ մասին է խոսում, ընդ որում, բուրժուաներին կարևորւմ է նաև «հեղափոխություն անելու» գործում: Պատահական չէ, որ խոսում է Խաչատուր Սուքիասյանին, Գագիկ Ծառուկյանին ու նման գործարարներին ռեժիմից պոկելու մասին, ինչն էլ հենց մեծագույն իլյուզիան ու ռոմանտիզմն է, ինչպես և կյանքը ցույց տվեց:
4. Տեր-Պետրոսյանի այս մոդելին հակադրվելն ամենևին չի նշանակում սոցիալիստ կամ սոցիալ-դեմոկրատ լինել: Ի տարբերություն ՀԱԿԿ-ի, որը ծայրահեղ լիբերալ է (որոշ քաղաքագետներ ուլտրալիբերալիզմն անվանում են լիբերտարիզմ), «Ժառանգությունը» չափավոր ազատական է` աջ-ցենտրիզմի դաշտում: Այսինքն, աջ, բայց ոչ ծայրահեղ աջ: Քաղաքականության ու արժեքային դաշտում այն դրսևորվում է թե՛ խմբային` ազգային, թե՛ անհատական իրավունքների հարգումով (պատահական չէ, որ հենց այդ պատճառով «Ժառանգությունը» ազգային-ազատական ուժ է կոչում ինքն իրեն: Տնտեսության մեջ այդ չափավորությունը դրսևորվում է նրանում, որ աջ ցենտրիստական կուսակցությունները կողմնակից են ոչ թե ազատական շուկայական տնտեսությանը (գործում է ջունգլիների օրենքը` ով ուժեղ է, թող նա էլ հաղթի), այլ սոցիալական շուկայական տնտեսությանը (տարբերությունը ոչ միայն պետության կարգավորիչ դերի մեծացման մեջ է, այլև շուկայի սոցիալական ուղղվածությունն ու սոցիալական արդարությունը հաշվի առնելու մեջ. այս մոդելը պահանջում է կարևորել սոցիալական համերաշխությունն ու թույլի պաշտպանվածությունը): Հենց դրա մասին է խոսում այն, որ ՀԱԿԿ-ն անդամակցում է Եվրոպայի աջ լիբերալների ընտանիքին, իսկ «Ժառանգությունը»` Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը, որը քրիստոնեա-դեմոկրատական արժեքներ կրող աջ ցենտրիստական կուսակցությունների ընտանիք է: Քրիստոնեական արժեքների կամ մտածողության արտացոլումը Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական վարքագծում, որը պարբերաբար հեգնում է Տեր-Պետրոսյանը, հենց այդ աշխարհընկալման արդյունք է:
5. Ես քաղաքագիտություն ուսանել եմ ոչ միայն Հայաստանում, այլև Անգլիայում, ինչպես նաև լսել եմ աշխարհի լավագույն քաղաքագետներից շատերի դասախոսությունները: Պետք չէ մանիպուլյացիաներ անել: Ինձ համար չափազանց հստակ է, թե ինչի մասին է խոսում Լևոն Տեր-Պետրոսյանը: Ես նաև հասկանում եմ, որ նա սովետական սերնդի ներկայացուցիչ է, առաջնորդվում է այդ շրջանի կրթական կոնցեպցիաներով ու պատահական չէ, որ քաղաքականությունն էլ պատկերացնում է գերազանցապես դասակարգային պայքարի շրջանակներում: Մինչև հիմա էլ նա այն համոզվածությունն ունի, որ երկիրև պետք է կառավարի կա՛մ պրոլետարիատը, ինչը մերժել և մերժում է, կա՛մ բուրժուազիան: Նա քաղաքացիական պայքար և նման կարգի բաներ չի էլ պատկերացնում: Նրա համար, թերևս, գունավոր հեղափոխություններն ուղղակի ամբոխի հեղափոխություն են կամ, լավագույն դեպքում, արտաքին միջամտության արդյունք: Հիշեք 2011 թ. մարտի 1, 17-ի իր ելույթներն ու դրանից հետոն: Նա ներկայանում էր որպես Սերժ Սարգսյանին «մուբարաքացնել» պատրաստվող, աղքատացած, կատաղած զանգվածներին, ամբոխին վերահսկող քաղաքական գործիչ ու դրանով սպառնում Սերժ Սարգսյանին, որ երկխոսության գնա: Դրա համար էլ քաղաքական պայքարի քաղաքացիական հարթությունը Տեր-Պետրոսյանի համար անհասկանալի է, ու նա խոստովանում է, թե չի հասկանում Րաֆֆի Հովհաննիսյանին կամ չի տեսնում իր պատկերացրած «քաղաքական» ծրագիրը: Շատ հստակ է, թե որտեղից է գալիս նրա պատկերացումը քաղաքականության մասին, որոնք արդեն չափազանց հնացած են 21-րդ դարի համար: ՈՒ պատահական չէ, որ չեն աշխատում:
6. Եթե ոմանք պատրաստ չեն զուսպ, առանց վիրավորանքի գաղափարական բանավեճի, ցանկալի է, որպեսզի ընդհանրապես չխառնվեն դրան: Ես վիրավորանքներ չեմ հասցնում, այլ քաղաքագիտական բանավեճ եմ ծավալում: Եվ թող ոչ մեկը դրանից չնեղանա:

Դիտվել է՝ 2726

Մեկնաբանություններ