Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Բա վեշերը կապածին կասեն՝ վեշերդ հավաքի՞ր...»

«Բա վեշերը կապածին կասեն՝ վեշերդ հավաքի՞ր...»
19.08.2022 | 07:24

Երանի այն երկրի քաղաքացուն, ում հարցնում ես երկրի քաղաքականության, այս կամ այն երկրի հետ իրենց հարաբերության մասին, զարմանում ու ծիծաղում է, կարծում է՝ կատակում ես:
-Իսկ ես ինչու՞ պիտի իմանամ, հո պրեզիդե՞նտ չեմ….
Իսկ երբ, այնուամենայնիվ, հարցը հետապնդում ես, թե ինչպե՞ս է իրեն զգում բրիգադիր Սիսակը, ճիշտ Պետրոսի պես շվարում է.
-Պետք է որ լավ զգա…
Պատասխանը, պարզ է, չի գոհացնում քաղաքականացված հային, անցնում է պրովոկացիայի՝ ասում են Մակրոնի վերջերս կատարած այցից…
Չի թողնում շարունակես, դառնում է կատարյալ Պետրոս.
-Ա՛յ մարդ, դու ի՞նչ ես ուզում ինձանից, մաքուր օդ է՝ շնչիր, է՛լի, թող մենք էլ շնչենք՝ հազիվ մի երկու օրով եկել եմ…
Իսկ ես՝ հիմարս, ողջ գիշեր չքնեցի բերձորցի ծեր կնոջ մղկտոցից, կանգնել էր փողոցի մեջտեղը՝ մոլորված աջ ու ձախ էր նայում:


-Բա վեշերը կապածին կասեն՝ վեշերդ հավաքի՞ր… Թաղեմ ձեր նամուսը...
Էն ո՞վ էր ասում՝ դեռ դուրս չեն եկել... Քաղաքի կենտրոնում ասեղ գցելու տեղ չկար, խանութները ղժժում էին, ահել-ջահել, մեր ու մանուկ՝ ճամպրուկները քարշ տալով…
Ինչ տեսակի մարդու ասես չես հանդիպի, էլ ռուս ու ուկրաինացի, էլ կազակ ու թաթար, էլ մոնղոլի աչքերով, էլ խաղաղապահ, չգիտեմ՝ էլ ինչ…
Բոլորը խառն էին, շաղված ու շփոթված. մի ծանոթ դեմք չտեսա:
Ափսոս, չնկարեցի տարեց բերձորցուն, հազիվ զբաղված էի ոտքիս զարնված՝ քարի պես «վեշը» մի կողմ տանելով…


Հիշեցի շահումյանցիների, մարտակերտցիների տեղահանումը. հազարներով բերել-լցրել էին Կոռնիձորի ու Տեղվա դաշտերը…
Ես էի ու թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը… Նկարելն էլ թույլատրելի՜ չէր...
Թուրք զինյալները սահմանին ավտոմատի կոթերով էին դուրս հրում բեռնատար մեքենաների թափքից… Ծեծված, քերծված, ճղակտոր հեծեծալիս, ծերերի ու մանուկների լացը՝ երկինքն առած…


Դիմանալ էր պետք, որ չխենթանայիր...
Բարձրաձայն լացելով էի տեղից-տեղ անցնում՝ հարցուփորձի: Մեկի թևն էինք բռնում, որ չընկնի, մյուսի դուրս նետված ճամպրուկն էինք քարշ տալիս, մյուսին գետնից էինք բարձրացնում… Իսկը 15-ն էր…
Կարկուտը թակած հասկի պես սիլարած-թափված էին դաշտերում…
-Քեզ ձգիր, ուժ տուր, հույս տուր, լրագրող ես, առանց այն էլ՝ լացուկոծի մեջ են,-Խմբագիրն էր:
Ի՜նչ ձգելու մասին է խոսքը… Երեկվա երեխան էի, ուսանողական նստարանից նոր ելած, առաջին անգամ էի տեսնում գաղթ ու սպանդ, թուրքի զինյալներ՝ մեր խեղճուկրակ ժողովրդին՝ ցնցոտիների մեջ, մազապուրծ, ավտոմատով դուրս թափելիս…
Շան կյանք քաշեցինք երեսուն տարի, որ Արցախը լինե՜ր…
Զուր դարձավ ամեն ինչ, բերձորցի խեղճ պառավին նորից տեսա.
-Բա վեշերը կապածին կասեն՝ վեշերդ հավաքի՞ր…
Ով չհասկացավ, ասեմ. մեզ մոտ «վեշերը կապել» նշանակում է՝ պատրաստվել էն աշխարհ գնալուն…


Մեր իմաստուն պառավը հենց դա նկատի ուներ, ինչն ամբողջ գիշեր չթողեց աչք փակեմ:
Դե գնա ու մաքուր օդ շնչիր: 34 տարի եղավ՝ քնում-արթնանում ենք՝ սա է, էս դարդերը. թե ինչպե՞ս է բրիգադիր Սիսակը, Պողոսը, Պետրոսը, Գարսևանը…
Ու՞ր տարավ մեր տակառիկը էն հարբեցող շան որդին:
Չորսին էլ մի պատանում դնեմ՝ կասեր կյորեսեցին:


Սուսաննա Բաբաջանյան
Գորիս

Դիտվել է՝ 12369

Մեկնաբանություններ