Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նախարարությունը հպարտանում է, իսկ գյուղացին սգում է

Նախարարությունը հպարտանում է, իսկ գյուղացին սգում է
12.09.2012 | 12:20

Տարվա վերջին ազգային վիճակագրությունը կարձանագրի աճ գյուղատնտեսության ոլորտում, իսկ կառավարությունը և մասնավորապես գյուղատնտեսության նախարարությունը հպարտորեն կհայտարարեն, որ իրենց հաջողվեց ապահովել ոչ միայն պլանավորած ցուցանիշը, այլև նախատեսվածից ավելի բերք ունեցան։

Եթե տարին բերքառատ չլիներ և եղանակային պայմանները` աննպաստ, տեղային անձրևներ, լիներ երաշտ կամ էլ մեկ այլ «աղետ», ապա, իհարկե, գյուղնախարարությունը կբարդեր մեղքը եղանակային պայմանների վրա և կապացուցեր, որ մարդն անզոր է բնության առջև։ Սակայն, երբ իսկապես, Աստված հաճեց, որ 2012-ը բերքառատ լինի Հայաստանի համար, ապա այս դեպքում նույն պաշտոնյաները, մոռանալով եղանակային նպաստավորության մասին, նշելու են, որ իրենց հաջողվել է ապահովել և գերակատարել սահմանված ցուցանիշը։ Բոլոր դեպքերում, ով ինչ էլ ասի, փաստը մնում է փաստ, որ տարին իսկապես բերքառատ է և Աստված բարեհաճ։ Սակայն երբ հարցն ուսումնասիրում ես տեղում և զրուցում գյուղացիների հետ, ապա պարզվում է, որ բերքատվությունն իր հետևից լուրջ խնդիրներ է առաջացրել գյուղացու համար. նա մնացել է մեն-մենակ իր բերքի հետ։ Եվ սա այն պատճառով, որ տեղ չկա բերքն իրացնելու համար։ Համաձայնեք, որ սա այն խնդիրն է, որ միայն գյուղացին ինքը չի կարողանա լուծել։ Ի՞նչ է ստացվում։ Գյուղացին իր աշխատանքով, բնությունն իրեն հասանելի գործով իրենց պարտականությունները կատարել են, մնում էր, որ պետական պաշտոնյաները, այսինքն` գյուղնախարարությունը, որը, ի դեպ, կոչված է արագ և ճկուն քաղաքականություն մշակել նման դեպքերում, ձեռք մեկներ գյուղացուն։
«Չգիտենք ինչ անենք, էնքան շատ բերք ա եղել, մրգերի բոլոր տեսակներն էլ շատ են, բայց վերամշակող ձեռնարկությունները չեն վերցնում, շատ քիչ քանակությամբ են մթերում։ Նախարարությունը ոչ մի բան էլ չի անում բերքը փրկելու համար»,- մեզ հետ զրույցում ասում էին Արարատի մարզի բնակիչները։ Նկատենք, որ այս մտահոգությունը միայն արարատցիներինը չէ։ Նույն խնդիրն է Արմավիրի մարզում և գրեթե ամենուրեք։ Ինչ խոսք, նրանց հեշտ է հասկանալ. մարդիկ վարկ են վերցրել բանկերից, և իսկ գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները և ընդհանրապես պայմանները մեղմ չեն։ Հետևաբար բերքի չիրացվելիությունն առաջին հերթին գյուղացուն մտահոգում է, քանի որ վարկային պարտավորությունները պետք է մարի։ Պատահական չէ, որ մենք այս հարցում կարևորում ենք գյուղնախարարության դերը, որպես քաղաքականություն մշակողի։ Գյուղացին մոտ երկու ամիս է` SOS է հնչեցնում բերքի իրացվելիության համար, բայց նրա ձայնը մնում է որպես ձայն բարբառո հանապատի։ Արդյոք գյուղնախարարությունն այս ժամանակահատվածում վերամշակող ձեռնարկությունների և խոշոր արտահանողների հետ չէ՞ր կարող խնդրին լուծում տալ։ Չէ՞ որ Հայաստանի գյուղացին այսօր այն հնարավորությունները չունի, որ ինքնուրույն դուրս գա միջազգային շուկա։ Ցանկացած երկիր, որտեղ որ այս խնդիրը լիներ, համոզված ենք, պետական պաշտոնյաները ճիշտ լուծումը կգտնեին։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5078

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ