Մանդատ ու պաշտոն ստացողներն ինչքան էլ օքսֆորդներ ու քեմբրիջներ ավարտեն, եթե փորձ չունեն, ճանապարհ չեն անցել, չեն ընկել ու բարձրացել, գրեթե անհնար է, որ լավ կառավարիչ լինեն: Պաշտոններ ստանալիս նախ և առաջ պետք է գիտակցել՝ այն միայն փափուկ աթոռը, ժողովրդի կողմից քացր-մեղցր արտահայտություններ լսելն ու «դմփ-դմփ-հու» գոռալը չէ: Այն պատասխանատվություն է, հաշվետու լինելու հատկանիշ ու լրագրողների հարցերին «դիմադրելու» կարողություն: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ օրեր առաջ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցին ուշադրությամբ հետևում էի ու «Աստված կանչում», որ հերթական սայթաքումը չանի: Հանուն արդարության նշեմ՝ Սարգսյանը երկար մտածեց, թե ինչպե՞ս կարող է շրջանցել լրագրողի ուղիղ հարցը, բայց, փաստորեն, «ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է, ժողովրդի ծառայողն է, և եթե ժողովուրդը իր մեծամասնության քվեն տվել է իշխանությանը, ապա ծառայելով իշխանությանը՝ ծառայում են ժողովրդին» միտքը չարտաբերել չկարողացավ: Մեկ սայթաքումով մի քանի բան խոստովանեց՝ նախկինի նման իրենք նույնպես ուժային կառույցներն իշխանությանն են ծառայեցնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի անունից կարող է հայտարարել մտքին եկածը: Ապա ցանկանալով շտկել իրավիճակը, փորձեց համոզել, որ ժողովուրդը իշխող ուժին վստահության քվե տված հատվածն է միայն, չնայած խորհրդարանական արտահերթ ընտրություններին նույնիսկ 50 տոկոս մասնակցություն չի եղել, իշխանության վարկանիշն էլ էականորեն նվազել է: Հայտարարությունն անելուց անմիջապես հետո Գարիկ Սարգսյանը Facebook-ի իր էջում հերթական անգամ մեղադրեց լրագրողներին, թե իր միտքը հատվածական են մեջբերել, ու ինքն իրականում այլ բան է նկատի ունեցել և այլն, և այլն: Անկեղծորեն եմ ասում՝ շատ կուզեի, որ պարոն Սարգսյանն այլ բան ասած լիներ, բայց ամեն բան այնքան հստակ է, որ ցանկացած արդարացում ու պարզաբանում ուղղակի ջուրծեծոցի է:
Պարոնայք իշխանավորներ, ինքներդ ձեզ հետ անկեղծ եղեք, նախկինների նույն սխալները մի՛ կրկնեք: Եթե վրիպել կամ սայթաքել եք, ընդունեք ձեր սխալը ու, եթե կարող եք, ներողություն խնդրեք: Այլապես մեզ կարող եք մեղադրել ինչքան ուզեք ու ինչի մեջ ուզեք, բայց դա ձեզ չի օգնելու, մեր հարցերն էլ չեն նվազելու:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ