Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Էրդողանը սպառնում է վերսկսել «Ձիթենու ճյուղը»

Էրդողանը սպառնում է վերսկսել «Ձիթենու ճյուղը»
13.02.2020 | 12:26

Երեքշաբթի Սիրիայի հյուսիս-արևմուտքում թուրքական հրթիռով խփվեց սիրիական բանակի ուղղաթիռը, երկու օդաչուները զոհվեցին: Դա կարող է սրել վերջին մի քանի օրերին լարված իրավիճակը Իդլիբի նահանգում՝ Սիրիայի վերջին շրջանում, որ պահում են ապստամբները: Դամասկոսը աստիճանաբար վերագրավում է իր տարածքները՝ ռուսական բանակի աջակցությամբ: Թուրքիան, որ սատարում է ապստամբներին և իր բանակն է տեղակայել ճակատում ու այդ թվում՝ դիտակետերում, կորցրել է 8 զինվոր, որ սպանվեցին անցած շաբաթ՝ սիրիական ռմբակոծությունների տակ: Անկարայի կարծիքով՝ երեքշաբթի հատվեց նոր վտանգավոր սահման, երբ սիրիական բանակը 2012-ից հետո իր վերահսկողության տակ վերցրեց Դամասկոս-Հալեպ ռազմավարական մայրուղին՝ գրում է Ալեն Բառլուեն Le Figaro-ում:
Այդ ենթատեքստում նորից սրվեցին Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները: Թուրք զինվորների սպանվելուց հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի զգուշացրեց սիրիացիներին: «Որքան շատ նրանք գրոհեն մեր զինվորականներին, այնքան թանկ կվճարեն»՝ հայտարարեց Թուրքիայի նախագահը՝ հրամայելով ռմբակոծել սիրիական թիրախները: Թուրքիայի ՊՆ-ն հայտարարեց, որ, բացի ուղղաթիռը խոցելուց, սպանվել են տասնյակ զինվորներ: Այդ ուղերձը հասցեագրված էր ոչ միայն Սիրիային, այլև նրա հուսալի դաշնակցին: Թուրքիան կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել հարձակումները իր դիտակետերի վրա: Կրեմլը պատասխանել է, որ «անթույլատելի է համարում ահաբեկչական որևէ ակտիվություն, որ ուղղված է Սիրիայի զինված ուժերի և ռուսական ռազմական օբյեկտների նկատմամբ» հղում անելով սիրիացի ապստամբների գործողություններին Իդլիբում: Մոսկվայի ու Անկարայի երկխոսությունը փաստացի արգելակվել է: Շաբաթ օրը ռուսական պատվիրակությունը, որ եկել էր քննարկելու Իդլիբում սիրիական հարձակումը, հեռացավ Անկարայից առանց մարտական գործողությունների հրադադարի որևէ համաձայնության: Չի բացառվում Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: «Վերջիվերջո, չնայած իր անկանխատեսելիությանը, իմպուլսիվությանը, աշխարհաքաղաքական անզուսպ ամբիցիաներին՝ Էրդողանը հիմա պետք է Կրեմլին: Վլադիմիր Պուտինն էլ պետք է Էրդողանին, որ աշխարհում այդքան շատ դաշնակիցներ չունի»՝ գտնում է
Коммерсант-ի մեկնաբան Մաքսիմ Յուսինը:
Ալեն Բառլյուե, Le Figaro


Հ.Գ. RFI-ին հաղորդում է, որ փետրվարի 12-ին Թուրքիայի նախագահը սպառնացել է ամեն տեղ հարվածել Բաար Ասադի ուժերին, եթե թեկուզ մեկ զինվոր զոհվի Իդլիբի ապառազմականացված գոտում: Էրդողանը հայտարարել է, որ Բաշար Ասադի ուժերի գործողությունների հետևանքով Իդլիբում սպանվել են թուրք 14 զինվորներ, 45-ը վիրավորվել են: «Մենք վարչակարգի ուժերին ամեն տեղ խփելու ենք՝ կաշկանդված չլինելով Իդլիբի ու Սոչիի հուշագրերով, եթե մեր զինվորները նվազագույն վնաս կրեն դիտակետերում կամ ընդհանրապես որևէ տեղ»՝ հայտարարել է Էրդողանը: «Մենք դա անելու ենք բոլոր միջոցներով՝ երկնքից, ցամաքում ու առանց տատանվելու»՝ հավելել է Էրդողանը՝ ըստ Reuters-ի: «Մինչև այսօր Անկարան սպասում էր Սիրիայի հարցով պայմանավորվածությունների և ջանում էր նվազեցնել իր ռազմական միջամտությունը կատարվողին: Սակայն պայմանավորվածությունները մնում են թղթի վրա: Բացի այդ՝ հարվածներն էլ արդեն հասցվում են թուրքական զորքերի դիրքերին»՝ հավելել է Թուրքիայի նախագահը: Նա մեղադրել է Ռուսաստանին ու Սիրիայի բանակին Իդլիբի քաղաքացիական բնակչության վրա հարձակումների մեջ: «Ասադի վարչակարգը և նրան պաշտպանող ռուսական ուժերը, նաև զինյալները, որոնց պաշտպանում է Իրանը, անվերջ հարձակվում են խաղաղ բնակչության վրա, սպանում ու արյուն թափում» հայտարարեց Էրդողանը: Նրան երևի թվում է, որ թուրքերի սպանած զինվորների երակներում ջուր է հոսում: Փետրվարի 12-ին Էրդողանն ու Պուտինը հեռախոսով քննարկել են Իդլիբի իրավիճակը: Թուրքիայի նախագահը չի բացառել, որ եթե Ռուսաստանը չկատարի իր պայմանավորվածությունները, «Ձիթենու ճյուղ» գործողություն կընդլայնվի: Կրեմլում նշել են, որ պետությունների ղեկավարները ընդգծել են բոլոր պայմանավորվածությունների իրականացումը, այդ թվում՝ Սոչիի հուշագրի: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը մեղադրել է Թուրքիային՝ Իդլիբում «ահաբեկչական խմբավորումների չեզոքացման» խոստումը չկատարելու մեջ:


Ամենայն հավանականությամբ՝ Պուտինն ու Էրդողանը առաջիկայում չեն հանդիպի, տարբեր մակարդակներով բանակցությունները կշարունակվեն, բայց գլխավոր խոսքը առայժմ բանակներինն է: Էրդողանը պիտի հեռանա Իդլիբից՝ տանելով իր սնուցած ջիհադականներին: Միանշանակ է, որ այս ընթացքում նա փորձել է ստանալ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի աջակցությունը, ընդդեմ Սիրիայի՝ իրար խառնել արաբական աշխարհը, բայց միայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կես բերան հայտարարություն արեց, բոլորն էլ տեսնում ու հասկանում են Էրդողանի գործողությունների նպատակը և չեն պաշտպանելու նրան, եթե իրենց շահերից չբխի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4611

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ