Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պետության գրպանում ապրող մակաբույծները

Պետության գրպանում ապրող մակաբույծները
15.08.2021 | 21:05

Նկարից նայող տիկինը Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանն է։ Տնօրենի ժ/պ-ի նրա կարգավիճակը 2017-ի հուլիսի 26-ից է, ու այս երկրում բնավ նշանակություն չունի, որ օրենքը ժ/պ-ության համար առավելագույնը վեց ամիս է սահմանել, որից օրինական շարունակությունը պիտի լինեն ընտրությունները։

Սակայն սա օրենքով շարժվող երկրի համար է ասված, մինչդեռ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, որը կինոկենտրոնի վերադասն է, օրենքի տառին հետևելու ոչ ժամանակ ոչ էլ ցանկություն է ունեցել, թեպետ այս չորս տարում փոխել է չորս նախարար՝ Լիլիթ Մակունց, Նազենի Ղարիբյան, Արայիկ Հարությունյան Վահրամ Դումանյան։ Վերջինիս առնչությամբ կարելի էր ներկա ժամանակով խոսել, սակայն մարդս ներկա պիտի լինի, որ նրա մասին ներկայով խոսես։
Ինչևէ, մինչ նախարարական բարձր աթոռին իրար են փոխարինել, փոխարինում օրենքի տառի հետ առնչություն չունեցող մեր բացառիկ «գրագետները» և, որ ոչ պակաս ցավալի է, ոլորտից մակերեսային պատկերացում ունեցողները, Շ․ Միրզախանյանը, ով արդեն իսկ հայ կինոյի համար պատմություն է այդ կինոն դատարան քարշ տալու փաստով (ի դեպ, պարտվել է՝ միջազգային կառույցների մոտ խաղք ու խայտառակ անելով հանրապետությունը), ում շալակին է կինոկենտրոնում տեղի ունեցած ապօրինությունների և չարաշահումների վերաբերյալ քրեական միանգամից մի քանի գործ, ավերողի տենդով շարունակում է հայ կինոյի ջանադիր փլուզումը։


Թե միրզախանյանական տնօրինման տարիներին հայ կինոն որքա՞ն ֆինասավորում է ստացել ու միլիարդներն անցնող այդ գումարների փաստացի արդյունքն ի՛նչ է եղել, պարզելը թողնենք իրավապահ մարմիններին, սակայն ավելորդ չհամարենք ընթերցողին հարց տալ՝ կարող է՞ արդյոք վերջին չորս տարում Հայաստանի ազգային կինոկենտրոնում կամ նրա մասնակցությամբ ստեղծված, էկրաններից ցուցադրված գեթ մեկ լիամետրաժ խաղարկային ֆիլմ հիշատակել։
Իր տարբեր դրսևորումների մեջ կինոկենտրոնում անվերջ շարունակվում է պետության գրպան ներխուժումը, կինոյի փողերի փաստացի փոշիացումը։ Այսպես՝ Շ․ Միրզախանյանի անգրագետ կառավարման արդյունքում կառույցի նախկին աշխատակիցներից մեկը հարկադիր պարապուրդի դիմաց օրերս դատարանի վճռով ստացավ 2,5 միլիոն դրամի փոխհատուցում։ Հերթի մեջ են դատական ատյաններին դիմաց մյուս երկուսը։ Դժվար չէ պատկերացնել՝ իրականում ինչպիսի՞ն կլիներ կինոկենտրոնի, ասել է թե պետության կողմից հարկադրելիք վճարների ողջ ծավալը, եթե Շ․ Միրզախանյանի կամայականությանը զոհ գնացած մյուս վեց աշխատակիցները նույնպես հավատային արդարադատությանը։
Սակայն այնպես չէ, որ սա միայն կինոկենտրոնի տնօրենի ժ/պ-ի իրավական տգիտության արդյունքն է։ Հիմնարկի իրավաբանի կարգավիճակով այս ընթացքում նրա հետ գործակցել է Արտյոմ Կոստանդյանը, ներկայումս՝ Սաթենիկ Գասպարյանը՝ հավասարապես կատարելով Շ․ Միրզախանյանի անձնական փաստաբանի գործառույթները։ Այդ նա՛և նրանց իրավական կամայականությունների, իսկ գուցեև պարզ անգիտության արդյունքն է, որ դատարանը լծվել է այս վայ իրավաբան-փաստաբանների, նրա պատվիրատուի սխալների վերացմանն ու ցավալին այն է, որ այդ տգիտության համար վճարողը կինոն է, խոշոր հաշվով՝ պետությունը։ Այս դեպքում այս մարդկանց ուրիշ ի՞նչ կերպ որակել, եթե ոչ պետության գրպանում ապրող մակաբույծների։


Երևի թե հարկ կա փաստաբանական գործունեություն ծավալած սույն իրավաբանների մասնագիտական գիտելիքների հարցին անդրադառնա ՀՀ փաստաբանների պալատը, քանզի նմանները, ինչպես դիպուկ արտահայտվել է հայտնի կինոնկարի հերոսներից մեկը, «խայտառակել ռեսպուբլիկա»։ Ինչևիցե։ Մերն իրազեկելն է, իսկ ինչ վերաբերում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, երևի թե իրեն նեղություն տար ճշտելու, թե օրվա մեջ իրականում քանի՞ ժամով են թե սույն, թե մյուս աշխատակիցները լինում աշխատավայրում ու նման վարակիչ պահվածքի մեջ ինչպիսի դերակատարություն ունի Շ․ Միրզախանյանը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 137505

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ