Նորից ենք եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունների հերթական տուրի մասին խոսում՝ աչքի տակ ունենալով աշխարհամասի երեքշաբթի-հինգշաբթի կայանալիք ակումբային երկու խաղարկությունների հանդիպումները։ Ասել, թե ներքին առաջնություններն առանց առաջահայացի են առ այդ երկու խաղարկությունը, սխալ կլինի։ Պարզապես մի բան պիտի անվերապահորեն ընդունել. ակումբներ կան, որոնք ապրում են հատկապես այս խաղարկություններում հաջողության հասնելու ակնկալիքով, ակումբներ կան, որոնք բացառապես կարևորում են ներքին առաջնությունները, և ակումբներ էլ կան, որ երկուսն էլ հավասարապես կարևորում են։ Ամեն ինչ կախված է նրանից, թե տվյալ ակումբն ամբիցիաների կողքին նաև ինչ պոտենցիալ ունի՝ թե՛ կադրային, թե՛ ֆինանսական, թե՛ այլ, որը խորքում թաքնված լինելու պատճառով դժվար տեսանելի է։
ԻՍՊԱՆԻԱ
Որքան էլ նվազագույն հաշվով, այդուհանդերձ, նախորդ տուրում «Կադիսից» կրած անփառունակ պարտությունը Մադրիդի «Ռեալը» կարողացավ կոմպենսացնել ու սեփական երկրպագուի մոտ մի քիչ խրոխտանալ արտագնայում «Բարսելոնի» նկատմամբ տոնած 3։1 հաշվով հաղթանակով, ինչը հնարավորություն տվեց 13 միավորով ժամանակավորապես ստանձնելու առաջատարությունը։
Համարելով, որ «արքայականի» մասին այսքան տեղեկատվությունը միանգամայն բավական է, ասենք, որ կատալոնյան ակումբի համար սա երկրորդ անընդմեջ պարտությունը դարձավ, ու բնավ էլ զարմանալի չէ, որ յոթ միավորով 12-րդ հորիզոնականում է։ Երևի թե «Բարսելոնի» երկրպագուները հարկ է, որ համակերպվեն թիմի վայրիվերումներով մրցելույթներին, քանի որ այստեղ ակնհայտորեն գնում է սկզբունքորեն նոր թիմի կազմավորման գործընթաց, ու դժվար է ասել, թե դա կատալոնցիների նոր գլխավոր մարզիչ Կումանից որքան ժամանակ կխլի, եթե ակումբի ղեկավարությունը, իհարկե, շարունակի հանդուրժել թիմի նման մրցելույթները։
Նկատենք, որ պակաս անցկացրած խաղը շահելու դեպքում միավորներով «արքայականին» կարող էր հասնել միանգամից երկու թիմ՝ «Խետաֆե»-«Գրանադա» մրցակցության հաղթողն ու «Էլչեն», իսկ եթե նկատի ունենանք նաև արդեն յոթերորդ տուրի հանդիպումն անցկացնող «Ռեալ Սոսիեդադի» պարագան, ապա պիտի հարկադրված լինենք խոսելու ոչ միայն «արքայականին» հասնող թիմերի, այլև նրան հնարավոր շրջանցողի մասին։ Սակայն եկեք «Ռեալ Սոսիեդադ»-«ՈՒեսկա» մրցակցությանն ադրադառնանք ամենավերջում։
Դժվար չէ նկատել, որ թե՛ «Խետաֆեն», թե՛ «Գրանադան», թե՛ «Էլչեն» գրանդ ակումբ կոչվելու ոչ մի շանս չունեն գոնե առայժմ, ավելի շատ երկրորդ էշելոնի թիմ են, բայց այս է մրցաշրջանի լա լիգայի այսօրվա ռեալությունը։ «Խետաֆե»-«Գրանադա» դիմակայության առնչությամբ ասենք, որ անցել է մադրիդյան հորդառատ անձրևի ուղեկցությամբ ու ավարտվել է տանտերերի պարտությամբ՝ 0։1։ Ինչ վերաբերում է «Էլչեին», այն իր հետաձգված հանդիպումն անհամեմատ ուշ է անցկացնելու, իսկ այդ ամբողջ ժամանակահատվածում շարունակելու է դիտարկվել որպես լա լիգայի հնարավոր առաջատարներից մեկը։
Իսպանականի փաստացի ու հնարավոր լիդերների մասին մենք կարծես թե շատ խոսեցինք ու ոնց որ աչքաթող արեցինք Մադրիդի «Աթլետիկոյին», որը 11 միավորով հինգ խաղից հետո չորրորդ հորիզոնականում է (վերջինում մրցակիցն է եղել «Բետիսը», հաղթել է 2։0 հաշվով) և եթե պակաս անցկացրած խաղում էլ հաղթանակ տոնի, 14 միավորով կդառնա առաջնության... Սակայն ոչ հեռավոր ապագայում «Աթլետիկոյի» միանձնյա, թե առաջատարներից մեկը դառնալը պայմանավորված էր «Ռեալ Սոսիեդադի» մրցելույթից։ Առանց երկարացնելու, միանգամից ասենք, որ այն վերջին հինգ խաղում տարել է թվով չորրորդ խոշոր հաշվով հաղթանակն ու այս պահի դրությամբ ստանձել միանձնյա առաջատարությունը։ Մրցակիցը եղել է «ՈՒեսկան»՝ 4։1։ Նկատենք, որ «Ռեալ Սոսիեդադն» իր 14 միավորը վաստակել է յոթ խաղից։
Ավելորդ չհամարենք տեղեկացնել, որ այս պահի դրությամբ առաջին վեցյակը եզրափակում է «Վիլիառեալի» հետ տնային հանդիպումը գոլազուրկ ոչ-ոքիով ավարտած, 11 միավոր ունեցող «Կադիսը»։
ԳԵՐՄԱՆԻԱ
Շարունակում են իրենց անպարտ մրցելույթների շարքը «Լայպցիգը», «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», որոնք հենց այս հերթայնությամբ էլ 13 ու 12-ական միավորներով բունդեսլիգայի առաջին երեք հորիզոնականում են։ «Լայպցիգը» 2։1 հաշվով պարտության է մատնել «Հերտային», «Բավարիան» «տաքսի» է ձևակերպել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ մրցակցությունում (Ռոբերտ Լևանդովսկին հեթ տրիկի հեղինակ է դարձել), դորտմունդցիները մյունխենցիներից ընդամենը երկու գոլ են պակաս հյուրասիրել «Շալկեին»՝ 3։0։ Նկատենք՝ երեքն էլ հանդես են եկել սեփական հարկի տակ։ Այս երեքին ութական միավորով հետապնդում է միանգամից չորս թիմ։ Նրանց մեջ է նաև «Մայնցի» նկատմամբ հյուրընկալվելիս հաղթանակ տոնած Մենխենգլադբախի «Բորուսիան»՝ 3։2։
ԱՆԳԼԻԱ
Վեցերորդ տուրի արդյունքներով պրեմիեր լիգայում այլևս չկա թիմ, որ պարտություն կրած չլինի։ Վերջին երկուսը դարձան «Աստոն Վիլան» ու «Էվերտոնը»։ Առաջինին «չափի» բերեց «Լիդսը», այն էլ մրցակցի հարկի տակ, երկրորդի «ճնշումը» չափեց «Սաուտհեմպտոնը»։
Դառնալով առաջինի դիմակայությանը՝ ասենք՝ սկզբունքորեն «Լիդսն» այն թիմը չէր, որ «Աստոն Վիլայի» համար անհաղթահարելի խոչընդոտ լիներ, բայց այն թիմն էլ չէր, որ գլուխը կախ գնալու էր ինքնակամ «մորթվելու»։ Համենայն դեպս, տանտերերի համար առաջին խաղակեսի 0։0-ն որոշակիորեն զգուշացնող բան էր։
Ի դժբախտություն բիրմինգհեմցիների, երկրորդ խաղակեսում «ասողը» ոչ թե իրենք, այլ հյուրերը եղան, այն էլ ինչ կարգի «ասող»։ Արդյունքում «Աստոն Վիլան» մնաց ունեցած 12-ով, ինչը նշանակում է երրորդ հորիզոնական, իսկ ահա «Լիդսը» միավորների թիվը հասցրեց 10-ի։
Ի տարբերություն «Լիդսի», «Էվերտոնի» հետ մրցակցությունում «Սաուտհեմպտոնը» բանը չթողեց հասնի երկրորդ խաղակեսին։ Երկու գնդակ առաջինում ու լուծելիք խնդիր մնաց բանը ծայրահեղացումների չհասցնելը, ինչն էլ արվեց անվրեպ՝ 2։0։ Այս պարտության արդյունքում, փաստորեն Կառլո Անչելոտիի սաները թեպետ մնացին ունեցած 13 միավորով, սակայն չլքեցին առաջին հորիզոնականը։ Միակ տարբերությունն այն է, որ արդեն միանձնյա առաջատար չեն։ Նրանց է միացել երկրի գործող չեմպիոնը՝ «Լիվերպուլը», որը հյուրընկալելիս պարտության է մատնել «Շեֆիլդին»՝ 2։1։ Այո, առաջատար են «Էվերտոնն» ու «Լիվերպուլը», սակայն բավական է «Աստոն Վիլան» հաղթանակով ավարտի պակաս անցկացրած խաղը, կխլի այդ փխրուն առաջատարությունը։
Տուրի խաղերից առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում և իննական միավոր ունեցող «Արսենալի» ու «Լեստերի» դիմակայությունը, որտեղ որ մեկն էլ հաղթանակ տաներ, մրցաշարում բավական խոշոր տեղաշարժերի նախաձեռնող կդառնար։ «Զինագործներն» այդ մրցապայքարում գրեթե բոլոր ցուցանիշներով առավել են եղել հյուրերից, սակայն «աղվեսների» սրընթաց գրոհներից մեկը նրանց անվիճելի առաջատար Վարդին եզրափակել է գոլով՝ թիմին բերելով հաղթանակ։ «Լեստերը» 12 միավորով եզրափակում է առաջին քառյակը։ 10-ական միավորով 5-8-րդ հորիզոնականներում է միանգամից չորս թիմ։
Շարունակում է աղյուսակի վերնամասում դիրքավորվածներին 13-րդ տխուր հորիզոնականից նայել «Մանչեստր Սիթին»։ Գվարդիոլայի սաներն այս անգամ միավոր կորցրին «Վեստ Հեմի» հետ արտագնայում՝ 1։1։ Միավորների կորուստ արձանագրեց և մանչեստրյան մյուս գրանդը, թեպետ «Չելսիի» հետ դիմակայությունում ոչ-ոքի խաղալը (0։0) փոքր-ինչ դժվար է այդպիսին որակել, որքան էլ հանդիպումն այդ եղել է սեփական հարկի տակ։ «Յունայթեդը» յոթ միավորով 15-րդ հորիզոնականում է, «ազնվականներն» իններորդն են նույնքան միավորով։
ՖՐԱՆՍԻԱ
Սեփական հարկի տակ «Դիժոնի» նկատմամբ «Պարի Սեն Ժերմենի» 4։0 հաշվով հաղթանակը «մայրաքաղաքցիների» համար արդեն հերթականի վերածվող շարքից էր։ Միավորներով (18), այն հասավ «Լիլին»՝ մրցաշարային աղյուսակում հաստատելով երկիշխանություն, քանի որ տուրի հերթականում վերջինս կարողացավ ընդամենը մեկ միավոր վաստակել։ Դա եղավ «Նիցցայի» հետ արտագնա խաղում՝ 1։1։ «Նիցցան» ունի 14 միավոր ու եզրափակում է առաջին հնգյակը։
15 միավորով երրորդ հորիզոնականում գտնվող «Ռենը» առաջատարներից մեկի իր դիրքերն ավելի ամրապնդելու փայլուն հնարավորություն էր ստացել, սակայն «Անժն» իր համառության համար վարձատրվեց երեք միավորով՝ 2։1։ Նկատենք՝ թիմը հաղթանակի է հասել արտագնա խաղում։ 15 միավոր է գրանցված նաև արտագնայում «Լորիանին» նվազագույն հաշվով պարտության մատնած «Մարսելի» անվան դիմաց։
ԻՏԱԼԻԱ
Սկուդետեի հինգերորդ տուրը սկսվեց բավականին խոշոր անակնկալով։ Սեփական հարկի տակ «Ատալանտան» 1։3 հաշվով զիջեց «Սամպդորիային»՝ ունեցած ինը միավորով վերջնահաշվում նահանջելով վեցերորդ հորիզոնական։
Մազ էր մնացել, որ տհաճ փաստի առաջ կանգներ և «Բենեվենտոյին» հյուր գնացած «Նապոլին»։ Ի բարեբախտություն սեփական երկրպագուների, Ջենարո Գատուզոյի սաները կարողացել են սթափվել ու հասնել կամային հաղթանակի՝ 2։1։ Նրանք 11 միավորով երկրորդ հորիզոնականում են։ Նույնքան միավոր է նաև «Սասուոլոյի» անվան դիմաց, որը հինգերորդ տուրի իր հանդիպումն անցկացրել էր մնացածներից անհամեմատ վաղ։ Հիշեցնենք, որ «Թուրինի» հետ այդ գոլառատ հանդիպումն ավարտվել է միավոր վաստակելով, իսկ ընդհանուր առմամբ կողմերը փոխանակել են երեքական գնդակ։ Բոլոր դեպքերում նկատենք, որ «Սասուոլոն» կարողացել է խաղը փրկել այն բանից հետո, երբ ընթացքում մրցակցին զիջում էր 1։3 հաշվով։
Հաղթական մրցելույթ է ունեցել «Ինտերը», որն արտագնայում երկու անպատասխան գնդակի առավելությամբ պարտության է մատնել «Ջենովային»։ Կոնտեի սաները 10 միավորով չորրորդ հորիզոնականում են։
Հարկավ անակնկալների շարքում պիտի դիտարկել «Յուվենտուս»-«Վերոնա» դիմակայության ոչ-ոքի՝ 1։1, արդյունքը, որտեղ պարտվող կողմը եղել են թուրինցիները։ Նրանք ինը միավորով հինգերորդ տեղում են։
Ինչ վերաբերում է տուրի թիվ մեկ հանդիպմանը, այն երեկ էր, ավարտվել է ուշ։ Շտապենք ասել, որ անգամ պարտության դեպքում չորս խաղից հետո նույնքան հաղթանակ տոնած «Միլանը» չի զրկվի միանձնյա առաջատարությունից, իսկ ահա մրցակիցը՝ «Ռոման», կարող է էականորեն շտկել մրցաշարային աղյուսակում դեռևս ոչ այնքան հաջող ծավալվող գործերը։
Աղյուսակի վերնամասից նկատելիորեն հեռու է գտնվում «Լացիոն», սակայն եկեք նրան էլ հիշենք։ Հռոմեացիները հյուրընկալելիս 2։1 հաշվով առավելության են հասել «Բոլոնիայի» նկատմամբ, յոթ միավորով 12-րդ տեղում են։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ