Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԹՈՂ ՄԵՐ ԱՄԵՆ ԲԱՆԸ ՀՈԺԱՐԱԿԱՄ ՍԻՐՈՎ ԼԻՆԻ

ԹՈՂ ՄԵՐ ԱՄԵՆ ԲԱՆԸ ՀՈԺԱՐԱԿԱՄ ՍԻՐՈՎ ԼԻՆԻ
25.11.2011 | 00:00

Ահա եկել են այն չար ժամանակները, որ հայ, այն էլ քրիստոնյա մարդուն պետք է բացատրես ու համոզես մատաղի և մոմի կարևորությունն ու նպատակը, քանզի աղանդավորականների «սինթետիկ» հավատը մերժում է դրանց անհրաժեշտությունը, համարելով այն, մեղա՜ Աստծո, կուռքերին արված զոհ։ Բայց քանի որ մեր ժողովրդական այդ գեղեցիկ ու կարևոր սովորությունների իմաստն ու կարևորությունը շատերն են մոռացել, ապա հարկ է երբեմն հիշեցնել դրա մասին։
Հայտնի է, որ կենդանիների զոհաբերությունը ամենահին սովորություններից մեկն է, որ գրեթե բոլոր հեթանոսական ազգերն ունեն, քանի որ այդ միջոցով նրանք «հաճեցնում» էին իրենց կուռքերին ու չաստվածներին։ ՈՒ երբեմն այնքան էին ոգևորվում ու չափն անցնում, որ նույնիսկ իրենց սեփական երեխաներին էին զոհաբերում կուռքերին։ Կենդանու առաջին զոհաբերությունն արել է արդար Աբելը, որն ընդունելի է եղել Աստծո մոտ։ Արյուն ունեցող կենդանիների զոհաբերությունը շարունակվել է նաև Հին ուխտի ժողովրդի՝ հրեաների մոտ։ Բայց ի տարբերություն մյուս հեթանոս ազգերի, այս անգամ զոհաբերություն ընդունող Աստվածն Ինքն է տվել այդ զոհաբերությունը կատարելու մանրամասները և կենդանիների մաքուր տեսակները, և իհարկե, նաև դրա նպատակը։ Հին ուխտի մեջ այսպես է գրված. «Եթե ձեզանից մեկը անասուններից ընծա մատուցելու լինի Տիրոջը, ձեր ընծան արջառներից ու հոտերից պետք է մատուցեք. թե՛ արու, և էգ լինի, Տիրոջ առջև անարատը թող մատուցի» (Գիրք Ղևտաց. 3.1)։
Եվ դարձյալ. «Եթե երկրի ժողովրդից մի մարդ ակամա մեղք գործի՝ խախտի Տիրոջ պատվիրաններից մեկնումեկը..., իր գործած մեղքը քավելու համար ոչ արատավոր մի այծ թող մատուցի որպես զոհ» (Գիրք Ղևտաց. 4.27)։ Եվ Հին ուխտի գրվածքներից հասկանում ենք, որ ար-յուն պարունակող կենդանիների այդ զոհաբերությունները լինում են, խաղաղության, մեղքերի թողության և քավության, և վերջապես հանցանքի հատուցման, փրկության, գոհության և շնորհակալության համար։ Ինչպես տեսանք գրվածքից, մարդը տարբեր առիթներով կարող է զոհաբերություններ անել Հին ուխտի ժամանակ, մանավանդ որպես մեղքի պատարագ։ Իսկ ահա Նոր ուխտի ժամանակ, երբ Հիսուսը դարձավ մեր մեղքերի համար զոհաբերված՝ պատարագված Աստծո անարատ Գառը, մարդն այլևս իր մեղքերի քավության ու թողության համար զոհաբերություն չի անում, այլ ընդամենը շնորհակալության կամ գոհության մի քայլ է անում, որը կարող է լինել մատաղի՝ այսինքն ոչխարի, ուլի, աքլորի կամ աղավնու միջոցով։ Իհարկե, այս ամենը եկել է հին ավանդությունից, երբ ամեն մեկն ուներ իր սեփական հոտերի անասունները կամ ընտանեկան թռչունները։
Հայորդիներիս մեջ մնացած հինավուրց մի սովորությամբ, ոմանք նեղության ժամանակ խոստման ուխտ են անում Աստծու հետ, որը հավասարազոր է երդումի: Այսինքն, ժողովրդական լեզվով ասած, մատաղ են խոստանում, եթե փորձությունից խաղաղությամբ դուրս գան, լինի դա հիվանդություն, թե պատահար, կամ էլ այդ անում են ազատվելուց հետո: ՈՒ որպեսզի զուր տեղն Աստծո անունը բերանդ առած չլինես և սուտ դուրս չգաս, պարտավոր ես ուխտդ կատարել. զոհողությունդ անել, ինչպես զգուշացնում է Դավիթ թագավորը. «ՈՒխտ արեք և կատարեք ձեր Տեր Աստծուն» և դարձյալ. «Շնորհակալության զոհ մատուցիր Աստծուն ու քո ուխտերդ կատարիր Բարձրյալին: ՈՒ նեղության օրը կանչիր ինձ, Ես քեզ պիտի ազատեմ ու դու Ինձ պիտի փառավորես» (Սաղմոս Ծ 14-15): Բայց երբեմն մարդիկ, չհասկանալով դրա հոգևոր իմաստը, մորթված կենդանու մսից յոթ բաժին մի կտոր լավաշի մեջ փաթաթելով ու դրացիներին բաժանելով, մնացածը վերածում են ուտել-խմելու, քեֆի ու շատ անգամ էլ հարբեցողության արարողության, դրանով իսկ ավելի մեծ փորձանքի ու մեղքի մեջ ընկնելով: Որովհետև այդ «մատաղով», միայն իրենց ստամոքսն ուրախացավ, ու իրենց քիմքերը բավարարվեցին, մոռանալով որ Աստված պատվիրել է հիշել որբերին, աղքատներին ու կարոտյալներին: Այս առիթով նաև իմանանք, որ եթե դու մատաղ ես անում, բայց ինքդ անարգում ես Աստծո «մատաղը», քանի որ Հովհաննես Մկրտիչը, տեսնելով մոտեցող Հիսուսին, ասաց. «Ահա՛ Գառն Աստծո, որ վերացնում է աշխարհի մեղքը» (Հովհ. Ա 29), որն իրագործվում է եկեղեցում, սուրբ պատարագի ժամանակ՝ Քրիստոս Տիրոջ Սուրբ Հաղորդության խորհրդով: Ինքս եմ հաճախ նկատել, երբ կիրակնօրյա պատարագի ժամանակ մարդիկ աղի տուփը առած գալիս են օրհնել տալու այն, նրանցից համարյա բոլորը երբեք չեն մասնակցում պատարագին մինչև վերջ, այլ մի քանի րոպե կանգնելով, թողնում, գնում են իրենց մատաղի արարողությունը կատարելու։ Հիմա հարց եմ տալիս նման մարդկանց, եթե դու անապական ու հավիտենական կյանք պարգևող Աստծո Որդուն ես մերժում, ապա ինչպե՞ս Տերն ընդունի քո ապականացու մատաղը: Գուցե ընթերցողը ասի` ես չեմ մերժում Աստծո Որդուն, բայց շարունակի Տիրոջ պատվիրաններին հակառակ կյանքով ապրել, ապա նման քրիստոնյան կեղծավոր է և Աստծուն միայն շրթունքներով է պաշտում։
Մեր քրիստոնյա նախնիները լավ գիտեին նման կերպով ողորմություն բաժանելու և իրենց ննջեցյալ հարազատների համար դրանով ողորմություն անելու կարևորությունը, բայց նախ իրենք են աշխատել մաքուր ու արդար ապրել, ու հետո այդ նպատակով իրենց հոտերից առանձնացրել են մատաղացու կենդանիներ (որ այդպես էլ կոչվել են՝ մատաղենի), որոնք օրհնել տալով քահանայի մոտ, պատվել են աղքատներին և կարոտյալներին, քանզի լսել էին Տիրոջ խոսքը, որ ասել է. «Անողորմ է լինելու դատաստանը նրա հանդեպ, ով ողորմած չի եղել. քանզի ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (Հակոբոս Բ.13), և դարձյալ. «Ողորմությո՛ւն տվեք և ահա ձեր ամեն ինչը մաքուր կլինի» (Ղուկ. ԺԱ. 41):
Նաև այս առիթով ասենք, որ ժամանակակից աղանդավոր մտածելակերպով իրենց քրիստոնյա համարող անձինք, չհասկանալով մեր առաքելական եկեղեցու հինավուրց ավանդությունների բուն հոգևոր նպատակը անմտաբար, կամ անգիտաբար անարգում են մատաղի (համարելով այն կուռքերին արված զոհ), մոմի, սրբապատկերների ու նույնիսկ սուրբ Խաչի խորհուրդը, որով իսկ թե՛ իրենց, թե՛ ննջեցյալների հոգիները զրկում են դրանց կարևորությունից, էլ չեմ ասում անհրաժեշտությունից, որովհետև այդ բոլորը հիշեցնում են աներևույթ Աստծուն նրանց մասին, որոնք այժմ միայն ողորմության կարիք ունեն:
Իսկ եկեղեցում մեր վառած մոմը երկու խորհուրդ ունի՝ նախ դրան վճարած գումարդ գնում է որպես ընծայաբերություն եկեղեցուն, քանզի այն մեր հոգիների «մայրն» է, քանզի այնտեղի մկրտության սուրբ ավազանից ենք վերստին ծնվում Աստծո արքայությունը ժառանգելու համար, իսկ մյուսն այն է, որ մոմի լույսի ներքո հոգևոր ու մտերմիկ մթնոլորտ է ստեղծվում, և հոգիդ աղոթքի է տրամադրում։ Այս առիթով վկայենք, որ մի բարեպաշտ քույր, երբ Տիրամոր պատկերի առջև մոմ է վառել, Տիրամայրը նրան հասկացրել է, որ շնորհակալ է այդ «Հոգևոր վարդի» նվերի համար, քանզի այն մաքուր սրտով է մատուցվել։
ՈՒրեմն մաքուր սրտից բխած, անկեղծությամբ արված, նունիսկ վառածդ մի մոմն ընդունելի է Տիրոջ կողմից, ինչպես մենք ենք մեր երեխաների արած մի փոքրիկ ու թեկուզ անշուք նվերն ուրախությամբ ընդունում, որպես մեր հանդեպ կատարված սիրո արտահայտություն։ Հիշում եմ, երբ Երուսաղեմում մտորում էի մոմի խորհուրդի շուրջը, մանավանդ սուրբ Հարության Տաճարում, որտեղ Հիսուսի Սուրբ Գերեզմանն է, որտեղից Նա հարություն առավ, բոլոր ուխտավորները 33 մոմերից (Հիսուսի երկրային տարիների քանակով) բաղկացած մոմերի տրցակները վառում էին այդտեղի սրբավայրերի կանթեղներից ու նորից հանգցնում, որ դրանք տանեն իրենց տներն ու հարազատներին, որ այդ նույն մոմերի միջոցով սուրբ Երուսաղեմի օրհնություններից փոխանցվի։ ՈՒ մի զարմացեք նմանօրինակ պարզ հավատի համար, քանզի Պողոս առաքյալի քրտնաթոր թաշկինակները մարդիկ տանում և դնում էին իրենց հիվանդների վրա ու բժշկություն ստանում, ըստ իրենց ունեցած հավատքի։ Իսկ մի անգամ էլ, երբ մի քանի ուխտավորներով շրջում էին սուրբ Հարության Տաճարի սրահներով, երբեմն-երբեմն լուսանկարում էին այդ սրբավայրերը, մանավանդ հայոց պատկանելությանը վերաբե-րող վայրերը։ Ահա երբ մոտեցանք ու լուսանկարեցինք սուրբ Տիրամոր ուշաթափման վայրը, որի կողքին մոմավառության մի աշտանակ կար, և երբ լուսանկարները հանել տվեցինք, բոլորս ապշած ականատես եղանք, որ այդ աշտանակի մոմերից սովորական աչքի համար անտեսանելի, բայց հոգևոր տեսողությանն ընդունելի հրաշք լույսեր էին ուղղված դեպի վեր, որոնք հետո թեքվել էին դեպի Հիսուսի սուրբ Գերեզմանի կողմը (տեսեք կից այդ լուսանկարը և դուք էլ ականատես եղեք այդ հրաշքին)։
Իսկ քրիստոնեության ակունքներում առաջին մատաղ անողը Գրիգոր Լուսավորիչն էր, որը մկրտվող ժողովրդի համար օրհնված աղով կերակրած ոչխարներից հարիսա եփել տվեց ու բաժանեց բյուրավոր մարդկանց։ Այդ պատճառով էլ մատաղ բառը երկու արմատից է բաղկացած՝ մատուցել և աղ բառերից, այսինքն օրհնված աղով եփված, մատուցվող կերակուր։
Որպեսզի շեշտենք ողորմության կարևորությունը, մեջբերենք եկեղեցու հայրերի մի քանի խրատներից.
~ «Ամեն տեսակ բարեգործություններից Աստծուն ավելի մոտ ու պատվական է աղքատասիրությունը»:
(Սահակ Պարթև)
~ «Աստված ոչ միայն երկրի վրա է օգնում ու փրկում ողորմածին, այլև հանդերձյալ կյանքում բազմապատիկ առատությամբ վերադարձնում նրան իր ողորմությունները»:
~ «Աստված ոչ թե տվածի չափին է նայում, այլ տվողի տրամադրությանը»:
~ «Երկրի վրա առատատու մխիթարություն սերմանենք, երկնքի մեջ ողորմություն կհնձենք»:
(Հովհան Մանդակունի)
~ «Աղքատներին մխիթարիր ինչպես որ կարող ես, քանզի նրանք Դատավորին մեր հանդեպ ողորմած են պահում»:
(Նեղոս Սինայեցի)
~ «Ողորմություն տվողին ձեռք մեկնողը աղքատ մուրացկանն է, բայց ողորմություն առնողը Աստված է»:
(Հովհաննես Ոսկեբերան)
~ «Աղքատները մեղքերը սրբող թաշկինակ են, եթե ողորմություն տաս»:
(Բարսեղ Մաշկեվորցի)
~ «Ողորմածի հանդեպ Աստված էլ է ողորմած»:
(Անանուն)
Այսպիսով միայն աղքատներին ու կարիքավորներին հիշելով և ողորմություն անելով, քո Տեր Աստծու անունը իզուր տեղը հիշած չես լինի և անպարտ կմնաս Տիրոջ առջև, եթե բերանդ նեղության ժամանակ խոստումով ուխտ է արել Աստծուն:
Եկեղեցու հինավուրց ավանդությունների բուն հոգևոր նպատակն անմտաբար, կամ անգիտաբար անարգում են մատաղի, մոմի, սրբապատկերների ու նույնիսկ սուրբ Խաչի խորհուրդը, որով իրենց իսկ հոգիները զրկում են դրանց կարևորությունից, էլ չեմ ասում անհրաժեշտությունից, որովհետև այդ բոլորը հիշեցնում են աներևույթ Աստծուն:
Իսկ այժմ, երբ չկան այլևս սեփական հոտերն ու տնային կենդանիները, մարդիկ կարող են «մատաղ» անել, այսինքն` ողորմություն անել սեփական ունեցվածքից կամ դրամով, կամ էլ ինչով հնարավոր է օգնել կարիքավորներին: Բայց ավելացնենք, որ աղքատները ոչ միայն սննդի և հագուստի կարիք ունեն, այլև սիրո և մխիթարության, այդ պատճառով թող մեր ամեն բանը հոժարակամ սիրով լինի:
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1428

Մեկնաբանություններ