Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Էրդողանի վարչակազմը փորձում է չեզոքացնել քաղաքական պայքարը, որն ունի ազգային հիմքեր»

«Էրդողանի վարչակազմը փորձում է չեզոքացնել քաղաքական պայքարը, որն ունի ազգային հիմքեր»
04.12.2018 | 01:53

Վերջին օրերին Թուրքիայում դարձյալ լարվածություն է նկատվում։ Այս թեմայի շուրջ զրուցեցինք թուրք-քրդական հարաբերությունների փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ։

-Պարոն Հովհաննիսյան, քրդական հարցում վերջին օրերին դարձյալ լարվածություն է նկատվում։ Ինչո՞վ է դա պայմանավորված, և ի՞նչ իրավիճակ է այժմ։
-Ժամանակ առ ժամանակ քրդական հարցը Թուրքիայում վերածվում է քաղաքական կամ ռազմական լարվածության: Այո, իսկապես այս պահին լարվածություն կա, սակայն այն առայժմ քաղաքական տեքստի վրա է: Քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելաթեին Դեմիրթաշի դատական գործի հետ է կապված այն: Քրդական քաղաքական ողջ համակարգն այս պահին լծված է Դեմիրթաշին բանտից դուրս բերելու գործին: Գործին են լծվել քրդական սփյուռքը Եվրոպայում, քուրդ մշակութային գործիչներն ու գիտնականները: Անգամ դիմել են ծայրահեղ քայլերի՝ իրականացնելով հացադուլներ: Օրինակ, արդեն 24 օր է, ինչ հացադուլ է հայտարարել քաղաքական, հասարակական գործիչ Լեյլա Գյուվենը: Թուրքական իշխանությունը քրդամետ HDP-ին մեղադրում է PKK-ի հետ համագործակցելու մեջ, սակայն մինչև հիմա չունի ոչ մի արժանահավատ փաստ, ինչի մասին խոսել են նաև միջազգային կառույցները:
-Թուրքիայում տասնյակ քուրդ երիտասարդներ են ձերբակալվել։ Ի՞նչ վտանգ էին նրանք ներկայացնում։
-Թուրքիայի հարավարևելյան և արևելյան նահանգներում սկսվել է ձերբակալությունների նոր շարք: Ձերբակալվում են հիմնականում ակտիվ երիտասարդները, իսկ ձերբակալման հիմնական պատճառը կրկին ահաբեկչական կառույցների հետ համագործակցելն է: Պետք է ասեմ, որ այս ձերբակալությունները տարբերվում են մինչ այժմ եղած ձերբակալություններից նրանով, որ ոչ միայն արական սեռի ներկայացուցիչներ են ձերբակալվում, այլև մեծ թիվ են կազմում նաև իգական սեռի ներկայացուցիչները: Եթե նայենք ձերբակալվածների ցանկին, ապա պարզ է դառնում, որ ձերբակալվողները քրդական տարբեր կուսակցությունների տեղական ղեկավարների, այսպես ասած, ակտիվներն են: Կարելի է ենթադրել, որ Թուրքիայի հետախուզությունը ստացել է տեղեկություն, որ պատրաստվում են լայնածավալ բողոքի ակցիաներ, և անցել է ձերբակալությունների: Ես պետք է շեշտեմ, որ ձերբակալվողների ճնշող մեծամասնությունն այն գաղափարախոսության մարդիկ են, ովքեր մտածում են, որ քրդական հարցը պետք է լուծվի միայն քաղաքական ճանապարհով, և շատ դեպքերում հենց իրենք են անուղղակի հասկացրել, որ PKK-ի պարտիզանական գործողությունները միայն խանգարում են իրենց: Սա ևս փաստում է, որ Էրդողանի վարչակազմը փորձում է չեզոքացնել քաղաքական պայքարը, որն ունի ազգային հիմքեր:
-Էրդողանը օրերս հայտարարել էր, որ անընդունելի է համարում Սիրիայի հյուսիսում` Թուրքիային սահմանակից շրջաններում քուրդ-ամերիկյան պարեկային ծառայության իրականացումը։ Էրդողանը հարցը պետք է քննարկեր Թրամփի հետ հանդիպման ընթացքում։ Քննարկվե՞լ է արդյոք, և ի՞նչ որոշում է ընդունվել։ Դրանք ի՞նչ պարեկային ծառայություններ էին, ի՞նչ նպատակ էին հետապնդում։
-Էրդողանն ընդհանրապես անընդունելի է համարում Սիրիայում քրդերի հետ որևէ համագործակցություն կամ քրդերին որևէ լիազորության ընձեռում: Փաստը մնում է փաստ, որ թե Սիրիայում, թե Իրաքում ԱՄՆ-ի լավագույն և հավատարիմ դաշնակիցը ԻՊ-ի դեմ մղվող պայքարում քրդերն են, ասել է թե՝ քրդական ռազմական միավորումները, որոնց էլ ֆինանսավորում և զինում է ԱՄՆ-ը: Թրամփի և Էրդողանի հանդիպման ժամանակ, որը տևել է 50 րոպե, քննարկվել են Մանբիժում, Աֆրինում և Իդլիբում Թուրքիայի և ԱՄՆ-ի համագործակցության մասին հարցեր: Հենց այդ հանդիպման ժամանակ Էրդողանը կրկին խոսել է քրդական ռազմական միավորումների, տվյալ դեպքում` YPG-ի մասին, սակայն կրկին ստացել է ստանդարտ պատասխան, որ քրդերը ԻՊ-ի դեմ պայքարում դաշնակից են: Քուրդ-ամերիկյան պարեկային ծառայությունը, որպես այդպիսին, արդեն կա և գործում է դեռևս օգոստոս ամսից, սակայն ոչ թե թուրք-սիրիական սահմանի երկյանքով, այլ այն բնակավայրերի սահմաններում, որտեղ բնակվում են քրդեր: Ըստ էության, քուրդ-ամերիկյան պարեկային խմբի ոչ թե գոյությանն է դեմ Էրդողանը, այլ թուրք-սիրիական սահմանին պարեկային հսկողություն իրականացնելուն: Սա էլ ունի իր պատճառները: Էրդողանն անընդհատ Եվրոպային է դիմում Սիրիայից փախստականների անօրինական մուտքի հարցով և ֆինանսներ պահանջում փախստականների համար, իսկ եթե քուրդ-ամերիկյան պարեկային խումբը հայտնվի սահմանին, Թուրքիան կզրկվի եվրոպական ֆինանսական միջոցներից:
-Սորոսը օրերս հայտարարեց, թե իր «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպությունը դադարեցնում է գործունեությունը Թուրքիայում։ Մինչ այդ էլ Էրդողանն էր մեղադրել Սորոսին Թուրքիայում անկարգություններ հրահրելու մեջ։ Այս իրադարձությունը ի՞նչ ենթատեսքստ ունի։
-Կարծես թե խախտվել է Էրդողանի և Սորոսի միջև եղած այն պայմանավորվածությունը, որի մասին երկար ժամանակ խոսում էին Թուրքիայում: Ըստ շրջանառվող վարկածի, «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպությունը Թուրքիայի խոշոր քաղաքներում իրականացնելու էր բնապահպանական, կենդանիների պաշտպանության և նմանատիպ բողոքների ակցիաների կազմակերպում, որպեսզի դրանցով մեղմեր քրդական հարցով տեղի ունեցող բողոքի ակցիաներն ու ռազմական բախումները: Սակայն իրականում Սորոսը խախտել էր պայմանավորվածությունը և Թուրքիայի մի շարք քրդաբնակ նահանգներում սկսել էր ֆինանսավորել այնպիսի շարժումներ, ինչպիսիք էին քրդական դպրոցների բացման պահանջով բողոքներ, քուրդ կանանց պետական կառավարման համակարգում ընդգրկելու պահանջով բողոքներ, քրդական բնակավայրերում ժամանակ առ ժամանակ պարետային ժամերի դեմ բողոքի ակցիաներ և այլն: Իրականում ոչ թե Սորոսն է որոշել դադարեցնել «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության գործունեությունը, այլ հենց Էրդողանն է որոշում կայացրել Թուրքիայի տարածքում արգելելու այդ հիմնադրամի աշխատանքը:


Զրուցեց
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 13733

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ