Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Կանչում են Աղավնո՝ վերջի՜ն անգամ նկարելու»

«Կանչում են Աղավնո՝ վերջի՜ն անգամ նկարելու»
07.08.2022 | 11:13

Էն, որ փախել են հայրենիքից ու հիմա՝ ճոճաթոռին, հեքիաթային տնակի բակում, քնքուշ մզզացող մարգագետին՝ զով քամու տակ սրթսրթուն, աչքը՝ օվկիանոսի կապտադարչնագույն ալյաց, աջ ու ձախ՝ անկրկնելի սիրուն քաղաքի թրթռացող պեյզաժ, անսասան ու շոյող, ձեռքի տակ՝ անհավատարիմ ու միօրյա սեր, օրորվող կանաչին՝ սպիտակամազ շնիկ՝ ծույլ աչքերը հառած օդը ծածանող պեծպեծին թիթեռներին…


Հորիզոնի ֆոնին՝ մի էկզոտիկ սեղան, սուրճ ու կոկտեյլով, թափանցիկ ձողիկներ, նարինջ ու լիմոն, բուտերբրոդները՝ ամերիկյան մորեգույն, կատվի ակու հիշեցնող ջեմով ու կարագով, սև ու սպիտակ իկրան ապակե մատնոցներում, հացի շերտիկներ՝ անեզրություն բուրող…
Ախ հա, ամենակարևորը, պլանշետը՝ աշխարհին կապող. էն տանջվող հայերը թող իմանան, որ ինքը կարո՜տ ունի,
սրտի ուզածի չափ նոստալջի է գրում՝ դինջ-դինջ, ամեն շնացումից, ամեն շերտիկը կծելուց, ջրի մեջ ամեն խայտալուց հետո:
ՈՒ ամեն ինչ էնքան սիրուն է ստացվում, լիքը բաներ ունի պատմելու իր վայելքներից, խմած կալվադոսներից, սիրած ու չսիրած խայտաբղետ բաներից, ու էս ամենի ֆոնին՝ կարոտն էլ լրացնում, սառը թանի պես գրավիչ է դարձնում իր ողջ վայելածը, իրեն էլ՝ ձեռքի հետ, պատվավոր ու հայրենամեռ, աստվածասեր ու մարդասեր, գրեթե՝ Սարոյա՜ն…
Կորեք բոլորդ գրողի ծոցը ձեր ամերիկյան ու եվրավիլլաներով՝ օվկիանի ափին փռված, ձեր սպիտակամազ շնիկներով ու շարժական սեղանիկով, ծածանվող օդի անեզրությամբ, սուտ կարոտներով ու ճոճաթոռներով, անսպասելի բուսած սիրաբստիկ տվայտանքներով՝ հայրենիքի շուրջ, ձեր ապրած-չապրածով՝ գրո՜շ էլ չարժեն…


Դուք էլ անսասան չեք, ձեր ապրածն էլ ու զավակներն էլ, նրանց սերունդն էլ ու՝ այսպես շարունակ:
Էս մեռնող աշխարհում մի բան է միայն անսասան՝ Հայրենիքը:
Փախե՞լ եք նրա խեղճությունից ու աղետներից, էլ հետ մի նայեք, վայելեք ձեր օվկիանն ու անհավատարիմ սերերը ու հղփացեք մինչև վերջ, էլ ձևեր մի թափեք, հայրենիքն ու նրա բեկուն մասերը ադրենալին մի գործածեք՝ անասնանալու ճանապարհին:
Իսկ ինձ՝ առավոտ ծեգին, դեռ շողուլի չեկած, սիրտս թույլ՝ մրզած թելի պես, կանչում են Աղավնո՝ վերջի՜ն անգամ նրան նկարելու, ցա՜վը նկարելու…
Ցավը նկարել կլինի՞… Դեղերս պատրաստեմ, ճամփի կիսում չմնամ, ցավը գրելիս՝ ցավի տակ չմնամ էս մի անգամ…


Թանգուն ձորում մորը խնամող ընկերուհուս ականջն էլ կանչել է, լույսը չբացված՝ երեկվանից հեռախոսը զրնգում է, հազիվ բռնացրեց՝ չգնա՜ս, էն օրվա երազդ հիշիր: Թռչունները ծառերին առավոտից կանչում են՝ հազարաձայն, ուրի՜շ ձև են կանչում՝ վատ լուր ասելու պես, չգնա՜ս… Մերս էլ է ասում, հաշվիր՝ քո մերդ է, մեր ընկերության միակ մաման, բոլորիս մաման... Էսօր կա, վաղը՝ չի լինի, արի՝ քեզ տեսնի, խեղճ կնիկը կարոտել է, կարծում է՝ տասը տարի առաջվանն ես…
Էլ փաստեր ու Աստված, էլ թռչուններ՝ խառնել է իրար, որ չգնամ...
-Տղես գործ էր անում Աղավնո տներից մեկում, կուկլա ռեմոնտ էր արել, բաքսին քաշել… Փողն ումնի՞ց ուզի, չի՜ էլ ուզում, ասում է՝ այ մեր, թուրքերը Աղավնոյի ներսում, տների արանքում վզվզում են, մոտիկ տեղերից ծիկրակում, բնավեր, տնավեր հայեր են՝ մոլորված գառների պես… Չգնա՜ս, արի Թանգուն ձոր, կեքս եմ թխել՝ մատներդ հետը կուտես, վարդի թփերի մեջ, բախչում կնստենք, էն զով տաղավարում, մսի ոսկոր եմ դրել կրակին, այգուս պոմիդորով ու բիբարով թանձր խաշլու եմ սարքում, հաց չենք ուտելու… Էսօր էլ չեկար՝ էլ ոչ ես, ոչ՝ դու, խաչը քաշելու եմ… Համ էլ, աղջի, նախշուն կնիկ ես, բա որ մի թու՞րք տեսավ, աչքը բռնե՞ց… Պատերա՜զմ է սկսելու՝ ժամկետից շուտ…


Վայ, տնաշեն, ինչ մի կատակելու սիրտ էլ ունես. երեսս մրով կպատեմ, համբալի շորեր կհագնեմ, ծխախոտ կառնեմ ձեռքիս…Չէ՜, դա հարց չէ…
Էս ծիծաղն էլ չլինի՝ այգուդ կաչաղակները մեզ կտանեն…
Սա է հայրենիքը, երբ չգիտես ուր գնալ՝ Աղավնո՞, թե՞ Թանգուն ձոր, երկուսն էլ պարտք են, համատարած պարտք է՝ ուր էլ նայես՝ համատարած սեր, համատարած ցավ...
Թե չէ՝ օվկիանի ափին, ճոճաթոռի մեջ ծուլորեն ճոճվող, նեգր ու սպիտակի ծոցերում շնացող՝ իբր աշխարհայի՜ն դարձած, հայրենիքի կարոտը բեսամթ քաշող, իբր՝ մի Սարոյա՜ն…
Ամենալավն էլի Շահնուրն է ասել.
-Դո՛ւն, հայու լակոտ, դուն ամենէն շուտը կը փոխուիս անասունի, եթէ օր մը իսկ մնաս առանց վիշտի...


Սուսաննա Բաբաջանյան
Գորիս
Լուսանկարը՝ հեղինակի

Դիտվել է՝ 19509

Մեկնաբանություններ