Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Արևմուտքը ԱՄՆ-ի գլխավորությամբ դարձել է պատժիչ ջոկատ

Արևմուտքը ԱՄՆ-ի գլխավորությամբ  դարձել է պատժիչ ջոկատ
08.06.2012 | 00:58

Սադամ Հուսեյնը ոչնչացվեց, բայց դրանից Իրաքը չդարձավ դեմոկրատական և ազատ: Կյանքն Իրաքում ամենևին էլ չլավացավ: Քադաֆիին ողջ-ողջ թաղեցին, բայց Լիբիան այսօր, վաղն էլ հույս չկա, թե ավելի լավ կլինի, քան Քադաֆիի օրոք: Խորհրդային զինվորից հետո Աֆղանստան մտած դաշնային ուժերը ոչ մի լավ բան չբերեցին նրա ժողովրդին և ոչ էլ վերացրին ամերիկացիների իսկ ծնած ալ-Քաիդայի հետնորդներին: Աֆղանստանը դարեր շարունակ եղել է տոհմատիրական երկիր, թեպետ այսօր աֆղան մոջահեդները հիանալի տիրապետում են զենքի բոլոր տեսակներին: Ասելիքս այն է, որ աֆղանցու մտածելակերպը դարեր շարունակ եղել և մնում է տոհմատիրական: Ոչ ոք ինձ չի կարող համոզել, որ եվրոպական մտածելակերպով դաստիարակված Քարզայն իր տանը մոջահեդի պես չի մտածում եվրոպացու մասին: Եթե արևմտյան ուժերը խոստացած ժամկետում հեռանան Աֆղանստանից, համոզված եմ, որ կարճ ժամանակ անց թալիբան ուժերը նորից իշխանության կգան: Արդեն քանի տարի է, մինչև ատամները զինված արևմտյան ուժերը կարողանո՞ւմ են տիրել ողջ աֆղանական տարածքին: Ո՛չ: Վերջացել են չեչենական երկու պատերազմները, ռուսները լիարժեք տիրապետո՞ւմ են Հյուսիսային Կովկասին: Ո՛չ, դարձյալ ոչ: Ազգերի առաջնորդը լավ էր հասկացել չեչենական ոգին: Այդ ոգին անմեռ է, և այն կարող է մեռնել միայն չեչենի ֆիզիկական լիակատար ոչնչացմամբ: Մեծ հաշվով նույնն է նաև աֆղանցին: Վերջին հաշվով` ի՞նչ է ուզում Արևմուտքը նրանցից: 22 տարի արդեն Աֆղանստանը պատերազմի մեջ է: Պատերազմը նրանց չի զարգացնում տնտեսապես, նրանց արդյունաբերությունը չի զարգանում, և ոչ էլ փոխվում է նրանց կենցաղը: Այժմ էլ, ինչպես հարյուրավոր տարիներ առաջ, մորուքավոր տղամարդը կամ չադրայով կինը արևելյան տիպի շուկայում առևտուր են անում, և ոչ ոք չի կարող ասել, թե նրանց ներքնաշորի մեջ զենքի ինչ տեսակ է թաքնված: Եթե ամերիկացիք դարեր շարունակ միսիոներական կազմակերպությունների միջոցով, որի արդյունքը շատ չնչին է եղել, փորձել են իրենց նպատակները տարածել աշխարհով մեկ, ապա այսօր նրանք` ապավինած իրենց հզոր ուժին, փորձում են «քաղաքակրթություն» տարածել, որի տակ վերջին հաշվով նրանց տնտեսական շահն է: Խորհրդային պետության փլուզումից հետո ամերիկացիք որևէ երկրում խաղաղություն չեն հաստատել, ուր մտել են, միայն մահ ու ավեր են տարածել: Մինչև խորհրդային պետության փլուզումն այդ նույն ռեժիմները կային, բայց ոչ մեկը չէր հանդգնում տապալել նրանց: Քսան տարում Ամերիկան իսկական «քուչի տղու» մակարդակով լուծում է իրեն դուր չեկող ռեժիմների հարցը: Արաբական գարունը դեռ չի ավարտվել, այն կավարտվի երրորդ համաշխարհային պատերազմով, եթե Ամերիկան շարունակի իրեն ցանկալի վախճանին հասցնել Սիրիայում տիրող ռեժիմը: Ընդհանրապես աշխարհում տիրող օրենք է` չմիջամտել ինքնիշխան պետությունների ներքին գործերին: Սիրիայում ընդդիմադիր ուժերը (ավելի շուտ դրանք կարելի է անվանել արևմտյան դավադիր ուժեր) դեռ չեն կարողացել աճել և դառնալ երկրի քաղաքական կյանքում ռեալ գործոն, իսկ դա հնարավոր կլիներ, եթե սիրիացի ժողովուրդն ամբողջությամբ դուրս գար տիրող ռեժիմի դեմ և սատարեր զինված խմբավորումներին: Աշխարհում ընդունված կարգ է նաև օգնել ռեալ ընդդիմադիր ուժերին, ժամանակավոր իշխանությանը, ընդհուպ ճանաչել նաև երկու ուժերին (կառավարություն և ընդդիմադիր ժամանակավոր կառավարություն), բայց և ոչ մեկին միջազգային իրավունքի նորմերով չի թույլատրվել զինված միջամտությամբ օգնել որևէ ուժի: Եթե այդպես լինի, ցանկացած պահի կարելի է կազմակերպված սադրանքի միջոցով ցանկացած երկրում (նկատի ունեմ թույլ երկրում. չեչենական երկու պատերազմների ժամանակ ինչո՞ւ Արևմուտքը հավայի խոսակցությունից դենը չէր անցնում. նույնը կարելի է ասել 2008 թ. ռուս-վրացական պատերազմի մասին) հրահրել մի քանի հարյուր սպանություն, զինել կառավարողներից դժգոհ մի քանի ավազակի, և միջամտության առիթը պատրաստ կլինի: Այդպիսի միջամտության առիթ է պատրաստվել Սիրիայի համար: Հասկանալի պատճառներով ԱՄՆ-ը չի կարողանում օգտվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լիազորություններից: Քադաֆիի հարցով խաբված ռուսները երկրորդ սխալը թույլ չեն տա: Ինքնագլուխ գործելու դեպքում, թեկուզ մի քանի դաշնակցի հետ, ԱՄՆ-ը կստանա ռուսական դիմադրությունը: Ռուսները լավ են հասկանում, որ Ասադի ռեժիմի տապալումով ռուսական նավերի համար Միջերկրական ծովի ոչ մի տաք ափ այլևս չի մնա: Խորհրդային պետության տարիների քրտնաջան աշխատանքը նորաստեղծ Ռուսաստանի ապաշնորհ կառավարողները մի քանի տարում ջուրը գցեցին: Սիրիան օդի պես անհրաժեշտ է Ռուսաստանին: Սիրիան կորցնելով, վաղը այդ նույն ուժերը կբախեն Իրանի դռները: Այսօր Սիրիայում չի կարելի պարտվել: ԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի կտրուկ «ո՛չ»-ի դեպքում գործել ինքնուրույն: Այսօր Ռուսաստանի ռազմական տեխնիկան ի զորու է ոչնչացնելու ամերիկյան ցանկացած ուժ աշխարհի ցանկացած կետում: Սիրիայում բանն ամենևին էլ Ասադի ռեժիմը չէ: Թուրքիայում տարիներ շարունակ քրդերի պակաս արյուն չի հոսում, բայց Ամերիկայի ո՛չ աչքն է տեսնում, ո՛չ էլ ականջը լսում: Եթե որևէ երկրում կա Ամերիկայի շահը, ուրեմն այդտեղ Ամերիկան մարդասեր է, հակառակ դեպքում նրա սրատես աչքը ոչինչ չի նկատում: Արաբական աշխարհը դեռևս մի քսան տարի այլևս որպես ռեալ որևէ ուժ չի ներկայացնում Իսրայելի համար: Արաբական գարունը Իսրայելի գարունն է: Այդ գարունը լիակատար կլինի, եթե տապալվի արաբական վերջին ուժեղ պետությունը` Սիրիան: Թող ոչ մեկին զարմանալի չթվա, որ ալ-Քաիդան էլ է գործում Սիրիայում ընդդեմ Ասադի: Ամերիկան իր նպատակին հասնելու համար պատրաստ է համագործակցելու ցանկացած ռեակցիոն ուժի հետ: ԽՍՀՄ-ի դեմ պայքարում ալ-Քաիդան առաջին շարքերում էր, իսկ այսօր նա պայքարում է այդ ալ-Քաիդայի դեմ, այսինքն` նրանց միշտ խառն աշխարհ է պետք, քանզի այդ խառնակչությունից է ավելանում նրանց երկրի հարստությունը: Բնակլիմայական, բնական ռեսուրսներից զուրկ Անգլիան ասածիս վկան է: Ինչպես տեսնում ենք, 20 տարի է, որ չկա «չարի կայսրությունը», բայց չարությունն աշխարհից չի պակասել, նույնիսկ ավելացել է: Հետևաբար, բանն ամենևին էլ «չարի կայսրությունը» չէր, ավելին, այդ «չարի կայսրությունը» յուրօրինակ զսպաշապիկ էր իսկական «չարի կայսրությունների» համար:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 3341

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ