Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Այս իշխանությունների հույսը Արմեն Դանիելյան տեսակի դատավորն է մնացել

Այս իշխանությունների հույսը Արմեն Դանիելյան տեսակի դատավորն է մնացել
02.07.2019 | 01:44

Ի սկզբանե ընդգծենք՝ այժմ խնդիրն այն չէ, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու և կաշառք վերցնելու համար ներկայացված մեղադրանքները ճի՞շտ են, թե՞ սխալ, հիմնավո՞ր են, թե՞ անհիմն, սարքովի, քաղաքական վրիժառության արտահայտություն։ Դրանք հարցեր են, որոնց, թեև ունենալով որոշակի փաստեր ու կարծիք, այս պահին չենք անդրադառնում՝ նկատի ունենալով նաև այն, որ այդ հարցերի պատասխանները հանրությանն առավել հստակ հայտնի կդառնան դատաքննության արդյունքում։


Խոսքը բոլորովին այլ բանի մասին է՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (նախագահող դատավոր՝ Արմեն Դանիելյան) հունիսի 25-ի անհիմն ու խայտառակ որոշման, որը դժվար է որևէ այլ կերպ բացատրել, քան վերևից տրված, քաղաքական վրեժխնդրությամբ պայմանավորված քաղաքական պատվերի կատարման արտահայտություն։ Եթե դատավոր Արմեն Դանիելյանն այլ բացատրություն ունի, պատրաստ ենք հրապարակելու այն։


Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օրերս հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ ՀՀ գլխավոր դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ իր որոշումը։ Դատարանը բավարարեց բերված միջնորդությունները և վերացնելով Ռ. Քոչարյանի խափանման միջոցն անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը, կայացրեց մի որոշում, որով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց դարձյալ կիրառվեց կալանքը։


Հայտնի է նաև, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի կողմից վերջերս փոխվել էր խափանման մեկ այլ միջոցով՝ անձնական երաշխավորությամբ, ավելի որոշակի՝ Արցախի նախկին ու ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորություններով, որոնք, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն, իրենց խոսքով և մուծվող դրամական գումարով երաշխավորել են մեղադրյալի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը և այլ դատավարական պարտականություններ կատարելը: Նշենք, որ թեև նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն, «Բացառիկ դեպքերում անձնական երաշխավորությունը որպես խափանման միջոց կարող է կիրառվել առանձնակի վստահություն վայելող մեկ երաշխավորողի առկայությամբ», ինչպիսին, կարծում ենք, Արցախի Հանրապետության նախագահն է, սակայն իր անձնական երաշխավորությունն էր ներկայացրել նաև վստահություն վայելող երկրորդ անձը՝ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։


ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի համաձայն, խափանման միջոցը վերացվում է, երբ վերանում է դրա անհրաժեշտությունը: Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նախաքննության մարմնի կողմից որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը, կարծում ենք, ի սկզբանե չի ունեցել անհրաժեշտություն։ Համենայն դեպս, համոզված ենք, որ այժմ՝ դատաքննության փուլում, չկա այդպիսի անհրաժեշտություն։ Ավելին. ոչ միայն կալանքը, այլև ցանկացած խափանման միջոց (ներառյալ՝ անձնական երաշխավորությունը), հիշյալ օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն («Խափանման միջոց կիրառելու հիմքերը»), դատարանի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի կողմից «կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է.
1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից,
2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով,
3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք,
4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց,
5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:
Որո՞նք են քրեական գործով ձեռք բերված այն նյութերը, որոնք բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ Ռոբերտ Քոչարյանը կարող էր կամ կարող է կատարել վերոնշյալ արարքներից մեկնումեկը։ Համենայն դեպս, այժմ՝ դատաքննության փուլում, չկա այդպիսի հիմք։ Հետևաբար դեռ նույնիսկ առաջին ատյանի դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի համաձայն, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը պետք է վերացներ, քանի որ չկար, չէր հիմնավորվում դրա անհրաժեշտությունը։ Սակայն առաջին ատյանի դատարանը, ամենայն հավանականությամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներին շատ չզայրացնելու ու նրանց հարվածի տակ չընկնելու մտահոգությամբ, ոչ թե ընդհանրապես վերացրել էր Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը, այլ այն փոխել դարձյալ վերոնշյալ հիմքերից մեկնումեկի առկայության դեպքում կիրառվող անձնական երաշխավորությամբ, ինչը, իհարկե, սխալ էր։


Քոչարյանի նկատմամբ ընտրված նույնիսկ վերոնշյալ խափանման միջոցը, սակայն, չբավարարեց հայտնիներին, և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, կոպտորեն խախտելով նաև մրցակցային դատավարության սկզբունքը, կայացրեց հունիսի 25-ի իր արդեն հայտնի ու բացառապես քաղաքական որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին նույնիսկ թույլ չտալով ներկայացնել իրենց դիրքորոշումները։ Բնականաբար, հարց է առաջանում՝ ի՞նչ անհրաժեշտությամբ…
Մեկ այլ հարց էլ է առաջանում՝ չլինի՞ թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կոռումպացված չլինելու (ընդգծենք, որ քաղաքական կոռուպցիան կոռուպցիայի տեսակներից մեկն է) մասին մեր հանրության պատկերացումները սին են, Հայաստանից նշված դատարանի հետ շատ բարձր մակարդակով ինչ-ինչ պայմանավորվածություն կա, ու դա նկատի ունենալով է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, ինչու՞ ոչ, նաև ՀՔԾ-ն և ՀՀ գլխավոր դատախազությունն այսպես ինքնավստահ են գործել ու գործում. Ժամանակը, իհարկե, կտա այս հարցերի պատասխանը։


Ամփոփենք. դատավոր Արմեն Դանիելյանի կամ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վերոնշյալ որոշումը կանխորոշված էր դեռ ս. թ. մայիսի 19-ին Հայաստանի բոլոր դատարանների շենքերի մուտքերը շրջափակելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով և դատարանների նկատմամբ բացահայտ, կոպիտ ու հակասահմանադրական ճնշման այդ գործողության (որին, ի դեպ, նաև ՀՀ օրենսդիր իշխանության ներկայացուցիչներն են մասնակցել) կազմակերպմամբ։ Կանխորոշված էր նաև հաջորդ օրը՝ մայիսի 20-ին, ՀՀ կառավարությունում, թեկուզ արտաքուստ այլ պատրվակով, դատավորների նկատմամբ վեթինգի գործընթաց սկսելու հայտարարությամբ, որից թերևս յուրաքանչյուր դատավոր հասկացավ, որ իր նկատմամբ կիրառվելիք վեթինգը կամ դրա արդյունքն անողոք կլինի, եթե հանկարծ կայացնի այնպիսի որոշում, դատավճիռ կամ վճիռ, որը վարչապետ Փաշինյանի, «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկածների կամքին հակառակ կլինի կամ պարզապես նրանց դուրը չի գա։
Հետևաբար մի՛ փնտրեք արդարադատություն այնտեղ, որտեղ այն չկա, մի՛ փնտրեք իրավունք այնտեղ, որտեղ այն պարզապես գոյություն չունի։ Խոսքը Հայաստանի Հանրապետության մասին է։ Լավ կլինի վարչապետը մտորի այն հարցի շուրջ, թե ինչ է մնում ժողովրդին այն բանի գիտակցումից հետո, որ երկրում արդարություն, արդարադատություն և իրավունք չկա։
Պատասխանելով տողերիս հեղինակի հարցին, թե պարոն Քոչարյանը դատաքննության փուլում կարո՞ղ էր քրեական վարույթն իրականացնող մարմնից՝ դատարանից, թաքնվել, կա՞ր այդպիսի ռիսկ, որ Վերաքննիչ քրեական դատարանն այդպիսի որոշում կայացրեց, Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց, Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանն ասաց. «Մեր գնահատմամբ, նման ռիսկ գոյություն չուներ և դա բազմիցս գործնականում ապացուցվել է, երբ պարոն Քոչարյանը գտնվել է ազատության մեջ այս գործի քննության ընթացքում: Այսինքն՝ անգամ ենթադրությունների մեջ պետք չէ մտնել, այստեղ ընդամենը պետք է հետ նայել ու տեսնել, որ բավական երկար ժամանակ պարոն Քոչարյանն ազատության մեջ է գտնվել առանց որևէ խափանման միջոցի, անգամ առանց ստորագրության չհեռանալու մասին խափանման միջոցի, և երբևէ փորձ չի արել թաքնվելու վարույթն իրականացնող մարմնից:


Ավելին ասեմ. իմանալով, որ այստեղ, ամենայն հավանականությամբ, ենթարկվելու է քրեական հետապնդման, Հունաստանից վերադարձել է Հայաստան, որպեսզի այս քրեական գործով ներկայացնի իր փաստարկները և պաշտպանվի»:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը քննած ու բավարարած Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, Քոչարյանի պաշտպանական խմբին թույլ չտալով մասնակցել դատավարություններին, այնուհանդերձ, այդ կապակցությամբ ինչ-որ պատճառաբանություն ներկայացրե՞լ է...


«Զանազան բացականչությունները, որոնք արձակում էր նախագահող դատավորը, ես պատճառաբանություն չեմ համարում,- պատասխանելով տողերիս հեղինակի հարցերին, ասաց Հայկ Ալումյանը։- Վերջին բացականչությունն այն էր, որ այսուհետ ինքը մեզ զրկում է ձայնի իրավունքից և հեռանում է խորհրդակցական սենյակ, դատավարությունն ավարտվեց այդ բացականչությամբ, որից հետո արդեն պարզ էր` ինչ դատական ակտ է կայացվելու»։
Դրանից հետո է, որ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամներն այլևս նպատակահարմար չեն համարել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի արդեն հայտնի որոշման հրապարակմանը ներկա լինել։ Ըստ փաստաբանի, հիմա մենք գտնվում ենք կամայականությունների դաշտում։
«Մեղադրանքի կողմը, այդ թվում նաև՝ դատավոր Արմեն Դանիելյանը, համարում են, որ պարոն Քոչարյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը,- ասաց Հայկ Ալումյանը։- Ավելի անհեթեթ ենթադրություն ես ուղղակի չեմ պատկերացնում։ Դժվար է պատկերացնել ավելի անհեթեթ ենթադրություն, որովհետև ենթադրությունները պետք է հիմնված լինեն որոշակի փաստերի, որոշակի փաստերից բխող դատողությունների վրա, իսկ փաստերը նրանք են, որ պարոն Քոչարյանը երկար ժամանակ գտնվել է ազատության մեջ և որևէ անգամ չի դրսևորել այնպիսի վարքագիծ կամ չի կատարել այնպիսի քայլ, որն անգամ ամենավառ երևակայության առկայության պայմաններում հնարավոր լիներ մեկնաբանել այնպես, որ ինքը փորձում է, պատրաստվում է, կարող է խոչընդոտել քննությանը։ Այսպիսի ենթադրությունները դատական ակտի մեջ մտցնելն ընդամենը պատրվակ են անձին կալանքի վերցնելու համար, մենք գիտենք` պատճառը մի բան է, պատրվակը՝ ուրիշ բան։ Պատճառ չկար, կար պատրվակ»։
Պաշտպանի հավաստմամբ, Ռոբերտ Քոչարյանի առնչությամբ Վերաքննիչ քրեական դատարանի հունիսի 25-ի որոշումը միանշանակ քաղաքական հետապնդման արտահայտություն է։


«Պարոն Քոչարյանը քանի դեռ գտնվում է կալանքի տակ, միանշանակ քաղաքական բանտարկյալ է»,- ասաց Ալումյանը։
Ըստ փաստաբանի, ՀՀ այսօրվա իշխանությունները կարծես թե Արմեն Դանիելյանի, այդ տեսակի դատավորների հույսին են մնացել, այս իշխանությունների հույսն Արմեն Դանիելյան տեսակի դատավորն է։
«Մենք հիմա պատկերացնում ենք մի բան շատ պարզ. ինչքան ավելի կոպիտ ձևով դատավոր Դանիելյանը («դատավոր Դանիելյան» երբ որ ասում եմ, «դատավոր» բառը ես միշտ նկատի ունեմ չակերտների մեջ) խախտած լինի, ինչքան ավելի սանձարձակ ձևով խախտած լինի պարոն Քոչարյանի իրավունքները, այնքան ներկա իշխանություններն ավելի մեծ տեղ կտան իրեն, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ այդ վեթինգի արդյունքում դատավոր Դանիելյանը կպահպանի իր պաշտոնը,- ասաց Հայկ Ալումյանը։- Այսինքն՝ հենց այն, որ ինքը խախտում է պարոն Քոչարյանի իրավունքները, իրեն բարձրացնում է ներկա իշխանությունների աչքում, և հենց դրա համար էլ նա խախտում է»։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը մտադիր է ներպետական պաշտպանության բոլոր հնարավորությունները սպառելու նպատակով դիմել ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատ, իսկ այնուհետև (հնարավոր է նաև զուգահեռաբար, մինչ Վճռաբեկ դատարանի որոշումը), դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Իսկ Եվրոպական դատարանում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի դիմումի քննությունը շատ չի՞ երկարի:


Ըստ փաստաբանի, անցյալում են այն երևույթները, որ կալանավորման հետ կապված գանգատները Եվրոպական դատարանում կարող էին տասը տարի քննվել, հիմա կալանավորման հետ կապված գանգատները Եվրոպական դատարանում բավական արագ են սկսել քննվել, կարող է հենց նոր ներկայացված գործը մի քանի ամիս հետո կոմունիկացվել կառավարությանը: Պաշտպանը նշեց նաև, որ դատավոր Արմեն Դանիելյանն արեց իրենից կախված ամեն ինչ, որպեսզի հարստացնի Եվրոպական դատարան դիմելու համար պաշտպանական խմբի ունեցած հիմքերը, փաստարկները:
«Հավանաբար երբ մի օր այս ամենի համար պատասխան տալու ժամանակը գա, նա փորձելու է մեզ համոզել, որ ինքը հատուկ է մեզ համար շատ հիմքեր ստեղծել, որ մեզ հեշտ լինի եվրոպական դատարանում հաջողության հասնել»,- ասաց փաստաբանը:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5836

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ