Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դալայ լամայից հետո երկրորդ մարդը անհետացավ 25 տարի առաջ

Դալայ լամայից հետո երկրորդ մարդը անհետացավ 25 տարի առաջ
24.05.2020 | 12:12

Աշխարհն ունի Գեդուն Չոկի Նիմայի միայն մեկ լուսանկար՝ ամենանշանավոր մարդկանցից մեկի, որ անհետ կորած է: 6 տարեկանում արված ակնթարթային լուսանկարում պատկերված է վարդագույն թշիկներով, ապատիկ տղեկ: Հիմա նա 31 տարեկան պիտի լինի: 25 տարի առաջ՝ 1995-ի մայիսի 17-ին երեկային ու նրա ընտանիքին անհայտ ուղղությամբ տարան չին զինվորականները: Երեք օր առաջ դալայ լաման նրան հռչակել էր 11-րդ Պանչեն լամա՝ նշանակությամբ երկրորդ մարդը տիբեթյան բուդդայականության մեջ: Այդ ժամանակից նրա ճակատագրի մասին տեղեկություններ չկան: Տիբեթցի էմիգրանտները օգտագործել են տարեդարձը՝ ևս մեկ անգամ նրա ազատությունը պահանջելու համար: «Պանչեն լամայի առևանգումը Չինաստանի կողմից, նրան կրոնական նույնականությունից և իր մենաստանում ծառայությունից զրկելը կրոնական ազատության և մարդու իրավունքների կոպիտ խախտում է»՝ հայտարարել է տարագիր կառավարությունը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Պեկինին հարգել իրենց կրոնին դավանելու տիբեթցիների իրավունքը և պարզաբանել Պանչեն լամայի գտնվելու վայրը: Միայն Չինաստանի իշխանությունները գիտեն նրա տեղը: Եվ հազիվ թե սկզբունքորեն նոր տեղեկություն հաղորդեն, եթե չեն արել 25 տարի: Հայտնի չէ նույնիսկ՝ գիտի՞ Գեդուն Չոկի Նիման, որ ինքը հռչակվել է Պանչեն լամա: Հարկադիր անհետացումների հարցով ՄԱԿ-ի աշխատանքային խումբը փորձում է պարզել Պանչեն լամայի ճակատագիրը 1995-ից, բայց հաջողություններ չունի:
25-րդ տարեդարձից մի քանի օր առաջ աշխատանքային խումբը հայտարարություն է արել. «Չինաստանի կառավարությունը մի քանի անգամ պատասխանել է մեր հարցումներին, բայց ներկայացված տեղեկատվությունը բավարար չէ գործի հանգամանքները պարզելու համար, որ մնում է առավել կարևորներից մեկը»:


2013-ին աշխատանքային խումբը դինել է Չինաստանի կառավարությանը՝ խնդրելով իր ներկայացուցիչներին թույլ տալ այցելել երկիր: 6 տարի անց խումբը դեռ սպասում է պատասխանին՝ նշված է 2019-ի հաշվետվության մեջ:
Տիբեթցի բուդդայականները Պանչեն լամային համարում են բուդդա Ամիտաբխիի ռեինկարնացիան: Կրոնական հիերարխիայում նրանից բարձր միայն Դալայ լաման է: Երկու հոգևոր առաջնորդների որոնումն ու որոշարկումը կատարվում է բարդ ծիսակարգերով ու հինավուրց ավանդույթներով: Հաջորդ Պանչեն լամայի հայտարարության մեջ առանցքային դեր ունի Դալայ լաման, գործող Պանչեն լաման մասնակի պատասխանատվություն է կրում նոր Դալայ լամայի հռչակման մեջ:


Դալայ լամա 14-րդը 1959-ին ստիպված էր հեռանալ Տիբեթից և ապրում է Հնդկաստանում: Հուլիսին նա կդառնա 85 տարեկան: Նա այլընտրանքային իշխանություն է տիբեթցիների համար, որ չեն ընդունում չինական կառավարումը իրենց բարձր լեռներում: Հեշտ է հասկանալ Պեկինին, որ չի ցանկանում Պանչեն լամային իրեն ընդդիմություն ունենալ, հեղինակություն ձեռք բերել ու դառնալ իր քաղաքականության խոչընդոտ Տիբեթում: Գեդուն Չոկի Նիմայի անհետանալուց հետո Չինաստանը նշանակեց իր Պանչեն լամային՝ Գյալցեն Նորբուին, ում Դալայ լաման ու իր հետևորդները չեն ընդունում: Չինաստանի իշխանությունները բազմիցս հասկացրել են, որ Դալայ լամայի մահից հետո մտադիր են վերահսկել նրա իրավահաջորդի որոնումների ու հռչակման գործընթացը: Դալայն լաման չի բացառում, որ այդ պայմաններում նոր Դալայ լամա կարող է ընդհանրապես չլինել: Կոմունիստական ղեկավարների միջամտությունը հատկապես անհարկի է, որովհետև նրանք աթեիստներ են՝ գտնում է նա:
Պանչեն լամայի անհետացումից անմիջապես հետո Չինաստանի իշխանությունները ՄԱԿ-ի աշխատանքային խմբին հայտարարեցին, որ «ռեինկարնացված երեխայի ու նրա ընտանիքի անհետացման կամ առևանգման փաստը ընդհանրապես տեղի չի ունեցել և Դալայ լամայի խմբի ֆանտազիան է»: Մեկ տարի անց ցուցմունքները փոխվեցին՝ մի քանի «անպատիվ անձինք» փորձել են անօրինական կերպով երեխային սահմանից դուրս բերել, և նրա ծնողները օգնություն են խնդրել, որը տրամադրվել է: Չնայած թիկնապահներին՝ տղան ու նրա ընտանիքն ապրում են նորմալ կյանքով և չեն ցանկանում, որ իրենց անհանգստացնեն: Այս վարկածը Պեկինը կրկնել է մի քանի անգամ: Բայց երբեմն չինական իշխանությունը ակնարկել է, որ ամեն ինչ այդքան լավ չէ: 1998-ին աշխատանքային խմբին տեղեկացվել է, որ Պանչեն լամայի մայրը բանտարկված է՝ չճշտելով՝ ինչ հանցանքի համար: Եղել են տեղեկություններ և այլընտրանքային աղբյուրներից: 2000-ին Միացյալ թագավորության ԱԳ նախարար Ռոբին Կուկը հայտարարեց, որ չինացի ներկայացուցիչներն իրեն ցույց են տվել տղայի երկու լուսանկար, որ նրանց խոսքով՝ անհետացած Պանչեն լաման է: Մեկում երեխան սեղանի թենիս էր խաղում, մյուսում գրատախտակին հիերոգլիֆներ էր գրում: Բրիտանացիներին լուսանկարները ցույց են տվել, բայց չեն տվել: 2007-ին Տիբեթ այցի ժամանակ տեղական իշխանությունները հայտարարել են, որ անհետացած Պանչեն լաման ուզում է հանգիստ ապրել և չի ցանկանում, որ իրեն անհանգստացնեն: 2 տարի առաջ չինացիները ՄԱԿ-ին հաղորդել են, որ Գեդուն Չոկիա Նիման սովորական կյանքով է ապրում ու աշխատում է: Վերջին տեղեկությունը երեքշաբթի հաղորդել է ՉԺՀ ԱԳՆ մամլո քարտուղար Չժաո Լիցզյանը՝ ճեպազրույցում նա ասել է, որ Գեդուն Չոկիա Նիման բարձրագույն կրթություն է ստացել և աշխատում է իր մասնագիտությամբ:


Հետո հնչեց ավադական հայտարարությունը, որ նա ու իր մերձավորները չեն ցանկանում, որ խանգարվի «իրենց ընթացիկ նորմալ կյանքը»:
Պրոֆեսոր Ջերեմի Սարկինը, որ 2008-2014-ին եղել է ՄԱԿ-ի աշխատանքային խմբի անդամ, ասում է որ Պանչեն լամայի նկատմամբ Չինաստանի գործողությունները հակասում են մարդու իրավունքի վերաբերյալ միջազգային նորմերին: «Ոչ մի բացատրություն չինական կողմից չի կարող հերքել պարզ իրականությունը՝ նրանք տարել են երեխային ու ամբողջ ընտանիքին: Մենք պետք է հնարավորություն ունենանք համոզվել, որ նրանց հետ ամեն ինչ կարգին է»՝ ասում է Սարկինը, որ հիմա աշխատում է Լիսաբոնի Նովա համալսարանում: Նա գտնում է, որ չինական հերքումի մեջ արտառոց ոչինչ չկա. «Ոչ մի կառավարություն չի ցանկանում խոստովանել, որ առևանգում է մարդկանց»: Պրոֆեսորը ընդունում է, որ այս դեպքում գործնականում ոչինչ հնարավոր չէ անել, որովհետև Չինաստանի վրա ճնշում գործադրելու հնարավորություններ գրեթե չկան: Տիբեթի հարցով մասնագետ Ռոբերտ Բարնետը գտնում, է, որ Տիբեթի նկատմամբ ճնշումների քաղաքականությունը ունի ՉԺՀ քաղաքացիների մեծամասնության աջակցությունը:


«Չինաստանի կառավարությանը չհաջողվեց նվաճել տիբեթցիների սրտերը, բայց դա կարևոր չէ, եթե 1,4 միլիարդ չինացիներ համոզված են, որ կառավարությունը ճիշտ է գործում»՝ ասում է Լոնդոնի Արևելյան ու աֆրիկյան հետազոտությունների դպրոցի փորձագետ Ռոբերտ Բարնետը: Բայց նրա կարծիքով՝ Չինաստանի իշխանությունները երբեք չեն կարող թուլանալ ու հաճույք ստանալ Տիբեթի նկատամբ իրենց իշխանությամբ: «Դա փխրուն կառույց է: Նրանք միշտ ապրելու են վախի մեջ, որ մի գեղեցիկ օր ամբողջ համակարգը կփլուզվի»՝ ասում է նա: Գուցե: Բայց առայժմ Տիբեթի վրա Պեկինի վերահսկողության հուսալիությունն է վկայում, որ Տիբեթի տարագիր կառավարությունը այնտեղ աղբյուրներ չունի, որ կարող են որևէ տեղեկություն հաղորդել Գեդուն Չոկիե Նիմայի մասին: 2 տարի առաջ Դալայ լաման ասաց, որ հուսալի տեղեկություններ ունի՝ նա ողջ է: Եվ՝՝ վերջ: «Փաստացի՝ մենք ոչինչ չունենք բացի 6-ամյա տղայի միակ լուսանկարից,- ասում է տարագիր կառավարության Լոնդոնի ներկայացուցիչ Սոնամ Ցերին Ֆրեզին:-Լուսանկարը կախված է Տիբեթյան վանքերում ու էմիգրանտների տներում, աղոթքի ու երկրպագության համար և իբրև հույս, որ երբևէ մենք կտեսնենք՝ ինչ մարդ է նա դարձել»:

BBC


Հ.Գ. Դալայ լաման դառնում է 85 տարեկան, պատկառելի տարիք է, գուցե՝ հակառակ տիբեթյան ավանդույթների Պանչեն լամային փորձեն նոր Դալայ լամա դարձնել: Կամ՝ նվազագույնը չինական սովորույթներով մեծացած տղային օգտագործեն նոր Դալայ լամայի ընտրության ժամանակ: Եթե դա չլիներ, Գեդուն Չոկի Նիման վաղուց ողջ չէր լինի: Նրան պահել են, որովհետև պետք է: Համենայն դեպս՝ նոր Պանչեն լամա չընտրելու համար, քանի Գեդուն Չոկի Նիման ողջ է: Իրականում սա շատ տխուր պատմություն է, և տիբեթցիների սրտերը նվաճելու առաջին քայլը Պանչեն լամային տուն վերադարձնելը կարող է լինել: Թեկուզ արդեն իբրև սովորական քաղաքացի, եթե նա ի վիճակի չէ կատարել ընտրյալի իր պարտականություններն ու ապրել մենաստանում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8044

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ