Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մտորումներ Սյունյաց աշխարհում

Մտորումներ Սյունյաց աշխարհում
25.11.2012 | 12:52

Երկիրս մի ափ է մնացել` մատները մի կերպ ձգած։ Այդ մատները Սյունյաց աշխարհն է, ուր լեռները Արարչի աշխարհաստեղծման օրերի վկաներն են, իսկ կիրճերն իրենց ծալքերում դարերով ամփոփել են մեր ժողովրդի հառաչանքը։ Կիրճերով ակոսված Սյունյաց աշխարհի այս հատվածը Կապան է կոչվում։ «Կապան» հայերեն նշանակում է լեռների միջև նեղ անցք, կիրճ։

Սիսիանից Գորիս անցնող ճանապարհին հանդիպող գյուղերն ու բնակավայրերը համեմատաբար տարածուն են, իհարկե, ոչ այնպես, ինչպես Արարատյան դաշտի կամ հարթավայրային այլ շրջանների բնակավայրերը։ Բայց որքան հարավ ենք գնում, լեռները դառնում են ավելի վեհ ու գահադիր, հուժկու ու թևատարած։ Հորիզոնը, որ հարթավայրում ապրող մարդու համար գրեթե գետնատարած է կամ առավելագույնը` բլուրների բարձրությամբ, Կապանում և Մեղրիում անմատչելի լեռների գագաթներին է ծվարած։ Այստեղ երկինքն ու հորիզոնը միախառնված են իրար։ Լեռներն ու մարդիկ էլ այստեղ դարերով հաշտ են ապրել. անտառածածկ լեռներն ատաղձ են տվել մարդուն, մարդը գոհացել ու գուրգուրել է անտառը, լերկ լեռները պղինձ ու երկաթ են տվել, մարդ դրանցից աշխատանքային գործիք ու թշնամուց պաշտպանվելու համար զենք է պատրաստել և գոհացել։
Ինքը` Կապան քաղաքն էլ մի կապան է` ձգված Ողջի գետի երկայնքով։ Բնությունը շքեղ է ու առինքնող. չորս կողմը լեռներ են անտառապատ և մի ժամանակ պղնձի հանքերով հարուստ, որոնք խորհրդային տարիներին անխնա շահագործվեցին բաց եղանակով։ Ղափան-Կապանը Խորհրդային Հայաստանի արդյունաբերական չորրորդ քաղաքն էր. 1976 թ. մարդահամարի տվյաներով` 36000 բնակիչ է ունեցել։ 1976 թ. մինչև 1988 թվականը բնակչության բնական աճը դասական իմաստով դրական ընթացք է ունեցել։ Այսօր Կապանը հեռավոր, լքված, անգործությունից վախեցած, սեփականաշորթումից շփոթված, օրվա հացը մանր առևտուր-բանով և դրսում աշխատող հարազատների ուղարկած փողով մի կերպ ապրող քաղաք է։ Այստեղ էլ տեղական «օլիգարխիան» է տեր ու տիրական։ Ափսոս, Սյունյաց հպարտ աշխարհի մարդկանց անհարիր վիճակում տեսա կապանցիներին։ Կապանում եղածս օրերին քաղաքում մի փոքրիկ, բայց իր բովանդակությամբ և արժեքով լավ տոնակատարություն-հոբելյան նշվեց. քաղաքի թիվ 9 դպրոցի հիմնադրման 60-ամյակն էր։ Դպրոցի նախկին վաստակաշատ ուսուցչուհի Արգինե Գևորգյանը, որի հյուրն էի Կապանում, ինձ հրավիրեց մասնակցելու հանդիսավոր արարողությանը։ Հոբելյանը նշվեց քաղաքային և մարզային մակարդակով։ Իրենց ներկայությամբ պատվեցին նաև ՀՀ ԿԳ փոխնախարար և մարզային պաշտոնյաները։ Թվում էր` ամեն ինչ լավ է ու գեղեցիկ. նշում էին սերունդների կրթության ու դաստիարակության դարբնոց-դպրոցի հոբելյանը, ասել է` պիտի պատվեին ու մեծարեին անուն առ անուն բոլոր ուսուցիչներին ու անվանի շրջանավարտներին։ Հանդիսավոր բաժնում պատվոգրով պարգևատրեցին մի քանի գործող ուսուցիչների, մի քանի վետերան ուսուցիչների և լավագույն շրջանավարտների անունները հիշատակեցին և անցան «օրակարգի կարևոր մասին»։ Քաղաքի շքեղ ռեստորանում ճոխ ճաշկերույթի ժամանակ դպրոցի տնօրենը մեկը մյուսից վերամբարձ ու բարձրագոչ կենացների արժանացրեց միայն բարձրաստիճան պաշտոնյաներին։ Սեղանների ճոխ հյուրասիրությունը շատ մանկավարժների նույնիսկ վիրավորական թվաց. նրանք իրենց այստեղ ավելորդ ու անտեսված զգացին և ժամանակից շուտ հեռացան։ Բայց դրա փոխարեն դպրոցի տնօրենը ԿԳ նախարարության կողմից ոսկե մեդալ ստացավ։ Ահա այսպես խեղճացած Ղափան-Կապանում «մեծարեցին» մեր կրթության և դաստիարակության դարբիններին։
Կապանի, բառիս հոգևոր ճարտարապետամշակութային առումով, լուսավոր վայրը Վահանավանքն էր` տասներորդ դարի վանական համալիրը, որի ավերակները վերականգնվել են ճարտարապետական հրաշալի լուծումով, և դրա շնորհիվ պահպանվել է նաև եկեղեցու սրահի և գավթի ձայնատարած (ակուստիկ) հատկությունը։ Հոգևոր հավատով և մշակութային արժեքի պահպանման բարձր գիտակցումով վանական համալիրի կամավոր պահակ, ազատամարտիկ-հաշմանդամ Էդիկի ձայնը բարձրացավ դեպի գմբեթ, այնտեղից էլ` առ Աստված`
-Տե՜ր, ողորմեա՜...
Լեռնահայաստան Սյունիքի գյուղերը լեռնաշատ են։ Դրանք այնքան քիչ և փոքր դաշտ ու հանդամաս են ունեցել, որ խորհրդային տարիներին որպես ինքնուրույն կոլեկտիվ տնտեսություն դժվարությամբ են ապրել։ Պետությունը փոքր գյուղերը միավորում էր, ստեղծում «սովետական տնտեսություն` սովխոզ», որպեսզի մեկի չունեցածը մյուսի ունեցածով բավարարվի։ 50-60-ական թվականներին սովետը սկսում է խոշորացնել հողերը։ Այդպիսով, ըստ էության, գյուղատնտեսությունը կոլեկտիվ տնտեսության (կոլխոզի ոչ արդյունավետ մակարդակից բարձրացրին և դարձրին գյուղատնտեսական արդյունաբերություն)։ Սովխոզը բազմաբնույթ պետական տնտեսություն էր կամ ձեռնարկություն, որտեղ աշխատող գյուղացիներն աշխատավարձ էին ստանում և իրենց տնամերձի մշակումից ստացած բերքով և սովխոզի դաշտ ու այգիներից ձեռքի հետ տուն բերած գյուղմթերքներով ապրում էին, բավականին բարեկեցիկ և արտագաղթելու մասին չէին մտածում։ Այսօր Սյունիքի փոքր գյուղերը մատնված են բախտի, ո՛չ կառավարության քմահաճույքին։ Քանի որ չկան այդ պետական տնտեսություններն իրենց մեխանիզացիայով` բեռնատար մեքենաների կայանով, անասնաբուծական համալիրով և դրա անասնաբուծա-բուժական ծառայություններով, հետևաբար և գյուղերն էլ զրկված են արդյունավետ տնտեսավարությունից։
Ես առիթ ունեցա զրուցելու Կապանի նախկին պետական տնտեսություններից մեկի տնօրեն (նախկինում` դիրեկտոր) ԿՈԼՅԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ։ Մասնագիտությամբ անասնաբույծ Խաչատրյանը աշխատանքի բերումով դարձել էր և՛ տնտեսագետ, և՛ դաշտավարության մասնագետ, և՛ շինարարության կազմակերպիչ։ Տասից ավելի միավորված գյուղերի տնտեսությունը ղեկավարած և գյուղատնտեսությունը զարգացրած, հայրենի եզերքը շենացրած գյուղատնտես-պաշտոնյան մնաց գործազուրկ ու ձեռնունայն, երբ 90-ական թվականներին իշխանությունների թեթև ձեռքով փլուզվեցին գյուղատնտեսական կառույցները. հողը մասնավորվեց, տնտեսությունները թալանվեցին, ավերվեցին գոմերն ու ֆերմաները, սակավահող գյուղերի ցանքատարածությունները դարձան խոպան, «էգ կովերի» (ականջդ կանչի, Հրանտ Բագրատյան) գլխաքանակը կտրուկ կրճատվեց, քանի որ սկսվեց ահավոր մորթ, մսի գինն ընկավ և ժողովրդի խոսքով` ոտի հետ գնում էր։
«Եթե ուզում են որևէ երկրի հզոր հարված հասցնել. նախ փլուզում են նրա գյուղատնտեսությունը հետո դիվանագիտական ռազմական, որից հետո բարոյական ու մշակութային հարձակումներն առավել արդյունավետ կլինեն»,- ասում է փորձված գյուղատնտես-կառավարիչ Կոլյա Խաչատրյանը։
Մեր երկրի ավերված տնտեսության և նրա` կարճ ժամանակում վերականգնելու վերաբերյալ Կոլյա Խաչատրյանի մտորումները կփորձեմ առանձին հոդվածաշարով կամ հարցազրույց-մենախոսությամբ ներկայացնել մեր ընթերցողներին։
Սովետի փլուզվելուց հետո մյուս գյուղացիների պես, Սյունիքի գյուղացիները. ասես կորցրին ժամանակի և իրականության զգացողությունը, այսօր շատերը բողոքում և տրտնջում են, թե գյուղում աշխատանք չկա։
Գյուղում չի կարող աշխատանք չլինել. գյուղի կենցաղն առավոտից իրիկուն և կլոր տարին աշխատանք է։ Հարցադրումն է սխալ. չկա աշխատանքի կազմակերպում, ոռոգման համակարգը գործում է ի վնաս գյուղացիների, դժվարությամբ ստացված բերքը ժամանակին և արդյունավետ չի իրացվում, գյուղտեխնիկայի ծառայությունները թանկ են, որովհետև պահանջարկն ավելի մեծ է։
Հաջորդ հանգրվանս Մեղրին է։ Կապանի լեռները շարունակում են բարձրանալ և թևատարած ծավալվել։ Մի պահ մեքենան հայտնվեց մի բարձրակետում, որտեղից երևում է լեռնագագաթների իսկական հրավառություն` արևի շողերով լուսավորված. ես ինձ այդ պահին զգացի աշխարհի կտուրին կանգնած և այնքա՜ն մոտ երկնքին, գուցե և Աստծուն...
Սյունյաց հարավային լեռները բարձր են, կիրճերը` խոր։ Ափաչափ դարավանդների վրա ծվարած փոքրիկ գյուղեր կան, որոնց գյուղ էլ չես կարող անվանել. դրանք մի երկու տասնյակ տներ են` իրար մոտ կծկված։ Այս շրջաններում համեմատաբար ընդարձակ տարածք են ունեցել թուրք ադրբեջանաբնակ գյուղերը։ Դեռ խորհրդային տարիներին առաջին անգամ Սյունիք գնալիս, ես ինձ համար բացահայտեցի, որ թուրքերի գյուղերը ոչ միայն առավել հարթ վայրերում էին, այլև ճանապարհի վրա էին, այսինքն` և՛ ներհանրապետական, և միջպետական ճանապարհները նրանց հսկողության տակ էին, իսկ հայկական գյուղերն իրենց իսկ հայրենիքում ճանապարհից հեռու էին` լեռների ստորին լանջերին մի կերպ կառչած։ Երբևէ մտածե՞լ են այն ժամանակվա Հայաստանի պետական ղեկավարները, թե ռազմավարական ինչ հետևանք կարող էր ունենալ հայկական գյուղերի` ճանապարհից կտրված լինելը և ընդհանրապես, ինչպե՞ս կարելի է սեփական երկրում անհեռատեսորեն չկռահել և չկանխել օտար և դարերով թշնամի տարրի հեռահար քայլերը. բարեբախտաբար, նրանք հեռացան Հայաստանից մինչև պատերազմական գործողությունների սկսվելը։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե թուրքերը մնային. Հայաստանը ներսից տարանջատված կլիներ և ռազմական ընդհարումները նախ երկրի ներսում կլինեին։ Ինչևէ, բարեբախտություն էր, որ դեպքերն այսպիսի ընթացք չունեցան։
Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը բավականին բանուկ է, մանավանդ պարսիկ գործարարների համար. հսկայական բեռնատար և բենզինատար մեքենաները վարպետորեն հաղթահարում են ոլորանները։
Ճանապարհին հանդիպում են նաև պարսկերեն գրություններ` ճաշարանների ազդագրով։ Պարսիկ վարորդները դեռ մի բան էլ «առաջ են գնացել»։ Ժայռերի ստորին մասում պարսկերեն գրություններ են թողնում, որոնցով երևի, նրանք վավերացնում են իրենց` այդտեղով անցնելը։ Տեսնես հայերը, բացի մեր եկեղեցիների ու շենքերի պատերից, ուրիշ երկրում հայատառ հետք թողնո՞ւմ են։ Չեմ կարծում` օտար երկրում մենք շատ օրինապահ ենք...
Երկրի սահմանը քարտեզի վրա մի բան է, բայց երբ տեսնում ես փշալարերը և սահմանապահի աշտարակները, հասկանում ես, որ քո ոտքի տակի հողն այստեղ ավարտվում է։ Իսկ երբ տեսա մայր Արաքսը` «լափին տալով», սիրտս կծկվեց, մեր մայր գետը մեզնից խռովել է ու մեր կողքով է անցնում. նա այլևս մեզ համար մայր գետ չէ, քանի որ նրա ջրերը չեն ոռոգում մեր այգիներն ու արտերը։ Ես տեսա, թե ինչպես են պարսիկներն Արաքսից պոմպով ջուր արտամղում և խողովակներով տեղափոխում։ Ինձ թվաց` Արաքսը դժկամությամբ էր իր մարմնից բաժին հանում նոր տերերին։
Կապանից դեպի Մեղրի լեռների ուրվագիծն ասես ժանյակների ցուցահանդես լինի, ձգվում են այդ ժանյակները և հատում պետական սահմանը։ Զարմանալի բան է քաղաքականությունը, առավել զարմանալի և անըմբռնելի է քաղաքականություն հորինած մարդկությունը, որ սահման է գծում լեռների ու ծովերի վրա։ Ծովն ու օվկիանոսը փռված են լայնատարած, իսկ մարդը դրանց վրա աներևույթ սահման է գծում։ Լեռներն իրենց թևերը չընդհատվող շղթայի նման տարածում են ու առաջ գնում, մարդը նրանց գագաթից մինչև ստորոտ երևակայական սահման է գծում։ Այդ սահմանագծերը տեսանելի են միայն քարտեզի վրա և մեկ էլ հիվանդ մարդկության հոգիներում և մտքերում։ Բնությունը սահման չի ճանաչում...
Եվ այսպես, հասանք Հայաստանի ծայր հարավ. Մեղրին, Սյունյաց նահանգի Արևիք գավառն է, իսկապես Արևիք. լեռների գոգավորության մեջ պատսպարված և բառացիորեն ի արև-հարավ նայող մի շրջան է, որի օդը տաք է ու չոր, պտուղները` քաղցր ու բուրավետ։ Գուցե դրա համար էլ այս շրջանը կոչվում է Մեղրի` մեղրի պես անուշ մրգերի շտեմարան։
Գյուղը, ուր մենք իջևանեցինք, կոչվում է Ալվանք, իսկապես Ալվան է` գունաշատ ու գունագեղ, գարնանն ու ամռան սկզբին այստեղ իսկական գույների տոն է լինում երևի, իսկ աշնանը բերքից ծանրացած ծառերի նազանքն ու շքեղությունն առաջին անգամ տեսնողի մեջ են մոռացված դրախտի հիշողությունն են արթնացնում։ Բայց երբ ծանոթանում ես գյուղացու կենցաղային ու կյանքի պայմաններին, քեզ թվում է, թե մուտքի վրա գրել են դրախտ, բայց այդ մարդկանց զոռով դժոխք են տարել։ Գյուղի բնակիչների մեծ մասն Ադրբեջանի տարբեր քաղաքներից բռնագաղթած հայեր են, որոնք այստեղ են սովորել այգեգործություն։ Ա՛յս գյուղը, որ համեմատաբար հարթավայրային է, նախկինում ադրբեջանական է եղել և ունի մեծ տարածությամբ այգիներ` հիմնականում նռան և արքայապտղի (ՍՏՐՏսպՍ)։
Նուռը` վարդագույն և կարմիր, քաղցր ու քաղցրաթթվաշ հյութեղ ու բուրավետ, ամեն մի հատիկն ասես մի մշակված ու հղկված կարմիր սուտակ (ռուբին) լինի։ Ասում են` նռան մեջ 365 հատիկ կա, և եթե մարդը օրը մեկ նուռ ուտի, կյանքը կերկարի, և ամեն օրը մի տարվա իմաստ ու արժեք կունենա։ Եթե նուռ աճեցնող մարդն է ասում, գուցե և ճիշտ է։ Նռնենին շատ գեղեցիկ ծառ է` գեղեցիկ են տերևները, ծաղիկները` մետաքսանման նուրբ, վարդագույն թերթերով, պտուղը` որ սիրահար բանաստեղծ-երգիչները գովերգում էին` նմանեցնելով սիրեցյալի ծոցիկին, և նռան գինին, որ մեր մառաններում պահվում էր` սիրեցյալին կամ ամենաթանկ հյուրին խմեցնելու համար։
Արքայանարինջ-կոռոլյոկը բնիկ հայկական միրգ չէ, բայց այնպես է հարմարվել աստվածատուր մեր հողին, որ թերևս տարածաշրջանում ամենաորակյալն է տեսքով, համով, սննդային հատկություններով, որ արժանիորեն մենք ևս արքաներին վայել միրգ ենք համարում և արժե այն կոչել արքայապտուղ։ Մինչև Մեղրի այցելելս և այնտեղ այդ արքայական պտուղը վայելելը, ես չէի սիրում այն։ Մանկության տարիներին Թիֆլիսում կերածս վրացական կոռոլյոկն իր անհամ, անհոտ, իսկ խուրման` դաժանորեն խեղդող, շատերին դուր չէր գալիս, բայց քանի որ էժան էր ու առատ, հիմնական մրգերից հետո և մինչև մանդարինի և նարինջի հասունանալը` մարդիկ որպես միրգ օգտագործում էին։ Ես անձամբ տասնյակ տարիներ պարզապես հրաժարվել էի կոռոլյոկից. միրգը պետք է լինի քաղցր, բուրավետ, հաճելի ու արևահամ։ Վրաստանի շատ մրգերի պես սա էլ զուրկ է այդ հատկանիշներից։ Ես նույնիսկ Իջևանի արքայապտուղը չէի ուտում` կարծելով, որ դե նույն միրգն է։ Հիմա հասկացա, որ սխալվել եմ. հայոց արևի ու հողի պտուղը չի կարող անհամ լինել։ Մեղրիի արքայապտուղն ինձ գերեց. արքայապտուղը սա է, որ արժանի է իր անվանը։
Արքայապտղի ծառը նույնպես գեղեցիկ է։ Հասուն մրգերը, ճյուղերի վրա խիտ, ուլունքաշարի նման, հաճախ առատությունից ու ծանրությունից խոնարհված, ասես արևներ լինեն։ Մտնում ես այգի և այգին արքայապտղի առատությունից ու դեղնանարնջագույն արևներից լուսավորվում է։
Այգիները լուսավորվում և երփնավառ գույներով են լցվում նռան ու արքայապտղի առատությունից, իսկ գյուղացու հոգին օր օրի մթնում է։ Գարնանից սկսած մշակել, խնամել, ոռոգել է այգիները, հողն ու ծառերն ազնվորեն վարձահատույց են եղել գյուղացու թափած քրտինքի դիմաց։ Ի՞նչ կա ավելի բաղձալի հողի մշակի համար, քան առատ բերքը... Բայց Հայաստանում այսօր դա պարզապես հոգս է, իրացման հոգս։ Գյուղացին աչքը ճանապարհին սպասում է Երևանից եկող վերավաճառողների մեքենաներին, որ բերքը վաճառի։
Հայաստանը հեղեղված է Վրաստանի էժան ու անհամ կոռոլյոկով։ Զարմանալի անտնտեսվար ժողովուրդ ենք. մեր ապրանքը` որակով, համեղ, թեկուզ մի փոքր էլ թանկ, թողնում ենք` փտի, իսկ գյուղացին է՛լ ավելի աղքատանա, մեր չկամ հարևանի անհամ բերքն ենք իրացնում։
Ասում են` առևտուրն ազգություն չի ճանաչում, հնարավոր է, բայց տնտեսությունը և մեր երկրի տնտեսական կայունությունը ինչպես կարող ենք փոխել ու փոխանակել մի քանի հարյուր դրամի կամ անգամ գերշահույթի հետ։ Անհայրենիք առևտրականը գուցե, բայց պետություն ունեցող գործարարը բարոյական և տնտեսական իրավունք չունի այդպես վարվելու։ Գրեթե նույն հեռավորությունն է Երևան-Թբիլիսի կամ Երևան-Սադախլո, ինչ Երևան-Մեղրի, թերևս մի երկու տասնյակ կմ կարող է տարբերությունը լինի։ Մեր գյուղնախարարությունն իրեն է վերագրում այս տարվա բերքի առատությունը (ծառն ու բնությունը հո չե՞ն կարող նրան հակաճառել), բայց իրացման գործում դարձյալ անարդյունավետություն։ Հայաստանում, բացի խաղողի մթերումից, այլ գյուղմթերքներ էլ են արտադրվում, որոնք իրենց ապրանքային տեսքով ու որակով լիովին համապատասխանում են արտահանման չափանիշներին։ Որտե՞ղ են մեր մթերող և արտահանող կազմակերպություններն իրենց մեծ մեքենաներով, որ մի երկու այցով կլցնեն և՛ իրենց սառնարանային պահեստները, և՛ կլոր տարին ապրանքափոխանակությամբ և աշնան բերքի փողով պարտքերը մարելու հույսով ապրող գյուղացուն կփրկեն, իսկ մեր տնտեսությունը ներմուծող լինելուց, մեծ հաշվով, արտահանման ճանապարհ դուրս կգա։ Մեր պաշտոնյաներն ու գործարարները հաճախ են մոռանում, որ երկիրը գյուղացին է պահում։ Օգնենք գյուղացուն, որ նա պահի մեր երկիրը, մանավանդ որ նրանցից շատերը նաև սահմանապահ են, ասել է` զինվոր են։


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Կապան-Մեղրի-Երևան

Դիտվել է՝ 4223

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ