Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Միևնույն է, պատմության քամին քշում է նրանց գերեզմանին անխնա լցված աղբը

Միևնույն է, պատմության քամին քշում է նրանց գերեզմանին անխնա լցված աղբը
15.02.2019 | 00:40

Օր առաջ «Շողակաթ» հեռուստաալիքով դիտեցի երկրորդ հանրապետության նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանին նվիրված «Երկունք» գեղարվեստական ֆիլմը: Ակամայից մտաբերեցի մի խումբ ստահակների, որոնք անցած դարի 90-ականներին Երևանում ներկ էին շպրտում նրա արձանին, հիշեցի նաև այդ նույն ժամանակ նրա հասցեին կոշտ արտահայտվող «հեղափոխական» Լևոն Տեր-Պետրոսյանին, որը մեղադրում էր Մյասնիկյանին այն բանի համար, որ հետևողական չի եղել Հայաստանի շահերը (հավանաբար նկատի ուներ Նախիջևանն ու Ղարաբաղը) պաշտպանելու հարցում: Չեմ փորձում վիճել և երևի ռեալպոլիտիկը ճիշտ կլիներ, եթե ինքը ասված խոսքերից հետո հետևողական լիներ իր կառավարման տարիներին Հայաստանի շահերի պաշտպանության հարցում:


Իսկ այժմ փորձեմ համեմատել (ընթերցող, մի պահ ներիր ինձ, որ փորձում եմ համեմատել ազնվությունն ու ստորությունը) տարբեր ժամանակներում գործած երկրորդ և երրորդ հանրապետությունների նախագահներին: Ալեքսանդր Մյասնիկյանը Հայաստան եկավ կառավարության Մոսկվայի քաղկոմի երկրորդ քարտուղարի պաշտոնից: Երկիրը լցված էր գաղթականներով, սով էր, ինֆեկցիոն հիվանդությունները` հատկապես տիֆը, օրական հարյուրավոր մարդկանց կյանք էին խլում:


Այդ բոլոր դժբախտություններին զուգահեռ որոշ հայ ստահակ բոլշևիկների վայ կառավարման շնորհիվ երկրում առկա էին ահավոր մեծ չափերի հասնող հակաբոլշևիկյան տրամադրություններ: Ասում եմ` որոշ ստահակ հայ բոլշևիկների…. Նրանցից միայն մեկին հիշեցնելն էլ բավական է, որպեսզի պատկերացում կազմեք 1921 թվականին երկրում ստեղծված քաղաքական վիճակի մասին: Նախ` ճնշվել էր 1921 թվականի փետրվարյան (բոլշևիկյան հայ պատմագրության մեջ այն հորջորջվել է որպես փետրվարյան դաշնակցական ավանտյուրա. դժվար է համաձայնել նրանց, ովքեր հակված էին ինչ-որ ժամանակ մեզ համոզելու, որ այդ «ավանտյուրան» իր բացասական դերն է խաղացել Կարսի ռուս-թուրքական խայտառակ պայմանագիրը ստորագրելիս) ժողովրդական արդարացի բռնկված ցասումը, որը ստացավ զինված պայքարի ձև:


Անկախ երկրորդ հանրապետությունում ձևավորված պատմական երևույթին տրված գնահատականից, այն կարելի է բնորոշել շատ համառոտ: Համաձայնենք, որ ժողովրդի հեղափոխական ցասումն էն գլխից էր դատապարտված պարտության, բայց և ժողովրդին չէր մնում ավելի ոչինչ, քան զենքին դիմելը: Հայ ժողովրդին այդ խելակորույս քայլին ուղղորդեցին որոշ տհաս բոլշևիկներ` իրենց հակաժողովրդական քաղաքականությամբ: Ավիս Նուրիջանյանը դրանցից մեկն էր: Այդ սրիկան, այդ մարդագայլը անձամբ էր Չեկայի բանտում կացնահարում Սարդարապատի հերոսներին: Այդ կարգի սրիկաների ջանքերով էր, որ Բաքվով Ռուսաստան աքսորեցին Սարդարապատի հերոսամարտի մասնակից 1500 սպաների, որոնց մեծ մասը մահացավ Վլադիմիրի բանտերում: Հիմա արդարացիորեն հարցադրեմ` ի՞նչ կապ ունի այստեղ բոլշևիկյան գաղափարախոսությունն ընդհանրապես: Ասել կուզեմ, այդ հարցում ևս փնտրենք մերոնց որոշ խմբերի (մի՞թե այսօր և երեկ նույնը չէ) իր ցեղակից այլ խմբերի նկատմամբ անհանդուրժողականությունը, ավելի ճիշտ վրեժխնդրությունը:


Այստեղ տեղին է նաև արձանագրել, ցույց տվեք թեկուզ և մի օրինակ Անդրկովկասի թաթարիների պատմությունից, առավել ևս բոլշևիկյան ժամանակների, որ թաթարը այդպես կտրի այլ թաթարի երակը: Տեղին է նաև հիշել, թե որքան մեծ էր պաշտոնազրկված առաջին հանրապետության վերջին վարչապետի թույնը բոլշևիկների նկատմամբ, որ նա այդ ապստամբության ժամանակ օգնություն խնդրեց իր ազգի կեսին ֆիզիկապես ոչնչացրած թուրք կառավարողից: Սա մենք ենք: Բայց շարունակեմ ասելիքս:


Բոլշևիկ Մյասնիկյանն իր ռեալ կերպարով, անկախ կուսակցական պատկանելությունից, իր արժանի տեղն է գտել հայ ժողովրդի պատմության մեջ մտած սակավաթիվ անվանի հերոսների կողքին: Հիմա տանք քայքայված, ավերված, գաղթականներով, ինֆեկցիոն հիվանդություններով լցված երկրի նախագահի և 1990 թվականին իշխանության եկած Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական, մարդկային գնահատականները: Նշեմ նաև, երբ Մյասնիկյանը անցել էր իր գործին, խոստովանել է, որ Ավիսի սխալների վրա մենք դեռ երկար կսայթաքենք: Թե ինչու նշեցի նրա այդ խոսքերը, փոքր-ինչ հետո: Մյասնիկյանը ռազմական, պետական, քաղաքական գործիչ լինելուց բացի նաև իրավաբան էր, գրականագետ:
Լևոն Տեր-Պետրոսյանը լեզվաբան էր, որը մեկեն մտավ քաղաքականություն, չունենալով որևէ քաղաքական փորձ: Մյասնիկյանը գաղափարի մարդ էր, համոզված բոլշևիկ, որը չէր ծառայում որևէ օտար ուժի և չի եղել որևէ կազմակերպված ուժի գործակալ, ինչը չես ասի Լևոն Տեր-Պետրոսյանի պարագայում: Մյասնիկյանը նաև հասկանում էր տնտեսությունից և մեծամիտ չէր: Երբ իմանում է, որ Վահան Տերյանի կինը` Սուսաննան, տիֆով հիվանդների ճամբարում հիվանդ պառկած է, չնայած շրջապատի մարդկանց հորդորներին ` չգնալ, վտանգավոր է, նա գնում է:


Հիշու՞մ եք ռեալպոլիտիկի ցինիկ խոսքերը.
-Եղունգ ունես, գլուխդ քորի:
Դա ասվել է այն ժամանակ, երբ Լևոնը սնվելու համար արդեն չէր օգտվում հայտնի պոնչիկանոցից, այլ նախագահական ճաշարանում էր սնվում: Մյասնիկյանը ստանձնեց աղքատ, գաղթականներով լեցուն, սոված մի երկրի նախագահի պաշտոնը: Հակառակ Մյասնիկյանի` Լևոն Տեր-Պետրոսյանը եկավ և դարձավ լեն ու բոլ, շեն ու ապահով, զարգացած գյուղատնտեսությամբ և հզոր արդյունաբերական երկրի նախագահ: Մյասնիկյանը, դառնալով երկրի նախագահ, սկսեց քարքարոտ, քանդված, ավերված երկրի ոչ թե վերակառուցումը, այլ կառուցումը: Մյասնիկյանը Հայաստան բերեց շատ անվանի հայ մտավորականների:

Աշխատում էր լեզու գտնել առաջին հանրապետության բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների հետ: Նրա օրոք սկսվեց հայ բնակչության ներգաղթը: Պատմությունը չի գտնի որևէ բացասական խոսք նրա ազնվության և հայրենասիրության մասին, չի գտնի խոսք նրա հարստացման մասին, չի գտնի խոսք նրա որևէ հարազատին հովանավորելու մասին:


Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն էությամբ, այլև ուղն ու ծուծով նրա հակառակ պատկերն էր: Թող որ հակառակ պատկերը լիներ նաև գաղափարախոսությամբ, բայց դա չէր կարևորը: Մի՞թե գաղափարների հակոտնյա լինելը նշանակում է լեն ու բոլ երկրի ավերում: Եվ Լևոն Տեր-Պետրոսյանը հիմքը դրեց… Բայց ավելի լավ է օգտվեմ Մյասնիկյանի` Ավիսի վերաբերյալ ասված մարգարեական խոսքերից, թե Ավիսի սխալների վրա մենք դեռ երկար կսայթաքենք: Այո, Լևոնի ոչ թե անգիտակցաբար, այլև գիտակցաբար թույլ տված սխալների վրա մեր ժողովուրդը սայթաքում է առայսօր, և չի երևում թունելի վերջը:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 9517

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ