Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Սրտով մտածելու դժվարությունները

Սրտով մտածելու դժվարությունները
22.11.2015 | 10:35

(սկիզբը՝ այստեղ)

Զրուցակիցս տնտեսական մշակութաբան ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆՆ է:

-Անդրադառնանք կարևոր մի խնդրի՝ «ազգային կապիտալն» ու այն «արտադրող», ինչպես մեր օրերում է ընդունված ասել՝ օլիգարխը, ծավալվելու ի՞նչ դաշտ ունեին:
-«Օլիգարխ» հասկացությունը 20-րդ դարի ծնունդ է: Դրա առաջացումը պայմանավորված է աննորմալ տնտեսական, պետական, քաղաքական համակարգով, որն ինչ-ինչ պատճառներով մենաշնորհային դիրք, հարկային, մաքսային և այլ կարգի առանձնաշնորհներ է տրամադրում ինչ-որ մեկի: Անկեղծ ասած, այդ բառը չեմ սիրում:
-Ի դեպ, նրանք (իմա՝ օլիգարխները) ևս չեն ընդունում օլիգարխ, ասել է՝ քչեր, որակումը:
-Նորաթուխ լրագրողներն են սիրում սրան-նրան օլիգարխ անվանել` իրենց խոսքին կշիռ հաղորդելու համար: Բայց այսօրվա հայ իրականության մեջ օլիգարխներ, հասկացության դասական իմաստով, չկան: Մենք ունենք խոշոր դրամատերեր, ովքեր միաժամանակ մի քանի ոլորտներում են իշխող դիրք զբաղեցնում, և դրա պատճառը սահմանափակ ներքին շուկան է: Հայաստանը չունի այն տնտեսությունը, որն առաջացներ օլիգարխներ:
-Ըստ քեզ, տեղական, քո իսկ որակմամբ՝ դրամատիրոջը կարո՞ղ ենք համեմատել օտարի հետ:
-Դիցուք, ռուսական իսկական օլիգարխի հե՞տ: Իհարկե ոչ: Այնտեղ երկրի սահմանները, տնտեսությունն այնքան մեծ են, որ առանձին ճյուղեր (օգտակար հանածոներ, էներգակիրներ և այլն) ունեն միանգամից մի քանի օլիգարխներ: Հայաստանի տնտեսությունը խիստ փոքր է, այդ իսկ պատճառով ինչ-որ մեկի գերակա դիրքը իսկույն աչքի է զարնում:
-Այդ «ինչ-որ մեկն» էլ, քո իսկ պնդմամբ, իրականում օլիգարխ չէ:
-Մեծահարուստ է, դրամատեր, փողվոր, փողի տոպրակ, բայց ոչ` օլիգարխ: Խնդիրը, սակայն, դա չէ, ինձ համար կարևոր է կապիտալի բարոյականությունը: Նույն Հովսեփ Ամիրխանյանը Նիդերլանդական Հնդկաստանում օլիգարխ էր, նրան էր պատկանում ափիոնի վաճառքի մենաշնորհը, սակայն դա նրան խանգարո՞ւմ էր ազգասեր լինել: Տարբեր երկրներում եղել են հարյուրավոր այլ մեծահարուստ հայեր, ովքեր իրենց կապիտալը չէին խնայում ազգին նպաստ բերելու համար: Խնդիրը սա՛ է, ինձ սա՛ է հետաքրքրում. իր մարմնական հաճույքներին հագուրդ տալուց բացի, դրամատերը ազգի հոգսն է՞լ է «շլնքում», թե՞ ոչ: Ազգային կապիտալն ու, ես կասեի՝ այն արդյունաբերող բիզնեսմենը (պատմագրության մեջ հայտնի վաճառական անվանմամբ) ունեն կիրառվելու, գործունեություն ծավալելու երկու ասպարեզ` ներքին և արտաքին:
-Հակիրճ անդրադառնանք երկու ոլորտներին էլ:
-Սովետի օրոք մեզ ասում էին` հայ ժողովուրդը, ի տարբերություն շատ այլ ազգերի, պատմության թատերաբեմից չի անհետացել լեզվի ու հավատքի շնորհիվ: Սա ճիշտ էր, բայց մասամբ, դիտավորյալ թերասացություն էր պարունակում: Հիմա նման բան չեն ասում ու լավ են անում, որովհետև ես կհարցնեմ` իսկ վարժապետին ու հոգևորականին ո՞վ է պահել:
-Կռահելով պատասխանդ, այնուամենայնիվ հարցադրեմ՝ ո՞վ:
-Դե, իհարկե, վաճառակա՛նը, դրամատե՛րը: Նրանք ոչ միայն ֆինանսավորում էին ազգի խելացիներին, այլև իրենք էին խելացի, իրենք էին կառուցում-ստեղծում կամ պահպանում ազգակցի ստեղծածը: Պետականություն չունեցող, աշխարհով մեկ սփռված ժողովրդի ինքնապահպանական գործիքների` եկեղեցիների, վարժարանների, գիր-գրականության, մամուլի, արվեստների բացարձակ մեծամասնությունը գոյատևել է վաճառականների շնորհիվ: Հեղինակներից մեկն այսպիսի բնութագրիչ տողեր ունի. «Ազգերնուս վաճառականութեան յարմար բնութիւնը, բնական խելքի սրութիւնը, որ նոյնիսկ եւրոպացիներէն աւելի է կրնանք ըսել, ճարպկութիւնը եւ ուրիշ կատարելութիւնները մեզի հայտնի են. հայտնի է միանգամայն, որ ազգերնուս ասանկ ցրուած վիճակին մէջ վաճառականութիւնը մեր ազգին դայեակ, նեցուկ ու զորութիւն է: Վաճառականը չէ թէ միայն երկրիս ու հարստութեան ամէն բերքը, հապա նաեւ իր գիտութիւնն ու ստացած տեղեկութիւնները իր շահին կրնա ծառայեցնել: Վաճառականութեամբ բոլոր աշխարհք կդառնա, ու վաճառականը` ընկերութեան մէջ չէ թէ միայն գործունեայ, հապա նաեւ պատուավոր, հմուտ, տեղեակ ու լուսավորեալ մարդոց կարգը կդրուի»: Ահա այս բացառիկ երևույթն է, որ կարոտ է ուսումնասիրման:
-Նաև պարզաբանման, թե ինչպե՞ս էր, որ հակառակ այսօրվա մականունավոր դրամատերերի (մեր ժամանակակիցների շարքերում իսկապես «քիչ» են նրանք, ովքեր կրթական բարձր ցենզ, բազա, ինտելեկտ ունեն) «հայոց ազգային կապիտալի» անցյալի սյուները՝ «ազգին դայեակ, նեցուկ ու զորութիւն» դարձածները, ապրում-արարում էին հանուն իրենց հայրենիքի ու ժողովրդի հարատևման: Երբեք որևէ լսարանի առջև չէին բարձրաձայնում, թե չեն կարդում, թե այս կամ այն ոլորտում հաջողության հասնելու համար խելք պետք չէ և այլն, և այլն:
-Ինձ մտահոգում է այս մեջբերումից բխող ևս մեկ հարց. «պատուավոր, հմուտ, տեղեակ ու լուսավորեալ մարդոց կարգը» դասված հին հայ վաճառականին երբ համեմատում եմ այսօրվա հայաստանյան բիզնեսմենի հետ, ի դեմս վերջինի տեսնում եմ մեկին, ում կարդացած վերջին գրական երկը եղել է Հովհ. Թումանյանի «Շունն ու կատուն»` դպրոցում, ընդ որում` այդ օրն էլ դասը չի պատասխանել ու «երկուս» է ստացել: Ինչո՞ւ է այդպես:
-Տխուր է, բայց փաստ՝ օրվա դասը չսերտածները կուտակած կապիտալի «բարձրությունից» են այսօր հարաբերվում աշխարհի ու շրջապատի հետ: Մամոնայի փայլից շլացած-հմայվածները փորձում են «սովորեցնել» անգամ երկրի գիտական ու մշակութային պոտենցիալին, չընկալելով, որ իրենց ոչ հոդաբաշխ մտքերով ընդամենը ծիծաղ են հարուցում:
-Դու շատ կարևոր հարց ես շոշափում` այսօրվա բիզնեսմենի ինտելեկտուալ մակարդակը: Անվիճելի է, որ հայերս հռչակավոր ընդօրինակողներ ենք, ընդ որում` կենսակերպ ենք դարձնում օտարի վատը, հոռին, մերժելին, և դա «ներմուծվում» է` թույլ տնտեսությամբ ու ժողովրդի աղքատ մեծամասնությամբ երկիրը ձեռնասուն դարձնելու նպատակով: Հիմա ինչ ասես ունենք` է՛լ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամներ, է՛լ ազդեցության գործակալներ, է՛լ համասեռամոլներ, է՛լ աղանդավորներ, է՛լ հելոուինի (ասում են, ճիշտ ձևը «հալովանն» է) սիրահարներ, է՛լ հազարումի զըրթուզիբիլ:
-Ներկայացված խառնիճաղանջում ո՞ւմ է ընդօրինակում այսօրվա բիզնեսմենը:
-Ոչ ոքի: Բիզնեսմենը պետք է սովորի, դաս առնի վաճառականական հասարակախավի դարավոր ավանդույթներից, ընդօրինակի իր նախորդների վարվելակերպը։
-Մտքիդ հետագա ընթացքը, եթե հնարավոր է, կառուցիր անցյալի վաճառականի ու մերօրյա «քչերի» համեմատության հենքի վրա:
-Վաճառականն ամեն ինչ ձեռք էր բերում խելքով ու քրտինքով, բիզնեսմենն իր հիմքը ձեռք գցեց վաուչերներով ու բռնազավթմամբ:
-Երբ մտաբերում եմ Սունդուկյանի կամ Պարոնյանի կերտած մեծահարուստ կերպարները, կամա թե ակամա զուգահեռ եմ անցկացնում մեր մականունավոր «քսակների» հետ ու…
-Նախ, մականունների մասին: 17-րդ դարի Երևանում Գրիգոր անունով մի վաճառական էր ապրում: Գնացել, 20 տարի Լվովում առևտրով էր զբաղվել, հարստացել ու վերադարձել: Այդ մարդը համաքաղաքացիների հարկը ինքը վճարեց պարսից խանին, Նորքից խմելու ջուր բերեց Երևան, Կաթողիկե եկեղեցուն նվիրեց արծաթե սպասքներ, հոգևորականների թանկարժեք հագուստներ և այլն, և այլն: Երբ եկեղեցականները ցանկանում են հիշատակարանում նրա մասին գրել, ասում է` ինչ եմ արել որ, իմ արածը մի մոծակի գործ է: Ես իմ պատումներից մեկում նրան այդպես էլ անվանել եմ` Գրիգոր Մոծակ: Դե հիմա ինքդ այդ մականունը համեմատիր այսօրվանների հետ:
Չկարծես, թե բոլոր վաճառականները լուսավորյալ մարդիկ էին, ոչ, բայց ունեին խիղճ ու ազգի հանդեպ պարտքի զգացում: Որպեսզի ազգանպաստ գործունեությունը չխանգարեր բիզնեսին, ազգային գործերով խորհրդականների մի ամբողջ ինստիտուտ ունեին: Օրինակ, Պողոս Նուբարի խորհրդականը Մեոթեմետյանն էր, որը հետագայում ինքը դարձավ բարերար, Գյուլբենկյանի խորհրդականը Սարգսյանն էր (Դևկանց), Մանթաշյանցը մի քանիսն ուներ: Վաճառականը գիտակցում էր, որ կան բաներ, որոնցից ինքը գլուխ չի հանում, դրա համար էլ բարձր վարձատրությամբ պահում էր խորհրդականներ:
-Լինենք ճշմարտախոս՝ մեր ժամանակի մեծահարուստներն էլ ունեն «խորհուրդ տվողներ»:
-Հա, բայց նշածդ «խորհուրդ տվողներին» նայիր` ինքնուրույն, ստեղծարար մտածելակերպից զուրկ կատարածուներ… և այդպիսիք են պետք բիզնեսմենին:
-Ի վերջո հստակեցնենք. վաճառականին, առևտրականին, գործարարին կամ օլիգարխին, անվանիր ինչպես ուզում ես, անհրաժե՞շտ է ինտելեկտի առկայությունը: ԽՍՀՄ փլուզումից հետո մեր կյանքը, դավանած արժեքներն ու գնահատած իրողություն-ճշմարտություններն այլ հուն մտան և հակառակ ընթացքով հոսեցին: Անակնկալի եկանք ու զարմացանք, երբ «բացահայտեցինք», որ ցանկացած խորոված անող, մատուցող, ցանկացած ծաղկավաճառ, գոմաղբոտ արմունկներով սունկ աճեցնող կամ աճպարար մեծ հաջողությամբ երկրի ունեցվածքը կարող են «քաշել» իրենց տակ ու մեր գլխին ղեկավար կարգվել՝ վարչապետ, նախարար կամ ԱԺ խոսնակ: Դառնալ երեսփոխան, ազգային «խնդիրներ» լուծել, աշխարհի հայտնիների հետ նստել -վեր կենալ, բայց… ի վիճակի չլինել արտասանելու երկու հոդաբաշխ, կապակցված միտք: Ներկա վարչապետի հայտնի միտքն այսպես կվերաձևակերպեմ՝ շատ փող ունենալու համար խելք պետք չէ: Բայց ունեցածն ի շահ ազգի ու կարոտյալների ծառայեցնելու, իսկական բարեգործ լինելու համար պե՛տք է:
-Վարչապետը, հավանաբար, ինձնից ու քեզնից լավ գիտեր, երբ ասում էր, թե քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէ: Փող ձեռք գցելու համար էլ խելք պետք չէ, համաձայն եմ, դրա համար միանգամայն այլ հատկանիշներ ու լծակներ են հարկավոր: Բայց տես, Մանթաշյանցը դասական իմաստով կրթություն չուներ, ընդամենը չորս տարի մասնավոր դասեր էր առել, սակայն դարձավ հայոց բարեգործության գագաթը, ազգի ու եկեղեցու հենասյունը, շուրջ 1000 ուսանողի, այդ թվում՝ Կոմիտասին, կրթության տվեց արտասահմանում: Ինչպե՞ս, ինչո՞ւ: Պատասխանը տվել է Շիրվանզադեն, գրելով. «Սիրտը` ահա գլխավորը, որ կատարում էր միակ դերը և վեհ դերը Մանթաշյանցի բարերարությունների մեջ»: Այսինքն, ամենակարևոր բանը սիրտ ունենալն է, սրտով մտածելը, գործելը, ազգիդ ու պետությանդ հանդեպ սրտացավ լինելը:
-Իսկ մերօրյա մականունավորները մեկին 3 կամ 5-դրամանոց ակնոցներ, մյուսին մի լավաշ, երրորդին կոշիկ տալով ներկայանում են մեծ բարեգործներ ու շաբաթներով չեն իջնում հեռուստաեթերից: Ինչևէ, այժմ անդրադառնանք «ազգային կապիտալի» ու այն «արդյունահանող» բիզնեսմենի գործունեության արտաքին ոլորտին:
-Մեր պետությունն ու ժողովուրդն այսօր ունեն երկու գերխնդիր` Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչումը և Թուրքիայի կողմից Ցեղասպանության իրողության ընդունումը` դրանից բխող բոլոր հետևանքներով: 1994-ին մենք ընդամենը զինադադար ենք կնքել Ադրբեջանի հետ, այսինքն` պատերազմը չի ավարտվել: Իսկ եթե չի ավարտվել, կնշանակի` դա շարունակվում է նաև անձամբ ինձ համար:
-Տնտեսական խնդիրներից անցում ենք կատարում քաղաքական դա՞շտ:
-Արտաքին քաղաքական… Ներքաղաքականն իմ մեջ ալերգիա է առաջացնում: Միայն մեկ բան կասեմ` դրամատերը, որքան էլ տռզած լինի նրա քսակը, ներքին քաղաքականությամբ չպիտի զբաղվի: Լավագույն ապացույցը Մանթաշյանցն է. դրամական աջակցություն էր ցույց տալիս դաշնակցական Հովհ. Թումանյանին, բոլշևիկ Ստ. Շահումյանին, հնչակ Սև Սաքոյին, բայց մի պայմանով` ոչ ոք չպիտի իմանար այդ մասին, որովհետև ցարական իշխանությունը հեշտուհանգիստ նրա հախից կգար: Որովհետև մեզ մոտ աքսիոմ է` իշխանավորն ինքը դրամատեր է: Եվ եթե մերօրյա հայտնի պերսոնաժը Մանթաշյանցի մասին գիրքս կարդացած լիներ (ֆանտաստիկ բան եմ ասում), գուցե և քաղաքականությամբ չզբաղվեր, այլ ջանք թափեր վերևում նշածս զըրթուզիբիլի դեմն առնելու համար:
-Անտեսելով «ալերգիան», հստակեցնենք. քո մտապատկերներում (որպես տնտեսական մշակութաբանի) միախառնված-ձուլված են «քաղաքականություն» և «տնտեսություն» կատեգորիաները:
-…Որովհետև քաղաքականությունն առանց տնտեսության չի լինում, և հակառակը: Ինչպե՞ս կարող էի մեր տնտեսության պատմությունն ուսումնասիրել և ուշադրություն չդարձնել արտաքին գործոններին: 2006-ին մի հիմնադրամ հրատարակեց իմ «Հայերը և Բաքուն» գիրքը` 400 օրինակ տպաքանակով, հաջորդ տարի պետպատվերով դա լույս տեսավ ռուսերեն` 500 օրինակով: ՈՒսումնասիրել էի ամբողջ նավթարդյունաբերությունը և թվերով-փաստերով ապացուցել, որ այն հիմնել են Նոբելները, Ռոտշիլդները, ռուսները, Ա. Մանթաշյանցը, Հովհ. Միրզոյանը, տասնյակ ու տասնյակ այլ հայ նավթարդյունաբերողներ (ի դեպ, նրանցից շատերը ղարաբաղցիներ էին), բայց ոչ` ազերիները. սրանք 70 տարվա ընթացքում` 1850-1920 թթ., ունեցել էին ընդամենը երեք խեղճուկրակ թշվառներ: Ապա անցել էի առևտրի ու տնտեսության մյուս ճյուղերին, քաղաքի անշարժ գույքին ու փաստել` առաջնակարգ դիրքը պատկանում էր հայերին, նրանք էին տնտեսական բազում լծակների արմատավորողներն ու սեփականատերերը: Հիմնվելով ականավոր ազգային, քաղաքական գործիչ Բախշի Իշխանյանի «Բագու քաղաքի մեծ սարսափները» փաստահավաքչական վավերագրքի և այլ աղբյուրների վրա, ցույց էի տվել, թե ինչպես թուրքական կանոնավոր բանակը և թաթարական (իմա` ադրբեջանական) խաժամուժը 1918 թ. սեպտեմբերի 15-նոյեմբերի 30 ժամանակահատվածում իրականացրին իսկական ցեղասպանություն` կոտորելով 30 հազար հայի, և արյունաթաթախ սվինների վրա հռչակեցին Ադրբեջանի «դեմոկրատական» հանրապետությունը: Մուդրոսի զինադադարից հետո Բաքու մտան դաշնակիցները և հայտարարեցին ֆինանսանյութական փոխհատուցման մասին: 30-հոգանոց միջազգային հանձնաժողովը, որի անդամներից ընդամենը 7-ն էին հայ, շուրջ 450 մլն ռուբլու չափով ճանաչեց փոխհատուցման ենթակա մեր կորուստները: Մարդկանց տվեցին չեկեր` իրենց վճարվելիք գումարի նշմամբ, և ես դրանցից մեկի պատկերը զետեղեցի գրքումս: Զետեղեցի նաև անգլիացի գեներալ Թոմսոնի հեռագրի պատճենը թուրքական զորահրամանատար Նուրի փաշային, որով գեներալը փոխհատուցման հասցեատեր էր համարում Թուրքիան: Քանի որ ներկայիս Ադրբեջանը իր նախկին հանրապետության ժառանգորդն է, նույնպիսի պատասխանատվություն պիտի կրեր Կասպիական այս սուլթանությունը: Թվաբանական հաշվարկ կատարեցի, ստացա Թուրքիայի և Ադրբեջանի պարտքի թիվը ու կոչ արեցի դատաիրավական հետապնդում նախաձեռնել: Եվ ի՞նչ: Հայաստանում` ոչ մի արձագանք, ոչ ոք մատը մատին չխփեց անգամ զուտ քարոզչական տեսակետից: Գիրքս հաջողվա՞ծ էր, թե՞ ոչ: Այցելիր համացանց ու տես, թե քանի հղում կա: Կտեսնես նաև ադրբեջանցիների բուռն արձագանքը: Եթե մի կողմ թողնեմ շարքային ազիկների ամբախ-զամբախ «քոմենթները», ապա տնտեսագիտության դոկտոր ոմն Թամարա խանումի անդրադարձը ուշադրության արժանի է: Նա բազմաթիվ մեջբերումներ էր արել գրքիցս` նշելով աղբյուրը, ու միակ հարցը, որ անուղղակի հղել էր ինձ, հետևյալն էր` իսկ միգուցե այդ ամբողջը ձե՞րը չէր: Հապա ո՞ւմն էր, թող ինքն էլ հակառակն ապացուցեր. բերանը ջուր էր առել: Այդ գիրքս, բացի դառնությունից, ուրիշ ոչինչ չբերեց ինձ: Տե՛ս, բազմաթիվ ռազմավարական-մարտավարական կենտրոններ, հեռահար ու մերձահար հիմնադրամներ, հասարակական-մասարակական կազմակերպություններ կան, որոնք, իբր, հակաադրբեջանական պայքար են մղում, դրանք չէի՞ն կարող գրքիս պարունակությունն օգտագործել հակաքարոզչության համար: Իրենց դո՞ւր է գալիս, որ 1918 թ. մարտի դեպքերը ադրբեջանցիները որակում են որպես հայերի կողմից իրենց հանդեպ իրագործված ցեղասպանություն: Դո՞ւր է գալիս, որ նավթից, աղտոտ ծովափրփուրից ու տափաստանային քամուց սերված ցեղը համայն հայությանը հռչակում է թշնամի: Միգուցե իրենց դուր է գալիս, ինձ` ոչ: Ղարաբաղցի Բ. Իշխանյանի վերոհիշյալ գիրքը և դրա ռուսերեն թարգմանությունը («ԹպսՌՍՌպ ցՋՈրօ չՏՐ. ըՈՍց») լույս են տեսել մեկ անգամ` 1920 թ., Թիֆլիսում: Մտածելով, որ առանց այդ գրքի անհնար է պատկերացնել հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկան, որ Արցախյան ազատամարտն ունի պատմական խոր հիմքեր, տարիներ շարունակ թակեցի սրա-նրա դուռը, ընդ որում՝ այնպիսի մարդկանց, որոնց մի ոտը Ստեփանակերտում էր, թե` մի չնչին գումար տրամադրեք, դրանք վերահրատարակենք, թարգմանենք անգլերեն, զետեղենք համացանցում, որպեսզի օտարներն էլ ըմբռնեն հայ-ադրբեջանական հակամարտության արմատները, ի վերջո փակենք ադրբեջանցիների բերանը: Քա՜ր անտարբերություն: Ես ոչ ոքի չեմ ուզում թասիբի գցել, բայց այնպիսի տպավորություն եմ ստանում, ասես իսկական ղարաբաղցի չի մնացել, Ղարաբաղ սիրող չի մնացել… Թե այդ գրքիս ու ռուսերեն թարգմանության համար որքան հոնորար ստացա, չեմ ասի, մարդիկ կծիծաղեն (քեզ կհետաքրքրի` առանձին կասեմ): Բայց «վարձքս» վերջերս ստացա: Մի կայքատեր նյութ էր զետեղել Բաքվի նավթարդյունաբերության մասին: Որ ծայրեծայր օգտագործել էր գրքիս տվյալները, իմ կատարած հաշվարկները` առանց աղբյուր նշելու, դա դեռ ոչինչ: Բայց իր մտքի «թռիչքն» ավարտել էր հետևյալ նախադասությամբ. «Բաքվի նավթարդյունաբերությունը կարոտ է լուրջ ուսումնասիրության»: Այսինքն` իմն անլո՞ւրջ է, հապա ինչո՞ւ ես ինձնից օգտվել, միգուցե դու ի՞նքդ ուսումնասիրես, կարդաս փաստաթղթերի ստվարածավալ երկու ժողովածու, տասնյակ տարեգրքեր, խորամուխ լինես տնտեսական ցուցանիշների մեջ, դժվարությամբ պարզես, որ, ասենք, «հՏցփՈրՑվՌՍՌ» ֆիրման հայապատկան է եղել, բազմաթիվ ռուսական աղբյուրների տառադարձության մեջ փնտրես-գտնես ով է հայ ու հանգես եզրակացության, թե` տարիներ են եղել, երբ հայերն ունեցել են 44 նավթարդյունաբերական ֆիրմա, որոնց սեփականատերերն էին հայր ու որդի Մանթաշյանցները, հայր ու որդի Լիանոսյանները, Հովհ. Միրզոյանի ժառանգները, ղարաբաղցի Ղուկասյան եղբայրները, Աստ. Վաչյանցը, Ստ. Թաղիանոսյանը, Կ. Խատիսյանը, Ա. Ծատուրյանը, Թումայաններին տարբերեիր Թումանյաններից և այլն, և այլն: Միգուցե դու ի՞նքդ անես: Ահա, էսպես էլ ապրում ենք:
-Ցավալի է, բա՞յց…
-Բայց պարզվում է՝ ադրբեջանական վայնասունն ինձ համար ավելի արժեքավոր է, քան ազգակցիս «գնահատականը»:
-Տխրո՞ւմ ես:
-Տրտմում եմ:
-Այդքանից հետո քեզ ի՞նչ է մնում անելու…
-Ի՞նչ պիտի անեմ, շարունակելու եմ լռելյայն աշխատել: Միայն թե երբեմն-երբեմն հարց է ծագում` ես առա՞ջ եմ ընկել իմ ժամանակից, թե՞ հետ…
-Հավանաբար և՛ մեկը, և՛ մյուսը:
(շարունակելի)

Զրույցը՝
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 25199

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ