Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայաստանն ու Ադրբեջանը գլորվում են դեպի պատերա՞զմ

Հայաստանն ու Ադրբեջանը գլորվում են դեպի պատերա՞զմ
23.07.2020 | 15:44

Նվազագույնը 17 մարդ զոհվել է և ոչ ոք չի ցանկանում պատասխանատավություն ստանձնել: Վերջին օրերին Հայաստանի հյուսիս-արևելքում, Ադրբեջանի սահմանին մոտ, երկու երկրների բանակների միջև անօդաչուների ու ծանր սպառազինությունների կիրառմամբ բախումներ են եղել: Հնարավոր չէ վստահորեն ասել՝ ո՞վ է սկսել մարտական գործողությունները, ինչու՞ հենց այդտեղ, կանխամտածված սադրա՞նք էր, թե՞ սխալ՝ գրում է Ալիսե Բոտան Die Zeit-ում:

Հարավային Կովկասում Հենրիխ Բելի հիմնադրամի ղեկավար Շտեֆան Մայստերի գնահատականով՝ դա չէ գլխավոր հարցը. «Վճռորոշ նշանակություն ունի, որ երկու կողմերը պատրաստվում են հակառակորդին սուր արձագանքի ու պատրաստ են վրեժի: Հենց դա է ընթացիկ իրավիճակը դարձնում վտանգավոր՝ նույնիսկ մեկ միջադեպը կարող է հանգեցնել սրման»: Դա հնարավոր է, որովհետև Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղի շուրջ մոռացվել է, մինչդեռ երկու կողմերը չեն դադարում պատրաստվել պատերազմի: Կոնֆլիկտը համարվում էր սառեցված, դա սխալ եզրակացություն է, մարտական գործողությունները երբեք ամբողջությամբ չեն դադարել: Ամեն տարի միջինը 25-30 զոհ է լինում: 2016-ին պետությունների միջև եղան բազմօրյա մարտեր, որոնց ընթացքում 100 մարդ սպանվեց: Այս տարիներին երկրները մասշատաբային զինվել են՝ Ադրբեջանը պաշտպանության վրա ծախսում է իր ՀՆԱ-ի 4%, Հայաստանն՝ ավելի շատ: Կոնվերսիայի միջազգային կենտրոնի սպառազինությունների փորձագետների կարծիքով՝ երկու երկրներն այսօր աշխարհի ամենասպառազինված երկրների տասնյակում են: Եթե ռացիոնալ դատենք, երկու կողմերն էլ չեն կարող բաց պատերազմով շահագրգռված լինել, որ չափազանց թանկ գին է ունենալու: Լարումը հաճախ արտաքին ներգործությունների հետևանք է, քաղաքական հաշվարկների ու հասարակական տրամադրությունների: Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները հայտնվել են ուժեղ ճնշման տակ կորոնաճգնաժամի պատճառով: Վարակվածների թիվը մեծ է: Հայաստանը եկամուտներ է կորցնում զբոսաշրջությունից, Ադրբեջանը՝ նավթի վաճառքից՝ համաշխարհային շուկայում գնանկման պատճառով: Տնտեսական կարիքներն ու հասարակության ֆրուստրացիան աճում են: Ադրբեջանում իշխող ավտոկրատ Իլհամ Ալիևը կոշտ հակազդում է ընդդիմությանը, Հայաստանում Նիկոլ Փաշինյանը, որ վարչապետ է ընտրվել 2018-ին, ստիպված է ապացուցել իր կայացածությունը: Ի տարբերություն ՀՀ նախկին նախագահների՝ Փաշինյանը ծնունդով Լեռնային Ղարաբաղից չէ, այդ պատճառով էլ չի կարող իրեն զիջումներ թույլ տալ՝ ընտրողները դա կհամարեն թուլություն: Երկու հասարակություններում էլ տարիների հետ նվազել է փոխզիջման պատրաստակամությունը, և Լեռնային Ղարաբաղի համար պայքարը ստացել է նույնականություն ձևավորող նշանակություն: Վտանգավոր դինամիկան դեռ կարելի է կասեցնել: Ռուսաստանը կարող է ազդել Հայաստանի, Թուրքիան՝ Ադրբեջանի վրա: Մինճդեռ ռուսական կողմը զուսպ է արտահայտվում, Թուրքիան կտրուկ դատապարտում է Հայաստանին և վրեժի կոչ անում, գուցե հայրենակից ընտրողներին ազդանշաններ հղելու համար: Այդպես աճում է էսկալացիայի և պատերազմի վտանգը:
Ալիսե Բոտա, Die Zeit


Հ.Գ. Սա գերմանական ընդհանրական տեսակետն է, որին տարբեր հավելումներ կարող են լինել՝ նույնանման բովանդակությամբ: Փաստացի՝ գերմանացիները, ինչպես շատերը, իմաստ չեն տեսնում պատճառների մեջ խորանալու, փորձում են գնահատել ստեղծված իրավիճակը և արագ ու իրենց համար անկորուստ հանգուցալուծել: Նրանք նույնիսկ չեն խորանում Ռուսաստանի ու Թուրքիայի դիրքորոշումների տարբերությունների մեջ, ու սա այն ասպարեզն է, որտեղ պետք է գործի հայ դիվանագիտությունը: Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձևակերպել է ՀՀ դիրքորոշումը. «Առաջին՝ Հայաստանի և Արցախի ընդհանուր անվտանգության համակարգը պետք է առավել ամրապնդել: Այս տեսակետից խիստ կարևորում եմ Արցախի հետ մեր սերտ համագործակցությունը և այդ համագործակցությանը սպառնալիքներին համապատասխան նոր բովանդակություն հաղորդելը:


Երկրորդ՝ Արցախը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ:
Երրորդ՝ Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից և վստահելի քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ:
Չորրորդ՝ բանակցությունները պետք է լինեն իմաստալից: Ադրբեջանի այն մոտեցումը, որ բանակցությունները պատերազմի շարունակությունն են և դրանց նպատակը բանակցային սեղանի շուրջ ռազմական խնդիրներ լուծելն է, իմաստազրկում են բանակցային ողջ գործընթացը|: Բանակցություններն իմաստ ունեն, եթե Ադրբեջանը պատրաստ է հետ կանգնել իր մաքսիմալիստական մոտեցումից և պատրաստ է փոխզիջման: Առանց որևէ սահմանափակման Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգությունը չեն կարող զիջվել որևէ պարագայում:
Հինգերորդ՝ վերջին օրերին Ադրբեջանը թիրախավորեց Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները: Ադրբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է, քանի որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի զինված ուժերի և խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ՝ օտարերկրյա գերճշգրիտ, մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կորպորացիաները՝ իրենց մասնագետներով հանդերձ:


Արդեն երրորդ տասնամյակը ձգվող հակամարտությունը լուրջ վնաս է հասցնում Հայաստանի սահմանամերձ բնակավայրերին և Արցախում ապրող մարդկանց և խախտում է նրանց տնտեսական, քաղաքական, բնապահպանական, տեղաշարժի և այլ իրավունքներ: Այն մոտեցումը, որ այդ իրավունքները կարող են իրացվել միայն հակամարտության կարգավորումից հետո, ընդունելի չէ: Հակամարտության գոտում ապրող մարդկանց խնդիրները պետք է դառնան բանակցային օրակարգի առաջնային մաս:


Վեցերորդ՝ հրադադարի պահպանման մոնիթորինգը, որը գոյություն ուներ մինչև համավարակը, փաստացի խիստ սահմանափակ է:Պետք է միջազգային նոր մոնիթորինգ, որը լինի մշտական և ունենա ստուգողական մեխանիզմներ, որոնք կարձանագրեն, թե երբ և որ կողմն է խախտել հրադադարը: Նմանօրինակ մոնիթորինգային գործունեություն կարող է իրականացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական գրասենյակը, որն ունի տարածաշրջանում տարիների փորձառություն և կարող է ապահովել ԵԱՀԿ դիտորդների մշտական ներկայությունը տարածաշրջանում թե պետական սահմանին, թե շփման գծում: Զինվորականների միջև տեղում ուղիղ կապի ապահովումը արդյունավետ գործիք է՝ միջադեպերը կանխելու և պարզաբանելու ուղղությամբ:


Յոթերորդ՝ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մենք վճռականորեն մերժել և մերժելու ենք հակամարտության շահարկմամբ տարածաշրջանն ապակայունացնելու Թուրքիայի փորձերը», - նշեց վարչապետը:
Նա շեշտեց, որ հուլիսյան մարտերը ցույց տվեցին, որ 2018-ի ոչ բռնի, թավշյա, հեղափոխության, դրան հետևած կոռուպցիայի դեմ պայքարի, բարեփոխումների, բանակի զարգացման նոր հայեցակարգի արդյունքում մեր երկիրն ու հասարակությունը դիմակայելու ու համախմբվածության նոր մակարդակի են հասել:
«Մեզ կարելի է ոգևորվել այս փաստից, բայց և այդ ոգևորությունը պետք է փոխակերպվի ամենօրյա ստեղծարար աշխատանքի»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 14322

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ