Երեկ Նիկոլ Փաշինյանը Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի միանգամից 10 աշխատակից է ազատել աշխատանքից։ Սա այլ խոսքով նշանակում է, որ այդ կառույցի աշխատանքները տապալված են, սփյուռքի հետ աշխատանքները ձախողված են։ Այլապես անհնար է պատկերացնել, թե ինչպես է ստացվում, որ մի կառույցից այդքան աշխատող է մեկ օրում աշխատանքից հեռացվում են, և ոչ մի բացատրություն հանրությանը չի ներկայացվում։
Սակայն այս ամենը նաև զավեշտալի է, որովհետև գլխավոր մեղավորին թողած, շարքային աշխատակիցն է կրում իրավիճակի ողջ պատասխանատվությունը։ Եթե մի ոլորտում այդքան մարդ չի կարողացել աշխատանքը ճիշտ կազմակերպել, նշանակում է` վատ կառավարում է եղել, վերադասը թերացել է։ Ըստ այդմ, առաջին հերթին պիտի աշխատանքից հեռացվեր սփյուռքի հանձնակատարը՝ Զարեհ Սինանյանը։ Բայց` ոչ, յուրայիններին Փաշինյանը վերաբերվում է «սրբազան սարսուռով», նրանք անփոխարինելի են, քանի որ իր մարդիկ են, իսկ ձախողված աշխատանքի համար միշտ էլ կգտնվեն քավության նոխազներ։
Ի դեպ, նախարարությունից գրասենյակ դարձած այս կառույցն անգամ սեփական կայքը չի կարողանում գործարկել, մինչդեռ ԱՄՆ-ից ժամանած հանձնակատարը աշխարհի հայերին Հայաստանի հետ կապող օղակը պիտի լիներ։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ