Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իսրայելում պահպանվում է քաղաքական փակուղին

Իսրայելում պահպանվում է քաղաքական փակուղին
13.12.2019 | 11:47

Պատգամավորներն ունեին 21 օր՝ կոալիցիոն կառավարություն ձևավորելու: Ժամկետի ավարտից հետո Կնեսետի լուծարումն անխուսափելի է, որ հանգեցրեց նոր ընտրությունների հայտարարմանը՝ Le Monde-ում գրում է Կլեր Բաստիեն: Իսրայելը պատրաստվում է նոր ընտրությունների՝ մեկ տարրում երրորդին: Աննախադեպ քաղաքական փակուղին ծագեց ապրիլին՝ առաջին ընտրություններից հետո: Վարչապետ Բենյամին Նետանյահուի վիճակն ավելի վտանգավոր է դառնում՝ նրան մեղադրանքներ ներկայացնելու պահից հասունանում է Լիկուդում նոր ղեկավարի հարցը: Արտակարգ իրավիճակներում ու միմյանց հետևած երկու ընտրություններից հետո, որոնց չհաջորդեց ոչ մի կառավարության ձևավորում, առաջարկվում է լուծարել Կնեսետը և 23-րդ գումարման Կնեսետի ընտրություններն անցկացնել 2020-ի մարտի 2-ին՝ նշում է օրենքը, որ միաձայն ընդունվեց չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը:

Շաբաթվա սկզբից, երբ պարզ դարձավ, որ բանակցությունները հաջողություն չունեն, երկու թեկնածուները՝ Բենյամին Նետանյահուն ու Բենի Գանցը (Կախոլ-լավան կուսակցական դաշինքի համանախագահը), սկսեցին միմյանց վրա բարդել հերթական ձախողումի մեղքը: Բենի Գանցը քանիցս դատապարտել է վարչապետի մանևրները՝ իր խորհրդարանական անձեռնմխելիությունը ապահովելու համար, երբ նոյեմբերի 21-ին գլխավոր դատախազ Ավիխայ Մանդելբլիտը նրան կոռուպցիայի, խաբեության ու վստահությունը կորցնելու մեղադրանք ներկայացրեց: Վերջերս վարչապետի դատական իրավիճակը դարձել է Բենի Գանցի գլխավոր փաստարկը քաղաքական տեղապտույտում, ու բանակցությունների վրա ճնշում գործադրելու նրա հիմնական լծակը:


Երկուշաբթի երեկոյան ավարտական բանակցություններին աջակցության պատրվակով Գանցը Նետանյահուին խնդրեց սկզբից հրապարակավ պարտավորվել չպահանջել իր անձեռնմխելիությունը և հայտարարել, որ «կգերադասեր իր անմեղությունը պաշտպանել դատարանում», ոչ թե Կնեսետում: Ապրիլին Լիկուդը չկարողացավ ձևավորել աջ մեծամասնություն, երբ Ավիգդոր Լիբերմանը (աշխարհիկ ազգայնական «Իսրայելը մեր տունն է» կուսակցության նախագահը) հրաժարվեց նստել ուլտրաօրթոդոքսների կողքին: Սեպտեմբերին երկու անգամ ավելի շատ՝ 8, մանդատ ստանալով, նա դարձավ «արքա ստեղծող» Իսրայելում: Վերջին շաբաթների բոլոր առաջարկները մերժելով՝ նա շարունակում է հանդես գալ միասնության լիբերալ կառավարության օգտին՝ առանց արաբների ու ուլտրաօրթոդոքս կուսակցությունների: Որոշ մեկնաբաններ նրան մեղադրում են, որ հիմա արգելակում է մեծամասնության ձևավորումը՝ նվազագույնը 61 պատգամավոր՝ թե աջ, թե ձախ: Չորեքշաբթի Լիբերմանը անօգուտ ընտրությունների մեջ մեղադրեց Լիկուդին ու Կախոլ-լավանին:
Մարտի 2-ի ընտրությունների ընտրարշավը լինելու է կարճ ու, անկասկած, կոշտ:

Արդյունքները կարող են երկու նախորդ ընտրությունների արդյունքների հետ նույնական լինել: Առաջին հարցումներն արդեն կանխատեսում են Լիկուդի ու Կախոլ-լավանի բախումը՝ կապույտ-սպիտակների ոչ մեծ առավելությամբ: Լիկուդի ներսում ապստամբություն է սկսվում: Վարչապետին մեղադրանքներ ներկայացնելու պահից պատգամավոր Գիդեոն Սաարը դարձել է նրա գլխավոր մրցակիցը, որ հավակնում է իրավահաջորդի դերին: Ամեն ինչ կվճռվի դեկտեմբերի 26-ի պրայմերիզում: Նույնիսկ իր սեփական ճամբարում Նետանյահուն հարկադրված է խաղաքարտին դնել իր քաղաքական դիմադրունակությունը: Էլեկտորալ նոր ձախողումի դեպքում էլ նա կապահովի լրացուցիչ 3 ամիս վարչապետի պաշտոնում, իսկ հետո կկռվի մինչև վերջ: «Միակը, որ պիտի անենք, հաղթել, հաղթել, լիարժեք հաղթել, հենց դա էլ մենք կանենք»՝ խոստացել է նա իր ընտրողներին:
Կլեր Բաստիե, Le Monde


Հ.Գ. Հաղթելն այդքան էլ չի ստացվում՝ Նետանյահուն 2020-ի հունվարի 1-ից կթողնի նախարարական չորս պաշտոնները և կնշանակի նոր նախարարներ: Նա կմնա վարչապետ, բայց այլևս չի լինի առողջապահության, սոցիալական բարեկեցության, գյուղատնտեսության և սփյուռքի նախարար: Ավիգդոր Լիբերմանը գուցե մտածում է, որ երկուսին իրար բախելով՝ շահելու է ինքը: Իր 8 ձայնով, որ երրորդ ընտրություններում հազիվ թե բազմապատկվի, եթե շարունակի դեմ լինել արաբներին ու ուլտրաօրթոդոքսներին: Արքաներ ստեղծել՝ այո, բայց արքա դառնալու համար Լիբերմանին պետք է 61 մանդատ, որ չեն կարողանում ստանալ Նետանյահուն ու Գանցը: Իսրայելն իր պատմության ամենատարօրինակ փակուղու մեջ է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3985

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ