Տավուշի մարզի ուղղությամբ հակառակորդը, կարելի է ասել, աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում՝ օգտագործելով հրետանային միջոցներ, տանկեր և այլն: «Իրատեսի» հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ ՎԻՏԱԼԻ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆՆ ու ավելացնում՝ թշնամու նման պահվածքը, բնականաբար, անակնկալ չէ, ավելին, հաշվի առնելով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները, կանխատեսելի էր, որ ինչ-որ փուլում դիմելու էին նմանօրինակ սադրանքի։ Մանգասարյանը բացատրում է. երբ հակառակորդը նման տրամաչափի զինատեսակներ է օգտագործում, դա ինքնին լարվածության աճ է ենթադրում, իսկ իրադրությունը ցանկացած պահի կարող է ավելի սրվել։
«Պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմը բազմիցս հայտարարել է, որ եթե հակառակորդը փորձի ուժի լեզվով խոսել, ապա զինված ուժերն ամեն ինչ անելու են դիրքային բարելավումներ ունենալու համար: Ենթադրում եմ, որ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի առջև նման խնդիր դրված եղել է, ինչն էլ, ըստ շրջանառվող տեղեկությունների, ի կատար է ածվել։ Բայց այստեղ պետք է մի շատ կարևոր հանգամանք հաշվի առնել. դիրք հետ բերելը մի խնդիր է, դիրք պահելը՝ մեկ այլ: Վերջինը, ըստ իս, շատ ավելի ծանր է, քանի որ տվյալ դիրքի պաշտպանությունը պետք է հակառակորդի ինտենսիվ կրակի տակ կազմակերպել, հակառակորդը փորձելու է հակահարձակման անցնել, ինչը, բնականաբար, դժվարություններ է առաջացնելու՝ կապված տվյալ դիրքի հաղորդակցության, մատակարարման և այլ հարցերի հետ։ Մեր տղաները, վստահ եմ, այս անգամ նույնպես կարողանալու են լուծել իրենց առջև դրված բարդ ու դժվարին բոլոր խնդիրները, նրանք դա բազմիցս ապացուցել են»,- ընգծում է մեր զրուցակիցը։
Ադրբեջանական կողմի «իրար խառնվելը», ըստ նրա, վկայումն է այն մասին, որ հայկական զինուժի կողմից հակառակորդին հասցված հարվածները, թե՛ մարդկային, թե՛ զինտեխնիկայի, թե՛ դիրքային կորուստի առումով, շատ կոշտ և թիրախային են եղել: Հիշեցնում է՝ երբեք չպետք է մոռանալ, որ երբ մեր հարևան երկիրը առաջնագծում լուրջ ձախողումներ է ունենում, սկսում է էլ ավելի վտանգավոր քայլերի դիմել. «Այս դեպքում այդ վտանգը կարող է խաղաղ բնակչության ուղղությամբ կրակ բացելով արտահայտվել: Համոզված եմ՝ մեր զինված ուժերը հնարավոր բոլոր զարգացումների պատասխանն ու կանխարգելիչ գործողությունների պլանն ունեն, և հակառակորդի համար պատասխան հարվածն էլ ավելի ծանր է լինելու»։
Ռազմական փորձագետը պակաս կարևոր չի համարում համացանցային տիրույթում համակարգված աշխատանքն ընդդեմ ադրբեջանական կեղծ քարոզչության: Ադրբեջանի հատուկ ծառայություններն իրենց ձեռքի տակ սոցիալական ցանցերի հայ օգտատերերի գողացված հաշիվներ ունեն, ինչը նման լարված իրավիճակում փորձելու են ավելի ակտիվորեն օգտագործել:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ