Նոր աշխարհ, նոր Հայաստան, նոր Արցախ
07.04.2020 | 00:08
Դու մի ասա` սրանց «նոր Հայաստան» նշանային համակարգը ահավոր գլոբալիստական էր: Չնայած սկզբում թվում էր, թե այն վերաբերում է բացառապես հայաստանյան իրողություններին: Հիմա, երբ կորոնավիրուսով գծագրվում է նոր «Մարշալ պլանը» աշխարհի «մեծերի» կողմից` ոչևսացնելու երկրորդ համաշխարհայինից հետո գծագրված համաշխարհային քարտեզը, ռեսուրսները, ազդեցության գոտիները, հասկանալի է դառնում, որ խնդիրը միայն Հայաստանը «գունավորացնելը», Արցախը ցնցելը չէր, այլ միլիմետր-միլիմետր աշխարհը նշագրելն էր` սկսած ԵՄ-ից ու բրիտանական բրեքզիտից, մինչև Սիրիա-Իրաք` Մերձավոր Արևելք (չմոռանանք` մարշալ պլաններից մյուսն էլ կոչվում էր` նոր «Մեծ Մերձավոր Արևելք»):
Ասել է` անգլոսաքսոնական համայնքը նոր պահանջներ է դնում ԵՄ-ի առջև` նոր կախվածությամբ: «Չմոռանալով» կորոնավիրուսը «սկսել» Չինաստանից` ոչ միայն քանդելով այդ երկիրը, որպես առաջին տնտեսություն, այլև փորձում է պահանջագիր ներկայացնել նույն Չինաստանին, քանզի կորոնավիրուսի վարակը սկսվել է այնտեղից (այո, դիվային գուրուները անչափ հեռու կարող են գնալ)` գումարային մեծ պահանջով, ինչն արդեն արել է Իսրայելը:
ՈՒրույն մանևրի մեջ է նաև Ռուսաստանը. մի կողմից փորձում է իրենով անել ԱՄՆ-ից կախվածության հարվածի տակ հայտնված ԵՄ երկրներին (Իտալիա, Իսպանիա) մյուս կողմից`«ընդդեմ կորոնավիրուս մի ինքնաթիռ» էլ ԱՄՆ է ուղարկում` զուգահեռաբար նավթի գնի համեմատական բարձրացում «ստանալով», փորձում աշխարհի վերաբաշխման թրենդում հետ չմնալ, իր լոտերը բարձրացնել։ Այնուհանդերձ, երկու կետով Ռուսաստանը չհասավ իր սակրալ նպատակներին` իր առաջարկած նյու-Պոտսդամին, որը պետք է տեղի ունենար ամռանը։ Ցայս այդ մասին որևէ խոսք չկա: ՈՒ սա դեռ բոլորը չէ։ Պուտինը կորոնավիրուսի պատճառով (անգլո-սաքսերը կորոնավիրուսով լուծում են աշխարհում «հասունացած» բոլոր խնդիրները). Պուտինը չհասցրեց սահմանադրական հանրաքվեն իրականացնել, իր պաշտոնավարման ժամկետը երկարացնել: Մեկ այլ հուժկու հարված էր Մեծ հայրենականի 75-ամյակի «ճակատագիրը»: Տեղյակ ենք, թե ինչ է դա նշանակում Ռուսաստանի և անձամբ Պուտինի համար, գիտենք, թե ինչ «մանրակրկիտ» էր նախապատրաստվում դրան Ռուսաստանը` ցուցանելու աշխարհին ու անգլո-սաքսերին` ով ով է, ցուցանելով իր ռազմատեխնիկայի իսկապես առաջինը լինելու հզորությունը, հասկացնելու, թե ովքեր են հաղթում համաշխարհային պատերազմներում:
Առանձին թեմա է Իրանը, որի նկատմամբ անգլո-սաքսերը պատժամիջոցները ոչ միայն չչեղարկեցին, այլև կորոնավիրուսոտ ձեռներով այնքան մոտեցան Խամենեիին ու իրանական քաղաքական էլիտային, որ կորոնավիրուսով հիվանդ է Իրանի խորհրդարանի ղեկավար Լարիջանին (Բորիս Ջոնսոնն էլ հիվա՞նդ... թույլ տվեք այդ և պրինց Չառլզի շուրջ խաղարկվող սույն թատրոններին խոր վերապահումներով մոտենալ. այլապես ինչպես պետք է բացատրեն Չինաստանի նկատմամբ կորոնավիրուսի մեղավորության «մասով» պատրաստվող իրենց հայցերի «համաչափությունը»):
Դառնանք մեզ։ Թե ինչպես երկրի ղեկավարը հանրաքվեի քարոզարշավի դուրս գալով նպաստեց կորոնավիրուսի համավարակի խթանմանը, ինչպես Իտալիայից, այլ երկրներից եկածներին կարանտինի չենթարկեցին, ինչպես Միլանի էժան թռիչքը չսահամանափակեցին, ինչպես փախած ղեկավարով հայկական ավիացիայի լիցենզիան հայտնվեց գիլիոտինի սեղանին, չանդրադառնանք. անիմաստ է, որովհետև մահվան դեպքերը թաքցնող, թեստեր չունեցող, «բարդակի» վերածվող երկրում ուր աջ ձեռքը բացարձակապես չգիտի, թե ինչ է անում ձախը, որի ղեկավարը իր շաբաթ-կիրակին անպայման անցկացնում է հավուր պատշաճի հանգստանալով, անիմաստ է խոսել որևէ բանի մասին: Ա-նի-մա՛ստ:
Մեր մրմուռն ու ցավն Արցախն է: Ասել ենք, պնդում ենք. այնտեղ Փաշինյանը (իրականում` ինչ Փաշինյան, իր դրսի «պապաները») փորձում է հայաստանյան թավշյա «համահու՞նչ» զարգացումներ իրականացնել, սորոսական-գլոբալիսներին հանձնել նաև արցախյան իշխանությունը։ Ասել է` հանձնել Ադրբեջանին (սկզբում` ադրբեջանական համայնքի տեսքով), հետո` կերևա:
ՈՒ դրա համար պետք են ցնցումներ, ինչն էլ նախորդ օրն սկսվել է Արցախում: Արցախի ոստիկանությունը մի կեսբերան հայտարարություն է արել: Հիմա. եթե արցախյան ուժայինները կարճ-կոնրետ` այս դաժան պահին չկանխեն պրովոկատորների, Արցախը ցնցումների տանողների ճանապարհը, նշանակում է Հայաստանը, ի դեմս շաբաթ-կիրակի օրերը պարտաճանաչ հանգստացողի, արգելել է նրանց` Արցախը մաքրել ցնցումների տանողներից:
Նշանակում է Արցախի ուժայինները ենթարկվում են դրան, ինչն ամենատխուր պահն է այս ողջ պատմության մեջ: Աստված մի՛ արասցե:
Աստված պահի Հայաստանն ու Սրցախը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ