«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Դեպի Ամանոր (հայրենասիրական խոհանոց)

Դեպի Ամանոր (հայրենասիրական խոհանոց)
30.11.2012 | 11:58

«Անձրև եկավ գուցե հարյուր օր,
և ջուրը, ներծծվելով խոտի
արմատների մեջ,
հասավ Մատենադարանին
ու թրջեց բոլոր սուրբ բառերը,
որ փակված էին վանքի մեջ»։
Տոնինո ԳՈՒԵՌԱ, «Երգն իններորդ»

ԱՌԱՎՈՏ ԼՈՒԾՈ
(կիտրոն, կոնյակ, թերխաշ հավկիթ)
Այո՜, այո, առավոտ լուծո, կոնյակն ենք ըմպում, կիտրոնը տալիս կատվին։ Եթե տանը կատու չկա, ապա կիտրոնը հրամցնում ենք թութակին։ Կամ էլ` զոքանչին։ Նվազագույնը` հարևան Հրոյին։ Ինչո՞ւ հավկիթ, էն էլ` թերխաշ։ Ասեմ` ինչու։ Թերխաշ հավկիթը խոհականության է տրամադրում։ Ինչպես որ այծի խաշն է տրամադրում Բորխես կամ Վահրամ Սահակյան ընթերցելու։
Այսպիսով, առջևում հերթական ճակատամարտն է, ինչը պիտի որ տանուլ չտանք։ Այս ավանդական տուրուդմբոցում երեք մասնակից կա։ Մենք, մեր տոնական մղձավանջը և հայոց շուկան։ (Առավո՜տ լուծո, թերխաշ ձուն իր գործն անում է)։ Եթե գոնե ոչ-ոքի ավարտենք մենամարտը մեր նախամանորյան մղձավանջի հետ, ապա հայոց շուկան իր նախատոնական անակնկալները մի կողմ կդնի և մեզ հետ ձեռք ձեռքի սեղան կբացի, համեստ ու խոհական, բա՜։
Իսկ այժմ փորձենք ներկայացնել, թե հանրային որ խավն ինչպիսի հոգեխանգարմունք է ապրում Ամանորին ընդառաջ։

ՍՏԱՄՈՔՍԱՅԻՆ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐ
(կամ որովայնային բոլշևիզմ)
Հասարակական երեք խավ արշավանքի մեկնարկում են։ Ներկայացնենք նրանց առոք-փառոք։
Մտավորական Մնացականը։ Անապահով Անաստասը։ Բարեկեցիկ Բաղդիկը։ Խաղից դուրս են շուկայի կնքահայրերը, տնտեսական կաշալոտները, վարչական շերխանները և քաղաքական լեշակեր ղառղառները։ Զի նրանց սեղանը ողջ տարին և օրը յոթ անգամ (վաղ նախաճաշիկ, բարձրավոլտ նախաճաշ, նախավարժանք-ճաշ, ճաշ-վրաերթ, զկռտոց-թարմացում, բառաչ-մարզավիճակ և վերջապես` իրիկնահաց-օպերկոտ) ամանորյա է, լիառատ, և անամոթ։ (Երբ երկրի բնակչության 13,7 %-ն օրը քաղած է ավարտում, նման ամենօրյա որկորային խրախճանքներն անամոթության իններորդ ալիք են և անպատկառության տոնահանդես)։
Էնպես որ, վերնակույտն Ամանորը չի վայելում, չկա որևէ նոր ու գրավիչ բան, փղի տոտիկների մոժո՞ժ (զզվել ենք), աղը դրած դելֆին (անդուր բան է), ապխտած կենգուրու, սոխակի լեզվի ռագու, ծտի կաթի թանապուր (է, հետո՞)։ Էնպես որ, վերնակույտը Ամանորին ծոմ է պահում, և նրա միակ բավարարումը ժամկետանց ապրանքի իրացումն է կրակի գնով։ Այո՜, կայանում ենք, կայունանում և աշխարհի կառամատույցներում տեղ փնտրում մեր խարխուլ շուկայական շոգենավերի համար։
Ի դեպ, սպասում եմ օրենսդիր-ճարտասանների հրաբորբոք ընդվզումներին հետևյալ թեմայով. «Թանկացումները գալիք Ամանորին խարխլում են մեր անկախ պետականության հիմքերը»։
Այսպիսով, ի՞նչ է անում մտավորական Մնացականը նախամանորին։ Նախ` փրփրում է, հետո հանդարտվում է, հետո էլ ընկնում է խոր տվայտանքների գիրկը` «բացե՞լ, թե՞ չբացել» թեմայով։ Այսինքն, Ամանորին հայրական ժառանգություն սեղանը բացե՞լ, թե՞ պահպանել ստատուս քվոն։ Ընտանեկան քվորումը միաձայն որոշում է` սեղանը թողնել նախնական վիճակում։ Այսինքն, բավարարվել տիկին Տիկուշի անմահական թթվով, և գյուղից հատուկ Ամանորի համար «գործուղված» չիր-չամիչով, տնական շղթա կապող օղիով և փշատով։ Մի՞թե հրաշք չէ այս սեղանը, և մի՞թե այս ամենին հավելած տոնական գաթան Ամանորի հեքիաթը չի բերում օջախդ։ Անշուշտ։ Սակայն մտավորական Մնացականը որոշել է այս տարի էլ հարստացնել իր համար արգահատելի շերխանիկներին և աջ ու ձախ ապսպրել է ընտիր մի գոճի, փարթամ մի հնդուհավ, մի երկու դյուժին կարմրախայտ, ռուսական ֆիրմա օղի, հայկական կոնյակ (միայն էլիտարը), բնականաբար, նաև ձկնկիթ, անանաս և քամած մածուն։ Անշուշտ, տխուր Մնացականը հաշվարկել է այս ամենը և ճշտել` այս Ամանորին կամա-ակամա շերխանիկներին թռփոշացնելու է 2 հազար դոլարով։ Սակայն, երբ բարկության փրփուրը նստեց, մտավորականը համոզվեց, որ սեղանը պիտի բացվի։ Նաև միացվի մեկ այլ սեղանի։ Չէ՞ որ ողջ ամառ չորս արտակարգ բթամիտ և ծույլ դիմորդի հետ պարապեց տասնամյակի ողջ դասընթացը, նրանց խցկեց համալսարան և դդմազգիների այս անզուգական նմուշների ազգ ու տակին հանդիսավոր խոստացավ, հասցնել նրանց երանելի հանգրվան` դիպլոմի բարեհաջող պաշտպանություն։ Բնականաբար, Մ.-ի ջանքերը գնահատվել են երկրաչափական պրոգրեսիայով, այսինքն` որքան խոր է դդմազգու տխմարության անդունդը, այնքան բարձր է պարգևավճարը։ Այսինքն, Մ.-ի զուտ շահույթը չի զիջում բազմավաստակ օլիգոպոլիկի դեղձանիկի և շոու բիզնեսի նորահայտ աղաղակ Տ.-ի շահաբաժիններին։ Այսինքն` կամա-ակամա տիար Մնացականը համալրում է միջին դասը, Ամանորին նրան այցի կգան դդմազգիները, բնականաբար, նրա սեղանը չի կարող թշվառ-մտավորականի սեղան լինել։ Ահա մի դրվագ, թե ինչու են մեր մտավորականներից ոմանք ելնում ստամոքսային արշավների, քարոզում որովայնային բոլշևիզմ։

Առհասարակ անապահով Անաստասը պիտի որ Աժդահակ լեռան գագաթից թքի ամանորյան այս ունայն զառանցանքի վրա։ Պիտի որ` ամենուր, սակայն ո՛չ Հայաստանում։ Զի ողջ տարին մրգի ու շոկոլադի, տապակայի և տոլմայի կարոտը քաշող անապահովը սեղան է գցում, որի փառահեղությանը կնախանձեր անգամ գծատեր Եղոն։ Անշուշտ, խնդիրներ են առաջ գալիս, ինչո՞ւ է ողջ տարին բողկով, սև հացով ու տոնական մածնաբրդոշով բավարարվող այս զարմանահրաշ արարածը Ամանորին կրակ կտրում։ Այո՜, կրակ է կտրում, քանզի պատկից հարևանի խոհանոցի եռուզեռն է անհանգստացնում, վարի հարևանի թավաների գունագեղ բուրմունքը, վերի դրկիցի տունը զարդարող բնական տոնածառը։ Գլուխը քարը, քարն էլ մուտքը վերահսկող առնետ Հասանի գանգատուփին։ Մարդը, ի վերջո, տարին մեկ իրավունք չունի՞ քեֆ անելու, թափով ու շրխկոցով։ Սակայն ի՞նչ ճանապարհով։ Ողջ տարին, հասկացանք, Անաստասը խնայում է։ Լուման լումայի վրա դարսելով դրամագլուխ է կերտում։ Երթևեկում է անվճար։ Հրաժարվում է վերելակից։ Վառարանում այրում է հարևանների նետած կոշիկները։ Լողանում է Զանգվի ալիքներում, գործածելով անհայտ քեֆչիների թողած խարույկի մոխիրը։ Եվ խնայում է, խորամանկում, խուսանավում։ Փոխարե՞նը, հասկացանք, կապը կտրում է ուղիղ յոթ օր, վեց գիշեր։

Ամենացնցողը բարեկեցիկ Բաղդիկի շորշոփահարությունն է։ Թվում է` ճիշտ հակառակը պիտի լիներ։ Զի այս պատվարժան այրը նանոտեխնոլոգիաների ձեռնարկատեր է, Հայաստանը պատվով է ներկայացնում աշխարհում, կանոնավոր վճարում է հարկերը և ծառայողների աշխատավարձը, սիրուհի չունի, բուսակեր է, սառը ջրով լոգանք է ընդունում և կառավարական խորհրդակցություններում էլ շան լափը թափում է երկիրը քայքայող լեշակերների գլխին։ Բաղդիկն ունի մեկ շարժակազմ, հինգ մեղվափեթակ, երկու զույգ հողաթափ և երեք մեծ երազանք. Հայաստանը տեսնել բարձր տեխնոլոգիաների, ցածրահասակ շենքերի և զարգացած գյուղատնտեսության երկիր։ Մի խոսքով` հենց Բաղդիկն է պետության ողը։ Բայց արի ու տես, որ նախամանորին նրա կողն էլ է բռնում և սկսում է տենդագին առևտուր անել շուկաներում, մարկետներում, փռերում և փակուղում է հայտնվում։ Յուրաքանչյուր Ամանոր նրանից խլում է 15-17 հազար ԱՄՆ դոլար։ Որ ի՞նչ։ Ողջ տարին մարդս սթափ է, քիչ մելամաղձոտ, առաջինը վճարում է հավաքարար Զինայի աշխատավարձը, քարտուղարուհի Մոնիկայի ոչ միայն կրծքին, այլև քթին չի նայում, այնքան որ ամաչկոտ է։ Բայց և այնպես տոներին իրեն քամուն է տալիս։ Որ ի՞նչ։ Ժողովրդավար-արմատական այս այրն ինչո՞ւ է պատվական կյանք վարում ողջ տարին, սակայն նախամանորին ախտահարվում է որովայնային բոլշևիզմի բացիլներով։

ԺՈՒԺԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԵՆՔ ՇԵՐԽԱՆՆԵՐԻՆ
(ադի-բուդին մեզ ապավեն)
Դուք ունեք կասկած, որ մի քանի օր անց շերխանական մեր շուկայում գները վեր կճախրեն, դանդաղ, բայց համառ, սուսիկ-փուսիկ, սակայն անամոթաբար։ Այդպես է եղել, բայց գուցե այս տարի խախտենք այս օրապակաս ավանդույթը։ Տեսեք, թե ինչ վեհ ներբող է ձոնել առ Հայաստան վերջին կինոհանճարը` Տոնինո Գուեռան, արձանացեք այս տողի առջև. «...թրջեց բոլոր սուրբ բառերը, որ փակված էին վանքի մեջ»։ Կեցցե՛ս, մաեստրո։ (Էստեղ թեթև մի մեջբերում։ Ժամանակին Հայաստան է ժամանում իտալացի ճարտարապետ-տեսաբան Ալպագո Նովելոն։ Պատվարժան սույն այրը Միլանի համալսարանում դասընթացներ է վարում հայ ճարտարապետության մասին, վեհանուն Ստրժիգովսկին ահագին հետո աշխարհին է ներկայացնում հայ ազգային ճարտարապետությունը, որպես քաղաքակրթական մի ուրույն երևույթ։ Եվ ահա նա մեծ վանքերից մեկում է։ Բնականաբար, վանքաբնակները խանդավառ երջանկության մեր մի անմեղ մաքի են մորթում և փորձում հայկական խորովածով պատվել անգին հյուրին։ Նովելոն հրաժարվում է, և գիտե՞ք ինչպես է մարում հյուրասիրական մեր հախուռն գրոհները, ասում է, թե հայ ժողովուրդ, քեզ այդքան մի կոտորի, խորովածը չի հայկական, հայկականն այ էս վանքն է։ Բա՜ս)։ Թրջված սուրբ բառեր և մեր որովայնային բոլշևիզմը։ Մի խոսքով` «ԼԼ» գլխավոր նավավարս առաջարկում եմ գալիք Ամանորը մարդավայել անցկացնելու իմ ձևաչափը։ Նախ հիշեք` որկրամոլությունը բնավ բնորոշ չէ մեր տառապած ու փառապանծ տեսակին։ Այնուհետև ականջներիս օղ անենք, հենց ապրանքատեսականու գները վեր են թռչում, մենք նրանց (նաև դրանց արտադրողներին) արհամարհում ենք։ Այսինքն, մատնում ենք կատարյալ անուշադրության։ Ասենք էսպես, մարկետներում քմծիծաղով ծանոթանում ենք նախամանորյան գների պորտապարին, հետո շոյում ենք վաճառողուհու ձախ թշիկը և ուրախ-զվարթ լքում ենք մարկետն ու շուկան։ Հավատացեք, երկու-երեք օր անց բաստուրման, մրգեղենը, խմիչքն ու մնացածը դռնեդուռ են ընկնելու և պաղատելու են գնել` նախամանորյան խիստ զեղչերով։
Լերո՛ւք ողջ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3530

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ