«Չիրականացրած ծրագրերի մեղքը կգցեն կորոնավիրուսի վրա»
24.03.2020 | 00:47
«Այդ օրենքն իրականության մեջ չի աշխատելու»,- անդրադառնալով ԱԺ ընդունած այն օրենքին, որով պատասխանատվություն է սահմանվում նաև արգելված տեղեկատվության հրապարակման և տարածման համար, մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ։
-Եթե մարդիկ ցանկանան, որ տեղեկատվությունը հասարակության սեփականությունը դառնա, հանրայնացնելու այլ ձևեր հաստատ կգտնեն, անկախ այն հանգամանքից` պատիժը խստացվու՞մ է, թե՞ ոչ,- շարունակեց քաղաքագետը։- Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները փոխանակ իրական գործողություններ իրականացնեին և ի սկզբանե կորոնավիրուսի մուտքը մեր երկիր կանխեին, հայտարարում էին, թե ում շունն է կորոնավիրուսը, քարոզարշավ էին իրականացնում։ Այսինքն, իշխանությունն անլուրջ մոտեցավ խնդիրն, և հիմա ունենք մի վիճակ, որ վիրուսը մեծ տարածում ունեցավ։ Հիմա ընդամենը հետին թվով փորձում են գործընթացում հղկումներ մտցնել, բայց դա արդեն արդյունք չի տալու։
-Այսօր տեսակետ է հնչում, որ իշխանությունը, օգտվելով իրավիճակից, փորձում է մամուլը վերհասկելի դարձնել, համամի՞տ եք։
-Չեմ կարծում, որ այսօր մամուլը խիստ գրագետ քննադատության է ենթարկում իշխանություններին, ու նրանք դրանից անհանգստացած են։ Այո, կան որոշ ծանրակշիռ քննադատություններ, բայց մասնագիտական մոտեցմամբ քննադատությունը, որի նպատակն արդյունք արձանագրելն է, չկա։ Այս օրենքի պարագայում էլ մամուլը կարողանալու է իշխանությանը քննադատելու ձևեր գտնել։
-Իշխանությունը հայտարարում է, թե խուճապի մատնվել պետք չէ, մենք այս իրավիճակից նոր հնարավորություններով դուրս կգանք, հետո վարչապետը պարենային ապրանքների պահուստի սպառման օրերն է նշում։ Չնայած լրատվամիջոցներին են խուճապ տարածելու համար անգամ պատասխանատվության ենթարկում, բայց շատ չե՞ն իշխանության անհասկանալի ու միմյանց հակասող հայտարարությունները։
-Նոր չէ, որ իշխանությունը միմյանց հակասող հայտարարություններ է անում։ Ժամանակին Փաշինյանը կարմիր գծերի, տեսանկարահանող սարքերի դեմ էր պայքարում, եկավ իշխանության, դրանք մոռացավ, ավելին, ասաց, որ դրանք պետք է մնան։ Ասում էր՝ ՀՀԿ-ն, որ ԱԺ-ում չլինի, ներդրումներ կգան Հայաստան։ ՀՀԿ-ն ԱԺ-ում չէ արդեն 2 տարի, բայց ներդրումներն այդպես էլ չեկան։ Երկար կարող ենք թվարկել, թե ինչ է ասել Փաշինյանն ու ինչպես է հակառակը տեղի ունեցել։ Մի բան ասել է, մեկ ժամ հետո իր իսկ տեսակետը փոխել։ Դա Նիկոլ Փաշինյանի ոճն է։ Մի բան ասել, ուրիշ բան անել, հետո լրիվ այլ բանի մասին հաշվետվություն ներկայացնել։ Երբ մարդը չունի ընդհանուր զարգացման հայեցակարգ, տեսլական, թե երկիրն ինչ զարգացման հեռանկար պիտի ունենա, բնականաբար նա ներկայացնում է մեկժամանոց ծրագիր, որի մեջ, ըստ իր հայեցողության, փոփոխություններ է անընդհատ մտցնում։ Այսօր պետք է սա ասել, ասում է, իսկ վաղը՝ 180 աստիճանով այլ բան է ասում։
-Ըստ Ձեզ, Նիկոլ Փաշինյանը հիմա փորձում է իրավիճակը փրկե՞լ, թե՞ հենց այդպիսի մոտեցում ունի հարցերի վերաբերյալ։
-Կարծում եմ, հենց այդպես էլ մտածում է։ Թվում էր, թե Փաշինյանն ունի որոշակի ընտրազանգված, որի հետ բավականին լավ խաղում է, բայց տարբեր հարցերի շուրջ նրա տեսակետները լսելով, հասկանում ես, որ իրականում նա հենց այդպես էլ մտածում է։ Դրանք իր պատկերացումներն են, որոնք այլևս չեն փոխվելու։
-Այս իրավիճակում որո՞նք են, ըստ Ձեզ, իշխանության ամենամեծ բացթողումները։
-Ոչ թե պիտի հայտարարեին, թե կորոնավիրուսն ում շունն է, մեզ ոչինչ չի անի, պինցետով մեկ-մեկ կհանենք, այլ կանխարգելիչ աշխատանքները ճիշտ պիտի անեին։ Օրինակ, Իտալիայից եկած քաղաքացուն միանգամից վերցնեին հսկողության տակ։ Հիմա այլևս քննադատելն իմաստ չունի։ Պարետատունը որոշումներ է ընդունում, որ բացի պարենային խանութներից ոչ մի առևտրի օբյեկտ չաշխատի, բայց փաստն այն է, որ լավ էլ աշխատում են։ Պարետի ասածներն անգամ չեն իրագործվում։ Բայց անգամ սա չէ խնդիրը, բարձիթողի վիճակ ստեղծվել է հենց սկզբից, հիմա հետևանքների դեմ են պայքարում։
-Կորոնավիրուսով պայմանավորված ինչպիսի՞ սոցիալ-տնտեսական իրավիճակ կունենանք մեր երկրում։ Իշխանությունը կկարողնա՞ վնասները որոշակիորեն մեղմացնել։
-Տնտեսական վնասները բնականաբար մեծ են լինելու, սա խոստովանում է անգամ իշխանությունը։ Խնդիրը միայն Հայաստանում չէ, ողջ աշխարհում ճգնաժամային իրավիճակ է։ Իսկ կկարողանա՞ն իշխանություններն այս վնասները հնարավորինս չեզոքացնել, խիստ կասկածում եմ։ Եթե տնտեսական լուրջ ծրագրեր կարողանային իրականացնել, մինչ կորոնավիրուսն էլ կանեին։ 2 տարի ժամանակ ունեին լուրջ ծրագրեր իրագործելու համար, բայց ոչինչ էլ չեղավ։ Հընթացս գործողություններ կանեն, բայց հաստատ էական զարգացում չի լինելու։ Հիմա չիրականացրած ծրագրերի մեղքը կգցեն կորոնավիրուսի վրա։ Կորոնավիրուսը դարձնելու են քավության նոխազ։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ