Վեց ֆուտբոլիստ է միայն «անձեռնմխելի»
26.05.2020 | 01:11
«ԲԱԼԸ» ԹԱՆԿ Է
Կորոնավիրուսը՝ կորոնավիրուս, սակայն հեռագնա հաշվարկով թիմերը չեն կարող իրենց հետագա ճակատագրի մտահոգութունը չունենալ։ Տեսնենք, թե մոտակա տրանսֆերային պատուհանը ինչ փոփոխություններ կարող է բերել համաշխարհային ֆուտբոլի գրանդներից մեկի՝ «Բարսելոնի» կյանքում, որոնք այդ նույն համավարակի կնիքն են կրում ու շատ բաներով դրա հետևանքն են։
Ակնհայտ է, որ որոշակիություն է միայն «կապտանռնագույններից» վեցի ճակատագրում։ Նրանք են՝ Մեսին, Տեր Շտեգենը, Անտուան Գրիզմանը, Ֆրենկի դե Յոնգը, Անսու Ֆատին, Ժերար Պիկեն (առաջին երկուսի հետ համագործակցելու հարցում ակումբի ղեկավարությունն առանձնապես է շահագրգռված, քանի որ մոտեցել է նրանց հետ պայմանագրի երկարացման ժամկետը, ու, ինչ իմանաս, թե այս գերաստղերին իրենց կազմում ունենալու համար համաշխարհային մյուս գրանդներն ինչ խելահեղությունների են պատրաստ)։ Մնացածներն իրազեկված են, որ ակումբը կարող է հարկադրված հրաժարվել նրանց ծառայություններից, եթե, իհարկե, ստանա համարժեք առաջարկ։ Բացառված չէ, որ որոշ մարզիկներ կարող են մաս կազմել Լաուտարո Մարտինեսի («Ինտեր») կամ Միրալաեմ Պյանիչի («Յուվենտուս») ձեռքբերման գործարքի։
Վաճառքի գումարից «Բարսելոնն» ակնկալում է նվազագույնը 130 միլիոն եվրոյի ձեռքբերում։ Սա մոտավորապես այն գումարի չափն է, որ թիմն ունենալու է կորոնավիրուսի հասցրած վնասի պատճառով։ Այդ վնասների մեջ են խաղերի, ակումբային թանգարանի չվաճառված տոմսերը, հեռուստահեռարձակումներից չստացած գումարները, լեգենդների մասնակցությամբ միջոցառումների, մարզադպրոցների, խանութների չբերած եկամուտները և այլն, և այլն։
Տեսնենք՝ ովքեր են լինելու կատալոնյան ակումբը լքելու ամենահավանական թեկնածուները։
Նրանք են՝ կիսապաշտպաններ Արթուրո Վիդալն ու Իվան Ռակիտիչը, դարպասապահ Նետոն, պաշտպան Սամուել Յումտիտին, հարձակվող ՈՒսման Դեմբելեն, ինչպես նաև երիտասարդ խաղացողներ Ժան-Կլեր Տոդիբոն, Ժունիորն ու Մուսա Վագեն։ Սրանց զուգահեռ, մայիսի 23-ին հայտնի է դարձել, որ պաշտպան Նելսոն Սեմեդուն մոտ է անգլիական «Մանչեստր Յունայթեդ» տեղափոխվելուն, իսկ հակադարձ ուղղությամբ, ամենայն հավականությամբ, շարժ կանի Ժոաու Կանշելուն։
Միաժամանակ, կարծես թե, նախնական համաձայնություն կա նաև «Յուվենտուս»՝ Արթուրոյի ու «Շալկե» կամ «Էվերտոն»՝ Տոդիբոյի փոխադրման պարագայում։ Հետաքրքիրն այն է, որ թվարկված բոլոր ֆուտբոլիստներն էլ դեմ չեն «Բարսելոնում» մնալուն, սակայն, համավարակի բերած վնասների պատճառով, ակումբը նրանց պահելու հնարավորություն չունի։ Մամուլում վերջերս հանդես է եկել ֆրանսիացի պաշտպան Կլեման Լանգլեն՝ հայտարարելով, որ հուսով է կարիերան շարունակելու «կապտանռնագույնների» կազմում, սակայն այդ առումով վստահություն չունի։
Միանգամայն հնարավոր է, որ իրավիճակը մասնակիորեն կարող է փոխվել, եթե «Բարսելոնը» կարողանա շահավետ գնով վաճառել Ֆիլիպե Կոուտինիոյին, որն ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայում»։ Այս տրանսֆերից «Բարսան» ակնկալում է 120 միլիոն եվրո, սակայն մյունխենցիները կասկածում են, որ այդ գնով ի վիճակի կլինեն ձեռք բերելու ֆուտբոլիստին։ Սակայն, նկատենք, Կոուտինիոյի վրա աչք ունի դրած և անգլիական «Նյուքասլը», որն իր ներկայիս հարուստ տերերով կարող է պահանջված գումարը վճարելու պրոբլեմ չունենալ։ Ինչ վերաբերում է «Բարսելոնին», միակ ֆուտբոլիստը, որին կատալոնյան ակումբը երազում է ձեռք բերել, Լաուտարո Մարտինեսն է, ում ունենալու համար այն կարող է գնալ միանգամից մի քանի ֆուտբոլիստից ձեռք քաշելու զոհողության։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ