Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ճոխ թաղումների հնգամյակը»

«Ճոխ թաղումների  հնգամյակը»
23.11.2012 | 12:05

30 տարի առաջ` 1982-ի նոյեմբերի 10-ին, 18 տարի ԽՍՀՄ-ն ու նրա հարակից «արբանյակները» ղեկավարելուց հետո, մահկանացուն կնքեց պատմության մեջ ամենահակասական ու երկակի հիշողություններ թողած ԽՄԿԿ գլխավոր քարտուղար ԼԵՈՆԻԴ ԻԼՅԻՉ ԲՐԵԺՆԵՎԸ:
Այդ օրերին, հանգամանքների բերումով, իրադարձությունների էպիկենտրոնում էի` Մոսկվայում, ինժեներա-տեխնիկական մասնագիտական դասընթացների: Եթե դիմենք ներկայիս տերմինաբանությանը, ապա նման միջոցառումների «հովանավորն» այդ դարաշրջանում ԽՍՀՄ գերհզոր ռազմաարդյունաբերական համալիրն էր (ՌԱՀ)` խորհրդային կայսրության ողջ տարածքով մեկ սփռված գիտաարտադրական միավորումների մի ահռելի ցանց-համակարգ, որի նպատակը, իհարկե, «սառը պատերազմի» պայմաններում իրական կամ հիպոթետիկ թշնամուն դիմակայելու նպատակով տեղական ռազմական արդյունաբերությունը պատշաճ մակարդակի վրա պահելն էր: Երկրի լավագույն ինժեներա-տեխնիկական կադրերը, գիտական ու տեխնիկական մտահղացումները, բարդագույն սարքավորումները կոչված էին ծառայելու այդ նպատակին: Խորհրդային չափանիշներով համեմատաբար բարձր աշխատավարձ, լավ պարգևատրումներ: Այնպես որ, այն տարիներին ազգաբնակչության մեջ մեծ տարածում գտած «սոված ինժեներ» արտահայտությունն այս համակարգի ներսում փոքր-ինչ կորցնում էր իր արդիականությունը: ՌԱՀ-ի ձեռնարկություններն անվանում էին նաև «փոստային արկղ», և այդ արկղերում միախառնվում էր ամեն ինչ` կարևոր պետական պատվերները սեղմ ժամկետներում և պատշաճ մակարդակով կատարելուց մինչև ամենաբազմաբնույթ թղթաբանությունը, որը երբեմն ինքնանպատակության հասնող ցուցադրականության շքերթ էր հիշեցնում: Լայն իմաստով այդ տարիների թղթաբանությունն ու ցուցադրականությունը հիշեցնում են մեր օրերի ամեն տեսակի միջազգային դրամաշնորհների վրա «ընկած» տեղական օֆիսների ու ՀԿ-ների գործունեությունը, որոնցում նույնպես ոչ այնքան կարևորվում է ընթացիկ աշխատանքն իր արդյունքով, որքան այդ աշխատանքի նմանակումը արտերկրյա շեֆերին համապատասխան ձևով ներկայացնելը:
Իսկ հիմա վերադառնանք 30-ամյա վաղեմության դեպքերի ժամանակագրությանը: 1982 թ. նոյեմբերի 9-ի առավոտյան սովորականի պես սկսվեցին դասընթացները, առաջին իսկ ընդմիջման ժամանակ դասախոսը հայտնեց իր մտահոգությունները` կապված այն բանի հետ, որ եթե Միլիցիայի օրվա կապակցությամբ համերգ չտրվեց, ուրեմն մի շատ լուրջ բան է կատարվել (իսկ ես` տգետս, նույնիսկ չգիտեի, որ նոյեմբերի 10-ը Միլիցիայի օրն է, առավել ևս, որ այդ օրը անպայման ողջ երկրով մեկ հեռարձակվող համերգ է լինում): Իսկ թե խորհրդային երկրում ինչ շատ լուրջ բան կարող էր կատարվել, բոլորի համար արդեն վաղուց պարզ էր, մանավանդ որ օրեր առաջ` նոյեմբերի 7-ի շքերթին, «թանկագինը» արդեն գրեթե չէր կարողանում խոսել, էլ չենք ասում շարժվելու մասին։
Այդ օրերին կինոթատրոններում ցուցադրվում էին միայն ռազմահայրենասիրական ֆիլմեր։ Հասկանալի է` մեր «դուխը» պահել էր պետք, դրան է՛լ ավելի «շախ էր տալիս» պարբերաբար հեռուստացույցի էկրանից լսվող և լևիտանյան իմիտացիա հիշեցնող Իգոր Կիրիլովի ձայնը. «…սակայն ժողովուրդն է՛լ ավելի սեղմ կհամախմբվի կուսակցության շուրջը...»:
Եռօրյա սգի ատրիբուտներից էր նաև կոլեկտիվներին հերթագրումով Սովետական բանակի թանգարան տանելը (ռազմահայրենասիրական դրսևորումներից մեկը): Բոլորովին ցանկություն չունենալով ծանոթանալու թանգարանի «առաջարկելիքին», դեռ մուտքի մոտից ճողոպրեցի ու կարճ ժամանակից հայտնվեցի մոսկովյան սրճարան-դիսկոտեկներից մեկում: Այցելու չկար, միայն ողջ հասակով կանգնած էր «թանկագինի» նկարը` մարշալի իր համազգեստով: Հարցիս` բարմենը թե. «Չէ՛ մի, տխուր, մի քանի օրից եկեք, կտեսնեք, թե ինչ է մեզ մոտ կատարվում, ուղղակի սպասում ենք, որ սրան (հասկանալի է, թե ում է ցույց է տալիս) ոտքերն առաջ դուրս հանեն ու սկսենք…»։
Այսպես` համատարած կեղծ ու շիտակ սգի մթնոլորտում թաղեցին Լեոնիդ Իլյիչին` քաղաքական մի գործչի, որն իր անձով խորհրդանշում էր այն ամենը, ինչն ընդունված էր «լճացման տարիներ» անվանել` արտաքին վիճահարույց բարեկեցությունից մինչև ամենաթողության մթնոլորտն ու քողարկված կազմաքանդման գործընթացի սկիզբը:
70-ականների համեմատաբար բարեկեցիկ կյանքով ու «նիխտ պոլիտիկա» սկզբունքով ապրող խորհրդային քաղքենու համար, որի լավագույն «տանիքը» իր բոսորագույն կուստոմսն էր, Բրեժնևը հեղհեղուկ կայունության և ապահով կյանքի խորհրդանիշ էր: Արևմուտքի համար նա նախ և առաջ «չարիքի կայսրության» խորհրդանիշն էր` բռնապետ, որի «թեթև ձեռամբ» արյան մեջ խեղդվեց 1968-ի «պրահյան գարունը», և որի ծերունական քմահաճությամբ սկսվեց աֆղանական անհեթեթ պատերազմը: Եվ վերջապես` շարքային խորհրդային քաղաքացու համար նա, թերևս, առաջին հերթին ուրախ, բազմաոճ, բայց ոչ անմեղ անեկդոտների հերոս «Թանկագին Լեոնիդ Իլյիչն» էր (իսկ անեկդոտների հերոս լինելու քանակական ցուցանիշով նա թերևս կարող էր զիջել միայն Չապաևին), որն իրական կյանքում սիրում էր սրա-նրա հետ պաչ-պռոշտի (ընդ որում` անկախ սեռից, ռասայական պատկանելությունից, երբեմն էլ` քաղաքական դիրքորոշումներից), շքեղ ավտոմեքենաների (խորհրդային չափանիշներով) հավաքածու, որսորդություն, պատերազմական թեմայով ֆիլմեր, որոնք դիտելիս, ասում են, անպայման արտասվում էր, իհարկե` իր եռերգության շնորհիվ անմահացած վայրերից մեկը` Մալայա Զեմլյան, հիշելով: Սիրում էր նաև շքանշաններ, որոնցով ինքն իրեն «պճնում» էր ուրիշների սխրանքների համար` լինեին նրանք տիեզերագնաց, թե կթվորուհի կամ հանքագործ, վերջապես` սիրում էր, որ իրեն շատ սիրեն, ինչը հատկապես տեղի էր ունենում Բաքվում, որտեղ այնպիսի ընդունելությունների էր արժանանում ներկայիս մեր ոչ բարեկամ երկրի նախագահի հոր կողմից, որ ելույթի ժամանակ շփոթմունքից թղթերը խառնում ու բոլորովին այլ բան էր արտասանում (իսկ հաճախ էլ` ուղղակի չէր կարողանում արտասանել):
Այդպիսով, «ճոխ թաղումների հնգամյակի» սկիզբը դրվեց: Բրեժնևին այդ պոստում հաջորդեց Անդրոպովը, հետո` Չեռնենկոն, որոնց հաջողվեց ընդամենը մեկական տարի նստել Կրեմլում: Եվ յուրաքանչյուր անգամ նույն լևիտանյան ձայնը կրկնում էր` «…սակայն ժողովուրդն է՛լ ավելի սեղմ կհամախմբվի կուսակցության շուրջը» արդեն մեր կողմից անգիր արված բառակապակցությունը: 1985-ին նրանց հաջորդեց Գորբաչովն իր վիճահարույց «պերեստրոյկայով»: Ոչ, այս անգամ «ճոխ թաղում չեղավ», փոխարենը երկրում հեղաշրջում իրականացնելու, կայսրությունն իբրև թե կործանումից փրկելու անհաջող փորձ եղավ: Ի՞նչ էր դա, նախապես մշակված թատերականացված բեմադրությո՞ւն, թե՞ ԳԿՉՊ-ի անդամների հայրենասիրական մղում, ոչ ոք մինչ օրս չի կարող վստահաբար ասել: Արդյունքում ԽՍՀՄ-ը դադարեց գոյություն ունենալուց, և այսօր, դրանից մոտ 20 տարի անց, ոմանք դեռ շարունակում են տառապել խորհրդային կարոտախտով, ոմանք էլ հպարտ են, որ ապրում են նորանկախ պետությունում:


Լևոն ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 1853

Մեկնաբանություններ