«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը Եվրամիությանը` Interpress-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին։ «Մեծ ափսոսանքով պետք է նշեմ, որ այս պահին մեր հարաբերություններում բարդ շրջանում ենք: Բազմիցս հայտարարել ենք, որ «օտարերկրյա ազդեցության» օրենքի ընդունումը Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումների վրա բացասաբար կանդրադառնա, ինչը, ցավոք, տեղի ունեցավ»,- ընդգծել է դիվանագետը։               
 

Մոնիկան «շատ էր» Կիպրոսի համար

Մոնիկան «շատ էր» Կիպրոսի համար
25.11.2008 | 00:00

ՄԱՆԿԱԿԱՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼԸ» ՈՉ ՄԻԱՅՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՉԷ, ԱՅԼԵՎ ՈՒՐԱԽ ՉԷ
Օրերս Հանրային հեռուստատեսությունն իր «ամենաթանկ ժամին» բավական երկարաշունչ մի հաղորդում-հարցազրույց եթեր տվեց, որում Սիրուշոն հաղորդավարի «օգնությամբ» էնքան գովեց ինքն իրեն, էնքան հանգամանալից ներկայացրեց «արտիստի դառն ու դժվար, բայց նաև հաճելի կյանքն ու կերպարը», էնքան անդրադարձավ «Եվրատեսիլին», դրա «բերած հնարավորություններին» ու հաղթանակներին, որ, թերևս, նույնիսկ Մարիա Կալլասի «փառքը խամրեց»…
Տարօրինակ մի զուգադիպությամբ` նույն օրը կամ օրերին ռուսական հանրային TV-ն իր «Մինուտա սլավի» հաղորդմամբ «սրբագրեց» Սիրուշոյին: Մասնակիցներից մեկն իր բեմական համարը հենց այս երգչուհու «Քելե-քելե» երգի ներքո էր կատարում, ինչն առիթ դարձավ ժյուրիի հանդիմանության, իբր` չէի՞ք կարող կամ ռուսական, կամ դասական մի բան գտնել…«ինչո՞ւ էիք նախընտրել ակնհայտորեն թուրքական այդ ռիթմերը»: Գիտեի՞ն իրականում, թե ինչ երգ է, հեգնեցի՞ն, թե՞ պատահաբար ստացվեց` չգիտենք, բայց, ահա, սա էլ հո մե՞նք չենք, որ ասեն` «չարացած-դեղին մամուլ են»: Մի՞թե էն գլխից պարզ չէր, որ թե՛ Անդրեի, թե՛ Սիրուշոյի` «Եվրատեսիլում» երգած երգերը (ճաշակի հարց է. դուք կարող էիք հավանել կամ չհավանել Անդրեի երգը, բայց չէիք կարող ասել, որ այն «հարմար մի բան էր»` ասենք՝ որևէ արաբական գիշերային ակումբում «պոչ խաղացնելու» համար) արաբա-թրքա-հունական աջաբսանդալ էին և որևէ կապ չունեին մեր երկրի, մեր տեսակի և «մեզ Եվրոպայում պատվով ներկայացնելու-հաղթանակելու» հետ, ինչպես ցայսօր է Հանրայինով անընդմեջ քարոզվում…
Եվ ընդհանրապես, զարմանալի է ուղղակի, թե բուն Եվրոպայում իրականում իրենից ոչինչ չներկայացնող այս մրցույթին մեր իրականությունը որքան կարևորություն է տալիս և մանավանդ` որքան դրամ ծախսում, որ պակաս հետաքրքրվելու նյութ չէ, ի միջի այլոց: Հատկապես` խիստ մարդաշատ պատվիրակությունների դեպքում…
Եվ այն է` դեռ այս մի օվացիոն-անկապ-ծախսաշատ օյինբազությունը «չէինք մարսել», անցած տարվանից գլխներիս նաև «Junior Eurovision», այսինքն` «Մանկական Եվրատեսիլ» սարքեցինք: Ընդ որում` նույն «հորթի խանդավառությամբ», նույն ավելորդ ծախսերով, հաղթանակի նույն երազանքներով ու Հանրայինի ստուդիայում կազմակերպվող նույն «պադդերժկա-քննարկումների» ուղեկցությամբ` ասես դարիս ամենակարևոր իրադարձությունն է տեղի ունենում… Չէ, իսկապես, ամոթ չլինի հարցնել. ենթադրենք` Նադեժդա Սարգսյանը նախագծի պրոդյուսերն էր` Կիպրոսում էր, Էմմի՞ն ինչու էր մոր կողքին հայտնվել, նրա՞ ծախսերն ով էր հոգացել և ինչո՞ւ.. Կամ` պատվիրակության ղեկավա՞րս որն էր, տեսնես ո՞վ էր Ադոնց ազգանունով այդ տղեկը, ում Հանրայինն ու հավանաբար վերևներում մի տեղ զբաղված ծնողները «պատվիրակության ղեկավար» փայլուն տիտղոսի ներքո ուղարկել էին աշխարհը տեսնելու… Էլի շարունակենք. թե կար «Արևիկի» երգչուհին, ով այս տարի Կիպրոսից էր վարում մրցույթը` տեղի արդեն հանրահայտ մեր Գոհար Գասպարյանի հետ էլ Հանրայինի հաղորդավա՞րն ինչու էր Կիպրոս «գործուղվել»… էս ի՞նչ ծախսեր են, ժողովուրդ, եթե անգամ դրանք մեր գրպանների հարկերը չեն` բյուջեով Հանրայինով տրվող, եթե անգամ հովանավորչական գումարներ են` ո՞վ է ասել, թե էդ գումարները հատկապես մի քանի հոգու «կայֆերի» համար ու մանավանդ այդպես պիտի մսխվեն: Որևէ մեկը հաշվե՞լ է` դրանցով հնարավոր չէ՞ր լինի վաղուց արդեն Հանրայինից «քոչած» որևէ խելքը գլխին-մշակութային-մտավոր հետաքրքրություն ներկայացնող հաղորդում վարել, թեկուզ ամիսը մեկ անգամ, թեկուզ 20 րոպե տևողությամբ: Չէ՜, ո՞նց կլինի` աչքի կգան. համ էլ էդ ժամանակ կհայտնվի մեր հանրապետության գլխավոր պրոդյուսեր Քեշիշյանն ու կամ կասի` Ապեր, փող չկա, կամ էլ փող կուզի…
Լավ, սկսել–սկսել ենք. «Junior Eurovision»-ին գանք: Չնայած այն բանին, որ «Մանկական Եվրատեսիլը» ընդամենը 2003-ից է անցկացվում, հարկ է նկատել, որ այն հասցրել է արդեն տեղը տեղին հոգնեցնել հանդիսատեսին: Դեռ լավ է` այս տարի դիմահարդարը կաբարեում տղամարդ փնտրող 40-ամյա կնոջ պես չէր «ներկել» երեխաներին (չնայած` թունդ «զագառ» շպարով ու է՛լ ավելի թունդ «կապույտ տենով» ռումինուհին և էլի մի քանիսը, որ հիմա չեմ հիշում, «պակաս կամ կարոտելու տեղ չթողին-հիացրին» նաև ա՛յդ իմաստով…), լավ է` ակնհայտորեն սեքսուալ շոուներն էլ քիչ էին, բայց որ ասենք` իսկական մանկական տոն էր, ուրախություն, սուտ կլինի:
Եվ ընդհանրապես` եթե 14, 15 տարեկանները (որ կարող են, այս մրցույթի կանոնների համաձայն, մասնակից լինել) երեխաներ են, բա պարմանիներն ու պարմանուհինե՞րն ովքեր են: Չէ՞ որ ընդամենը 1-2 տարի անց այս «երեխաները» պիտի արդեն անձնագիր ստանան, այսինքն` ի վիճակի լինեն, իրավունք ունենան չափահաս կոչվելու՝ անգամ ամուսնության իրավունք ունենալով: Կամ` ինչքանո՞վ է ճիշտ զուգահեռ անցկացնել Մալթայի 10-ամյա իսկապես մանուկ կատարողի ու 14 -ամյա` արդեն հասուն մարմնաձևերով, ձայնով, «հավակնություններով» նիդեռլանդացու միջև, ով այնքան տխուր երգեր է գրում, որ անցած տարի ժյուրին նույնիսկ թույլ չէր տվել նրան երգել: Օրինակներ էլի կարող եմ բերել. ակնհայտորեն Էլթոն Ջոնի պահվածքը նմանակող, նրա պես դաշնամուրի նվագակցությամբ հանդես եկող, մի քիչ «յանը տարած-ինքնամփոփ» բելգիացին էլ առանձնապես հարմար մեկը չէր, ասենք` 1-ին տեղը նվաճած-ինձ շատ դուր եկած-իսկապես մանուկ բզեզների կողքին:
Կարճ ասած` տոն չկար, մանկություն չկար, ուրախություն չկար, և չնայած ի սկզբանե էլ մի բան չէր, բայց հիմա գնալով էնքան անկապ է դառնում էս մեր «Մանկական Եվրատեսիլը», որ հասկանալի է դառնում բուն Եվրոպայի` դրանից հրաժարումն ու դրա` մի տեսակ սլավոնաբալկանյան ակումբի վերածվելը: Գուցե ենթագիտակցորեն հենց դա՛ էր զգացել մեր Գոհարիկը, որ հերթական անգամ շփոթվեց ու Բելառուսի մանուկներին իբր ռուս ներկայացրեց: Լավ էր` «Արևիկի» աղջնակը հումորի տվեց իրեն ուղղելու նեղություն չտված մեր այս «մեծահասակ հաղորդավարին» ու թե` շփոթեցինք սլավոնական երկրներին, կներեք…
Ինչ վերաբերում է մեր վերոհիշյալ մտքին, թե բուն Եվրոպան վաղուց է ձեռ քաշել էս ծախսատար հիմարությունից, նշենք, որ իսկապես էլ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Դանիան, Պորտուգալիան և նույնիսկ արևելաեվրոպական Լեհաստանը հրաժարվել են իրենց ներկայացուցիչներին ուղարկել «Junior Eurovision»-ին մասնակցելու, և, թերևս, հարկ կա այս մրցույթի անունը «քիչիկ մը ուղղելու»…
Լավ, չերկարացնենք, նշենք, որ այս տարի կանոնները փոխվել էին. չնայած քվեարկության ընթացքում ձայնի վերջնական իրավունքը հանդիսատեսինն էր առաջվա պես, բայց ամեն մի երկրից նաև պրոֆեսիոնալ ժյուրին քվեարկեց, իսկ որ երգը պիտի գրված լիներ հենց մասնակցի կողմից, հնչեր մայրենիով և նախկինում երգված չլիներ, հիշեցնելու կարիք չկա: Նույն կերպ, թերևս, արդեն բոլորը գիտեն, որ արժանիորեն հաղթանակ տարավ վրացական տրիոն` «Բզիկեբին» կամ բզեզները` իրենց «Բը՜զ» երգով, բոլորը տեսան, որ երկրորդ տեղը գրավեց ուկրաինական Վիկտորիա Պետրիկն` իր բավական հաջող «Նավաստիներ» երգով, երրորդ տեղը` լիտվացի Էգլե Յուրգայտիտեն` «Երջանիկ օր» երգով (ի դեպ, ոչ միայն լավ վոկալ էր, այլև նախանձելի հանդարտ-արտիստիկ բեմական պահվածք), իսկ մենք հաջորդեցինք 7-րդ տեղը գրաված ռուս տղեկին, որն իր «Քնած է հրեշտակը» երգով ինձ բավականին հուզեց: Չնայած` երևի նաև ռուսական ալիքներից մեկով հիմնականում գնչուական միջավայրում անցնող նրա վորոնեժյան-գյուղական, բայց խիստ հետաքրքիր-երաժշտական, մի քիչ էլ տարիքին ոչ հատուկ խոհուն-ֆոլկլորիկ առօրյային էի «հանդիպել», էդ պատճառո՞վ էի «ակամա բարեհաճ»` չգիտեմ…
Ամեն դեպքում փաստ է, որ այս տարի Բելառուսը, ՈՒկրաինան, Հունաստանը, Կիպրոսը, Մալթան, Նիդերլանդները, ՌԴ-ն, Ռումինիան, Սերբիան, Բուլղարիան, Մակեդոնիան, Լիտվան, Բելգիան, Վրաստանն առանձնապես բարեհաճ չէին մեր գյումրեցու` Մոնիկա Մանուչարովայի երգի հնչյունների նկատմամբ (այո, հզոր ձայն ուներ աղջիկը, բայց նրա դեպքում էլ է մեր ասածն ուժի մեջ. պիտի իսկապես մանկական երգով և ավելի ցածր տարիքի մեկին ուղարկել, Մոնիկան «շատ էր» Կիպրոսի համար), և փաստ է, որ Ռոտերդամում մեր «Արևիկի» երկրորդ տեղից հետո սա ակնհայտ ձախողում էր, որքան էլ հիմա տարատեսակ «փուչիկներ փչեն»…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ
Հ. Գ. -Մրցույթի «սկանդալը», ի դեպ, Ռուսաստանի` Վրաստանին տված 12 բալն էր: Բոլորը սա էին քննարկում այս օրերին, իսկ ինձ համար մի բան պարզ է, որ ոչ մի զարմանալի բան էլ դրանում չկար. նախ` երեխաները իրոք լավն էին, հետո էլ` ռուսներն ու վրացիները որքան էլ «իրար կերել են», դեռ խորհրդային տարիներին երևան եկող զարմանալի մի «ձգողական սեր էլ են տածել միմյանց հանդեպ»: Մինչ մերոնք «կանյակ-բամբաներկով պատ էին ծակում», նրանք լա՜վ էլ իրար օգնելով առաջ էին գնում մոսկվաներում: Երևի իսկապես սիրուց ատելություն (և հակառակը) մի քայլ է…

Դիտվել է՝ 4597

Մեկնաբանություններ