«Համաճարակային քայլերի մասին ինչ-որ բան կա՛մ ճիշտ չեն ասում, կա՛մ վախենում են ճիշտն ասելուց»
05.06.2020 | 00:16
«Իրատեսի» զրուցակիցն է քաղաքագետ ԿՆՅԱԶ ՍԱՐՈՅԱՆԸ:
-Պարոն Սարոյան, կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 10 հազարի սահմանը, իշխանությունը, որ ի սկզբանե ասում էր, թե «պինցետով հատ-հատ կհանենք ու արաղով դիզինֆեկցիա կանենք», այժմ բոլորիս հորդորում է առավել քան լուրջ վերաբերվել համավարակին: Համաչա՞փ մոտեցում է:
-Ցավով պետք է արձանագրեմ, որ համավարակի դեմ պայքարում ձեռնարկված շատ քայլեր կրել են ու շարունակում են կրել անահամաչափ բնույթ։ Պատասխանատու անձանց վերոնշյալ ոճի հայտարարություններին ավելի լավ է ընդհանրապես չանդրադառնալ, քանի որ դրանք իրականության հետ աղերս չունեցող, չկշռադատված հայտարարություններ են։ Ինչ վերաբերում է համավարակին լուրջ վերաբերվելուն, ապա այն պայքարի գործում կարծես դարձել է միակ գործիքը՝ մի կարևոր բացառությամբ. լրջությունը չի կարող միակողմանի լինել ու միայն հանրությանը վերաբերել, քանզի դրա ջատագովն ու առաջ մղողը, այսինքն, լրջության օրակարգի թելադրողը մեզ նման անցումային հասարակություններում իշխանությունը պետք է լինի։ Եթե անգամ որևէ ցուցանիշ չվերցնենք, այլ միայն նախորդ երկու ամիսների դինամիկան ուսումնասիրենք, կհասկանանք՝ կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունն ինչպես է աշխատել: Իշխանության ներկայացուցիչները նախ ասում էին, թե առողջապահական համակարգը պատրաստելու համար փորձում են ժամանակ շահել, բայց այդ հայտարարությունից երկու ամիս անց լսում ենք, որ հիվանդանոցային տեղերն արդեն չեն բավականացնում, վարակվածներից ոչ բոլորին է հնարավոր բուժօգնություն ցույց տալ, իսկ վարակի դեմ պայքարում ներգրավված առաջնային օղակի բուժհաստատություններն էլ կազմակերպվածության և ռեսուրսային հագեցվածության առումով, հսկայական խնդիրների մասին են բարձրաձայնում։ Սա վկայումն է այն բանի, որ նախորդ երկու ամսում ժամանակն ու ռեսուրսները ծախսել ենք գրեթե զրոյական արդյունքով: Այսինքն, պատասխանատուներն ինչ-որ բան կա՛մ ճիշտ չեն ասում, կա՛մ վախենում են ճիշտն ասելուց։ Իհարկե, չենք կարող ասել, թե առհասարակ ոչինչ չի արվել, բայց փաստ է, որ օպերատիվ կառավարումը սխալ թիրախներով ու դեռևս անհասկանալի մեթոդաբանությամբ է իրականացվել:
-Վարչապետը, մարդկանց անձնական լուսանկարներ հրապարակելով, փորձում է լրջանալու ու սոցիալական հեռավորություն պահելու կոչ անել: Նման երևույթին ինչպե՞ս եք վերաբերվում, դա երկրի առաջնորդին բնորո՞շ տեխնոլոգիա է:
- Այնպես չէ, որ այս տեխնոլոգիան նոր է կիրառում վարչապետը, պարզապես մատուցման ձևն է տրանսֆորմացրել։ Շուրջ մեկ շաբաթ վարչապետը լրջանալու կոչեր էր անում հայտարարությունների մակարդակով։ Ինչ վերաբերում է արդեն լուսանկարներ հրապարակելուն, այդ տեխնոլոգիայի կիրառման ինտենսիվությանը, ոճին ու դրա միջոցով փոխանցվող մեսիջներին, ապա այստեղ խնդիր կա։ Տպավորություն է ստեղծվում, որ իրավիճակի միակ պատասխանատուն ու մեղավորը քաղաքացիների ու տնտեսական օբյեկտների պատասխանատուներն են, ինչը, մեղմ ասած, արդար չէ։ Ոչ ոք չի ուզում վարակվել ու ծանր կացության մեջ ընկնել, բայց եթե ամեն ինչ ուզել-չուզելով լիներ, ապա հարց կառաջանար պետության գոյության, պետական իշխանությունը գործարկողների գոյության ու անհրաժեշտության մասին։ Նախորդ երկու ամիսները պարետատան ու օպերատիվ կառավարում իրականացնողների համար պետք է լակմուսի թուղթ լինեին հասկանալու համար, թե ժողովուրդը, անձնական պատասխանատվությունն իրացնելիս, որտեղ է թերացել, և պետությունն ինչ հավելյալ միջոցներ պետք է ձեռնարկի այդ թերացումները շտկելու, խնդիրները մեղմելու առումով։ Եվ եթե այժմ մենք խնդիրը գոնե որոշակիորեն չենք հաղթահարել, ապա նշանակում է, որ օպերատիվ կառավարումը ձախողվել է: Պետք է շատ արագ քայլեր ձեռնարկել, համակարգել դրանք ու անցնել ճգնաժամային իմպերատիվ կառավարման։ Եթե նայում ենք վարակի տարածման դինամիկային, ապա չենք տեսնում մեթոդաբանական ու գործիքակազմային փոփոխություն: Ոչ գծային դինամիկայով տարածվող համավարակի դեմ, փաստորեն, պայքարում ենք գծային կառավարմամբ, որն իր բնույթով նույնիսկ այդ ստանդարտ վիճակում հեռու է ներառական լինելուց։ Ակնհայտ է, չէ՞, որ արդյունավետություն ակնկալել հնարավոր չէ։ Եթե այս պայքարի շղթան սկսվում ու ավարտվում է սովորական քաղաքացու պատասխանատվությամբ, ապա որևէ բանի մասին խոսելն ավելորդ է։ ՈՒ եթե վարչապետը հիմա պետք է լուսանկարներ հրապարակի, որ պատասխանատու օղակները հասկանան՝ որտեղ ու ինչ անեն, մարզպետները տեղից շարժվեն և այլն, ապա այդ լուսանկարները մեկ ամիս առաջ էլ կարող էին հրապարակել, քանի որ նույն վիճակն էր գրեթե:
- Կառավարության ու Ազգային ժողովի աշխատանքն ինչպե՞ս կգնահատեք, համարժե՞ք են եղել քայլերը:
-Ազգային ժողովի աշխատանքը գնահատելու տեսանելի ցուցիչներ, որպես այդպիսիք, այս պահին չկան: Համավարակի դեմ պայքարում կամ կառավարման գործում քաղաքական մեծամասնությունը հետևել է կառավարության քաղաքական գծին՝ բացառելով ընդդիմության մասնակցության հնարավորությունը, մերժելով նրանց առաջարկներն ու նախաձեռնությունները։ Ինչ վերաբերում է կառավարության գնահատականին՝ առողջապահական, սոցիալական ու տնտեսական առումով, ապա ակնհայտ է՝ Հայաստանում ավելի շուտ իրավիճակն է ազդում կառավարման վրա ու իր հետևից տանում կառավարողներին, քան հակառակը։
-Գալով քաղաքական հարցերի՝ այս վիճակում անգամ իշխանությունը չի հրաժարվում Սահմանադրական դատարանի իր իսկ բնորոշումով «ճգնաժամը» լուծելու հարցից: Հասարակությանը հիմա դա առհասարակ հուզու՞մ է:
-Ցանկացած ադեկվատ մարդու համար վաղուց էր պարզ, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ թե հանրային տրամադրություններից բխող ու հասարակական մեծ խմբերի կողմից ձևակերպված պահանջ է, այլ բացառապես իշխանության կողմից ստեղծված ու համառորեն առաջ մղված օրակարգ։ Աբսուրդ է մտածել, որ Սահմանադրական դատարանի ֆունկցիոնալ կարողությունների մասին հստակ պատկերացում չունեցող քաղաքացուն պետք է մտահոգի Սահմանադրական դատարանում փոփոխություն անելու հարցն այն դեպքում, երբ այդ քաղաքացու սոցիալ-տնտեսական կենցաղային բեռն ամեն օր իրեն դեպի ներքև է քաշում։ Բացի այդ, ամբողջ գործընթացը բացառապես ՍԴ նախագահի անձի շուրջը կենտրոնացնելը հուշում էր, որ հանրությունն այս հարցում աուտսայդեր է: Եթե առհասարակ վերանանք այս գործընթացում ներգրավված կողմերի ով լինելուց, ապա մի պարզ հարց է առաջանում՝ մինչ այս պահը ՍԴ-ն ե՞րբ, ո՞ր հարցի շուրջ, քանի՞ անգամ ու ինչպիսի՞ վնասակարությամբ է հակառակվել հեղափոխական իշխանությունների քաղաքական կուրսին կամ տապալել այդ կուրսը։ Երբևէ լսե՞լ եք, որ նման ծանրակշիռ հիմնավորում հնչի։ Այ երբ կհնչի նման հիմնավորում, այդ ժամանակ էլ կարող ենք խոսել այն մասին, որ այդ հարցը հուզում է հանրությանը։
-Իշխանությունը հրաժարվում է հանրաքվեից, հարցը ցանկանում է ԱԺ-ի մակարդակով լուծել: Այս առնչությամբ իշխանությունը դիմել է Վենետիկի հանձնաժողով՝ կարծիք-եզրակացություն ստանալու: Ձեր տեսակետը։
-Արդեն ասացի, թե իրականում ինչ գործընթացի հետ գործ ունենք։ Ավելացնեմ միայն՝ իսկապես տարօրինակ է, որ երկրում մոլեգնող համավարակի ու դրանից բխող լրջագույն խնդիրների համատեքստում այդ հարցը դեռ շարունակում է թևածել իշխանական օթյակներում։ Հաշվի առնելով վերջին շրջանի իշխանական գործելաոճը՝ Վենետիկի հանձնաժողովի սպասվելիք խորհրդատվությունը մեծ բան չի փոխելու իշխանության մտադրություններում մինչ այն պահը, քանի դեռ իսկապես այնտեղ չեն հասկացել, թե այս փուլում որոնք ենք բոլորիս առաջնահերթությունները:
-Վրաստանը կարգելի հայաստանցի զբոսաշրջիկների մուտքն իր երկիր, փաստորեն,«անցանկալի երկրների» ցանկում ենք, ու հնարավո՞ր է, որ Վրաստանի նման այլ երկրներ էլ ինչ-ինչ սանկցիաներ կիրառեն:
-Չեմ ուզում հոռետեսական կանխատեսումներ անել ու նաև մեծ հույս ունեմ, որ մենք հետագա ամիսներին ավելի վատ վիճակում չենք հայտնվի, քան կանք հիմա։ Պարզապես արձանագրենք, որ Վրաստանը որևէ տարօրինակ բան չի անում: Համավարակային բռնկումների պարագայում նորմալ պրակտիկա է՝ երկրները գոտիավորել ըստ համաճարակային բռնկման ու մարման մակարդակների։ Եթե Հայաստանն էլ լիներ Վրաստանի պես շահեկան վիճակում, անվտանգային նկատառումներից ելնելով՝ դիմելու էր այդ գործիքակազմին։ Ցավալին այն է, որ եթե Վրաստանի օրինակին հետևեն այլ երկրներ ևս, մենք ոչ միայն որպես երկիր վարկանիշի անկում ենք ունենալու, այլև զբոսաշրջային հոսքերի նկատելի կորուստ է լինելու, քանի որ համավարակը հաղթահարած կամ էական առաջընթաց արձանագրած երկրներն իրենց քաղաքացիներին կոչ են անելու չայցելել այն երկրներ, որոնք դեռևս համավարակի բռնկման փուլերում են։
-Փաստորեն, հայաստանյան գրանցում ունեցող փոխադրողները հնարավորություն չեն ունենա Եվրոպա թռչելու: Խնդրի մասին դեռ ամիսներ առաջ էին բարձրաձայնում, բայց իշխանությունը համառորեն հակառակն էր համոզում: Ի՞նչ է կատարվում այս ոլորտում:
-Մինչ այս պահը դեռ մանրամասնորեն չի ներկայացվել, թե կոնկրետ ինչ է կատարվում ոլորտում։ Լսել ենք ոլորտի պատասխանատուների պնդումներն առ այն, որ խնդիրները ավելի վաղուց են առաջացել, որ դրանք նոր չեն և այլն: Չենք կարող բացառել, որ կան խորքային ու համակարգային խնդիրներ՝ պատասխանատուների մեծ շրջանակով։ Բայց տպավորությունն այնպիսին է, որ այսօր էլ ցանկություն չկա վերլուծելու ու պատասխանելու հարցին՝ այդ ինչպե՞ս եղավ, որ երկու տարում որոշ խնդիրներ չեն վերացվել, ու բանը սև ցուցակին է հասել։ Եվրոպական հանձնաժողովի զեկույցը հրապարակվելուց հետո այդ մասին մտահոգություններ հայտնողներին իշխանամերձ շրջանակները հակադարձում են, թե լիցենզիայից զրկված փոխադրողները քանի անգամ ու ինչ թռիչքներ են իրականացրել: Ես չգիտեմ, իրենք հասկանում են, թե ոչ, բայց այս պահվածքը գալիս է ապացուցելու, որ առկա խնդիրների ուղղությամբ որևէ լուծում չի եղել, անգամ ի վիճակի չեն եղել էական շտկումներ անելու՝ սև ցուցակից խուսափելու համար կամ ունեցել են իրավիճակը բարդացնելու այլ հիմնավոր պատճառներ, որոնց մասին լռում են։ ՈՒստի մեծ հարց է՝ ո՞վ է ավելի շատ ծաղրանքի արժանի՝ մտահոգություն հայտնողնե՞րը, թե՞ իրենց գործից անտեղյակներն ու հանցավոր ինքնավստահություն ցուցաբերողները։
Զրույցը՝
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ