26.05.2023|
21:56
Ժամանակին օրենսդրորեն սահմանվում էր, որ պետական գլխավոր պաշտոնյան իրավունք չունի անդամակցելու որևէ քաղաքական կուսակցության։ Հետագայում մեզ համոզեցին, որ քաղաքականությունը կեղտոտ երևույթ է, և այնտեղ ցանկացած բան կարող է լինել ու պատահել։ Կուսակցաքաղաքական գործունեությունը ջհանդամ, բայց գիտությունն էլ հո մաքուր ոլորտ է, կամ, գոնե ներկայացվում է իբրև այդպիսին։ Եվ եթե այդպես է, ուրեմն վաղուց ժամանակն է, որ բոկում աշխատողներն օրենսդրորեն զրկվեն գիտական կոչումներ «շահելու», իսկ գիտության կոմիտեի ժողովուրդն էլ՝ թեմաների մրցույթներում «հաղթելու»` «ի վերուստ շնորհված» «իրավունքից»։ Թող դրանք էլ մյուս պաշտոնյաների պես բավարարվեն աշխատավարձ, պարգևատրում կողմնակի եկամուտ եռամիասնությամբ։ Թե չէ խեղճ գայշնիկ-տամոժնիկների անունն է դուրս եկել, բայց բոկիստներն ու գիտկոմիստներն են աշխարհն ուտում։ Երկրորդներին կանդրադառնանք այլ առիթով, իսկ այժմ նկատենք, որ երբ նայում ես բոկին, մեկ էլ տեսնում ես, թե մի անհայտ բոկոտն, բոկում հայտնվելով, անշեղորեն հարստանում է։ Եվ դեռ դա քիչ է՝ միանգամից ատենախոսություններ է պաշտպանում կամ պաշտպանեցնում ազգական, հարազատ, բարեկամներին (կամ պարզապես վճարունակներին)։ Իբրև դիտարկման թեմա վերցնենք բոկի ներկայիս գլխավոր պաշտոնակատարին (անուն-ազգանուն չենք գրում, որովհետև բացարձակապես ոչինչ չասող բաներ են, իսկ մենք չենք ուզում անիմաստությամբ ավելորդ ծանրաբեռնել ընթերցողի միտքը), որ ոչ միայն ինքն է «տաղանդավոր», այլև պարզվեց, որ իր կինն էլ «լուրջ» գիտնական է։ ՈՒղղակի մինչև ամուսնյակի պաշտոն ստանալը դեռ ի ցույց չէր դրել իր «գիտական» ձիրքը։ Անշուշտ չակերտով ենք ասում, որովհետև գիտություն ասելով, հասկանում ենք, օրինակ՝ «Լույսի տարածումը խավարում», «Տիեզերքի էվոլյուցիայի պրոբլեմները», կամ նման մի վերնագիր, և ոչ թե՝ «Հայաստանի Հանրապետության Բարձրագույն կրթության որակի ապահովման հիմնախնդիրների լուծման ուղիները կրթական բարեփոխումների համատեքստում»։ Համոզված ենք, որ եթե մեկը բարձրաձայն էր կարդում, ապա շունչը կեսից կտրվեց։